Միլտոն Էրիկսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միլթոն Էրիքսոնից)
Միլտոն Էրիկսոն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1]
ԾննդավայրԱուրպւմ, Նևադա, Ուայտ Փայն շրջան, Նևադա, ԱՄՆ
Մահացել էմարտի 25, 1980(1980-03-25)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՖինիքս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Մասնագիտությունհոգեթերապևտ, հիպնոսիչ, hypnotherapist, հոգեբան, հոգեբույժ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Milton H. Erickson Վիքիպահեստում

Միլտոն Հայլենդ Էրիկսոն (անգլ.՝ Milton Erickson, (դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1], Աուրպւմ, Նևադա, Ուայտ Փայն շրջան, Նևադա, ԱՄՆ - մարտի 25, 1980(1980-03-25)[1], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբույժ, ով մասնագիտացած էր կլինիկական հիպնոսի և ընտանեկան թերապիայի բնագավառներում։ Էրիքսոնը Կլինիկական Հիպնոսի Ամերիկյան Ընկերության հիմնադիր նախագահն էր, Ամերիկյան Հոգեբուժական Միության, Ամերիկյան Հոգեբանական Միության, Ամերիկյան Հոգեպաթոլոգիական Միության անդամ էր։ Նա իր ազդեցությունը թողեց հոգեթերապիայի մի շարք դպրոցների, ինչպես նաև նյարդալեզվաբանական ծրագրավորման ձևավորման և զարգացման վրա։ Նրա մոտեցումը փոփոխված գիտակցությանը ընկավ մի ամբողջ ուղղության՝ էրիկսոնյան հիպնոսի հիմքում։ Նրա հոգեվերլուծական մոդելը դարձավ նյարդալեզվաբանական ծրագրավորման հիմքերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին Նևադա նահանգի Աուրում ավանում։ Էրիքսոնի մանկությունը և պատանեկությունը անցել են Նևադա և Վիսկոնսին նահանգների գյուղական շրջաններում։ Դա անդրադարձավ նրա բնավորության վրա. Էրիկսոնը պարզ էր, համեստ, կենսասեր և նպատակամիտ։ Նա երկար տարիներ զրկված էր շարժվելու հնարավորությունից, չէր տարբերում ձայնի բարձրությունը, ուներ գունակուրություն՝ ընդունակ էր տարբերել միայն մանուշակագույնը, ինչպես նաև ընթերցանության մասնակի խանգարում։ 17 տարեկանում նա հիվանդացավ պոլիոմիելիտով (ողնուղեղի ախտահարում) և գամվում անկողնուն։ Նա հիշում է, որ այդ ժամանակ գրեթե ոչ մի զբաղմունք չուներ, քանի որ այն ամենը, ինչ տեսնում էր՝ իր հայրը, մայրն ու բուժքույր էին, որոնց հետ կոնտակտը միակողմանի էր՝ հոգատարություն վերջիններիս կողմից։ Նույնիսկ այդ պայմաններում Էրիկսոնը գտնում է իր զբաղմունքը, որն էլ ինչպես կպարզվի հետագայում՝ իր համաշխարհային ճանաչման առաջին քայլերն էին։ Հստակ կարողանալով օգտվել միայն տեսողությունից՝ նա սկսում է ուսումնասիրել ծնողների և բուժքրոջ շարժումները. «Ես սկսեցի ավելի սուր ընկալել մարդկանց ֆիզիկական գործողությունները և դա անչափ օգատակար էր։ Մարդիկ երբեմն կատարում են իրենց հակասող և դավաճանող շարժումներ, որոնցից փորձառու դիտողը շատ օգտակար ինֆորմացիա կարող է քաղել։ Շրջապատի հետ մեր կապերը մեծ մասամբ արտացոլվում են մարմնի շարժումների մեջ, այլ ոչ թե խոսքի»։ Սակայն Էրիկսոնը չսահմանափակվեց այդ ձեռքբերումով։ Իրեն բուժող բժիշկներն այս շրջանում պնդում էին, որ նա այլևս երբեք չի կարողանա քայլել։ Այս մտքին դեմ է դուրս գալիս Էրիկսոնը։ Օգտագործելով իր սահմանափակ հնարավորությունները՝ նա սկսում է ժամերով կենտրոնանալ իր մարմնում առաջացած նույնիսկ նվազագույն ազդակի վրա և փորձում զարգացնել դրանք։ Երկարատև քրտնաջան աշխատանքներից հետո՝ մեկ տարի անց, նա արդեն կարողանում է քայլել ձեռնափայտի օգնությամբ և աշխատանք է գտնում պահածոներ արտադրող գործարանում՝ ուսման փող հավաքելու համար։ Ամառային արձակուրդների համար իր բուժող բժիշկը խորհուրդ է տալիս Էրիկսոնին ամառը անցկացնել արևի տակ և ֆիզիկական թեթև ծանրաբեռնվածությամբ։ Այդպես Էրիկսոնը ուղևորվում է դեպի Միսիսիպի, և հունիսից մինչև օգոստոս անցկացնում այնտեղ։ Երեք ամիս շարունակ նա միայնակ թիավարում է՝ ունենալով միայն իր նավակը և սնունդի չնչին պաշարներ, այն դեպքում, երբ նա նույնիսկ ի վիճակի չէր երկու մետր ինքնուրույն լողալ։ Էրիքսոնն ասում էր, որ հիվանդությունը իր լավագույն ուսուցիչը դարձավ մարդկային հնարավորությունների ճանաչման մեջ։ Եվ իսկապես, չնայած ծանր հիվանդությանը, նա կարողացավ ավարտել բժշկական ֆակուլտետը և ստացավ հոգեբանության մագիստրոսի և բժշկության դոկտորի որակավորումներ Վիսկոնսին նահանգի համալսարանում։ Հենց այնտեղ էլ նա մի անգամ ներկա գտնվեց Քլարք Լեոնարդ Հոլլի հիպնոտիկ փորձերից մեկին, ինչը շատ տպավորեց նրան։ Արդեն երրորդ կուրսում սովորելիս նա ուներ հիպնոտիկ աշխատանքի բավականին մեծ փորձ։ Ավարտելով համալսարանը՝ նա պրակտիկ աշխատանքի անցավ Կոլորադոյի հոգեբուժարանում, այնուհետև կրտսեր հոգեբույժի պաշտոն ստացավ Ռոդ Այլենդի պետական հիվանդանոցում։ 1931 թվականի ապրիլին նա աշխատանքի անցավ Ուորչեսթրի պետական հիվանդանոցին անընթեր Փորձաքննական ծառայությունում, հասնելով ծառայության գլխավոր հոգեբույժի պաշտոնի։

