Մետաղների քիմիական-ջերմային մշակում

Մետաղների քիմիական-ջերմային մշակում, քիմիապես ակտիվ միջավայրում մետաղների և համաձուլվածքների ջերմային մշակում, որի հետևանքով փոխվում են մակերևութային շերտի քիմիական բաղադրությունը, կաոուցվածքը և ֆիզիկաքիմիական հատկությունները։
Կատարվում է զանազան տարրերով մակերևույթի դիֆուզիոն հագեցման եղանակով (բարձր ջերմաստիճաններում)։ Տարրի ընտրությունը պայմանավորված է դետալի մակերևույթի պահանջվող հատկություններով։ Հագեցումը կատարվում է ածխածնով (ցեմենտացում), ազոտով (ազոտում), ազոտով և ածխածնով (ցիանացում), մետաղներով (մետաղացում), բորով կարավորում), սիլիցիումով (սիլիկավորում) և այլն։
Ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված դիֆուզվող տարր պարունակող միջավայրի ագրեգատային վիճակից՝ տարբերում են մետաղների քիմիական-ջերմային մշակում գազային, հեղուկ կամ պինդ միջավայրերում։ Մետաղների քիմիական-ջերմային մշակման դեպքում առաջացող դիֆուզիոն շերտը, փոփոխելով մակերևույթի կառուցվածքա-էներգետիկական վիճակը, դրականորեն է ազդում ոչ միայն դետալի մակերևույթի ֆիզիկաքիմիական հատկությունների, այլև ծավալային հատկությունների վրա։ Այսպիսի մշակման շնորհիվ շինվածքները ձեռք են բերում բարձր մաշակայունություն, կրակակայունություն, կոռոզիակայունություն և հոգնածության կայունություն։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատրաստուկը կամ շինվածքը տաքացնում են մինչև համապատասխան ջերմաստիճան, պահում այդ ջերմաստիճանում որոշակի ժամանակ, ապա անհրաժեշտ արագությամբ սառեցնում։ Մտաղների ջերմամշակումը, որպես նախնական գործողություն, կիրառվում է նախապատրաստուկի մշակման ժամանակ նյութի տեխնոլոգիական հատկությունները բարելավելու համար, իսկ որպես վերջնական գործողություն՝ պատրաստի շինվածքը այնպիսի հատկություններով օժտելու համար, որոնք ապահովում են նրա շահագործման երկարակեցությունը։
Մետաղների ջերմամշակումը հիմնական տեսակներն են՝
- թրծումը,
- նորմալացունը,
- մխումը,
- արձակումը,
- քիմիական և ջերմային մշակումը,
- ջերմամեխանիկական մշակումը,
- էլեկտրաջերմային մշակումը և այլն։
Թրծումն ու նորմալացումը հիմնականում կիրառվում են որպես ջերմամշակման նախնական գործողություններ, իսկ արձակումը, էլեկտրաջերմային մշակումը՝ վերջնական գործողություններ։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ շինվածքը ջերմամշակման ենթարկելու համար կիրառում են իրար հաջորդող մի քանի եղանակներ։ Օրինակ, ատամնանիվները կարող են ենթարկվել քիմիական-ջերմային մշակման, ապա նորմալացման, հետո մխման և վերջում՝ արձակման։ Նման մշակումն ապահովում է մեքենայի դետալների մակերևութային շերտում և միջուկում իրարից տարբեր կառուցվածքների ստացումը։ Հնարավոր է նաև ջերմամշակման միևնույն եղանակի բազմապատիկ կրկնում։ Արագահատ պողպատներից պատրաստված գործիքների ջերմամշակման ժամանակ մխմանը, որպես կանոն, հաջորդում է եռապատիկ արձակումը։ Կիրառելով ջերմամշակման տարբեր եղանակներ՝ կարելի է վերականգնել մետաղի կամ համաձուլվածքի սկզբնական վիճակը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- International Heat Treatment Magazine in English
- Reed-Hill, Robert (1994). Principles of Physical Metallurgy (3rd ed.). Boston: PWS Publishing.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 481)։ ![]() |