Միգրանտ աշխատող

Միգրանտ աշխատող, անձ, որը պետք է զբաղվի, զբաղվում է կամ զբաղվել է վարձատրվող գործունեությամբ այն պետությունում, որի քաղաքացին չէ (աշխատուժի միգրացիա)։ Միգրանտ աշխատողները սովորաբար մտադրություն չունեն մշտապես մնալ այն երկրում կամ տարածաշրջանում, որտեղ նրանք աշխատում են։ Աշխատուժի միգրացիան տեղի է ունենում նախ, կամավոր կերպովբարեկեցիկ կյանք որոնելու կամ սեփական երկրի տնտեսական ու քաղաքական հալածանքներից ազատվելու համար, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների բռնի տեղահանման ձևերով։ Այդպիսի օրինակ է աֆրիկական սևամորթների տեղահանումը դեպր ամերիկյան մայրցամաք, ինչպես նաև երկրորդ խոշոր միգրացիոն ալիքը՝ Եվրոպայից Ամերիկա։
Աշխատուժի միջազգային միգրացիան պայմանավորված է նախ և առաջ տնտեսական գործոններով։ Դրան են վերաբերում կապիտալի կուտակման, ազգաբնակչության ու երկրների տնտեսական անհամաչափ զարգացման օրենքները, աշխատանքի պայմանների մեջ էական տարբերությունները, աշխատավարձի տարբեր մակարդակները, ձեռնարկատիրական գործունեության պայմանները , մարդկանց ապրելակերպը, տնտեսության զարգացման ցիկլային բնույթը։ Աշխատուժի միգրացիայի վրա ազդում են նաև դեմոգրաֆիկ, ազգային, քազաքական, ռազմական և այլ գործոններ։
Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատմամբ, 2014 թվականին ամբողջ աշխարհում կար 232 միլիոն միջազգային միգրանտ, որոնք առնվազն 12 ամսվա ընթացքում գտնվում էին իրենց հայրենի երկրից դուրս, և գնահատվում էր, որ նրանց կեսը տնտեսապես ակտիվ են (այսինքն՝ զբաղված են կամ աշխատանք են փնտրում)[1]։ Որոշ երկրներ ունեն միլիոնավոր աշխատանքային միգրանտներ։ Որոշ աշխատանքային միգրանտներ փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներ են, ոմանք էլ նույնիսկ ստրուկի կարգավիճակում են։
Աշխատուժի միջազգային շարժման կարևոր գծերից է համարվում առանձին երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից տվյալ գործընթացի կարգավորումը։ Ժամանակակից պայմաններում աշխատուժի միջազգային միգրացիայի կարգավորումն առանձին երկրներում հենվում է ՄԱԿ-ի կողմից ձևակերպված իրավական նորմերի և կանոնների վրա և ամենից առաջ 1919թ. գործող աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 479)։ ![]() |