Մեքսիկական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեքսիկական խոհանոց — խոհանոց, որը իրենից ներկայացնում է ացտեկական և իսպանական ավանդույթների խառնուրդ։ Հիմքը կազմում են տորտիլյաները (Tortillas) (եգիպտացորենի լավաշ) [1] համեմունքներով, որոնց մեջ առաջին տեղն է զբաղեցնում չիլի պղպեղը (մեքսիկական խոհանոցի «այցեքարտ»[1]) և սալսան։ Տորտիլաներից պատրաստում են տարբեր ռուլետներ. բուրիտո (մսով կարկանդակ), էնչիլադա (տորտիլյա թաթախված պանրի սոուսի մեջ, ներսում` հավի միս ու լոբի) և չիմիչանգի (եռացող ձեթի մեջ տապակված գլանափաթեթ պանրով, հավի կամ տավարի մսով ու լոլիկով)։ Դրանցով նաև պատրաստում են ձվածեղ ուէվոս։ Դրանք մատուցվում են մրգերով և բանջարեղենով աղցանների հետ, որոնցից ամենահայտնին է գուակամոլեն (սառը նախուտեստ ավոկադոյի խյուսային միջուկից՝ լոլիկի, լայմի հյութի և այլ բանջարեղենի ու համեմունքների ավելացմամբ) և պիկո-դե-գայոն (աքաղաղի կտուց) — կծու սոուս կտրտած լոլիկի խորանարդիկներով, սոխով և հալապենո պղպեղով։ Մսային ուտեստների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ֆահիտան (Fajita) — տավարի միս տապակված գրիլի վրա։ Ամենատարածված նախուտեստները բրինձն ու լոբին են։ Բնորոշ համեմունքներ. համեմ, պղպեղներ սերանո (Serrano) և հալապենո (Jalapeno): Մեքսիկական հայտնի ալկոհոլային խմիչքը տեկիլան է։ Մեքսիկական ծագում ունի սիրված ըմպելիքը` կակաոն կամ տաք շոկոլադը, այս ըմպելիքները ավանդական են համարվում Մեքսիկայի համար։

Ապուրներից հայտնի է տորտիլյայով ապուրը (sopa de tortilla), որը շատ կծու ուտեստ է։ Հավի արգանակին ավելացնում են եգիպտացորենի ձեթի մեջ տապակված սոխ և սխտոր, կեղևազերծված և մանր կտրտած լոլիկ, սև պղպեղ, զիրա, համեմ, չորացրած շատ կծու չիլի պղպեղ և հալապենո։ Խառնուրդը կրակի վրա պահվում է կես ժամ, այնուհետև մատուցվում է խորը ամանների մեջ քերած պանիրով ​​և 1սմ հաստություն ունեցող տապակած տորտիլյայով։ Ապուրի մեջ տորտիլաները ուռչում են և ներծծվում են արգանակի այրող հյութով։ Զարդարում են կիսախակ ավոկադոյի շերտերով և թթվասերով։ Նաև լայն տարածում ունի պոզոլեն, որը եգիպտացորենից և մսից պատրաստված ապուր է` տարբեր հավելումներով։ Յուկատան նահանգը համարվում է լայմով ապուրի հայրենիքը, որը տարածված է ամբողջ Մեքսիկայում։

Մեքսիկայի ազգային խոհանոցը, որի բաղադրատոմսերից շատերը գալիս էին հնագույն ժամանակներից, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, 2010 թվականի նոյեմբերին Քենիայում կայացած ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Особенности мексиканской кухни»։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-07-ին։ Վերցված է 2006-09-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Լատինամերիկյան խոհանոց