Մեքսիկական պար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յարաբե կոչվող ազգային պարը Պուերտո Վալլերտայում

Մեքսիկական պար, Մեքսիկա պետության ազգային և ժողովրդական պարը[1], որը համարվում է Լատինական Ամերիկայի երկրների պարերից յուրօրինակը։

Մեքսիկական ժամանակակից ժողովրդական պարերը հարյուրավոր տարիներ առաջ Մեքսիկայի տարածքում հաստատված հնդկացիական ցեղերի պարերի միաձուլումն է մեկ պարի մեջ։ Այն համարվում է նաև աֆրիկյան և եվրոպական ժառանգություն։ Մինչև իսպանացիների Մեքսիկա ներխուժելը ազգային պարերը պահպանում էին կապերը աշխարհիկ և հոգևոր աշխարհների մեջ։ Ացտեկների պարարվեստում կային երկու մակարդակի պարեր՝ պարեր, որոնք բնորոշ են հասարակ մարդկանց և պարեր որոնք բնորոշ են վերնախավին[1][2]։

Իսպանիայի կոնկիստադորների կողմից Մեքսիկայի գրավումը վճռական դարձավ հնդկացիական մի շարք ցեղերի համար։ Այստեղ ժամանած իսպանացիները փորձեցին արմատախիլ անել տեղական պարերը, հաշվի առնելով նրանց չափազանց հեթանոս լինելը։ Հաճախ դա պայմանավորված էր նրանով որ, երբեմն որոշումներ ընդունելիս Իսպանիայի թագավորը խորհրդակցում էր Հռոմի պապի հետ, իսկ Հռոմի պապի ամենակարևոր նպատակներից մեկը հեթանոս աշխարհի քրիստոնեացում էր։ Այդպիսով տեղի հնդկացիները պարերում մտցրեցին քրիստոնեական և եվրոպական տարրեր, ստեղծելով նոր տեսակի պարեր։ Այդ է պատճառը որ շատ պարեր երբեմն նմանեցվում են իսպանական պարերի հետ։

1520 թ.-ից 1750-ական թվականները ընկած ժամանակահատվածում հիմնականում շատ բնիկ հնդկացիներ ադապտացվեցին և իրենց պարերի մեջ մտցրեցին քրիստոնեական տարրեր։ Օրինակ՝ մեծարում Մարիամ Աստվածածնի կամ այլ կաթոլիկ եկեղեցական անձնավորության։ Սրան զուգընթաց Իսպանիան ևս յուրացնում էր տեղի հնդկացիների պարերը՝ դարձնելով սեփականը։ Այդ ամենի պատճառով եվրոպական երկրներից (հիմնականում Իսպանիա և Պորտուգալիա) սկսեցին Մեքսիկա տեղափոխվել երաժշտական գործիքներ և իրեր։ Եվրոպական ազդեցությունը մեքսիկական պարերի վրա հաճախ նաև ամբողջովին փոխում է պարի նպատակը և դարձնում այն լրիվ տարբեր սովորույթներին համապատասխան։

Մեքսիկական պարերը նոր շունչ ստացան Մեքսիկայի անկախության պատերազմի սկսելու հետ զուգընթաց[3]։ Այս շրջանի պարերը նաև կրում էին հայրենասիրական բնույթ։ Այս շրջանում մի շարք պարեր (օրինակ՝ Յարաբե պարը) փոխեց իր բնույթը և դարձավ հայրենասիրական և ազատատենչ պար։ Հայրենասիրության քարոզումների հիման վրա ստեղծվեցին նոր պարեր։

Այսօր, ավանդական մեքսիկական պարը մեծ դեր ունի Մեքսիկայի մշակույթի մեջ։ Մեքսիակյի կառավարությունը և մշակույթի նախարարությունը խթանում է պարերի տարածումը երկրում և ստեղծում համապատասխան պայմաններ պարով հետաքրքրվածների համար։ Մեքսիկան այն եզակի երկրներից է, որտեղ մշակույթում իր ազդեցիկ դերը ունի ազգային պարը, իսկ մեքսիկական պարերը իրենց գույնզգույն երանգներով հայտնի են ողջ աշխարհին։

Մեքսիկայի Հանրապետության շատ դպրոցներում պարը նաև ունի առանձին առարկայի կարգավիճակ։ Այդ դասաժամի ընթացքում մեքսիկացի աշակերտները սովորում են մեքսիկական ազգային պարերի առանձնահատկությունները և պատմությունը, ինչպես նաև սովորում պարել։ Մեքսիկական պարերը ունեն իրենց ազդեցիկ դերը իր տարածաշրջանում։ Մեքսիկայի պարերի վրա ստեղծվել են պարեր ԱՄՆ-ում, Պերուում, Բելիզում, Էկվադորում, Կոլումբիայում և այլ երկրներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rojas David։ «Danzas de México» [Dances of Mexico] (Spanish)։ Instituto Cultural "Raíces Mexicanas"։ Վերցված է մայիսի 23, 2012 
  2. Cantú Rebecca (Fall 2007)։ «Dance! Global Transformations of Latin American Culture»։ Re Vista Harvard Review of Latin America (Cambridge, MA: Harvard)։ Վերցված է մայիսի 23, 2012 
  3. González Anita (2010)։ Afro-Mexico : Dancing between Myth and Reality։ Austin, TX: University of Texas Press։ էջեր 40–50։ ISBN 978-0292723245