Մեքսիկական բարձրավանդակ
Մեքսիկական բարձրավանդակ, գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Գրավում է Մեքսիկայի մեծ մասը։ Կազմված է ընդարձակ սարահարթից և նրան արևելքից, հարավից և արևմուտքից եզրավորող լեռնաշղթաներից։ Տարածությունը մոտ 1200 հզ․ կմ2 է։ Մակերևույթի մեծ մասն ունի 1000—2000 մ բարձրություն։ Մեքսիկական բարձրավանդակի արևելքում ձգվում են Արևելյան Սիեռա Մադրե (4054 մ), արևմուտքոում՝ Արևմտյան Սիեռա Մադրե (3150 մ), հարավում՝ հանգած և գործող հզոր հրաբուխների շարքը՝ Ընդլայնական կամ հրաբխային Սիեռա լեռնաշղթաները։ Նշանավոր հրաբուխներից են Օրիսաբան (5700 մ, Մեքսիկական բարձրավանդակի առավելագույն բարձրությունը) Պոպոկատեպետլը, Կոլիման, Պարիկուտինը (վերջին ժայթքումը՝ 1943 թվականին) և այլն։ Մեքսիկական բարձրավանդակի ներքին մասը բաժանվում է հյուսիսային և Կենտրոնական Մեսաների։ Հյուսիսային Մեսան կազմված է 900—1200 մ բարձրության առանձին հարթ տեղամասերից (բոլսոններից), Կենտրոնական Մեսան՝ հրաբխային սարահարթերից (2000—2400 մ բարձրությամբ)։ Մեքսիկական բարձրավանդակը բաղկացած է կրաքարերից, ավազաքարերից ու մերգելներից։ Տարածված են նաև լավային ծածկույթները և ալյուվիալ-դելյուվիալ նստվածքները։ Հարուստ է օգտակար հանածոներով։ Կան արծաթի, կապարի, ծարիրի, ցինկի, երկաթի, մանգանի, ոսկու և պղնձի հանքավայրեր։ Կլիման արևադարձային է, հարավում՝ մեղմ, խոնավ, հյուսիսում՝ չոր ցամաքային։ Ձյան սահմանը գտնվում է 4500 մ վրա։ Բարձր լեռնագագաթները մշտապես ծածկված են ձյունով։ Բարձրավանդակի հյուսիսում գետերը սակավաջուր են, ունեն ժամանակավոր հոսք (բացառությամբ Կոնչոս գետի), հարավում համեմատաբար ջրառատ են։ Ակտիվ հրաբխականության և երկրաշարժերի շրջանում կան արգելափակոցային և տեկտոնական բազմաթիվ լճեր (Չապալա, Կուիցեո և այլն)։ Բուսական աշխարհը հարուստ է և ինքնատիպ (կա ավելի քան 8 հզ․ էնդեմիկ տեսակ)։ Կենդանիների մեծ մասը պատկանում է նեոարկտիկական (նոր արկտիկական) կենդանաաշխարհագրական մարզին։ Մեքսիկական բարձրավանդակի մեծ մասը նոսր է բնակեցված։ Հարավի արգավանդ հովիտներում և գոգավորություններում ապրում է Մեքսիկայի բնակչության մոտ կեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 514)։ |