Մթնոլորտի ստրատիֆիկացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մթնոլորտի ստրատիֆիկացիա (< լատ․ stratuṁ–շերտ և facio–անել, կատարել), մթնոլորտի ջերմային ստրատիֆիկացիա, օդի ջերմաստիճանի բաշխումն ըստ բարձրության։ Բնութագրվում է ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտով γ (1°/100 մ), պայմանավորում կոնվեկտիվ հոսանքների զարգացումը և ուժգնությունը։ Տրոպոսֆերայում γ=0, 6°/100 մ։ Որքան արագ է նվագում օդի ջերմաստիճանն ըստ բարձրության, այնքան մեծ է կոնվեկտիվ հոսանքների ուժգնությունը։ Մթնոլորտի ստրատիֆիկացիան կարող է լինել կայուն, անկայուն և անտարբեր։ Մթնոլորտի ստրատիֆիկացիան համարվում է կայուն, երբ ադիաբատորեն վեր բարձրացող օդային մասնիկի ջերմաստիճանն ըստ բարձրության ավելի արագ է նվազում, քան շրջապատի օդինը, այսինքն՝ երբ օդային մասնիկի ջերմաստիճանային գրադիենտը (γa) մեծ է շրջապատի օդի գրադիենտից (γ)։ Սա նշանակում է, որ Արքիմեդի օրենքի համաձայն տաք օդի մասնիկը բարձրանում է, իսկ սառինը՝ իջնում, այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ջերմաստիճանը չի հավասարվել շրջապատի օդի ջերմաստիճանին։ Երբ բարձրացող օդային մասնիկի ջերմաստիճանային գրադիենտը փոքր է շրջապատի օդի գրադիենտից, ապա ինքնահոսքի թողած օդային մասնիկը կշարունակի իր վերընթացը։ Այս դեպքում մթնոլորտի ստրատիֆիկացիան կոչվում է անկայուն։ Մթնոլորտի ստրատիֆիկացիան համարվում է անտարբեր, երբ γa=γ։ Մթնոլորտի ստրատիֆիկացիայի նշված պայմանները ուժի մեջ են չոր և ջրային գոլորշիներով հագեցած օդի համար, սակայն վերջին դեպքում ջերմաստիճանային գրադիենտները հաշվարկում են խոնավ օդի պայմաններից ելնելով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 520