Jump to content

Միայն գերմանացիների համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Միայն գերմանացի ուղևորների համար» ցուցանակը բռնազավթված Կրակովի N8 երթուղին սպասարկող N94 տրամվայի վրա:

Միայն գերմանացիների համար (գերմ.՝ Nur für Deutsche), գերմանական էթնոցենտրիկ արտահայտություն, որը մատնանշում էր, որ որոշ հաստատություններ, տրանսպորտային միջոցներ և այլ ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ՝ զբոսայգիների նստարանները, բարերը և ռեստորանները կարող են հասանելի և կիրառելի լինել միայն գերմանացիների կողմից։ Այն կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված մի շարք երկրներում։ Հատկապես կիրառել է եղել Լեհաստանում, որը 1939-ից միչև 1945 թվականները գտնվում էր նացիստական ուժերի վերահսկողության ներքո։

Այս արտահայտությամբ ցուցանակները փակցվում էին զբոսայգիների, սրճարանների, կինոթատրոնների, թատրոնների և մյուս հաստատությունների մուտքի մոտ։ Դրանց միջոցով նացիստական իշխանությունները ցույց էին տալիս, որ գերմանացի ժողովուրդը «գերակայություն ունի» տեղի բնակչության նկատմամբ։

«Լեհերի մուտքն արգելված է» («Zutritt für Polen verboten!») գերմաներեն գրառումը բռնազավթված Լեհաստանում, 1939 թվական։
«Nur für Deutsche» («Միայն գերմանացիների համար») գրառումը փողոցային լուսարձակի վրա, բռնազավթված Լեհաստան։ Գրառումն արվել է լեհական դիմադրության ներկայացուցիչների կողմից։ Լեհական դիմադրությունը ցանկանում էր այս քայլով ասել, որ սա այն վայրն է, որտեղ պետք է լինչի դատաստանի ենթարկվեն գերմանացիները։

Այս գրառումը համարվում է Նացիստական Գերմանիայի ռասսայական քաղաքականության կարևոր տարրերից մեկը։ Այն կիրառվում էր հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներում՝ տեղի ոչ գերմանացի բնակչության ռասսայական սեգրեգացիայի նպատակով։ Նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված Լեհաստանում ռասսայական սեգրեգացիան իրականացվում էր արդեն իսկ 1940 թվականին։ Տրամվայներում և գնացքներում առաջին վագոնները սովորաբար ամրագրվում էին գերմանական վարչական և ռազմական անձնակազմի, Նացիստական կուսակցության անդամների, ինչպես նաև Երրորդ ռայխի քաղաքացիների համար։ Մնացած ազգերի ներկայացուցիչները կարող էին օգտվել մնացած վագոններից։ Իսկ, օրինակ, հրեաներին ընդհանրապես արգելված էր տրանսպորտային այդ միջոցներից օգտվելը։ Սեգրեգացիան կիրառվել է նաև բռնազավթված մյուս երկրներում, ինչպես օրինակ՝ ԽՍՀՄ գրավված տարածքներում։ Դա միջոցներից մեկն էր տեղի բնակչությանը վախեցնելու համար։ Համանման միջոցներ էին նաև տեղի բնակչության իրավունքների սահմանափակումները, պարետային ժամը և արտարժույթի անարդար փոխարժեքը։ Հրեաները խտրականության էին ենթարկվում ոչ միայն բռնազավթված երկրներում, այլև հենց Գերմանիայում։ Որոշ քաղաքներ էլ «հպարտանում էին» հրեաներից «ազատված» լինելու համար։

Հրեաների իրավունքները սահմանափակումներն ամենախիստն էին ի տարբերություն մյուս ազգությունների։ Հրեաներին արգելվում էր ունենալ սեփական ավտոմեքենա, հեծանիվ, ռադիո, իսկ առևտրի նրանք կարող էին գնալ միայն սահմանափակ ժամերի։ Սկզբում նրանց արգելվում էր օգտվել զբոսայգիների նստարաններից, այնուհետ այդ արգելքը տարածվեց նաև ողջ զբոսայգիների վրա։ Գերմանիայի ողջ տարածքում հաճախ հանդիպում էին «Juden verboten» («Հրեաների մուտքն արգելված է») գրառմամբ ցուցանակները։ Այս սահմանափակումներն աստիճանաբար կիրառման մեջ մտան Գերմանիայում՝ սկսած 1933 թվականից, բայց էլ ավելի արագացան պատերազմի մոտենալուն պես։ Այսպես, Ավստրիայի հրեաները խիստ սահմանափակումների սկսեցին ենթարկվել 1938 թվականից՝ Անշլյուսից հետո, մինչդեռ Լեհաստանում այն սկսեց կիրառվել 1939 թվականից, երբ այդ երկիրը ռազմական ճանապարհով նվաճվեց գերմանացիների կողմից։

Գերմանական այս գործելաոճը հիմնված էր այդ ժողովրդի ռասսայական այն փիլիսոփայության վրա, որ գերմանացիներն արիական ժողովուրդ են՝ «ընտրյալ ռասսայի ներկայացուցիչ»։ Մյուսները, ըստ գերմանացիների, «իրենցից ավելի ցածր էին, ուստի պետք է շահագործվեն և ստրկացվեն»։

Համանման ցուցանակներ կիրառվում էին նաև ապարտհեյդի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ջիմ Քրոուի օրենքներում, որոնք կիրառվում էին ԱՄՆ-ում։ Օրինակ՝ այս երկրներում ավտոբուսներով տեղաշարժն իրականացվում էր ռասսայական սեգրեգացիայի հիման վրա. սպիտակամորթներն ու սևամորթները պետք է տարբեր ավտոբուսներով կամ վագոններով երթևեկեին։ Խտրական բովանդակություն պարունակող ցուցանակներ անուղղակի ձևով կիրառվում էին նաև Մեծ Բրիտանիայում։ Bed and breakfast ձևաչափով մի շարք հյուրատներում կային ցուցանակներ այն մասին, որ տվյալ հաստատությունը օթևան չի տրամադրում իռլանդացիներին և սևամորթներին։ Նման ցուցանակները ներկայումս ապօրինի են։

Լեհական պարտիզանական խոսույթում, թունավոր կամ համանման ոչ ըմպելի ինքնաթոր օղին կատակով անվանում էին «միայն գերմանացիների համար» («Nur für Deutsche»)։ Պարտիզանները հաճախ այդ գրառումն անում էին փողոցային լուսարձակների ստորին հատվածում՝ դրանով ի նկատի ունենալով գերմանացիներին լինչի դատաստանի ենթարկելու մտադրությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Katarzyna Graczykowska (1999 թ․ սեպտեմբեր). «Okupacyjna codzienność». Wiedza i Życie (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2007-01-28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միայն գերմանացիների համար» հոդվածին։