Ձայնի բարձրությունը տարբերելու անկարողությունը հոգեբանի համար համարվում է բացասական կողմ, քանի որ այն նվազեցնում է այցելուի հուզական վիճակը զգալու հնարավորությունը, սակայն դա նույնպես չի կանգնեցնում Էրիկսոնին։ Ընդհակառակը, ձայնի տոները չտարբերելու պատճառով նա սկսում է ուշադրություն դարձնել ձայնի մոդուլյացիաներին և չշեղվել բովանդակության վրա։ Այսպիսով, նա բացահայտում է հուզական վիճակը ընկալելու լիովին այլ ոլորտ, որը լրացնում է մինչ այդ արդեն հայտնի խոսքի ընկալումը։ Բացահայտումը կայանում է հետևյալում՝ վարքի բազմաթիվ մոդելներ ավելի շուտ արտահայտվում են ոչ թե նրանով, թե ինչ ենք խոսում, այլ՝ թե ինչպես ենք խոսում։ Այս բացահայտումը պատկերավոր ներկայացնում է հենց ինքը Էրիկսոնը. «Ես հասկացա, որ կարող եմ ճանաչել դաշնակահարի տաղանդը ոչ թե իր նվագած երաժշտության ձայներից, այլ`թե ինչպես են նրա մատները դիպչում դաշնամուրի ստեղներին` վստահ, նուրբ, ուժեղ և միաժամանակ դիպուկ հպումներով։ Իրական արվեստը ենթադրում է շքեղ ֆիզիկական շարժումներ»։

