Միջազգային սանիտարական համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջազգային սանիտարական համաձայնագիր, պետությունների միջև կնքվող և վավերացվող իրավական փաստաթուղթ, որի հիմնական նպատակն է փոխադարձ պայմանավորվածությամբ անցկացնել վտանգավոր, կարանտինային հիվանդությունների (ժանտախտ, խոլերա, բնական ծաղիկ, դեղին տենդ) ներթափանցումը կանխող միջոցառումներ։ Միջազգային սանիտարական համաժողովները և դրանցում ընդունված համաձայնագրերը լայն զարգացում են ստացել 19-րդ դարում։ 1851 թվականին Փարիզում կայացել է համաճարակների դեմ պայքարի առաջին միջազգային կոնֆերանսը, իսկ 1892 թվականին, հերթական համաժողովում, ընդունվել է միջազգային սանիտարական համաձայնագիրը։ 1851-1951 թվականներին տարբեր պետությունների նախաձեռնությամբ հրավիրվել են միջազգային սանիտարական ավելի քան 20 համաժողովներ, որոնցում ընդունվել և վավերացվել են 13 միջազգային սանիտարական համաձայնագիր։ 1907 թվականին Հռոմի միջազգային սանիտարական կոնֆերանսում ստեղծվել է առաջին միջազգային սանիտարական կազմակերպությունը՝ Հասարակական հիգիենայի միջազգային բյուրոն, որը գործել է Փարիզում՝ 1909—1946 թվականներին։ Դրա հիմնական խնդիրն էր․ հետևել միջազգային սանիտարական համաձայնագիրերի պահանջների, կարանտինային կանոնների կատարմանը, հաղորդել տեղեկություններ կարանտինային հիվանդությունների համաճարակային վիճակի մասին և երկրներին տեխ․ ու կոնսուլտատիվ օգնություն ցույց տալ։ ԽՍՀՄ-ը միջազգային սանիտարական համաձայնագիրի մասնակից է 1926 թվականից։ 1923 թվականին Ազգերի լիգայի կազմում հիմնվել է հիգիենայի սեկցիա, որը կատարել է Միջազգային բյուրոյի պարտականությունները և նպաստել նաև գիտական պրոբլեմային հարցերի ուսումնասիրությանը։ 1948 թվականին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, ստեղծվել է Միջազգային առողջապահական նոր կազմակերպություն (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), որն ստանձնել է Միջազգային բյուրոյի և Ազգերի լիգայի հիգիենայի սեկցիայի պարտականությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 581 CC-BY-SA-icon-80x15.png