Jump to content

Մերի Մալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Մալոն
անգլ.՝ Mary Mallon
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1869(1869-09-23)
ԾննդավայրCookstown, County Tyrone, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 11, 1938(1938-11-11) (69 տարեկան)
Մահվան վայրՆորտ Բրազեր
ԳերեզմանSaint Raymond's Cemetery
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունխոհարար
 Mary Mallon Վիքիպահեստում

Մերի Մալոն (անգլ.՝ Mary Mallon, սեպտեմբերի 23, 1869(1869-09-23), Cookstown, County Tyrone, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 11, 1938(1938-11-11), Նորտ Բրազեր), հայտնի է նաև որպես Թիֆոիդ Մերի (անգլ.՝ Typhoid Mary)։ ԱՄՆ-ում առաջին մարդն է, ով ճանաչվել է որպես որովայնային տիֆի ասիմպտոմատիկ կրող: Խոհարարուհի աշխատելու ընթացքում նրանից վարակվել է առնվազն 53 մարդ, հիվանդներից երեքը մահացել են[1][2]։ Նա համբավ ձեռք բերեց հիվանդության առկայության իր կատեգորիկ ժխտման և սննդի արդյունաբերության ոլորտում աշխատանքը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով: Մերին երկու անգամ հարկադրաբար կարանտինի է ենթարկել պետության կողմից, երկրորդը եղել է ցմահ։ Ենթադրվում է, որ Մերի Մալոնը ծնվել է այդ հիվանդությամբ, քանի որ նրա մայրը հղիության ժամանակ տառապել է տիֆով[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մալոնը ծնվել է 1869 թվականին Իռլանդիայի Թայրոն կոմսությունում և այնտեղից 1884 թվականին` 15 տարեկան հասակում, գաղթել է Ամերկայի Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում նա սկզբում ապրել է մորաքրոջ և հորեղբոր հետ, բայց հետո, որպես խոհարար, սկսել է աշխատել հարուստ ընտանիքներում[4]։

Ժամանակակիցների հուշերի համաձայն՝ 1907 թվականին, երբ նրա մոտ արդեն ախտորոշել էին տիֆի ախտանշաններ, Մալոնը գտնվել է իր կյանքի ծաղկման շրջանում։ Նրա հասակը մոտ 170 սմ էր, շիկահեր էր՝ վառ կապույտ աչքերով, ուժեղ կամային դիմագծերով և մարզական կազմվածքով[5]։

Խոհարարի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մալոնը խոհարար է աշխատել Նյու Յորքում 1900-1907 թվականներին՝ տարբեր ժամանակահատվածներում լինելով ութ ընտանիքներում, որոնցից յոթում հանդիպել են տիֆի զանգվածային վարակներ[6]։ 1900 թվականին Մամարոնեկ քաղաքում իր երկշաբաթյա աշխատանքի ընթացքում հայտնվել են տիֆով վարակված մի շարք հիվանդներ։ Այնուհետև Մերին տեղափոխվել է Մանհեթեն, և 1901 թվականին իր ծառայած ընտանիքի անդամների մոտ հայտնաբերել են տիֆին բնորոշ ախտանիշներ` ջերմություն և լուծ, և նույն ընտանիքի լվացքատան աշխատակցուհին մահացել է: Մալոնը տեղափոխվել է տեղի փաստաբանի ընտանիք, որտեղ ընտանիքի ութ անդամներից յոթը շուտով վարակվել են: Մերին մի քանի ամիս խնամել է հիվանդներին, սակայն նրա օգնությունը միայն նպաստել է հիվանդության հետագա տարածմանը: 1904 թվականին Մերին աշխատանքի է անցել փաստաբան Հենրի Ջիլսիի ընտանիքում[7]։ Նրան աշխատանքի են ընդունել հունիսի 1-ին, իսկ արդեն հունիսի 8-ին նույն տնային տնտեսությունում լվացքատան աշխատակցուհին հիվանդացել է տիֆով։ Քանի որ ծառաներն ապրել էին առանձին, Հենրիի ընտանիքից ոչ ոք չէր տուժել, բայց յոթ ծառաներից չորսը, ովքեր կիսել էին կացարանը, վարակվել են տիֆով: Վարակի բռնկումն ուսումնասիրած բժիշկ Ռոբերտ Ուիլսոնը ենթադրել է, որ վարակի տարածողը հենց լվացքատան է եղել, սակայն չի կարողացել ապացուցել իր վարկածը։ Առաջին հիվանդների հայտնվելուց հետո Մերին տեղափոխվել է Տաքսիդո Պարկ (անգլ.՝ Tuxedo Park), որտեղ Ջորջ Քեսլերի ընտանիքում աշխատել է որպես խոհարար։ Արդեն երկու շաբաթ անց Քեսլերի ընտանիքի լվացքատան աշխատակցուհին հիվանդացել է տիֆով և տեղափոխվել է Պատերսոնի հիվանդանոց, որտեղ երկար ժամանակ առաջին տիֆով հիվանդն էր[3]։

