Մերի Էստել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Էստել
Reynold' Study for a portrait.jpg
Ծնվել էնոյեմբերի 12, 1666(1666-11-12)[1][2][3][4]
ԾննդավայրՆյուքասլ-ափոն-Թայն, Անգլիայի թագավորություն
Մահացել էմայիսի 11, 1731(1731-05-11)[3][4] (64 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունգրող, փիլիսոփա և ֆեմինիստ

Մերի Էստել (անգլ.՝ Mary Astell, նոյեմբերի 12, 1666(1666-11-12)[1][2][3][4], Նյուքասլ-ափոն-Թայն, Անգլիայի թագավորություն - մայիսի 11, 1731(1731-05-11)[3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի ֆեմինիստ գրող և հռետոր։ Կանանց կրթության հավասար իրավունքների պաշտպանության համար արժանացել է «անգլիացի առաջին ֆեմինիստուհի» տիտղոսին[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Էստելի կյանքի մասին պահպանվել են միայն որոշ գրառումներ։ Ըստ կենսագիր Ռուտ Պերրի մեկնաբանության՝ «որպես կին նա առևտրի, քաղաքականության կամ օրենքի աշխարհի հետ ընդհանրապես կամ շատ քիչ է գործ ունեցել: Նա ծնվել է, մահացել է. մի քանի տարի նա ուներ մի փոքրիկ տուն, նա ուներ բանկային հաշիվ. նա օգնել է բարեգործական դպրոց բացել Չելսիում. այս փաստերը կարելի է պարզել հանրային գրառումներից»[6]։ Պահպանվել են նրա նամակներից միայն չորսը, որոնք հասցեագրված են եղել այդ ժամանակի ազդեցիկ տղամարդկանց։ Նրա կենսագրության ուսումնասիրության ընթացքում Պերրին հայտնաբերել է ավելի շատ նամակներ և ձեռագրերի պատառիկներ, բայց նա նշում է, որ եթե Էստելը չգրեր հարուստ ազնվականներին, որոնք կարող էին իրենց թույլ տալ ժառանգաբար փոխանցել ամբողջական կալվածքներ, ապա նրա կյանքից չափազանց քիչ վկայություններ կմնային[7]։

Մերի Էստելը ծնվել է Նյուքասլում, 1666 թվականի նոյեմբերի 12-ին Պիտեր և Մերի (Էրինգթոն) Էստելների ընտանիքում[8]։ Ծնողներն ունեցել են ևս երկու երեխաներ՝ Ուիլյամը, որը մահացել է վաղ հասակում, և Պիտերը՝ Մերիի կրտսեր եղբայրը[8][9]։ Մերիին կնքել են Նյուքասլի Սբ․ Հովհաննես եկեղեցում[10]։ Ընտանիքը պատկանել է վերին միջին դասին։ Մերիի հայրը պահպանողական ռոյալիստ էր և անգլիկանյան։ Նա ղեկավարում էր տեղի ածխային ընկերությունը[5]։ Էստելը, որպես իգական սեռի ներկայացուցիչ, որևէ պաշտոնական կրթություն չէր ստացել, բայց նրան տանը կրթել է հորեղբայրը՝ Ռալֆ Էստելը, որը նախկինում հոգևորական էր և նեոպլատոնիստ, Քեմբրիջում հիմնադրված փիլիսոփայական դպրոցի անդամ, որը Պլատոնի Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքների կողմնակից էր[11]։ Մերիի հայրը մահացավ, երբ աղջիկը տասներկու տարեկան էր[5]՝ ժառանգություն չթողելով։ Ընտանեկան միջոցների մնացորդները ներդրվեցին եղբոր կրթության վրա, և Մերին ստիպված էր մոր հետ միասին տեղափոխվել մորաքրոջ տուն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոր և մորաքրոջ մահից հետո՝ 1688 թվականին, Էստելը տեղափոխվեց Չելսի (Լոնդոն), որտեղ նրան բախտ վիճակվեց ծանոթանալ գրական շրջանակի այնպիսի ազդեցիկ կանանց հետ, ինչպիսիք էին [[Լեդի Մարի Չուդլեջը (անգլ.՝ Lady Mary Chudleigh), բանաստեղծ Էլիզաբեթ Թոմասը (անգլ.՝ Elizabeth Thomas), Ջուդի Դրաքը (անգլ.՝ Judith Drake), Էլիզաբեթ Էլսթոբը (անգլ.՝ Elizabeth Elstob) և Մերի Մոնտեգյուն[12]։ Նրանք Մերիին օգնեցին մշակել և հրապարակել իր աշխատանքները։ Նա ծանոթացավ նաև հայտնի բարերար Ուիլյամ Սենկրոֆտի (անգլ.՝ William Sancroft) հետ, որը նախկինում եղել էր Քենթրբերիի արքեպիսկոպոսը։ Վերջինս ցուցաբերեց ֆինանսական աջակցություն, և Մերիին ներկայացրեց նրա ապագա հրատարակչին։ Էստելը հետագայում նրան է նվիրել իր բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա առաջին գիրքը լույս տեսավ 1694 թվականին[13]։

