Միջազգային ժամանակի բյուրո
Միջազգային ժամանակի բյուրոն (ֆր.՝ Bureau International de l'Heure, կրճատ՝ BIH), որի նստավայրը գտնվում էր Փարիզի աստղադիտարանում, միջազգային կազմակերպություն էր, որը պատասխանատու էր Համաշխարհային ժամանակի տարբեր չափումների համադրման համար[1]: Բյուրոն նաև կարևոր դեր ուներ ժամանակի հաշվարկի և հարակից ոլորտների հետազոտություններում՝ Երկրի պտույտ, հղման համակարգեր, և ատոմային ժամանակ։ 1987 թվականին բյուրոյի պարտականությունները հանձնվեցին Չափ ու կշռի միջազգային բյուրոին (BIPM) և Երկրի պտույտի և հղման համակարգերի միջազգային ծառայությանը (IERS)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]BIH-ի ստեղծման որոշումը կայացվեց 1912 թվականի Conférence internationale de l'heure radiotélégraphique կոնֆերանսի ընթացքում։ Հաջորդ տարի փորձ կատարվեց բյուրոյի միջազգային կարգավիճակը կարգավորելու միջազգային կոնվենցիա ստեղծելով։ Սակայն կոնվենցիան չվավերացվեց անդամ պետությունների կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ 1919-ին, պատերազմի ավարտից հետո, որոշվեց բյուրոն դարձնել Միջազգային ժամանակի հանձնաժողովի գործադիր մարմինը, որը նորաստեղծ ՄԱՄ-ի (IAU) հանձնաժողովներից մեկն էր և որի գրասենյակը գտնվում էր Փարիզում։
Թեև BIH-ի առաքելությունները միջազգային էին, այն իր ողջ պատմության ընթացքում հիմնականում ֆրանսիական էր ֆինանսավորման առումով։ Մինչև 1966 թվականը Փարիզի աստղադիտարանի տնօրենը միաժամանակ նաև BIH-ի տնօրենն էր։ Իրականում, BIH-ի ղեկավարումը հանձնված էր directeur-adjoint-ին (փոխտնօրեն) կամ chef des services du B.I.H.-ին (BIH-ի ծառայությունների ղեկավար), այսինքն՝ այն անձին, ով փաստացի ղեկավարում էր BIH-ը՝ տարբեր ժամանակներում տարբեր կոչումներով։ 1920 թվականի հունվարին Փարիզի աստղադիտարանի տնօրեն Բենժամեն Բայոն BIH-ի փաստացի կառավարումը հանձնեց Գիյոմ Բիգուրդանին, ով ղեկավարեց այն մինչև 1928 թվականը։ Արմանդ Լամբերը ղեկավարեց BIH-ը 1928-ից մինչև 1942 թվականը։ Նիկոլա Ստոյկոն BIH-ի ղեկավարն էր 1942-ից մինչև իր թոշակի անցնելը՝ 1964 թվականին։ Բեռնար Գինոն, BIH-ի վերջին տնօրենը, պաշտոնավարեց 1964 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև բյուրոյի գործունեության դադարեցումը՝ 1988 թվականին[2]:
1956-ից մինչև 1987 թվականը BIH-ը եղել է «Աստղագիտական և գեոֆիզիկական տվյալների վերլուծության ծառայությունների ֆեդերացիայի» (FAGS) մաս։ 1987 թվականին բյուրոյի Համաշխարհային ժամանակի չափումների համադրման գործառույթները փոխանցվեցին Չափ ու կշռի միջազգային բյուրոին։ Նրա գործառույթները՝ կապված ժամանակի շտկման հետ՝ աստղագիտական մարմինների հղման համակարգ և Երկրի պտույտ, փոխանցվեցին [[Երկրի պտույտի և հղման համակարգերի միջազգային ծառայություն|Երկրի պտույտի և հղման համակարգերի միջազգային ծառայությանը]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համաշխարհային ժամանակ
- Ատոմային ժամացույց
- Չափ ու կշռի միջազգային բյուրո
- Երկրի պտույտի և հղման համակարգերի միջազգային ծառայություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Guinot, B. (2000). «History of the Bureau International de l'Heure». International Astronomical Union Colloquium. 178: 175–184. doi:10.1017/S0252921100061315. ISSN 0252-9211.
- ↑ «Bureau International de l'Heure (B.I.H.) - Archives». francearchives.gouv.fr (ֆրանսերեն).