Jump to content

Միներվա ՄաքԳոնագալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերի աշխարհի կերպար

Մեգի Սմիթը Միներվա ՄաքԳոնագալի դերում
Միներվա ՄաքԳոնագալ
Սեռ իգական
Մազերի գույն սպիտակ
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն խառնածին
Պատրոնուս Կատու
Բոգարթ Լորդ Վոլդեմորթ
Կախարդական փայտ 9½ դյույմ, եղևնու փայտ, վիշապի սրտալար
Առաջին հայտնվելը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Դեր ֆիլմերում Մեգի Սմիթ

Միներվա ՄաքԳոնագալ (անգլ.՝ Minerva McGonagall, հոկտեմբերի 4, 1935(1935-10-04)), անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարից հորինված ​​կերպար։ «Հոգվարթսի մոգության և կախարդության դպրոցի» պրոֆեսորներից է, նաև հանդես է գալիս որպես Գրիֆինդոր ֆակուլտետի ղեկավար և դպրոցի փոխտնօրեն։ Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում ՄաքԳոնագալի կերպարը մարմնավորել է Մեգի Սմիթը, իսկ «Ֆանտաստիկ գազաններ» պրիքվելային ֆիլմաշարի «Գրինդելվալդի հանցագործությունները» և «Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմերում մարմնավորումը կատարել է Ֆիոնա Գլասկոտը[1]։

ՄաքԳոնագալի կերպարն առաջին անգամ հայտնվում է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» (1997) վեպի սկզբում, այնտեղ նա ուղեկցում է Ալբուս Դամբլդորին և մանուկ Հարի Փոթերին միասին տանում են Դարսլիների առանձնատուն: Երբ Հարրին մեկ տասնամյակ անց ժամանում է Հոգվարթս՝ հանդիպում է ՄաքԳոնագալին, որն այդ ժամանակ կերպարանափոխության առարկայի պրոֆեսորն է և Գրիֆինդոր ֆակուլտետի ղեկավարը: Նկատելով Հարրիի ցախավելով թռչելու հմտությունները՝ ՄաքԳոնագալը նրան ծանոթացնում է Քվիդիչի Գրիֆինդոր թիմի ավագ Օլիվեր Վուդի հետ: Երբ Հարրին որակավորվում է քվիդիչի թիմում՝ ՄաքԳոնագալը նրան գնում է «Նիմբուս 2000» ցախավել:

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» (1998) վեպում ՄաքԳոնագալը դառնում է տնօրենի պաշտոնակատար այն բանից հետո, երբ Դամբլդորի աշխատանքը կասեցվում է մոգության նախարարության կողմից: Երբ հայտնաբերվում է, որ Ջիննի Ուիզլիին տարել են Գաղտնիքների սենյակ՝ նա հրամայում է պրոֆեսոր Գիլդերոյ Լոքհարթին փրկել աղջկան: Այն բանից հետո, երբ Լոքհարթը ապացուցում է, որ անկարող է դա անել՝ Ջինիին փրկում են Հարրին և Ռոն Ուիզլին։

«Հարի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը» (1999) վեպի սկզբում ՄաքԳոնագալը Հերմայոնի Գրեյնջերին տալիս է ժամանակի շրջադարձ, որը թույլ է տալիս նրան միաժամանակ մի քանի դասերի հաճախել։ Այն բանից հետո, երբ Հարրիի Նիմբուս 2000-ը ոչնչացվում է՝ նրան ուղարկում են բուժսենյակ, իսկ ՄաքԳոնագալն առգրավում է նրա ցախավելը: Նա կասկածում է, որ դա անիծված է, բայց ի վերջո հասկանում է, որ դա այդպես չէ: «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» (2000) վեպում ՄաքԳոնագալը մտահոգված է Հարրիի անվտանգությամբ, երբ նա խորհրդավոր կերպով ընտրվում է «Երեք հրաշագործների» մրցաշարի համար: Սեդրիկ Դիգորիի մահից հետո նա միանում է Ալբուս Դամբլդորին և Սևերուս Սնեյփին, որոնք միասին փրկում են Հարրիին մահաբեր Բարթի Քրաուչ կրտսերից:

ՄաքԳոնագալը «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպում միանում է Փյունիկի միաբանություն գաղտնի կազմակերպությանը: Այն բանից հետո, երբ նախարարութունը «Մռայլ արվեստի դեմ պաշտպանություն» առարկայի պրոֆեսոր է նշանակում Դոլորես Ամբրիջին և վերջինս հրաժարվում է ուսանողներին գործնական պաշտպանական դասեր տալ՝ ՄաքԳոնագալը աջակցում է Հարրիին, Ռոնին և Հերմայոնիին ստեղծել «Դամբլդորի ջոկատ» ինքնապաշտպանական խումբը: ՄաքԳոնագալը փորձում է պաշտպանել Ռուբեուս Հագրիդին Ամբրիջից, սակայն դրա համար նա հարձակման է ենթարկվում Ավրորների կողմից և ուղարկվում Սուրբ Մունգոյի հիվանդանոց: Նա ի վերջո ապաքինվում է և վերադառնում Հոգվարթս՝ մինչև ուսումնական տարվա ավարտը:

«Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» (2005) վեպում ՄաքԳոնագալը մենամարտում է մահաբեր Ալեքտո Քերոուի հետ՝ Աստղագիտության աշտարակի ճակատամարտի ժամանակ։ ՄաքԳոնագալը Դամբլդորի մահից հետո նշանակվում է տնօրեն, սակայն նրան փոխարինում է Սնեյփը, երբ Վոլդեմորտը վերահսկում է Հոգվարթսը «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» (2007) վեպում։ Նա շարունակում է աշխատել որպես պրոֆեսոր և ներկա է լինում այն դրվագին, երբ Հարրին, Ռոնը և Հերմայոնին վերադառնում են Հոգվարթս՝ Ռեյվենքլոուի դիադեմը փնտրելու համար: Շուտով ՄաքԳոնագալը Սնեյփին վտարում է Հոգվարթսից։ Վոլդեմորտի հարձակումից առաջ նա ստեղծում է դպրոցի պաշտպանությունը և օգնում է տարհանել կրտսեր ուսանողներին Հոքսմիդ: Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ ՄաքԳոնագալը մենամարտում է Վոլդեմորտի դեմ՝ Հորացիոս Սլագհորնի և Քինգսլի Շեքլբոլտի հետ միասին։

Կինադապտացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի ութ ֆիլմերից յոթում ՄաքԳոնագալի կերպարը մարմնավորել է Մեգի Սմիթը (չի հայտնվել Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 ֆիլմում): Չնայած Ջոան Ռոուլինգի կողմից իր կատարման համար գովասանքի արժանանալուն՝ Սմիթն ասել է, որ ֆիլմերում իր դերակատարումը լիովին չի բավարարել իրեն[2]։ Այնուամենայնիվ նա ասել է, որ իրեն դուր է գալիս ֆիլմաշարի միայն մի մասը, քանի որ դա թույլ է տվել իրեն ավելի կապվել իր թոռների հետ[3]։ Սմիթը կրծքագեղձի քաղցկեղի դեմ ինտենսիվ քիմիաթերապիա է անցել «Խառնածին արքայազն» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Բուժման արդյունքում իրեն «սարսափելի հիվանդ» է զգացել, բայց ի վերջո լիովին ապաքինվել է[4]։

Հարրի Փոթերը և անիծված երեխան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի «Հարի Փոթերը և Անիծված երեխան» բեմադրությունը տեղի է ունենում Վոլդեմորտի մահից տասնինը տարի անց: Պիեսում ՄաքԳոնագալը Հոգվարթսի տնօրենն է։

