Մեսխեթցի թուրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսխեթցի թուրքեր
Ընդհանուր քանակ

մոտ 400,000-600,000[1][2]
[3][4][5]

Բնակեցում
Վրաստան Վրաստան 1,500[6][7]
Ղազախստան Ղազախստան 150,000-180,000[6][7]
Ադրբեջան Ադրբեջան 90,000–110,000[6][7]
Ռուսաստան Ռուսաստան 70,000–95,000[7][6]
Ղրղզստան Ղրղզստան 42,000-50,000[6][7]
Թուրքիա Թուրքիա 40,000-76,000[8][6]
Ուզբեկստան Ուզբեկստան 15,000-38,000[8][6]
Ուկրաինա Ուկրաինա 8,000-10,000[6][8]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 9,000-16,000[8][6]
Հյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս 180[6]
Լեզու(ներ)
Թուրքերեն
ադրբեջաներեն  · ռուսերեն  · վրացերեն  · ղազախերեն
Հավատք(ներ)
Իսլամ[9]

Մեսխեթցի թուրքեր (թուրքերեն՝ Ahıska Türkleri[10][11], վրացերեն՝ მესხეთის თურქები Meskhetis t'urk'ebi), թուրքերի էթնիկ ենթախումբ, որոնք նախկինում բնակվում էին Վրաստանի Մեսխեթի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Թուրքերի ներկայությունը Մեսխեթում սկսվել է 1578 թվականի թուրքական արշավանքով[12], թեև թյուրքական ցեղերն այդ տարածաշրջանում հաստատվել են դեռևս 11-12-րդ դարերում[12]։

Այսօր մեսխեթցի թուրքերը ցրված են ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում (ինչպես նաև Թուրքիայում և Միացյալ Նահանգներում), քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնի տեղահանվել են։ Այդ ժամանակ Խորհրդային Միությունը պատրաստվել է ճնշման արշավ սկսել ընդդեմ Թուրքիայի, և Իոսիֆ Ստալինը ցանկացել է մաքրել Մեսխեթի տարածքը թուրք բնակչությունից, որը, հավանաբար, թշնամական էր տրամադրված Խորհրդային մտադրությունների հանդեպ[13]։ 1944 թվականին մեսխեթցի թուրքերը մեղադրվել են մաքսանենգության, ավազակության, լրտեսության և Թուրքիայի թուրքերի հետ թուրքական սահմանի միջոցով համագործակցելու մեջ։ 1944 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից Վրաստանից արտաքսվելուց ինչպես առաջ, այնպես էլ հետո նրանք բախվել են խտրականությունների և մարդու իրավունքների խախտումների[14]։ Մոտավորապես 115 000 մեսխեթցի թուրքեր արտաքսվել են Միջին Ասիա, և հետագայում միայն մի քանի հարյուրն են կարողացել վերադառնալ Վրաստան։ Նրանք, ովքեր 1990 թվականին գաղթել են Ուկրաինա, բնակություն են հաստատել ոչ զարգացած բնակավայրերում, որոնք բնակեցված են եղել սեզոնային աշխատողներով[14]։

Ծագում և տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսխեթցի թուրքերի ձեռքում կա մի պաստառ, որի վրա գրված է․ «Օսմանցիների թոռներ՝ մեսխեթցի թուրքեր» (թուրքերեն՝ Osmanlıların Torunları: Ahıskalı Türkler)

Մեսխեթցիների ծագումը մինչ օրս մնում է չհետազոտված և շատ վիճելի, սակայն հիմա ուրվագծվում են երկու հիմնական ուղղություններ․

  1. Թուրքամետ վարկած. մեսխեթցիները էթնիկ թուրքեր էին, որոնք օսմանյան վերաբնակիչների ժառանգներն են, որոնց բնակեցրած տարածքներում կային որոշ վրացիներ[15]։
  2. Վրացամետ վարկած․ վրաց պատմագրությունն ավանդաբար պնդում է, որ թուրք մեսխեթցիները, որոնք խոսում են թուրքերենի Կարսի բարբառով և պատկանում են սուննիական իսլամի հանաֆիական դպրոցին, պարզապես թյուրքացված մեսխեթցիներ են (վրացիների ազգագրական ենթախումբ), որոնք իսլամ են ընդունել 16-րդ դարի և 1829 թվականի միջև ընկած ժամանակահատվածում, երբ Սամցխե-Ջավախքի շրջանը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ[16]։