1906 թվականի ամռանը նա սկսել է աշխատել որպես խոհարար Նյու Յորքի հարուստ բանկիր Չարլզ Հենրի Ուորենի ընտանիքում։ Ուորենները Ջորջ Թոմփսոնից տուն էին վարձել Լոնգ Այլենդում, և Մերին նրանց հետ տեղափոխվել է այնտեղ։ Օգոստոսի 27-ին Ուորենի դուստրերից մեկը ջերմություն է ունեցել, և մինչև սեպտեմբերի 3-ը ընտանիքի 11 անդամներից վեցը հիվանդացել են տիֆով։ Սեփականատեր Ջորջ Թոմփսոնը վարձել է մի քանի անկախ փորձագետների` հայտնաբերելու վարակի աղբյուրը: Երկու շաբաթվա ընթացքում նրանք մանրակրկիտ ուսումնասիրել են տան ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, նմուշներ են վերցել խողովակների, ծորակների և պոմպերի բոլոր հանգույցներից, սակայն ջրի ոչ մի նմուշում տիֆի բացիլներ չեն հայտնաբերվել[8]։ Տիֆի բակտերիաները մահանում են ջերմային մշակման ժամանակ, բայց ոչ բոլոր մթերքներն են ենթարկվել ջերմային մշակման, իսկ Մերիի ամենահայտնի ուտեստներից մեկը դեղձի պաղպաղակն էր[9]: Այն բանից հետո, երբ Ուորենի ընտանիքում հայտնվել են հիվանդության առաջին նախանշանները, կինը տեղափոխվել է նոր աշխատավայր[3]։

1906 թվականի վերջից Մերի Մալոնը սկսել է աշխատել Ուոլթեր Բովենի հարուստ ընտանիքում, որն ապրել է Պարկ-ավենյուում։ Արդեն 1907 թվականի հունվարի 23-ին Բովենի սպասուհին հիվանդացել է տիֆով։ Այնուհետև Ուոլթերի դուստրը ևս վարակվել է տիֆով, ով, շատ չանցած, մահացել է։ Հենց այս դեպքն էր, որը Մերիին բացահայտել է որպես վարակի տարածող։ Չարլզ Հենրի Ուորենի ընտանիքը դեռ 1906-ի վերջին դիմել էր տիֆը հետազոտող Ջորջ Սոպերին: Նա ասել էր, որ այս դեպքը կապված է Մերիի հետ, քանի որ նա հիվանդ էր: Սոպերը հետազոտել է Մերիին «թարմ հետքերով», երբ մահացել էր Բովենի դուստրը: Սոպերի առաջին հանդիպումը Մալոնի հետ տեղի է ունեցել Բովենի առանձնատան խոհանոցում։ Դետեկտիվն ասել է, որ Մերին տիֆով է վարակել մարդկանց և առաջարկել է նրան թեստեր հանձնել՝ ախտորոշումը հաստատելու համար: Զրույցի վերջում Մերին բռնել է միս կտրելու պատառաքաղը և սպառնալից ուղղվել դեպի Սոպերը, վերջինս արագ հետ է քաշվել։ Սոպերը գտել է Մերիի սիրեկանին և պայմանավորվել նրա հետ՝ հանդիպում կազմակերպելով Երրորդ պողոտայի իրենց սենյակում։ Նա իր հետ բերել էր բժիշկ Ռայմոնդ Հուբլերին, ով ապագայում դարձել է Դեթրոյթի մանկական հիվանդանոցի ղեկավարը։ Մերին զայրացել էր անսպասելի հանդիպումից, և Սոպերը կրկին մերժում է ստացել։ Մերին ասել էր, որ տիֆն առանց այդ էլ մոլեգնում է ամենուր, իսկ ինքը բացարձակ առողջ է, ախտանշաններ երբեք չի ունեցել և թույլ չի տա իրեն որևէ բանում մեղադրել: Այդ ժամանակ ԱՄՆ-ում անգլոֆոբ կարծրատիպեր էին պտտվում իռլանդացի ներգաղթյալների մասին, որ նրանք, լինելով տնակային ավանների բնակիչներ, հիվանդությունների կրողներ են: Միևնույն ժամանակ հայտնի չէր այն փաստը, որ հիվանդության կրողը կարող է լինել առողջ մարդը, և դա անհնար էր համարվում։ Ավելի ուշ, իր հուշերում և հոդվածներում Սոպերը արհամարհանքով էր խոսել Մալոնի մասին՝ թույլ տալով, որ գործում բժշկական կողմին չվերաբերող դիտողություններ լինեն Մերիի բնավորության, արտաքինի և բարքերի մասին, սակայն ինքն էլ խոստովանել է, որ առաջին հանդիպումն անհաջող է անցկացրել և Մերիին իր օգնության ձեռքը չի առաջարկել[10]։