1700 թվականին Մերի Էստելը հրապարակեց իր Ամուսնության վերաբերյալ որոշ մտորումներ (անգլ.՝ Some Reflections upon Marriage) էսսեն։ Այդ աշխատանքում նա պնդում էր, որ առողջ ընտանիքի ապագայի համար կնոջը նախ և առաջ անհրաժեշտ է կրթություն ստանալ։ Փողի, իշխանության կամ իրենց կողքին հմայիչ կին ունենալու գայթակղիչ ցանկության համար ամուսնացող տղամարդկանց քննադատելով, Էստելը գրում է, որ կանանց մեծ մասը այդպիսի ամուսնությունը չի ընդունում որպես առողջ վիճակ, և կրթությունը կարող է նրանց զինել հմտություններով, որոնք անհրաժեշտ են իրավիճակը իրենց օգտին շրջելու համար։ 1706 թվականին այդ աշխատության երրորդ հրատարակման մեջ Էստելը պատասխանում է քննադատությանը և անգլիացի կանանց համոզում է ձգտել իրական ընկերության վրա հենված ամուսնության և ոչ թե անհրաժեշտությունից կամ հպարտությունից ելնելով[11]։

Հասարակական կյանքից հեռանալով՝ 1709 թվականին Էստելը աղջիկների համար բարեգործական դպրոց հիմնեց Չելսիում, որտեղ անձամբ էր զբաղվում կրթական պրոցեսի կազմակերպման հարցերով։ Այդ գործում ֆինանսական օգնություն ստանում էր իր հովանավորներից՝ տիկին Քեթրի Ջոնսոնից և տիկին Էլիզաբեթ Հասթինգսից։ Երբ Էստելը վաթսուն տարեկան էր, տիկին Ջոնսի առաջարկով տեղափոխվեց նրա հետ բնակվելու[14]։

Էստելը մահացել է 1731 թվականին մաստեկտոմիայից (կրծքագեղձի հեռացում) մի քանի ամիս անց՝ աջ կրծքի չարորակ ուռուցքի հեռացումից։ Կյանքի վերջին օրերին նա հրաժարվում էր որևէ այցելուներ ընդունել և փակված էր իր սենյակում՝ Աստծո մասին մտորումներով։ Նա թաղվեց Չելսիի եկեղեցու (անգլ.՝ Chelsea Church) եկեղեցական բակում, Լոնդոնում[10]։ Էստելին հիշում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ ազատ երկխոսելու իր ընդունակությամբ, երբ քննարկվում էր հասարակության մեջ կնոջ դիրքը, հատկապես փիլիսոփայական տեսանկյունից ելնելով (ազդեցությանը Դեկարտի), և ոչ թե պատմական իրավիճակից ելնելով, ինչպես նախկինում են փորձել։ Դեկարտի դուալիզմի տեսությունը, որի համաձայն մարմինն ու հոգին իրարից անկախ են, Էստելին թույլ տվեցին պնդել, որ կանայք էլ տղամարդկանց նման ի վիճակի են դատողություններ անել, և հետևաբար, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի․ «Եթե բոլոր տղամարդիկ ծնվել են ազատ, ապա ինչու են բոլոր կանայք ստրուկ ծնվել»[15]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի լուրջ առաջարկություն (անգլ.՝ A Serious Proposal)
երրորդ հրատարակության տիտղոսաթերթ

Մերի Էստելն իր առավել հայտնի գրքերում՝ «A Serious Proposal to the Ladies, for the Advancement of Their True and Greatest Interest» (1694) և «A Serious Proposal, Part II» (1697), նկարագրել է կանանց համար նոր տեսակի կրթական հաստատության իր տեսլական պլանը։ Այն կանանց հնարավորություն կընձեռեր ստանալ թե՛ հոգևոր, և թե՛ աշխարհիկ կրթություն։ Էստելն առաջարկում էր միայն մայր կամ միանձնուհի լինելու հնարավորությունով չսահմանափակել կնոջը և առավել ընդարձակել կանանց գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Նա ցանկանում էր, որ բոլոր կանայք տղամարդկանց նման հավասար հնարավորություն ունենան՝ դրախտում Աստծո հետ հավերժության մեջ անցկացնելու։ Նա համարում էր, որ դրա համար նրանց անհրաժեշտ կլինի բավարար կրթական մակարդակ և ինքնագիտակցություն ունենալ։ Նրա առաջարկած կրթության վանական ոճը պետք է թույլ տար, որ կանայք ապրեն պաշտպանված միջավայրում, առանց արտաքին հայրապետական հասարակության ազդեցության։

