Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը (1915-1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը
Story of Near East Relief (1915-1930)
ՀեղինակՋեյմս Բարտոն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր479
Հրատարակման վայրՆյու Յորք, ԱՄՆ
ՀրատարակիչMacmillan
Հրատարակման տարեթիվ1930

Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը (1915-1930), (անգլ.՝ Story of Near East Relief (1915-1930)), Ջեյմս Բարտոնի 1930 թվականին հրատարակած գիրքն է, որտեղ ներկայացրել է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության պատմությունը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բարտոնի 1915 թվականի մի շարք ամերիկացի մարդասերների հետ հիմնել է Հայկական նպաստամատույց կոմիտեն, որը 1919 թ. վերանվանվել է Մերձավոր Արևելքի նպաստամատույցի (անգլ.՝ Near East Relief)` ԱՄՆ Կոնգրեսի հատուկ ակտով, և ստացել տասնամյա գործունեության երաշխիք և օժանդակություն։ Բարտոնը սույն կազմակերպության նախագահն ու հոգաբարձուների խորհրդի անդամն էր։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բարտոնը «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը» գրքում մանրամասն ներկայացրել է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության պատմությունը, վերջինիս ծավալած հսկայական մարդասիրական գործունեությունը Մերձավոր Արևելքի կարիքավորների, ինչպես նաև հայ որբերի և գաղթականների շրջանում։ Հեղինակն առանձին գլուխներում ներկայացրել է 20-րդ դարի առաջին քառորդում Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը, Օսմանյան կայսրության տարածքում հայերին հրատապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ շեշտադրում է արվել հայ որբերի համար ամերիկյան որբանոցներում կատարված աշխատանքի, ինչպես նաև հազարավոր երեխաների հետագա ձեռքբերումների վրա։ Հեղինակը ներկայացվել է կոմիտեի դրամահավաքների և հանգանակությունների կազմակերպման և իրականացման մեխանիզմները, որոնց շնորհիվ 1915-1930 թվականներն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքի նպաստամատույցն ընդհանուր առմամբ 116.000.000 դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերել միլիոնավոր կարիքավորների, այդ թվում նաև տասնյակ հազարավոր տարագիր հայերին։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրականի արևելյան և Սև ծովի ափերով ձգվող բոլոր երկրներում «Ամերիկայի Մերձավոր Արևելքի նպաստամատույց» և «Ամերիկյան կոմիտե» անուններն ընդունվում են առանձնահատուկ համակրանքով։ Կոմիտեի անունից ներկայացող ցանկացած մարդ, ով ճամփորդում է այնտեղ, ընդունվում է որպես բարեկամ։ Այդ բոլոր երկրների միլիոնավոր բնակիչների համար մեր երկիրը Բարի Սամարացին է, ով նրանց անուշադրության չմատնեց, այլ ամոքեց նրանց վերքերը և սփոփեց իր համակրանքով ու աջակցությամբ։
Սա ամերիկյան մարդասիրության պատմությունն է։ Մեծ պատերազմին վերաբերող բոլոր պատմությունների մեջ այս մեկն, անկասկած, ամենաողբերգականն է, բազմագույնն ու հերոսականը։ Միլիոնավոր կարիքավորներին բուժելու և ապաստան տալու ջանքերը, 132.000 որբ երեխաներին փրկելու, սնունդով և ուսումով ապահովելու փորձը հույս ներշնչեցին և ոգևորեցին 3 մայրցամաքների 11 երկրների երկու նոր սերունդների։