Առաջին կարանտին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրդովված Մերի Մալոնը (ձախ մահճակալի վրա) հիվանդանոցում իր առաջին կարանտինի ժամանակ

Մերիի հետ բանակցություններում ձախողվելով՝ Սոպերը դիմել է Նյու Յորքի Առողջապահության դեպարտամենտին՝ իր զեկույցում ասելով, որ Մալոնը հսկայական վտանգ է ներկայացնում հասարակության համար և հանդիսանում է «քայլող փորձանոթ՝ բացիլների տարածման համար», որը, եթե հանգամանքները անհաջող լինեն, կարող է համաճարակի պատճառ դառնալ։ Դեպարտամենտը հաշվի է առել նրա խոսքերը և ուղարկել դոկտոր Սառա Ջոզեֆինա Բեյքերին՝ զրուցելու Մերիի հետ[10]: Այդ ժամանակ Մերին համոզված էր, որ իրեն հետապնդում են, թեև նա ոչ մի վատ բան չի արել[11]։ Նա նաև խոստովանել է, որ լավ հիգիենա չի պահպանել՝ նշելով, որ չի հասկանում ձեռքերը լվանալու նպատակը[12]: Մի քանի օր անց Բեյքերը և ոստիկանությունը եկան Մերիի աշխատավայր: Տեսնելով ոստիկաններին՝ կինը փախել է, իսկ ավելի ուշ նրան գտել են պահարանում թաքնված։ Բեյքերը շտապ օգնության մեքենայի հետ ունեցած ուղևորությունը հիշել է որպես «վայրի», քանի որ Մերին իրեն դրսևորվել է «ինչպես զայրացած կատուն վանդակում», և մի պահ բժիշկը անգամ ստիպված էր նստել հիվանդի վրա[3]։

Ոստիկանությունը Մալոնին տեղափոխել է Փարքերի ինֆեկցիոն հիվանդանոց[13], որտեղ նրան գոտիներով կապել են մահճակալին և արյան նմուշներ վերցրել հետազոտության համար։ Նրան նաև արգելել են մուտք գործել զուգարան, իսկ կղանքի և մեզի նմուշներ են վերցվել բժշկական անոթի միջոցով: Նրանց թույլ է տրվել արձակել հիվանդին միայն մի քանի օր հետո, սակայն մշտական նմուշառումը շարունակվել է ևս 4 շաբաթ։ Այնուհետև նրան տվել են փորձնական դեղամիջոցներ[14]։