Սակայն Անատոլի Միխայլովիչ Խազանովը պնդում էր, որ «միանգամայն հնարավոր է, որ այդ տեսակետի կողմնակիցները չափազանց պարզեցրել են խմբի էթնիկ պատմությունը, հատկապես եթե համեմատենք այն մեկ այլ մահմեդական վրացական խմբի՝ աջարների հետ, որոնք, չնայած իսլամ ընդունելուն, պահպանել են ոչ միայն վրաց լեզուն, այլ որոշ չափով նաև վրացական ավանդական մշակույթն ու ինքնադրսևորումը։ Ընդհակառակը, մեսխեթցի թուրքերի ավանդական մշակույթը, թեև պարունակում էր վրացական որոշ տարրեր, նման էր թուրքականին»[16]։ Քեթրին Թոմլինսոնը պնդում էր, որ 1944 թվականին մեսխեթցի թուրքերի արտաքսման մասին խորհրդային փաստաթղթերում նրանք հիշատակվել են պարզապես որպես «թուրքեր», և որ հենց Ուզբեկստանից նրանց երկրորդ արտաքսումից հետո է ստեղծվել «մեսխեթցի թուրքեր» տերմինը[17]։ Ավելին, ըստ Ռոնալդ Վիքսմանի՝ «մեսխեթցի» տերմինը գործածության մեջ է մտել միայն 1950-ական թվականների վերջին[18]։ Իսկապես, մեսխեթցիների մեծ մասն իրենք իրենց պարզապես անվանել է «թուրք» կամ «թուրք ահիսկա» (թուրքերեն՝ Ahıska Türkleri)՝ վկայակոչելով տարածաշրջանը, որը նշանակում է «Ահիսկայի թուրքեր»։ Մեսխեթցիները երբեմն պնդում են, որ Վրաստանի միջնադարյան կումաններ-կիպչակները հնարավոր է՝ եղել են իրենց հնարավոր նախնիներից մեկը[19]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամցխե (Մեսխեթ) իշխանությունը 15-րդ դարի վերջին
Մեսխեթցի թուրքերի բնակեցրած տարածքը Վրացական ԽՍՀ սահմաններում, 1926 թվական

Օսմանյան նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասիայի պայմանագրով, որը կնքվել է 1555 թվականին, Մեսխեթ բաժանվում էր երկու մասի․ Սեֆյանները պահում էին արևելյան մասը, իսկ օսմանյան թուրքերին էր անցնում արևմտյան մասը[20]։ Շուտով օսմանյան թուրքերը նորից հարձակվել են Վրաստանում Սեֆյանների տիրապետության վրա, ինչը սկիզբ է դրել 1578-1590 թվականների թուրք-պարսկական պատերազմին, իսկ 1582 թվականին օսմանները տիրացել են նաև Մեսխեթի արևելյան (սեֆյան) հատվածին[21]։ Սեֆյանները 17-րդ դարի սկզբին վերականգնել են Մեսխեթիի արևելյան մասի վերահսկողությունը[21]։ Սակայն համաձայն Կասրե Շիրինի պայմանագրի (1639)՝ ամբողջ Մեսխեթն անցել է Օսմանյան կայսրության վերսկողության ներքո, ինչով էլ վերջ է դրվել տարածաշրջանը հետ վերադարձնելու Իրանի փորձերին[22][21]։

Խորհրդային կարգերի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի աքսորը Վրաստանից Միջին Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի նոյեմբերի 15-ին ԽՄԿԿ Կենտկոմի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը հրաման է տվել Մեսխեթից ավելի քան 115 000 մեսխեթցի թուրքերի արտաքսման մասին[23], որոնք գաղտնի վտարվել էին իրենց տներից և տարվել երկաթուղային վագոններ[24]։ Սովից, ծարավից և ցրտից զոհվել են 30 000-ից մինչև 50 000 տեղահանվածներ, ինչը արտաքսման և տեղահանությունների հետևանքով առաջացած զրկանքների ուղղակի արդյունք էր[25][24]։ Խորհրդային գվարդիան մեսխեթցի թուրքերին հաճախ առանց ուտելիքի, ջրի և վառելափայտի թողնում էր երկաթուղային ճանապարհների երկայնքով տարածվող ընդարձակ տարածաշրջանում։

Երիտասարդ մեսխեթցի թուրքեր, որոնք կրում են շապիկ, որի վրա գրված է․ «1944 թվականի նոյեմբերի 14, մենք չենք մոռացել աքսորը»։

1989 թվականի խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Ուզբեկստանում բնակվում էր 106 000 մեսխեթցի թուրք, Ղազախստանում՝ 50 000, Ղրղզստանում՝ 21 000[23]: Ի տարբերություն մյուս ազգությունների, որոնք արտաքսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ մեսխեթցի թուրքերի արտաքսման համար ոչ մի պատճառ չի տրվել, ինչը գաղտնի է մնացել մինչև 1968 թվականը[13]։ Միայն 1968 թվականին խորհրդային կառավարությունը վերջնականապես ճանաչել է մեսխեթցի թուրքերի արտաքսման փաստը։ Նրանց արտաքսման պատճառն այն էր, որ 1944 թվականին Խորհրդային Միությունը պատրաստվում էր Թուրքիայի դեմ ճնշման արշավ սկսել[13]։ 1945 թվականի հունիսին Վյաչեսլավ Մոլոտովը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Մոսկվայում Թուրքիայի դեսպանին պահանջ էր ներկայացրել Արևմտյան Հայաստանի երեք գավառների (Կարս, Արդահան և Արդվին) հանձնման մասին[13]։ Քանի որ Մոսկվան նույնպես պատրաստվում էր աջակցել Արևմտյան Հայաստանի մի շարք այլ նահանգների նկատմամբ հայկական պահանջներին, Թուրքիայի դեմ պատերազմը հնարավոր էր թվում, իսկ Իոսիֆ Ստալինը ցանկանում էր մաքրել վրաց-թուրքական ռազմավարական սահմանը, որտեղ հաստատված էին մեսխեթցի թուրքերը, որոնք հավանաբար թշնամական էին տրամադրված խորհրդային մտադրությունների հանդեպ[13]։

