Մի՛ վնասիր
Մի՛ վնասիր (լատին․՝ primum nоn nocere, բառացի՝ նախ և առաջ մի՛ վնասիր), բժշկական էթիկայի հնագույն սկզբունք, որը սովորաբար վերագրվում է Հիպոկրատին։
Առաջացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև այս սկզբունքը սովորաբար վերագրվում է Հիպոկրատին՝ բառացիորեն այս արտահայտությունը ներառված չէ Հիպոկրատի երդման մեջ։ Բնագիր երդման մեջ ասվում է․ «Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց» (հուն․՝ ἐπὶ δηλήσει δὲ καὶ ἀδικίῃ εἴρξειν), ընդ որում այս բառերը երդման հիմնական մասը չեն․ առաջին տեղում են իր ուսուցչի նկատմամբ ունեցած պարտականությունները[1]։
Primum non nocere-ին մոտ պնդում կարելի է հանդիպել «Համաճարակներ» գրքում, որը մտնում է Հիպոկրատի ժողովածուի մեջ․ «Բժիշկը պետք է ունենա․․․ հաշվի առնի հիվանդությունների վերաբերյալ 2 հատուկ կետ՝ բարություն կատարել, վնաս չպատճառել»։
Ինչպես պնդում է Նավարրայի համալսարանի մի պրոֆեսոր՝ Primum non nocere սկզբունքն անգլոամերիկյան բժշկական մշակույթ բերեց Ուորթինգթոն Հուքերը 1847 թվականին «Physician and Patient» գրքով։ Հուքերը հղում է կատարում փարիզցի բժիշկ, Փարիզի ֆակուլտետի ներքին բժշկության ամբիոնում Ռենե Լաեննեկի սան Օգյուստ Ֆրանսուա Շոմելին (1788-1858), սակայն տվյալ սկզբունքը ենթադրաբար Շոմելի բանավոր ուսմունքի մի մասն էր և գրանցված չէ նրա աշխատություններում[2]։
Այնուամենայնիվ Հուքերը ևս չի օգտագործել ավանդական լատինական արտահայտությունը բառացիորեն։ Աֆորիզմի ծագումնաբանությունը մանրամասն ուսումնասիրեց կլինիկական դեղագետ Սեդրիկ Մ․ Սմիթը «The Journal of Clinical Pharmacology» ամսագրում 2005 թվականի ապրիլին[3]։ Այս արտահայտության ամենավաղ նշումը, որ կարողացավ նա գտնել Թոմաս Ինմանի 1860 թվականի «Foundation for a New Theory and Practice of Medicine» («Բժշկության նոր տեսության և պրակտիկայի հիմնում») գրքում էր, որտեղ հեղինակը այն վերագրում է Թոմաս Սիդենհամին (1624-1689)[4]։ 20-րդ դարի սկզբին այս արտահայտությունը սկսեց զանգվածային կիրառվել, այդ թվում՝ բժշկական համատեքստից դուրս ևս։
Սկզբունքի դերը բժշկական էթիկայի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մի վնասիր»-ը բիոէթիկայի չորս սկզբունքներից առաջինն է, որն առաջարկվել է ամերիկացի մասնագետներ Թոմ Բիչամփի և Ջեյմս Չիլդրեսի կողմից նրանց բազմիցս հրատարակված «Կենսաբժշկական էթիկայի սկզբունքները» գրքում։ Այդ սկզբունքների շարքում են՝ «Մի՛ վնասիր»-ը, «Բարություն արա»-ն, հիվանդի ինքնավարության նկատմամբ հարգանքը և արդարության սկզբունքը (որը բժշկական էթիկայում նախ և առաջ վերաբերվում է բուժմանն ուղղված ռեսուրսների արդարացի բաշխմանը)[5][6]։ Քանի որ բժշկական օգնություն ցույց տալը կարող է կապված լինել որոշակի ռիսկի հետ կամ ուղղակի հղի է որոշ տհաճ, ցավոտ միջամտություններով, հարկավոր է հասկանալ, որ բժշկից եկող վնասը պետք է լինի միայն օբյեկտիվորեն անխուսափելի և նվազագույն։ Հետևելով այս սկզբունքին՝ բժիշկը հաճախ է հայտնվում բարոյական ընտրության առջև[1]։ Եվգենի Տարեևը նույնիսկ արտահայտվել է, որ «Primum ne noceas հին սկզբունքը զիջում է ժամանակակից սկզբունքի՝ լավ հաշվարկված ռիսկի պահանջին»[7][8]։