Ողջ օգոստոսին և 1907 թվականի սեպտեմբերի սկզբին Մալոնի թեստերը չեն բացահայտել տիֆի բացիլներ, սակայն սեպտեմբերի 11-ին դրանք նորից ի հայտ են եկել, թեև հիվանդը մնացել էր լիովին առողջ։ Մերիին խնդրել են հեռացնել լեղապարկը, սակայն նա հրաժարվել է. այդ տարիներին նման վիրահատությունները բավականին ռիսկային էին, և մարդիկ հաճախ մահացել են դրանից։ Վկայակոչելով նահանգային օրենքի 1169 և 1170 բաժինները՝ 1907 թվականի մարտի 19-ին Մերին երեք տարով կարանտինի մեջ է գտնվել Նորտ Բրազեր կղզում գտնվող հիվանդանոցում[15][14]։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր բժիշկներն էին համարում, որ Մալոնի ազատազրկումը չափազանց խիստ միջոց էր։ Օրինակ՝ մանրէաբան Ջոզեֆ Միլթոնը ևՉարլզ Չեպինը պնդում էին, որ վարակի կրողին պետք է սովորեցնել ապրել դրա հետ՝ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով և վտանգ չստեղծելով այլ մարդկանց համար[16]։

Մերին երբեք չէր հավատում, որ տիֆ է տարածում։ Դրանում նշանակալի դեր է խաղացել այն փաստը, որ կղանքի 163 թեստերի մեկ քառորդը (1907 թվականի մարտից մինչև 1909 թվականի հունիսը) եղել է բացասական[14]։ Սիրեկանի միջոցով, ում տանը Սոպերը գտնում էր նրան, Մալոնը կղանքի նմուշներ է հանձնել Նյու Յորքի անկախ լաբորատորիա, և թեստերից և ոչ մեկը տիֆի բացիլներ չի հայտնաբերել[16]։ 1909 թվականի նամակում Մերին բողոքել էր, որ իր հետ «ծովախոզուկի» պես են վարվում և հավելել է, որ իրեն նշանակել են բարդ փորձարարական «բուժում»՝ մեթենամինի եռամսյա կուրսեր, որը սպառնում է երիկամների անբավարարությանը, և հեքսամեթիլենիմինի չափաբաժինների ավելացման[16]։ Թեև նա շաբաթական երեք անգամ թեստավորվել է, սակայն վեց ամիս նրան երբեք թույլ չեն տվել այցելել ակնաբույժի, չնայած նրան, որ կալանավորման ժամանակ նյարդային խանգարման պատճառով կնոջ ձախ կոպը կաթվածահար է եղել, և նա ստիպված է եղել ձեռքերով իջեցնել այն և գիշերը շարֆով կապել[17]։

Առաջին կարանտինի ժամանակ Մալոնը մեկ անգամ այցելել է Սոպերին և առաջարկել գիրք գրել նրա մասին՝ խոստանալով նրան տալ հոնորարների մի մասը։ Մերին կտրականապես հրաժարվել է և փակվել զուգարանում, մինչև նա հեռանա։ Երկու տարի 11 ամիս անց նրա բժիշկը եզրակացրել է, որ Մալոնը կարող է ազատվել կարանտինից՝ պայմանով, որ նա երբեք չգնա խոհարարի աշխատանքի և ձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցները՝ վարակի փոխանցումը կանխելու համար[10]: Մերին ընդունել է այս պայմանները՝ երդվելով 1910 թվականի փետրվարի 19-ին, այնուհետև ազատ է արձակվել և վերադարձել մայրցամաք[3]։

Երկրորդ կարանտին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաստառ սննդի աղտոտվածության մասին. «Ահա թե ինչպես տիֆով Մերին վարակեց ընտանիքը ընտանիքից հետո»:

Առաջին կարանտինից ազատվելուց հետո Մերին` Բրեսհոֆ ազգանվան տակ, փորձել է աշխատել որպես լվացարարուհի և նույնիսկ որոշ ժամանակ ղեկավարել է փոքրիկ հյուրատուն: Բայց այդ եկամուտը շատ ավելի ցածր էր, քան խոհարար աշխատելիս։ Շուտով Մալոնը վնասել է ձեռքը, վերքը վարակվել է, հիվանդությունը ձգձգվել է, և կինը մի քանի ամիս չի կարողացել աշխատել։ Սեփական կացարան չունենալով ՝ Մերին խիստ կարիքի մեջ էր։ Որոշ ժամանակ անց նա Մերի Բրաուն կեղծանունով նորից սկսեց պատրաստել։ Գործակալությունները, որոնց միջոցով խոհարարներն աշխատում էին հարուստ ընտանիքներում, այլևս չէին համագործակցում նրա հետ, ուստի նա տեղափոխվեց ավելի զանգվածային հատված. հինգ տարվա ընթացքում նա աշխատել է մի քանի հյուրանոցների խոհանոցում, Բրոդվեյի ռեստորանում և նույնիսկ Նյու Ջերսիի առողջարանում: Տիֆի բռնկումներ եղել են, բայց դրանք Մերիի հետ կապել չի հաջողվել։ Մալոնին հայտնաբերել կարողացել են միայն 1915 թվականին, երբ նա աշխատում էր Սլոունի կանանց հիվանդանոցում (անգլ.՝ Sloane Hospital for Women)։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Էդվարդ Քրագինը անձամբ զանգահարել և կանչել է Սոպերին՝ օգնելու տիֆի բռնկման հետաքննությանը։ Ավելի քան 20 մարդ հիվանդացել է, նրանցից մեկը մահացել է: Սոպերը Մերիին ճանաչել է հիվանդանոցի աշխատակիցների նկարագրությամբ և ճանաչել է նրա ձեռագիրը ներկայացված նամակներում։ Մերիին ձերբակալել են Վեսթչեսթերում[18] իր ընկերոջ խոհանոցում, 1915 թվականի մարտի 27-ին նրան ուղարկel են Երկրորդ, այժմ արդեն ցմահ կարանտին Նորտ-Բրազերում[19][20][21]։

Մալոնի կյանքի մասին քիչ բան է հայտնի երկրորդ կարանտինի ժամանակ: 1918 թվականին Մերիին թույլ է տրվել մեկանգամյա ուղևորություններ կատարել դեպի մայրցամաք և որպես բուժքույր աշխատել։ Նույն թվականին Նյու Յորքի իշխանությունները սկսել են սուբսիդիաներ և օգնություն տրամադրել սննդի ոլորտից դուրս աշխատանք գտնելու համար տիֆի ասիմպտոմատիկ կրողներին[16]։ 1925 թվականին դոկտոր Ալեքսանդրա Պլավսկան այցելել է Նորտ-Բրազեր հիվանդանոց՝ պրակտիկա անցնելու։ Նա լաբորատորիա է հիմնել տեղի մատուռի երկրորդ հարկում և աշխատանքի ընդունել Մերիին` որպես լաբորանտ: Մալոնը ոչ միայն լվացել է խողովակները, այլև կատարել է գրառումներ և պատրաստել նմուշներ պաթոլոգների համար[22]։

1932 թվականին Մերին ինսուլտ է տարել, որից նա չի կարողացել ապաքինվել և կիսով չափ անդամալույծ է da84elլ[23]։ 1938 թվականի նոյեմբերի 11-ին 69 տարեկան հասակում նա մահացել է թոքաբորբից[11]։ Մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը թաղվել Բրոնքսի Սուրբ Ռայմոնդի գերեզմանատանը: Արարողությանը ներկա է եղել 9 մարդ[24][25]: Ըստ որոշ աղբյուրների՝ ներառյալ Ջորջ Սոպերի հոդվածը[10], դիահերձում չի իրականացվել, և լեղապարկում սալմոնելայի վնասվածքի հետմահու հաստատման մասին տեղեկատվությունը միայն քաղաքային լեգենդ է[26]։

Էթիկա և օրինականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մելոնի դեպքն առաջինն էր, երբ հայտնաբերվել է հիվանդության ասիմպտոմատիկ կրողը և հարկադրաբար մեկուսացվել հասարակությունից: Այս դեպքում առաջացած էթիկական և իրավական երկընտրանքը դեռևս չունեն հստակ պատասխան։ Անհատական իրավունքներն ու ազատությունը, որոնք ամերիկյան մշակույթի հիմնական արժեքն են, խախտվել են ուրիշների առողջությունը պահպանելու համար[27]։ Մերիին երկու անգամ ձերբակալել են և 26 տարի պահել մեկուսացման մեջ[22]։ 20-րդ դարի սկզբի բժշկությունն ի վիճակի չի եղել Մերիին իրավիճակի լիովին ճիշտ լուծում առաջարկել։ Ժամանակակից հետազոտողները վստահ են, որ լեղապարկը հեռացնելու համար նրան առաջարկված վիրահատությունը չէր ազդի տիֆի բացիլների տարածման վրա, քանի որ օջախները կարող էին տեղակայվել աղիքներում[3]։ Ժամանակակից հակաբիոտիկները, որոնք կարող էին հեռացնել սալմոնելլայի վնասվածքն առանց վիրահատության, այդ ժամանակ գոյություն չեն ունեցել[26]։ 2013 թվականին Սթենֆորդի գիտնականները հրապարակել են մի հետազոտություն, որտեղ նրանք ապացուցել են, որ տիֆի բակտերիաները կարող են ապրել Mallon մակրոֆագներում, իսկ օջախները կարող են գտնվել աղիքի և փայծաղի ավշային հանգույցներում[28][29]:

1909 թվականին Մերին փորձել է դատի տալ Առողջապահության նախարարությանը՝ իշխանություններին մեղադրելով անօրինական բանտարկության մեջ[26][30]։ Մալոնի փաստաբանը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ բոլոր ձերբակալությունները կատարվել են առանց օրդերների կամ օրինական ընթացակարգերի հետևելու, իսկ իրեն վերաբերվել են այնպես, ինչպես մարդասպանի հետ, մինչդեռ նա իր կյանքում երբեք որևէ մեկին չի վնասել[10]։ Գործը հասել է Վերին ատյանի դատարան, որը չի բավարարել Մալոնի պնդումը՝ վկայակոչելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը[31][32]։

Մամուլը ստեղծել է Մալոնի ծայրաստիճան բացասական կերպարը, և շեշտը դրվել է նրա ցածր սոցիալական դիրքի և ներգաղթային կարգավիճակի վրա: Հաճախ Մերիի աննախանձելի ճակատագրի պատճառը ոչ թե վարակն էին համարում, այլ հենց իրեն՝ Մերիին։ 1915 թվականից հետո կնոջը դիվահարել են և մեղադրել ավելի բարձր եկամուտ ունեցող մարդկանց դիտավորյալ վարակելու մեջ։ Մերիի համար խոհարարությունն այն է եղել, ինչը նա իմացել է, թե ինչպես անել լավագույնը, ուստի հենց այն էր, ինչը նա դիտարկել էր որպես կայուն եկամտի միջոց: Ինքը՝ Մերին, մինչև իր կյանքի վերջը համոզված է եղել, որ հիվանդության բռնկումների մեջ իր մեղքը չկա։ Ինչպես իր ժամանակակիցներից շատերը, նա իմացել է, որ տիֆը հեշտությամբ տարածվում է աղտոտված ջրի աղբյուրների և սննդի միջոցով: Միայն 1906 թվականին Նյու Յորքում գրանցվել է հիվանդության 3467 դեպք, մահացել է 639 մարդ։ Նույնիսկ Ջորջ Սոպերը, ով հետազոտել էր այն, սկզբում կասկածել է, թե արդյոք խոհարարը կարող է հիվանդություններ կրել, քանի որ նրա պատրաստած սնունդը ջերմային բուժում էր անցնում։ Ասիմպտոմատիկ կրիչի գաղափարը անհասկանալի էր նույնիսկ ժամանակի շատ բժիշկների համար: Այդ պատճառով Մերին մինչև կյանքի վերջ համոզված էր, որ դարձել է պետական և ոստիկանական կամայականությունների զոհ և շատ է տառապել միայնությունից։ Սոցիալական խարանը, որին ենթարկվել է կինը, այնքան էր խորացել, որ երկար տարիներ նրան ստիպել էին թեստեր հանձնել, ընդ որում, ոչ մի անգամ չեն պարզաբանել նրա վիճակի պատճառներն ու առանձնահատկությունները[33]։