Ֆանտաստիկ գազաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքԳոնագալը հանդես է եկել որպես Հոգվարթսի պրոֆեսոր «Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները» (2018) և «Ֆանտաստիկ գազաններ։ Դամբլդորի գաղտնիքները» (2022) ֆիլմերում: Մի քանի կայքեր նշել են, որ համաձայն «Փյունիկի միաբանությունում» ներկայացված ժամանակացույցի մանրամասների՝ ՄաքԳոնագալը չէր կարող դասավանդել Հոգվարթսում այս ֆիլմերի իրադարձությունների ժամանակ: Ֆիլմաշարում նրա կերպարի հայտնվելը վրդովմունքի պատճառ է դարձել որոշ երկրպագուների մոտ[5][6][7][8]։ ՄաքԳոնագալին ֆիլմերում մարմնավորել է Ֆիոնա Գլասկոտը[9]։

Բնավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքԳոնագալը կայացած կին է, որը հմուտ է մոգության բազմաթիվ ձևերի մեջ (հատկապես կերպարանափոխումը): Նա կարողանում է կատարել որոշակի կախարդանքներ առանց փայտիկի օգտագործման: Նա անիմագուս է, ինչը նրան թույլ է տալիս ցանկացած պահի փոխակերպվել կատվի: ՄաքԳոնագալին բարձր են գնահատում իր հասակակիցները և Հոգվարթսի ուսանողները: Նա հայտնի է իր խստությամբ և չոր հումորի զգացումով: Միներվա ՄաքԳոնագալը որոշակի նմանություններ ունի հռոմեական աստվածուհի Միներվայի հետ (հունական դիցաբանության մեջ հայտնի է որպես Աթենաս

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«IGN» ժամանցային կայքը գրել է, որ ՄաքԳոնագալը սովորաբար «խիստ և կարգապահ է», բայց կարող է նաև լինել «հիասքանչ մորաքույր», որը երբեմն թույլ է տալիս չարաճճիություններ անել[10]։ «WatchMojo»-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ ՄաքԳոնագալը դասվել է Հարի Փոթերի լավագույն կերպարների ցանկի 9-րդ հորիզոնականում՝ նկարագրելով նրան որպես հզոր, խստապահանջ և տպավորիչ կախարդուհու, որն ունի «պատասխանատվության բարձր զգացում», բայց նաև «ունի ավելի մեղմ կողմ»[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Daniel, Tiffani (20 August 2019). «10 Facts About Minerva McGonagall Left out of the Movies». ScreenRant (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 20 August 2019-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  2. Oliver, Mark (5 November 2001). «Rowling: 'It is as I imagined it inside my head'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 31 August 2024-ին.
  3. Peppin, Hayley (6 December 2019). «Professor McGonagall actress Maggie Smith said working on 'Harry Potter' 'didn't feel like acting' and 'wasn't satisfying'». Insider (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 7 August 2024-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  4. «Maggie Smith Discusses Cancer Treatment Struggle». The Telegraph (անգլերեն). 5 October 2009. Արխիվացված է օրիգինալից 2 April 2022-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  5. Singh, Olivia (17 November 2018). «The 'Fantastic Beasts' sequel had an unexpected 'Harry Potter' cameo — here's why it doesn't make sense». Insider (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 7 August 2024-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  6. Wade, Jessie (20 November 2018). «Fantastic Beasts: Why THAT Cameo Has Fans Confused». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 20 November 2018-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  7. Moore, Rose (24 November 2018). «Fantastic Beasts 2's Professor McGonagall Plot Hole Can't Be Fixed». ScreenRant (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 24 November 2018-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  8. Baxter-Wright, Dusty (6 November 2018). «Harry Potter fans are mad because of this Professor McGonagall error in Fantastic Beasts». Cosmopolitan (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 19 January 2019-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  9. Daniel, Tiffani (19 August 2019). «10 Facts About Minerva McGonagall Left Out Of The Movies». ScreenRant (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 20 August 2019-ին. Վերցված է 18 July 2020-ին.
  10. «Top 25 Harry Potter characters». IGN (անգլերեն). 2019-03-28. Արխիվացված օրիգինալից 2019-03-28-ին. Վերցված է 2020-07-17-ին.
  11. «Top 10 Harry Potter Characters». WatchMojo (անգլերեն). 6 July 2014. Արխիվացված օրիգինալից 10 July 2014-ին. Վերցված է 17 July 2020-ին.

Այլ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]