Միջազգային իրավարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային իրավարարություն, միջպետական վեճերը կարգավորելու միջոց, որի դեպքում կողմերը դիմում են երրորդ անձանց՝ իրավարարների կամ միջնորդ դատավորների։ Տարբերում են կամավոր (երբ կողմերը վեճը իրավարարությանը հանձնում են կամավոր, համաձայնում վեճի առարկայի, իրավարար ընտրելու կամ նշանակելու կարգի, կիրառվող իրավունքի աղբյուրների շուրջը և այլն) և պարտադիր (երբ պետությունները որոշակի կատեգորիայի վեճեր իրավարարությանն են հանձնում նախօրոք կնքված համաձայնագրի համաձայն)։ Իրավարարությունը, որպես միջազգային վեճերը խաղաղ կարգավորելու միջոց, նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ (հոդված 33) և երկկողմ ու բազմակողմ պայմանագրերով։

Միջազգային իրավարարության ինստիտուտի զարգացմանը, սկսած դրա սկզբնավորման շրջանից, նպաստել է նաև Հայաստանը։ Դեռևս Տիգրան Բ Մեծի օրոք հայերը Միջազգային իրավարարության միջոցով վեճեր են լուծել։ Տիգրան Բ-ի և նրա որդու միջև եղած վեճը, որպես միջնորդ, լուծել է Պոմպեոսը՝ որդուն հանձնելով Կորդուքն ու Ծոփքը, հորը՝ Հայաստանի մնացյալ տարածքը։ Միջազգային իրավարարության օգնությամբ է լուծվել նաև հայ-պարթևական վեճը Կորդուքի և Հյուսիսային Միջագետքի վերաբերյալ։ Պոմպեոսի առաջարկով վեճի քննարկումը հանձնվել է Միջազգային իրավարարության, որը վիճելի տարածությունը հանձնել է հայերին։ Գագիկ Ա թագավորի որդիների՝ Աշոտի և Հովհաննես-Սմբատի միջև ծագած վեճը լուծել է Աբխազական և վրացական Գեորգ թագավորը։

Պետությունների հետ կոնֆլիկտը խաղաղ կարգավորելու, Միջազգային իրավարարությունն օգտագործելու հնարավորություններ է փնտրել նաև Կիլիկիայի հայկական պետությունը։ Պահպանվել են իրավարարական ակտիվ գործունեություն վարելու մասին բազմաթիվ փաստաթղթեր (այդ թվում նամակներ՝ ուղղված Հռոմի պապին)։ Իրավարարական պրակտիկան Հայաստանում, ավանդույթ դառնալու շնորհիվ, շարունակել է նաև պետականության կորստից հետո։ Մասնավորապես, պետականությունը վերականգնելու վերաբերյալ տարբեր նախագծերում Միջազգային իրավարարությունը դիտվել է որպես վեճերը խաղաղ կարգավորելու միջոց։

1919-1920Փարիզի խաղաղության կոնֆերանսում դաշնակից երկրների Գերագույն խորհրդի, ապա Սևրի հաշտությունը կնքող պետությունների որոշմամբ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին էր հանձնվել հայթուրքական սահմանի որոշումը (Վիլսոնի իրավարար վճիռ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 574