Ազդեցություն և նմանատիպ դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին, երբ Մալոնն ազատ արձակվեց առաջին կարանտինից հետո, Չիկագոյում հայտնաբերվել է մեկ այլ տիֆի կրող՝ 56-ամյա Ջենի Բարմորը՝ փոքրիկ պանսիոնատի սեփականատերը: Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է տնային կալանքի՝ ցմահ։ Միևնույն ժամանակ, հայտնի է առնվազն մեկ տղամարդ փոխադրողի մասին, ով աշխատել է որպես շինարարական բանվոր և հանդիսացել է առնվազն 87 մարդու վարակման և երեք մահվան պատճառ, բազմիցս խախտել է դատարանի որոշումները, տեղափոխվել է առանց ոստիկանությանը ծանուցելու և չի կարանտինացվել[34]։ 1923 թվականին Սոլթ Լեյք Սիթիում խոհարարի մոտ տիֆ է ախտորոշվել, այդուհանդերձ, նա շարունակել է աշխատել խոհանոցում՝ ի վերջո վարակելով 188 մարդու, որոնցից 13-ը մահացել են։ Նրա անունը նույնիսկ փաստաթղթերում չի պահպանվել։ Մերի Մալոնի մահվան պահին, ըստ տարբեր աղբյուրների, ԱՄՆ-ում հայտնաբերվել է 237-ից 400 ասիմպտոմատիկ տիֆի կրող[35]։ Դոկտոր Ջոզեֆինա Բեյքերն ասել է, որ Մերին հսկայական ծառայություն է մատուցել մարդկությանը և օգնել է իշխանություններին և բժիշկներին սովորել վերահսկել տիֆի կրողներին, սակայն նրա կյանքն ու ազատությունը ստիպված են եղել զոհաբերել հանուն ընդհանուր բարօրության[36]։ 1929 թվականից ի վեր տիֆի ասիմպտոմատիկ կրողների հետ աշխատանքի արձանագրությունն այլևս չէր ենթադրում հարկադիր կարանտին այն դեպքում, երբ վարակակիրը համագործակցում էր իշխանությունների հետ և բարեխղճորեն կատարում էր կանխարգելիչ միջոցները[37]:

20-րդ դարում Միացյալ Նահանգներում կային նաև այլ հայտնի առողջ տիֆի կրողներ՝ իտալացի ներգաղթյալ Թոնի Լաբելլան (անգլ.՝ Tony Labella), որն պատչառ է դարձել մոտ հարյուր մարդու վարակման և հինգ մահվան, և Ալֆոնս Քոթիլսը (անգլ.՝ Alphonse Cotils)` ռեստորանի և թոնրատան սեփականատերը, ով զբաղվել է սննդով և նաև վարակել բազմաթիվ մարդկանց[38]։ Նրանցից ոչ մեկը Մալոնի նման ցմահ կարանտինի չի դատապարտվել։ Մեծ Բրիտանիայում, 1907-1992 թվականներին, Էպսոմի Լոնգ-Գրոուվ հիվանդանոցում 43 կին եղել են կարանտինի մեջ։ Նրանք եղել են տիֆի առողջ կրողներ, նրանցից ոմանք ավելի քան 40 տարի մեկուսացման մեջ են ապրել[39]։

