Մեսրոպ Մաշտոցի դիմանկար (Ստեփանոս Ներսիսյան)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ստեփանոս Ներսիսյան |
տարի | 1882 |
բարձրություն | 106 սանտիմետր |
լայնություն | 88 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | Յուղաներկ կտավի վրա |
գտնվում է | Էջմիածնի Մայր Տաճար |
Ծանոթագրություններ |
Մեսրոպ Մաշտոցի դիմանկար, Ստեփանոս Ներսիսյանի 1882 թվականին ստեղծած կտավն է, որտեղ պատկերված է հայկական գրի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը հոգեկան ընդվզման ամենալարված պահին՝ առաջին տառերն ուրվագծելիս[1]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփանոս Ներսիսյանն իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել ժամանակի լուսավորության ու հասարակական մտքի զարգացմանը նվիրված անձանց[1]։ Մաշտոցի դիմանկարը Ստեփանոս Ներսիսյանը ստեղծել է կյանքի վերջին տարիներին՝ 1882 թվականին։ Նույն ժամանակ ստեղծել է նաև հայոց գրերի ստեղծման գործում Մաշտոցին սատարող, կաթողիկոս Սահակ Պարթևի դիմանկարը։ Երկու նկարն էլ լայն տարածում են գտել և ժողովրդականություն են վայելել։
Աշխատանքը կատարվել է գանձակեցի մեծահարուստ Տեր-Ներսիսյանի պատվերով, որոշ ժամանակ պահպանվել է նրա տան դահլիճներից մեկում, ապա՝ Թարգմանչաց եկեղեցում։ Նկարի տարբերակը եղել է Թիֆլիսի Վանքի եկեղեցում, իսկ այժմ պահպանվում է Էջմիածնի Մայր Տաճարում[1]։
Նկարի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը միաֆիգուր կոմպոզիցիա է։ Մեսրոպ Մաշտոցը նկարում պատկերված է ոգեշնչման պահին, մոխրաշականակագույն զգեստով, լեռան լանջին նստած։ Նա կիսով չափ թեքված է, գլուխը բարձրացրած։ Հայացքն ուղղել է դեպի երկինք, ձեռքը դրել է կրծքին։ Երկնքի ֆոնին հստակ ընդգծված է Մաշտոցի մարմինը։ Այն տիրապետող է կոմպոզիցիայում։ Ստեղծագործական երկունքի պահն է և նա ծնկին դրած մատյանում գրի է առնում հայերեն տառերը։ Բնության տեսարանը երկնքի պատկերը, այստեղ կատարում է լրացուցիչ դեր կերպարի լրիվ բացահայտման համար։ Հորիզոնում երևացող վաղորդյան արշալույսի ցոլքերը լուսավորել են Մեսրոպի դեմքը[2]։ Նկարի վերին ձախ անկյունում, առկայծվող լույսի մեջ պատկերված է թևատարած փոքրիկ աղավնի նշանագրերով փոքր տախտակը կտցին[1]։
Սյուժեի հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի հիմքում դարերի ընթացքում, ժողովրդի մեջ արմատավորված պատկերացումն է, թե հայերեն տառերը հորինելիս Մեսրոպը ներշնչվել է վերուստ՝ երկնքից իջած տեսիլքի ձևով։ Դրան հիմք է ծառայել պատմահայր Մովսես Խորենացու գրած առասպելը։ Իր «Պատմություն հայոց» գրքում Մովսես Խորենացին գրել է, որ Մեսրոպ Մաշտոցը հայ տառերը հորինել է «երկնային շնորհով»։
Մաշտոցի կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպարի կերտման հիմք է ծառայել Մովսես Խորենացու պատումը։ Խորենացին նշել է, որ Մեսրոպ Մաշտոցը «մարմնով փառահեղ» էր։ Ստեփանոս Ներսիսյանը առաջին պլան է բերել Մեսրոպին, որն էլ ավելի ընդգծել խոշոր մարմնի «փառահեղ» լինելը։ Կերպարի մկանուտ լինելու մասին վկայում է մարմնի բաց մասի՝ վզի հատվածը[2]։ Կերպարն իր ներքին էությամր օժտված է որոշ սրբացման երանգով։ Մեսրոպը պատկերում 40-ն անց առույգ, ամրակազմ, հաղթանդամ տղամարդ է, մի տարիք մարդու համար, երբ նրա ստեղծագործական միտքր հանդես է գալիս իր ողջ կարողությամբ[1]։
Հաստատելու համար Խորենացի պատմահոր «նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք» արտահայտությունը, Ներսիսյանը պատկերել է խելացի հայացքով հայ առնական տղամարդու՝ գեղեցիկ դիմագծերով, սև բեղերով, կարճ մորուքով, երեսը մի փոքր մազակալած։ Ըստ արվեստաբան Ե․ Մարտիկյանի Ստեփանոս Ներսիսյանը «Մեսրոպին պատկերել է մարդկային կոնկրետ, ռեալ նկարագրի հատկանիշներով»[3]։ Ըստ Մանյա Ղազարյանի՝ «նկարիչը հեռացել է մեսրոպյան կերպարի ավանդական պատկերումից. սուրբ, որը հրաշքի զորությամբ տեսնում է հայ նշանագրերը։ Ներսիսյանի համար կարևոր է դարձել ոչ թե միայն երևույթի հրաշքային կողմը, այլև մարդու ստեղծագործական միտքը, նրա ներքին կամքն ու ձգտումը»[1]։