Մետաղաչափական հանույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղաչափական հանույթ, լիթոերկրաքիմիական հանույթ, օգտակար հանածոների որոնման կարևորագույն երկրաքիմիական մեթոդ, հիմնված է ապարների և նրանց հողմահարման արգասիքների քիմիական կազմի պլանաչափ հետազոտության վրա։ Մետաղաչափական հանույթը․ հնարավորություն է ընձեռում բացահայտել օգտակար հանածոյի անտեսանելի հատկանիշները որոշակի ցանցով վերցված նմուշների գերզգայուն (օրինակ, սպեկտրալ) էքսպրես վերլուծության միջոցով։ Դրա հետևանքով հայտնաբերվում են լիթոերկրաքիմիական անոմալիաներ՝ օգտակար հանածոյի արժեքավոր կամ ուղեկցող տարրերի բարձր (սակավ՝ ցածր) պարունակություններ։ Այդ անոմալիաների մեջ երկրաբանաորոնողական նշանակություն ունեն երկրորդային (հիպերգեն) հոսքերն ու ցրման պսակները, որոնք առաջանում են հողմահարման կեղևում հանքային տարրերի միգրացման շնորհիվ, և հանքավայրերի առաջնային, մասնավորապես ներծին, պսակները, որոնք ձևավորվում են հանքառաջացման պրոցեսում։ Մանրազնին ուսումնասիրությունից հետո, բարենպաստ երկրաբանական գնահատման դեպքում, լիթոերկրաքիմիական անոմալիայի զոնայում տրվում են հանքափորվածքներ կամ հորատանցքեր օգտակար հանածոյի բացման և հետագա արդ. գնահատման համար։ Մետաղաչափական հանույթ իրականացվում է երկրաբանահետախուզական աշխատանքների բոլոր փուլերում։ Այն սովորաբար զուգակցվում է նույն կամ մոտ մասշտաբի երկրաբանական և երկրաֆիզիկական հանույթների հետ։ Մետաղաչափական հանույթի տվյալներով կազմվում են քարտեզներ, կտրվածքներ, գրաֆիկներ, որոնց վրա, հաշվի առնելով տեղական երկրաքիմիական ֆոնի վիճակագրական պարամետրերը և հանքահսկող ստրուկտուրաների ուղղությունը, առանձնացվում են լիթոերկրաքիմիական անոմալիաներ։ Մետաղաչափական հանույթի օգնությամբ ամբողջ աշխարհում հայտնաբերվել են գունավոր և հազվագյուտ մետաղների բազմաթիվ հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 477