Միկրոպարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկրոպարարտանյութ, միկրոտարրեր պարունակող պարարտանյութ։ Ստորաբաժանվում են երկու խմբի՝ միամիկրոպարարտանյութեր (բորային, պղնձային, մանգանային, մոլիբդենային և այլն) և բազմամիկրոպարարտանյութեր (պարունակում են 2 և ավելի միկրոտարր)։

Որպես միկրոպարարտանյութեր օգտագործվում են միկրոտարրերի աղերը, արդյունաբերական թափոնները (խարամ, շլակ և այլն), ֆրիտները (աղերի և ապակու համաձուլվածքները), խելատները (օրգանական նյութերի և մետաղների միացությունները)։ Միկրոպարարտանյութերը լայնորեն օգտագործվում են հատկապես 1940 թվականից հետո։

Հայաստանում նպատակահարմար է օգտագործել Զանգեզուրի և հարավարևելյան շրջանների անտառային դարչնագույն, տափաստանային և բոլոր գոտիների գետահովտային հողերի պարարտացման համար։ Պղնձային միկրոպարարտանյութեր, կիրառվում են պղնձի սուլֆատի (պարունակում է մոտ 23% Cu), պիրիտային հանքամնացորդի (0, 3—0, 5% Cu) ձևերով, հիմնականում տորֆային և ավազային ճմապոդզոլային հողերում՝ հացահատիկային, բանջարանոցային բույսերի, կարտոֆիլի, վուշի և այլ ցանքերում։ Մանգանային միկրոպարարտանյութեր մանգանի սուպերֆոսֆատ (պարունակում է 2—3% MnO), Mn պարունակող պատրաստուկ (3, 5—4, 5% MnO), մանգանի խարամ (12—22% Mn), մանգանի ֆրիտներ (7—21% MnO) և այլն, օգտագործվում են սևահողերում, ճմակարբոնատային, անտառային մոխրագույն հողերում։ Ցինկային միկրոպարարտանյութեր ցինկի սուլֆատ (մոտ 25% Zn), պղնձաձուլական գործարանների թափոններ, ցինկի խելատներ ու ֆրիտներ ևն, արդյունավետ են չեզոք ու հիմնային ռեակցիա ունեցող կարբոնատային և կրացված հողերում։ Մոլիբդենային միկրոպարարտանյութեր մոլիբդեն պարունակող փոշի, մոլիբդենի սուպերֆոսֆատ և այլն, օգտագործվում են ճմապոդզոլային թթու, անտառային մոխրագույն հողերում, կրազուրկ սևահողերում։ ՀԽՍՀ-ում արդյունավետ են լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային հողերում և լեռնային սևահողերում։ Կոբալտային միկրոպարարտանյութեր կոբալտի սուլֆատ, նպատակահարմար է օգտագործել ճմապոդզոլային, հատկապես ավազային և ճահճային հողերում, որտեղ մշակվում են թիթեռնածաղկավոր բույսեր։ Միկրոպարարտանյութերը բարելավում են բերքի որակը, բարձրացնում բերքատվությունը, արագացնում հասունացումը, ավելացնում շաքարի, վիտամինների, յուղերի պարունակությունը պտուղներում ու սերմերում, կանխում բույսերի հիվանդությունները, բարձրացնում ցրտա-չորադիմացկունությունը և այլն։ Միկրոպարարտանյութերի նկատմամբ գյուղատնտեսական բույսերի պահանջը կախված է դրանց կենսաբանական առանձնահատկություններից և միկրոտարրերի (բույսի համար մատչելի ձևերի) պարունակությունից։ Պարարտացման հիմնական ձևերն են՝ սերմերի նախացանքային մշակում միկրոպարարտանյութերով, արտարմատային սրսկումներ և այլն։ Միկրոպարարտանյութերի չափաքանակը 0, 5—5 կգ/հա է։ Որոշ միկրոպարարտանյութեր օգտագործվում են մակրոպարարտանյութերի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 546