Նրա առաջարկությունն այդպես էլ չընդունվեց, քննադատները այն համարեցին անգլիացիների համար խիստ կաթոլիկական։ Ավելի ուշ Ջոնաթան Սվիֆթը և Ռիչարդ Ստիլը (անգլ.՝ Sir Richard Steele) ծաղրել են Էստելի գաղափարները Տատլեր (անգլ.՝ Tatler) գրական և սոցիալական ամսագրում[11]։ Դանիել Դեֆոն իր հիացմունքն է արտահայտել Էստելի առաջարկի առաջին մասի վերաբերյալ, բայց նրա պլանը համարում էր «անիրագործելի»։ Այդուհանդերձ, Պարտիսիա Սպրինբորգը նկատել է, որ Կանանց ակադեմիայի մասին հենց Դեֆոյի գաղափարները, որոնք նկարագրված են նրա Էսսե նախագծերի շուրջ (անգլ.՝ An Essay Upon Projects) ակնարկում, այդքան էլ չեն տարբերվում Էստելի յուրահատուկ առաջարկից[16]։ Թեև Էստելին քննադատում էին, բայց նա ինտելեկտուալ հեղինակություն էր վայելում Լոնդոնի կրթված դասակարգերի շրջանում։

Մի քանի տարի անց Էստելը հրապարակեց A Serious Proposal-ի երկրորդ մասը, որտեղ ավելի մանրամասն նկարագրել է լեդի լինելու համար կանաց կրթության իր տեսլականը։ Նա դեն էր նետել ժամանակին համահունչ հռետորական ոճը, երբ բանախոսները ունկնդրի առաջ ելույթ էին ունենում դաստիարակչական հրահանգներով, և դրա փոխարեն ներկայացրեց խոսակցական ոճը, որով հարևաններին պատմվում է գործողությունների պատշաճ ձևի մասին։ Նա հղում էր միայն ժամանակակիցների համար ազդեցիկ աղբյուր համարվող «Port-Royal Logic», սակայն իր գաղափարները ներկայացնելիս, այնուամենայնիվ, դեռ շարունակում էր հենվել դասական հռետորաբանության տեսության վրա։ Էստելը համարում էր, որ հռետորությունը որպես արվեստ վարպետության համար չի պահանջում տղամարդու կրթություն, և կինը կարող է անհրաժեշտ հմտություններ ունենալ հենվելով սեփական տրամաբանության վրա[14]։

1690-ական թվականներին Էստելը, կարդալով փիլիսոփա և աստվածաբան Ջոն Նորիսի Գործնական քննարկումներ մի քանի աստվածային թեմաների շուրջը (անգլ.՝ Practical Discourses, upon several Divine subjects), նամակագրական կապ հաստատեց նրա հետ։ Նամկները լույս են սփռել Աստծո և թեոլոգիայի մասին Էստելի մտքերի վրա։ Նորիսը նամակները հրապարակելու արժանի համարելով և ստանալով Էստելի համաձայնությունը, դրանք հրապարակեց 1695 թվականին Նամակներ Աստծո նկատմամբ սիրո մասին (անգլ.՝ Letters Concerning the Love of God) վերնագրով։ Մերի Էստելի անունը գրքում չի հիշատակվում, բայց նրա ինքնությունը շուտով բացահայտվեց, և Էստելի հռետորական ոճը բազմաթիվ գովեստների է արժանացել իր ժամանակակիցների կողմից։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Indiana Philosophy Ontology Project
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. 5,0 5,1 5,2 Batchelor, Jennie. «Mary Astell». The Literary Encyclopedia. 21 March 2002. Accessed 6 July 2008.
  6. Perry, 22.
  7. Perry, 23.
  8. 8,0 8,1 Smith, Mary Astell, 2.
  9. Sutherland, Eloquence, xi.
  10. 10,0 10,1 «Mary Astell»։ Oregon State։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-21-ին։ Վերցված է 2011-05-01 
  11. 11,0 11,1 11,2 «Astell, Mary»։ Encyclopedia of World Biography։ Վերցված է 2011-04-28 
  12. Sowaal, Alice. "Mary Astell", Stanford Encyclopedia of Philosophy (2005), 16 December 2006.
  13. Henderson-Bryan Bethanie (2018-05-12)։ «Mary Astell: the first feminist? • The Crown Chronicles»։ The Crown Chronicles։ Վերցված է 2019-04-21 
  14. 14,0 14,1 Donawerth, Jane Rhetorical Theory by Women Before 1900. — Lanham: Կաղապար:Нп3, 2002. — С. 100. — ISBN 0-7425-1717-9
  15. Astell, Reflections, 107.
  16. Astell, Mary A Serious Proposal to the Ladies / Patricia Springborg. — Peterborough: Կաղապար:Нп3, 2002. — С. 15. — ISBN 978-1-55111-306-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]