1935 թվականին Էրիքսոնը տեղափոխվեց Միչիգան նահանգի Էլոիզ քաղաք, ուր զբաղեցրեց Ուեյնի շրջանային հիվանդանոցի Հոգեբանական ուսումնասիրությունների և վարժանքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Նա նաև Ուեյնի պետական բժշկական քոլեջի թղթակից անդամ էր և Իսթ Լենսինգի համալսարանի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր։1948 թվականին Էրիքսոնը տեղափոխվեց Ֆենիքս, Արիզոնա նահանգ։ Նրա հիմնական զբաղմունքը մասնավոր պրակտիկան էր, սեմինարները և դասախոսությունները հիպնոթերապիայի թեմաներով։ Հիսունական թվականներին նրա հոդվածը հիպնոսի մասին հայտնվեց «Բրիտանական Հանրագիտարան» հեղինակավոր հրատարակության մեջ։ Նա զբաղվում էր գիտակցության փոփոխված վիճակների ուսումնասիրությամբ Օլդոս Հաքսլիի հետ համատեղ։ 1952 թվականին Էրիքսոնը մասնակցեց Մեյսիում տեղի ունեցած գիտական համաժողովներին, որոնց մասնակիցներից էին Գրեգորի Բեյտսոնը, Մարգարետ Միդը և Լորենս Քյուբին։ Այդ համաժողովները մեծ ազդեցություն ունեցան կիբեռնետիկայի զարգացման վրա։ 1952 թվականին Էրիքսոնը կրկին հիվանդացավ պոլիոմիելիտով։ Նրա մարմնի աջ հատվածը լիովին կաթվածահար էր։ Սակայն մեկ տարի անց Էրիքսոնը կարողացավ մասնակիորեն հաղթահարել դա՝ երկու ձեռափայտերի օգնությամբ շրջելով Արիզոնայի լեռներում։ Կյանքի վերջին տարիներին նրան տանջում էին մշտական գլխացավերը՝ պոլիոմիելիտի բարդացման հետևանքը։ Նա գրեթե ամբողջովին անշարժ էր և 1967 թվականից կարողանում էր տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակով։ Սակայն, բացի իր գրեթե գերբնական դիտողունակությունից, Էրիքսոնը նաև կարողացավ զարգացնել ձայնը՝ իր աշխատանքի հիմնական գործիքը և շատ էր հպարտանում նրանով, որ կարող է տիրապետել խոսքին։ Սակայն ժամանակի հետ ձայնն էլ դարձավ խուլ և անըմբռնելի։ Այդ պատճառով էր նա խոսում էր դանդաղ և հավասարակշռված։ Ստեղծվում էր տպավորություն, որ նա կշռում է յուրաքանչյուր խոսքը։ Հիվանդությունը քայքայեց նրա օրգանիզմը. Էրիքսոնը համառորեն պայքարում էր, առաջին հերթին՝ կյանքի յուրաքանչյուր ակնթարթով ուրախանալու իր կարողությամբ։ Բոլորին, ովքեր հանդիպում էին նրան, զարմացնում էր նրա անձի մենահատկությունը։ Նրա բոլոր զրուցակիցները նշում էին, որ դոկտոր Էրիքսոնը ակտիվորեն ապրում է իրականության մեջ և արձագանքում է ամեն ինչի։

Էրիկսոնը դարձել է բժշկական հիպնոսի աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, և հարստացնելով դասական հիպնոսը՝ դուրս է եկել նրա սահմաններից, մշակելով լիովին այլ մոտեցումներ տրանսի միջոցով բուժման համար, որը հետագայում անվանվել է էրիկսոնյան հիպնոս և առանց որի արդեն իսկ անհնար է պատկերացնել հիպնոսը։

Իր կյանքի վերջին տասնամյակում նա ծանր առողջական վիճակում է լինում։ Անհետ չկորած հիվանդությունը նորից գլուխ է բարձրացնում, որի արդյունքում նա նորից պարալիզացվում է։ Անընդհատ տանջող գլխացավեր և խոսքի կորուստ։ Սակայն Միլտոն Էրկսոնին տեսնողները միշտ զարմանք ու հիացմունք են ապրել։ Իր կյանքի համար պայքարելու ցանկությամբ լի, կյանքը հաստատող դիրքորոշումով, միշտ կենսուրախ և ներկայով ապրող այս մարդը նույնիսկ կարողանում է վերականգնել իր խոսքը և շարունակել աշխատել։ Էրիքսոնը հիացնում և զարմացնում էր մարդկանց։ Նա կենսասիրություն էր ճառագում՝ գերադասելով տեսնել ծաղիկները և ոչ թե մոլախոտերը։ Այցելուներին նա նույնպես խրախուսում էր անել նույնը։ Իր աշակերտների հաջողությունները նա երբեք չէր վերագրում իրեն, ընդհակառակը, նա ուրախանում էր, տեսնելով, որ անձը կարողացել է իր մեջ նոր կյանքի աղբյուր բացահայտել։

Նա վախճանվեց 1980 թվականի մարտի 25-ին, խաղաղ և առանց տանջանքների, իր ընտանիքի անդամներով շրջապատված։

Դոկտոր Միլտոն Էրիկսոնը 140 գիտական հոդվածների և մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է։ Նա համարվում է իր դարի լավագույն հոգեբաններից մեկը։