Անգլերենում «Typhoid Mary» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է «Տիֆով վարակված Մերի», վերաբերում է վտանգավոր հիվանդություններ կրողներին, որոնք վտանգ են ներկայացնում բնակչության համար՝ համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկելուց հրաժարվելու պատճառով[40]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Merrill, Timmreck, 2005
  2. «'Typhoid Mary' Dies Of A Stroke At 68. Carrier of Disease, Blamed for 51 Cases and 3 Deaths, but She Was Held Immune». New York Times. 1938-11-12. Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին. Վերցված է 2010-02-28-ին. «Mary Mallon, the first carrier of typhoid bacilli identified in America and consequently known as Typhoid Mary, died yesterday in Riverside Hospital on North Brother Island.»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Adler, Mara, 2016
  4. Adler, Mara, 2016, էջ 137
  5. Adler, Mara, 2016, էջ 141
  6. Leavitt, 1996, էջ 16
  7. Soper, 1939, էջ 703
  8. George A Soper, 1907
  9. Mikkelson, Barbara (2002-09-26). «Did Typhoid Mary Cause the Deaths of Thousands of People?» [«Виновна ли Тифозная Мэри в тысячах смертей?»] (անգլերեն). Snopes. Վերցված է 2020-05-26-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Soper, 1939
  11. 11,0 11,1 Rosenberg, Jennifer. [www.webcitation.org/66NhtdyIT?url=history1900s.about.com/od/1900s/a/typhoidmary.htm «Typhoid Mary»]. About.com. Արխիվացված է [history1900s.about.com/library/weekly/aa062900b.htm օրիգինալից] 2012-03-23-ին. Վերցված է 2007-06-06-ին. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն); Check |url= value (օգնություն)
  12. «Who Was Typhoid Mary?» (անգլերեն). Forbes. 2017-09-22. Արխիվացված է օրիգինալից 2020-06-15-ին. Վերցված է 2020-05-14-ին.
  13. Hilgenkamp, 2006
  14. 14,0 14,1 14,2 Caitlind L. Alexander, 2004
  15. Anika Burgess (2015-06-06). «See the Abandoned and Inaccessible Island Where Typhoid Mary Died». Vanity Fair. Արխիվացված է օրիգինալից 2020-10-24-ին. Վերցված է 2020-05-11-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Judith Walzer Leavitt, Ronald L. Numbers, 1997
  17. Mary Mallon (1909). «In Her Own Words». Արխիվացված է օրիգինալից 2010-04-26-ին. Վերցված է 2020-05-11-ին.
  18. Carey, 1989, էջ 20
  19. Leavitt, Judith (2004-10-12). «Typhoid Mary: Villain or Victim?». PBS Online. Արխիվացված է օրիգինալից 2020-05-17-ին. Վերցված է 2020-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «'Social distancing' in the coronavirus era is latest in long history of medical quarantines» (անգլերեն). Greenwich Time. 2020-04-04. Արխիվացված է օրիգինալից 2020-04-07-ին. Վերցված է 2020-04-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Soper, 1939, էջ 708—712
  22. 22,0 22,1 Leavitt, 1996
  23. Bartoletti, 2015
  24. «'TYPHOID MARY' DIES OF A STROKE AT 68; Carrier of Disease, Blamed for 51 Cases and 3 Deaths, but She Was Held Immune Services This Morning Epidemic Is Traced» (անգլերեն). The New York Times. 1938-11-12. Արխիվացված է օրիգինալից 2020-04-21-ին. Վերցված է 2020-05-14-ին.
  25. «Typhoid Mary's tragic tale exposed the health impacts of 'super-spreaders'» (անգլերեն). National Geographic. 2020-03-18. Արխիվացված է օրիգինալից 2020-05-01-ին. Վերցված է 2020-05-14-ին.
  26. 26,0 26,1 26,2 Marineli, F., Tsoucalas, G., Karamanou, M., & Androutsos, G., 2013
  27. Women and Early Public Health, 1995
  28. Singer, Emily (2016-08-16). «The Strange Case of Typhoid Mary» (անգլերեն). Quanta Magazine. Արխիվացված է օրիգինալից 2020-05-13-ին. Վերցված է 2020-05-26-ին.
  29. Monack, Denise (2013-08-14). «Scientists get a handle on what made Typhoid mary's infectious microbes tick» (անգլերեն). Stanford University School of Medicine. Արխիվացված է օրիգինալից 2020-05-23-ին. Վերցված է 2020-05-26-ին.
  30. «Topics in Chronicling America - Typhoid Mary». The Library of Congress. 2014-10-09. Արխիվացված է օրիգինալից 2020-04-25-ին. Վերցված է 2020-05-11-ին.
  31. Nina Strochlic (2020-03-17). «Typhoid Mary's tragic tale exposed the health impacts of 'super-spreaders'». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2020-06-14-ին. Վերցված է 2020-05-11-ին.
  32. The San Francisco Call, 1910
  33. Leavitt, 1996, էջ 10
  34. Women and Health in America, 1999, էջ 627
  35. Emmeluth, Alcamo, 2004, էջ 12—13
  36. "Typhoid Mary" and the Public's Health, 1994, էջ 32—33
  37. Judith Walzer Leavitt, Ronald L. Numbers, 1997, էջ 563
  38. Loh-Hagan, 2019
  39. Gonzalez-Escobedo, Masrshall, Gunn, 2011
  40. «The History of Quarantine Is the History of Discrimination» (անգլերեն). Time. 2014-10-06. Արխիվացված է օրիգինալից 2019-03-18-ին. Վերցված է 2020-05-14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մալոն» հոդվածին։