Մերի Ստյուարտ, Առանի կոմսուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Ստյուարտ, Առանի կոմսուհի
Ծնվել է՝մայիսի 13, 1453 կամ 1451[1]
ԾննդավայրStirling Castle, Stirling, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել է՝մայիս 1488
Վախճանի վայրանհայտ
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
ազնվական
ՀայրՋեյմս II (Շոտլանդիայի թագավոր)
ՄայրՄերի Գուելդերս
ԵրեխաներJames Hamilton, 1st Earl of Arran? և Elizabeth Hamilton?

Մերի Ստյուարտ, Առանի կոմսուհի (13 մայիսի, 1453 – մայիս, 1488)[2] Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ի ու Մերի Գուելդերսի ավագ դուստր։ Եղբայրը Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III-ն էր։ Ամուսնացել է երկու անգամ․ նախ՝ Առանի առաջին կոմս Թոմաս Բոյդի հետ, ապա՝ Հեմիլթոնի 1-ին լորդ Ջեյմս Հեմիլթոնի հետ։ Երկրորդ ամուսնությունից ունեցած երեխաների միջոցով է, որ Առանի Հեմիլթոն կոմսերն ու Լենոքսի Ստյուարտ կոմսերը պահանջ էին ներկայացնում Շոտլանդիայի թագավորությանը[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերին ծնվել է 1453 թ. մայիսի 13-ին Ստիրլինգի ամրոցում, Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ի և Մերի Գուելդերսի ավագ դուստրն էր։ Ունեցել է հինգ եղբայր, այդ թվում Ջեյմս III-ը, որը 1460 թվականին Շոտլանդիայի գահ է բարձրացել հոր պատահական մահից հետո, երբ պայթել էր թնդանոթը։[2] Մերիի մայրը մահացել է 1463 թվականին, նրան որբ թողնելով տասը տարեկանում։

Ամուսնություն ու զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիին ամուսնացրել են իր առաջին ամուսնու՝ Առանի կոմս Թոմաս Բոյդի հետ 1467 թ. ապրիլի 26-ից առաջ, երբ նա գրեթե տասնչորս տարեկան էր: Առանի կղզին որպես օժիտ տրվել է նրան ամուսնության առթիվ[2] Հյուսիսային Այրշայրում Լոու ամրոցը կառուցվել է զույգի համար: 1467 թվականին Մերիի ամուսին Թոմասը ուղարկվել է Դանիա `ուղեկցելու Ջեյմս III-ի հարսնացու Մարգարեթ Դանիացուն: Նրա բացակայության ժամանակ Մերիի եղբայրը՝ թագավորը, Մերիիի ամուսնուց օտարացվել է Կլան Բոյդի թշնամիների կողմից, որոնք դավաճանության կեղծ մեղադրանք են առաջադրել Թոմասին ու նրա հորը՝ Բոյդի 1-ին լորդ Ռոբերտ Բոյդին։ Մերին, լսելով, որ ամուսինը պետք է հրավիրվի թագավորի ու պառլամենտի առջև մեղադրանքներին պատասխանելու, անմիջապես գնացել է Լեյթ նավահանգստը, երբ Թոմասի նավը խարիսխ է գցել հուլիսին, նրան նախազգուշացնելու համար: Մերին և Թոմասը արագորեն մեկնել են Դանիա:[4]։ 1469 թվականի նոյեմբերի 22-ին Մերիի ամուսինը դատապարտվել է ու նրա կոչումը, պատիվներն ու կալվածքները բռնագրավվել են գահի կողմից։ Հետագայում նա վերադարձել է Շոտլանդիա՝ փորձելով ամուսնուն մաքրել իրեն ուղղված բոլոր մեղադրանքներից: Շոտլանդիա ժամանելուն պես նրա եղբայր Ջեյմսը նրան կալանքի տակ է դրել Քիլմարնոքի Դին ամրոցում մինչև նրա ամուսնության չեղյալ հայտարարվելը: Մերիի ամուսնությունը Թոմասի հետ այնուհետև անվավեր է ճանաչվել 1473 թվականին, և նրան ստիպել են ամուսնանալ Հեմիլթոնի 1-ին լորդ Ջեյմս Հեմիլթոնի հետ։

Թոմասն ու Մերին միասին ունեցել են երկու երեխա․

  • Լեյդի Մարգարեթ Բոյդ (1468–1533[5]), ամուսնացել է նախ՝ Ֆորբսի 4-րդ լորդ Ալեքսանդր Ֆորբսի հետ, ապա երկրորդ անգամ՝ Քասիլիսի 1-ին կոմս Դավիդ Քեննեդիի հետ։
  • Քիլմարնոքի 2րդ լորդ Ջեյմս Բոյդ (1469–1484), մահացել է առանց ամուսնանալու։

1474 թվականի սկզբին Մերին երկրորդ անգամ ամուսնացել է Հեմիլթոնի 1-ին լորդ Ջեյմս Հեմիլթոնի հետ, որն իրենից գրեթե քառասուն տարով մեծ էր: Նրանք 1476 թվականի ապրիլի 26-ին ստացել են Հռոմի պապի թողությունը, այսպիսով օրինականացնելով արդեն ծնված երկու երեխաներին: Միասին Ջեյմսն ու Մերին ունեցել են երեք երեխա․