«Մի՛ վնասիր» սկզբունքի գործածումը չի սահմանափակվում միայն բժշկությամբ․ այն հաճախ են համարում ցանկացած բարոյականության հիմքը։ Որպես բժշկական էթիկայի սկզբունք՝ այն սերտորեն կապված է մեկ այլ սկզբունքի՝ «բարություն արա» սկզբունքի հետ, հաճախ այս երկուսը միավորում են մեկ ընդհանուր սկզբունքի մեջ։ «Բարություն արա» սկզբունքը միայն վնասելուց խուսափելու մասին չէ, այլև այդ վնասը կանխարգելելու և/կամ ուղղելու համար ձեռնարկված ակտիվ գործողությունների անհրաժեշտության մասին է։ Այդուհանդերձ, Հիպոկրատի երդումը, որտեղ ասվում է․ «երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս», ենթադրում է բժշկի հայրաբար վերաբերմունքը հիվանդին, երբ բժիշկն ինքն է որոշում, թե ինչն է լավ հիվանդի համար[9]։ Ժամանակակից բժշկական էթիկայում պատերնալիզմը սահմափակվում է հիվանդի անհատականության, ինքնավարության նկատմամբ հարգանքով[10]։
«Մի՛ վնասիր» սկզբունքին սերտորեն կապված է բժշկական գաղտնիքի պահպանումը, քանի որ դրա բացահայտումը կարող է վնաս հասցնել հիվանդի պատվին, արժանապատվությանը, հոգեկան հանգստությանը և բարօրությանը[8]։ Սակայն մի շարք դեպքերում բժիշկը կարող է կամ պարտավոր է բացահայտել հիվանդի մասին տվյալները մարդկանց որոշակի խմբի, երբ խոսքը այլ մարդկանց սպառնացող վտանգի կանխարգելման մասին է (օրինակ՝ վարակը)[1]։ «Մի՛ վնասիր»-ը կարող է հակասության մեջ մտնել հիվանդին հարգելու սկզբունքի հետ, երբ անհրաժեշտ է լինում անհույս հիվանդին տեղեկացնել իր ախտորոշման մասին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Юдин, 1998, I. Принципы и правила биоэтики. Принципы биоэтики. Б. Г. Юдин § Принцип «не навреди»
- ↑ «The origin of primum non nocere.» BMJ electronic responses and commentary, 1 September 2002.
- ↑ Smith, C. M. (2005). «Origin and Uses of Primum Non Nocere — Above All, Do No Harm!». The Journal of Clinical Pharmacology. 45 (4): 371–377. doi:10.1177/0091270004273680.
- ↑ Inman, Thomas (1860). Hays, Isaac (ed.). «Book review of Foundation for a New Theory and Practice of Medicine». The American Journal of the Medical Sciences. Philadelphia, PA: Blanchard and Lea. XL: 450–458.
- ↑ Tom L. Beauchamp, James F. Childress Principles of Biomedical Ethics. — Oxford University Press, 2001-01-01. — 470 с. — ISBN 9780195143317
- ↑ Юдин, 1998, I. Принципы и правила биоэтики. Принципы биоэтики. Б. Г. Юдин
- ↑ Тареев Е. М. Проблема ятрогенных болезней // Терапевтический архив. — 1978. — № 1.
- ↑ 8,0 8,1 Юдин, 1998, История медицинской этики и медико-биологических экспериментов на человеке и животных. А. Я. Иванюшкин
- ↑ Юдин, 1998, I. Принципы и правила биоэтики. Принципы биоэтики. Б. Г. Юдин § Принцип «делай благо»
- ↑ Юдин, 1998, I. Принципы и правила биоэтики. Принципы биоэтики. Б. Г. Юдин § Принцип уважения автономии пациента
- ↑ Юдин, 1998, I. Принципы и правила биоэтики. Принципы биоэтики. Б. Г. Юдин § Принцип уважения автономии пациента
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- БИОЭТИКА: принципы, правила, проблемы / Б. Г. Юдин. — М.: Эдиториал УPCC, 1998.
- Jonathan Baron Do no harm // Codes of conduct: Behavioral research into business ethics / D. M. Messick & A. E. Tenbrunsel. — New York: Russell Sage Foundation, 1996. — С. 197-213.