Միկլոշ Կրաշո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Կրաշո
անգլ.՝ Nicolas Krassó
Ծնվել էնոյեմբերի 29, 1930(1930-11-29)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահացել էհունվարի 10, 1986(1986-01-10) (55 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա
Ազգությունհունգար
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ և գրական քննադատ

Նիկոլաս Կրաշո (անգլ.՝ Nicolas Krassó, իսկական անունը՝ Միկլոշ Կրաշո (հունգ.՝ Krassó Miklós), 29 նոյեմբերի, 1930, Բուդապեշտ10 հունվարի, 1986, Լոնդոն), հրեական ծագմամբ հունգարացի-բրիտանացի ձախ փիլիսոփա, բանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Կրաշոն ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 29-ին Բուդապեշտում[1], հրեայի ընտանիքում։ Նրա եղբայրն է բանաստեղծ և քաղաքական գործիչ Դյորդ Կրաշոն (1932-1991)։ 1945 թվականին 15-ամյա Միկլոշ Կրաշոն անդամակցում է Հունգարիայի կոմունիստական կուսակցությանը։ Կուսակցության կենտրոնական թերթում տպագրվում է Կրաշոյի հակակղերական հոդվածը, ինչի շնորհիվ նա ձեռք է բերում որոշակի ճանաչում և 17 տարեկան հասակում արդեն տպագրվում էր մարքսիստական «Ֆորում» ամսագրում, որի խմբագիրն էր մարքսիստ-փիլիսոփա Դյորդ Լուկաչը։ Վերջինիս օգնությամբ Միկլոշ Կրաշոն ընդունվում է Բուդապեշտի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Այդպես Միկլոշ Կրաշոն միանում է Լուկաչի խմբակին։ 1949 թվականին նա զորակոչվում է բանակ։

Իր ընկերոջ՝ Իշտվան Մեսարոշի հետ Միկլոշ Կրաշոն գերմաներենից հունգարերեն է թարգմանել Լուկաչի աշխատությունները։ Հոդվածներ է տպագրել գրական ու հասարակական-քաղաքական տարբեր ամսագրերում, մասնակցել է Պետեֆիի խմբակի գործունեությանը։

1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ Միկլոշ Կրաշոն ակտիվ մանսակցություն է ունեցել իրադարձությունների զարգացմանն ու հակաստալինյան ձախ ուժերի գործունեության կազմակերպմանը։ Ընտրվել է շրջանային հեղափոխական խորհրդի պատվիրակ Բուդապեշտի արվարձաններում և կարողացել է ձևավորել Կենտրոնական բանբորական խորհուրդը։ Սակայն նա չի կարողացել համոզել, որ բանակցությունները վարեն ոչ թե Յանոշ Կադարի՝ նոր ձևավորված կառավարության, այլ անմիջապես խորհրդային զինված ուժերի հետ։ Միկլոշ Կրաշոն հեղափոխությունը համարում էր ստալինիզմից ազատվելու հնարավորություն, բայց դրան ցանկանում էր հասնել բանվորական շարժումն ուժեղացնելու և հակակոմունիստական պրովոկացիաներին չենթարկվելու միջոցով։

Հեղափոխության ճնշումից ու իր եղբոր ձերբակալությունից հետո Միկլոշ Կրաշոն ստիպված է եղել մեկնել Ավստրիա։ Վիեննայում որոշ ժամանակ մնալուց հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Իսայա Բեռլինի աջակցությամբ Միկլոշ Կրաշոն ընդունվել է Օքսֆորդի համալսարան։ Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է իր առաջին կնոջ հետ, որ անգլուհի էր և սերում էր բանվորական դասից։ Շփվելով նոր ձախերի հետ՝ կապ է հաստատել «New Left Review» ամսագրի հետ և 1965 թվականին ընդգրկվել է նրա խմբագրությունում։ Անգլերեն է թարգմանել Աթիլա Յաժեֆի բանաստեղծությունները։ 1968 թվականին որպես դասախոս մասնակցել է հակահամալսարանական շարժման դասախոսություններին և ծանոթացել է իր երկրորդ կնոջ հետ, որ ծագումով Պաղեստինից էր։

«New Left Review» ամսագրի էջերում Միկլոշ Կրաշոն մասնակցել է Էռնեստ Մանդելի հետ բանավեճին Լև Տրոցկու մարքսիզմի վերաբերյալ, որը հետագայում տպագրվել է առանձին գրքով և թարգմանվել մի քանի լեզուներով։ Ուսումնասիրել է Մարքսի, Տրոցկու աշխատությունները, գաղափարախոսության խնդիրը մարքսիզմում և Իշտվան Բիբոյի գործունեությունը։

Միկլոշ Կրաշոն մահացել է 1986 թվականի հունվարի 10-ին Լոնդոնի իր տանը բռնկված հրդեհից։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Trotsky: The Great Debate Renewed. — New Critics Press, 1972.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նիկոլաս Կրաշո». filosofia.org. Վերցված է 25 հոկտեմբերի, 2016-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blackburn R. Nicolas Krassó 1930—86 // New Left Review. — 1986, January-February. — Vol.1, № 155.