  • Ջեյմս Հեմիլթոն, Առանի 1-ին կոմս (1475–1529), նախ ամուսնացել է 1490 թվականին Էլիզաբեթ Հոումի հետ և նրանից ունեցել երկու դուստր, ամուսնաալուծվել է 1504 թվականին։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1516 թվականին սըր Դավիդ Բեթունի ու Ջանեթ Դադլինգստոնի դստեր՝ Ջանեթ Բեթունի հետ,[6] որից ունեցել է երեք երեխա, այդ թվում իր ժառանգորդ Չեյթելերաուլթի դուքս, Առանի 2-րդ կոմս Ջեյմս Հեմիլթոնը (մոտավորապես1516- 22 հունվար, 1575), որը Շոտլանդիայի թագավորության ենթադրվող ժառանգորդն էր (2 հուլիս, 1536 – 22 մայիս, 1540), (ապրիլ, 1541- 8 դեկտեմբերի, 1542), (14 դեկտեմբերի, 1542 – 19 հունիս, 1566), և (29 հուլիսի, 1567 – 22 հունվարի, 1575); Շոտլանդիայի ռեգենտ (1542–1554)։
  • Պատվելի Էլիզաբեթ Համիլթոն (մահացել է ապրիլից հետո, 1531 թվականին), ամուսնացել է 1494 թվականի ապրիլի 9-ին, Լենոքսի 2-րդ կոմս Մեթյու Ստյուարտի հետ, ումից զավակ է ունեցել։ Լենոքսի Ստյուարտները, որոնցից ամենահիշարժանը Հենրի Ստյուարտն էր՝ Դարնլիի լորդն ու Շոտլանդիայի թագուհի Մերիի երկրորդ ամուսինը, որը պահանջ էր ներկայացրել շոտլանդական գահի նկատմամբ Էլիզաբեթի որդի, Լենոքսի 3-րդ կոմս Ջոն Ստյուարտից։
  • Ռոբերտ Հեմիլթոն, Սիգե դ'Աուբինյի (21 մարտի 1476 - 1543): Ծնվել է Շոտլանդիայի Առան կղզու Բրոդիկ ամրոցում: Մահացել է 1543 թվականին Շոտլանդիայի Լանարքշայրի Տորրենս քաղաքում, երբ 66 տարեկան էր: Որոշ գրառումների համաձայն, ամուսնացել է Էլիզաբեթ Քեմփբելի՝ Գլացեստերի Քեմփբելի դստեր հետ, որը նաև Այրի շերիֆի զարմուհին էր, որը կապ ուներ Լենոքսի կոմսերի հետ։ Նրանք ունեցել են առնվազն երկու երեխա. Ջանեթ Հեմիլթոն, ծնված 1500 թվականին, որն ամուսնացել է Լեյզի 9-րդ լեյրդ և 4-րդ բարոն Ալեքսանդր Բուրնեթի հետ, և Մեթյու Հեմիլթոն, ծնված 1512 թվականին, որն ամուսնացել է Թորենսից Ջին Մուիրհեդի հետ։

Առաջին ամուսնու որդին՝ Քիլմարնոքի 2-րդ լորդ Ջեյմս Բոյդը, սպանվել է տասնհինգ տարեկան հասակում լորդ Մոնտգոմերիի կողմից, որից թշնամանք է առաջացել, որն էլ տևել է ավելի քան յոթանասուն տարի։ Թոմասից նրա դուստր լեյդի Մարգարեթ Բոյդը ապրել է մինչև քառասունութ տարեկան։ Թեև ամուսնացել է երկու անգամ, ոչ մի ամուսնությունից երեխա չի ունեցել։

Մերին մահացել է 1488 թվականին երեսունհինգ տարեկան հասակում։

Գահին իրենց ազգակցության շնորհիվ, Մերիի ժառանգները, Առանի Հեմիլթոններն ու Լենոքսի Ստյուարտները զգալի ուժ կստանան և 16-րդ դարի շոտլանդական քաղաքականության մեջ զգալի դերեր կխաղան, հատկապես ազդելով Շոտլանդիայի թագուհի Մերիի՝ նրա եղբայր Ջեյմս III-ի ծոռնուհու կյանքի ու իշխանության վրա:

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #14275286X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Charles Cawley, Cawley, Charles, Medieval Lands, Scotland, Kings, Foundation for Medieval Genealogy, http://fmg.ac/Projects/MedLands/SCOTLAND.htm, վերցված է August 2012 . Updated 24 May 2011
  3. Antonia Fraser (24 June 2010)։ Mary Queen Of Scots։ Orion։ էջեր 17–18։ ISBN 978-0-297-85795-2։ Վերցված է 2 October 2011 
  4. P. Hume Brown, A Short History of Scotland, 1908, retrieved on 24 March 2009
  5. National Archives of Scotland: GD8/79 dd. 18 May 1532 & GD8/83 dd. 29 _ 1534
  6. Alison Weir, Britain's Royal Family: A Complete Genealogy (London, U.K.: The Bodley Head, 1999), p. 234.