Իսրայելական ռազմաարդյունաբերական համալիրը դեռ 1960-ականներից աշխատում էր սեփական նախագծի հրասայլեր ստեղծելու ուղղությամբ։ Առաջին տանկը` Մերկավա մկ-1 տանկը, սպառազինության մեջ ընդունվեց 1979 թվականին և մասնակցեց 1982 թվականի պատերազմին։ Չնայած հիմնականում դրական մասնակցությանը` տանկը, բնականաբար, ուներ նաև որոշակի թերություններ։ Ժամանակի հետ Իսրայելն այս ոլորտում ևս փորձ ձեռքբերելով` շարժվում էր առաջ։ 1983 թվականին ի հայտ եկավ ավելի կատարելագործված Մերկավա մկ-2 տանկը, իսկ 1990 թվականին՝ Մերկավա մկ-3 տանկը։ Սրանք արդեն, անխոս, իրենց ժամանակի լավագույն տանկերի հետ կարող էին մրցել ամեն ինչում։ 2002 թվականին ստեղծվում է այս շարքի վերջին մեքենան` Մերկավա մկ-4 տանկը։ Այն իր շատ տվյալներով գերազանցում է աշխարհի բոլոր մրցակիցներին։ Մերկավա տանկը մինչև այժմ չի արտահանվել Իսրայելից և շահագործվում է միայն Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։
Մերկավա տանկը կառավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ Տանկի մարտական քաշը կազմում է 65 տոննա։ Այս տանկերի երկարությունը կազմում է 7.6 մ (թնդանոթով 9 մ), լայնությունը 3.72 մ, իսկ բարձրությունը 2.66 մ։ Մերկավա տանկը շահագործվում է 1500 ձիաուժ հզորությամբ General Dynamics GD883 V12 դիզելային շարժիչով զորգացնելով ավելի քան 60 կմ/ժ արագություն։ Մերկավա տանկն իր մեջ է ամբարում շուրջ 48 արկեր։
Մերկավա տանկի հիմնական առանձնահատկությունն այլ մրցակից տանկերից այն է, որ շարժիչը տեղադրված է առջևում, ինչն անձնակազմին ավելի մեծ հնարավորություն է տալիս կենդանի մնալու համար։ Անձնակազմը հետևից վթարային ելքի հատուկ դռնակ ունի, ինչը չտեսնված բան է։ Իսրայելական տանկն ունի մոդուլային կառուցվածք։ Այսինքն` խոցվելուց հնարավոր է փոխել միայն տվյալ մասը` վերանորոգումը դարձնելով արագ և էժան գործընթաց։ Մարտապաշարը դասավորված է հատուկ կոնտեյներների մեջ, որպեսզի պայթյուն չառաջանա հարվածի դեպքում։ Իսրայելական բոլոր տանկերն ունեն աշտարակների առանձնահատուկ կառուցվածք և տեսք, ինչը մեծ դեր է խաղում արկերից պաշտպանվելու գործում։ Մերկավա տանկը կարող է կիրառել հատուկ ղեկավարվող LAHAT (LAser Homing ATtack missile) արկեր։
Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, 2006 թվականին իսրայելական տանկերը բավականին դժվարություններ կրեցին, քանի որ մարտերի մեջ էին մտնում ոչ համապատասխան հակառակորդի հետ։ Նախնական տվյալներով, որոնք տարածվել էին համացանցում, Հեզբոլլահ կազմակերպության մարտիկները մեծ կորուստներ էին պատճառել իսրայելական զորքերին։