Մթնոլորտային օդի պահպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մթնոլորտային օդի պահպանություն, մթնոլորտային օդի աղտոտումը և այլ վնասակար ներգործությունները կանխելու նպատակով իրականցվող տնտեսական, տեխնիկական և կազմակերպական միջոցառումների համալիր։

Մթնոլորտային օդի պահպանության խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենսդրության («Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք (1994)) խնդիրներն են մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը, այդ բնագավառում հասարակական հարաբերությունների կարգավորումը և օրինականության ամրապնդումը։

Մթնոլորտի աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտային օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների, սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ։

Արդյունաբերական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու համար, ապահովել բնապահպանական կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել մթնոլոտային օդ արտանետվող նյութերի քանակի ու բաղադրության մշտական հաշվառում և չափումներ։ Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումները չպետք է հանգեցնեն բնության մյուս ոլորտների աղտոտմանը։ Տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են այդ արտանետումների չափումներ, դրանց կրճատման և կանխման միջոցառումներ։

Կառուցվող և վերակառուցվող ձեռնարկությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական շարժընթացների ու սարքավորումների կատարելագործման և նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումն ու նվազեցումը։ Պետք է նախատեսվեն վնասակար նյութերի և արտանետումների որսում, օգտահանում, վնասազերծում կամ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման բացառում։ Նոր ձեռնարկությունների տեղի ընտրության, գործող ձեռնարկությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում նախատեսվում է սանիտարապաշտպանական գոտիների ստեղծում։

Մթնոլորտային օդի աղտոտման կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով՝

  • անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել բնակավայրերի և ձեռնարկությունների զբաղեցրած տարածքների բարեկարգման համար,
  • քաղաքացիները պարտավոր են իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները,
  • օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, թափոնակոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • արգելվում է բնակավայրերում թափոնակոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի ու մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը կամ այրումը։

Մթնոլորտային օդի վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտային օդի հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացնում են բնական միջավայրի աղտոտման հսկողության և վերահսկողության ծառայությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Եթե օդերևութաբանական գործոնների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի ու առողջության համար, ապա ձեռնարկությունները, տրանսպորտային միջոցները պետք է աշխատեն հատուկ ռեժիմով կամ ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը՝ մթնոլորտ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում պետք է տարհանվի բնակչությունը, և ձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։