Թերապևտիկ մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառասնական թվականներից սկսած, Էրիքսոնի գործունեության հիմնական տեսակ դարձավ հոգեթերապիայի որակապես նոր ուղղության՝ էրիքսոնյան հիպնոսի մշակումը և կիրառումը։ Նա հայտնի դարձավ շնորհիվ այն բանի, որ կարողանում էր հիպնոսացնել նույնիսկ հիպնոսի նկատմամբ բացարձակապես անընկալունակ մարդկանց և բուժում էր նույնիսկ այնպիսի հիվանդություններ, որոնք համարվում էին անբուժելի, նույնիսկ այնպիսիները, որոնց բուժման մեջ հիպնոսը հակացուցված էր։ Նոր մոտեցման կիրառման հիմնական սկզբունք դարձավ Էրիքսոնի առաջադրած ուտիլիզացիայի գաղափարը։ Այն կարելի է բնորոշել որպես այցելուի և շրջապատող աշխարհի բոլոր ասպեկտներին հակազդելու թերապևտի պատրաստություն։ Էրիքսոնը բացասաբար էր վերաբերում այժմ էլ տարածված ոճաբանական ուսումնասիրությունների մեթոդներին, քանզի գտնում էր, որ յուրաքանչյուր այցելուի անձ յուրահատուկ է։ Հետևաբար, յուրահատուկ պետք է լինի և թերապևտիկ մեթոդը։ Իր մեթոդը նա նկարագրում էր հետևյալ կերպ. «Թերապևտները… երբեք չպիտի պարսավեն, մեղադրեն, կամ ժխտեն այցելուի վարքի ցանկացած դրսևորում միայն նրա համար, որ այն ապակառուցողական է, անմիտ կամ ոչ ռացիոնալ։ Այցելուի վարքը այն խնդրի մի մասն է, որով նա դիմել է հոգեթերապևտին։ Այն կազմում է նրա անձնային շրջանակը և կարող է լինել գերակայող ուժ հոգեթերապևտի և այցելուի հարաբերություններում։ Այն ամենը, ինչով այցելուները գալիս են հոգեթերապևտի մոտ, ինչ-որ տեղ իրենց և իրենց խնդրի մասնիկն է։ Այցելուին պետք է նայել աջակցությամբ, արժեվորելով այն ամբողջականությունը, որը հառնում է հոգեթերապևտի առաջ։ Շատ հաճախ հոգեթերապիան կարող է ամուր հիմք ունենալ հենց միայն հիմար, աբսուրդ, ոչ ռացիոնալ դրսևորումներում»։ Նման մոտեցմամբ հոգեթերապևտի աշխատանքը վերածվում է կլինիկական փորձի, որի գործիչ է դառնում հենց հոգեթերապևտը։ Նա միանում է այցելուի ներքին աշխարհին և օժանդակում է նրան գիտակցել իր թերությունների արժանիքները։

Էրիքսոնը առանձնացնում էր հիպնոտիկ տրանսի երեք մակարդակ՝ առօրէական տրանս, ինչը սովորական երազկոտությունն է, խորքային տրանս, ինչը առաջանում է հիպնոսողի որոշակի ազդեցության կամ նպատակաուղղված ինքնաներշնչման արդյունքում և սոմնամբուլային տրանս, ինչն առանձնանում է նրանով, որ անձը՝ գտնվելով տրանսի մեջ, կարող է ազատ շարժվել, խոսել, պահել իրեն այնպես, կարծես թե սովորական, արթմնի վիճակում է։ Նա գտնում էր, որ տրանսն ունի զարգացման մի քանի փուլեր։ Առաջին փուլն էր ուշադրության կենտրոնացումը, երկրորդը՝ գիտակցության ապագործնականացումը, ինչի ընթացքում գիտակցության ակտիվությունը նվազում էր, գիտակցական գործընթացների կատարման արդյունավետությունն ընկնում։ Երրորդ փուլը անգիտակցական որոնումն էր, չորրորդը՝ անգիտակցական գործընթացներին հիպնոտիկ հակազդեցությունը։ Այն դրսևորվում է այնպիսի հիպնոտիկ ֆենոմենների տեսքով, ինչպիսիք են ամնեզիան, կատալեպսիան, լևիտացիան, անեսթեզիան, նյարդային ազդակավորումը։

Էրիքսոնը կիրառում էր և ուղղակի և անուղղակի ներշնչողական մեթոդներ, լայնորեն օգտագործում էր թերապևտիկ փոխաբերություններ առակների, կատակների, հեքիաթների, պատմությունների ձևով։ Էրիքսոնյան հիպնոսի հիմնական տեխնիկաներն են անորոշ խոսքի կիրառումը, տրանսի նշանների ընդգծումը, տրանսային ուղեկցումը, ներդաշնակումը, դիսսոցիացիաները, ինքնահիպնոսը, մտաշարժողական ազդակավորումը։

Միլթոն Էրիքսոնի մշակած թերապևտիկ ուղղությունը այժմ զարգացնում են նրա աշակերները՝ Ջեֆրի Զեյգը, Սթիվեն Գիլլիգենը, Էռնեստ Ռոսսին, Սթիվեն Լենքթոնը։ Նրա աշակերտներից էր նաև Ջեյ Հեյլին, որը ընտանեկան թերապիայի մի քանի մոտեցումներ առաջադրեց։ Էրիքսոնի խորհուրդներից օգտվում էին նաև ընտանեկան թերապևտներ Քլու Մադանեսը, Սալվադոր Մինուխինը, Էնդրյու Ջեքսոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլտոն Էրիկսոն» հոդվածին։