Միելիտ
Միելիտ կամ ողնուղեղաբորբ, (հուն․՝ μυελός – ողնուղեղ), ողնուղեղի բորբոքային հիվանդություն։ Ըստ առաջացնող պատճառների միելիտը լինում է առաջնային, որի հարուցիչը նեյրոտրոպ վիրուսներն են, երկրորդային՝ որպես վարակիչ և ալերգիկ հիվանդությունների (տիֆ, գրիպ, անգինա, սեպսիս և այլն), վնասվածքների և ծանր թունավորումների բարդություն։ Ըստ ընթացքի տարբերում են՝ սուր օջախային, սուր տարածուն և ենթասուր մեռուկային միելիտեր։
Սուր օջախային միելիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր օջախային միելիտը սկսվում է հանկարծակի, ուղեկցվում ջերմության բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ, ծայրանդամների ցավերով, տհաճ զգացումով։ Այնուհետև ի հայտ են գալիս միելիտին բնորոշ ախտանշանները․ ծայրանդամների լուծանք, զգացողության հաղորդչական տիպի խանգարում (ախտահարված հատվածից ցած զգացողության կորուստ), կոնքային օրգանների ֆունկցիայի խանգարումներ (միզակապություն, անմիզապահություն, փորկապություն և այլն) և սնուցողական խանգարումներ (պառկելախոցեր՝ պոչուկի, նստատեղի, կրունկների շրջաններում, ծնկային հոդերի ներսային մասերում և այլն)։
Սուր տարածուն միելիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր տարածուն միելիտը բնորոշվում է դանդաղ զարգացմամբ, թեթև ընթացքով։
Ենթասուր մեռուկային միելիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթասուր մեռուկային միելիտի դեպքում ողնուղեղի գոտկասրբոսկրային հատվածների սպիտակ և հատկապես գորշ նյութերում առաջանում են մեռուկացման պրոցեսներ։ Հիվանդությունն սկսվում է դանդաղ։ Բորբոքային պրոցեսը հակում ունի տարածվելու վարից վեր՝ ընդգրկելով երկարավուն ուղեղը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը ներառում է հակաբիոտիկներ, 40%-անոց ուրոտրոպին, ջրազրկող դեղանյութեր, վիտամիններ C, B1, B12 և այլն, պառկելախոցերի վիրաբուժական բուժում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 613)։ |