Ի տարբերություն մյուս տեղահանված մահմեդական խմբերի՝ մեսխեթցի թուրքերին չեն ռեաբիլիտացրել և թույլ չեն տվել վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր։ 1970 թվականի ապրիլին մեսխեթցի թուրքերի ազգային շարժման առաջնորդները դիմել էին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատուն՝ խնդրելով թույլ տալ իրենց որպես թուրք քաղաքացիներ գաղթել Թուրքիա, եթե խորհրդային կառավարությունը պնդի, որ հրաժարվում է թույլ տալ նրանց տեղափոխվել հետ՝ Մեսխեթ։ Սակայն այս ամենին ի պատասխան՝ խորհրդային կառավարությունը ձերբակալել է մեսխեթցի թուրքերի առաջնորդներին[26]։

1989 թվականի աքսոր Ուզբեկստանից այլ խորհրդային երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Ուզբեկստանում բնակություն հաստատած մեսխեթցի թուրքերի և բնիկ ուզբեկների միջև սկիզբ են առել զանգվածային անկարգություններ[23]։ Ազգայնամոլական դժգոհությունը մեսխեթցիների դեմ, որոնք ուզբեկների հետ մրցակցում էին գերբնակեցված Ֆերգանայի հովտի ռեսուրսների համար, նոր ուժով է բռնկվել։ Հարյուրավոր մեսխեթցի թուրքեր սպանվել են կամ վիրավորվել, ավերվել է գրեթե 1000 տուն, իսկ հազարավոր մեսխեթցի թուրքեր փախել են[23]։ Մեսխեթցի թուրքերի մեծ մասը՝ շուրջ 70 000 մարդ, մեկնել են Ադրբեջան, իսկ մյուսները՝ Ռուսաստանի տարբեր շրջաններ (հատկապես Կրասնոդարի երկրամաս), Ղազախստան, Ղրղզստան[23][27] և Ուկրաինա։

Պատերազմ Դոնբասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 2000 մեսխեթցի թուրքեր 2014 թվականի մայիսից կառավարական զորքերի և ռուսամետ անջատողականների միջև ռազմական գործողությունների ֆոնին ստիպված են եղել լքել իրենց տները Ուկրաինայում։ Դոնեցկ քաղաքի մեսխեթցի թուրքերի համայնքի ներկայացուցիչ Նեբիկան Բասատովը հայտարարել է, որ նրանք, ովքեր փախել են, ապաստան են փնտրել Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ուկրաինայի տարբեր մասերում[14]։ Ուկրաինայի արևելքի թուրքալեզու փոքրամասնության ավելի քան 300 մեսխեթցի թուրքեր մեկնել են արևելաթուրքական Երզնկայի նահանգ, որտեղ նրանք ապրելու են երկրում վերջերս ընդունված ապաստարանի տրամադրման միջոցառումների օգնությամբ[28]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսխեթցի թուրքերը Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց

Ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Միությունում բնակվում էր 207 502 թուրք[1]։ Սակայն խորհրդային իշխանությունները շատ մեսխեթցի թուրքերի գրանցել են որպես «ադրբեջանցիներ», «ղազախներ», «ղրղըզներ» և «ուզբեկներ»[1]։ Հետևաբար, պաշտոնական մարդահամարները, հնարավոր է, ցույց չեն տալիս մեսխեթցի թուրքերի բնակչության իրական արտացոլումը։ Օրինակ, ըստ 2009 թվականի ադրբեջանական մարդահամարի տվյալների, երկրում բնակվում էր 38 000 թուրք, սակայն մարդահամարում ոչ մի տարբերություն չկա մեսխեթցի թուրքերի և Թուրքիայի քաղաքացիների միջև, քանի որ երկու խմբերը պաշտոնական մարդահամարում դասակարգվում են որպես «թուրքեր» կամ «ադրբեջանցիներ»[29]։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցի համաձայն, որը հրապարակվել է 1999 թվականին՝ Ադրբեջանում ապրել է 100 000 մեսխեթցի թուրք, իսկ գոյություն չունեցող Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը 2001 թվականին հայտարարել է, որ Ադրբեջանում ապրել է 90 000-ից մինչև 110 000 մեսխեթցի թուրք[30][31], նույն կերպ ակադեմիական գնահատականներով՝ Ադրբեջանի մեսխեթցիների թուրքական համայնքը հաշվվում է 90 000-ից մինչև 110 000 մարդ[30]։

Վերջին շրջանում որոշ մեսխեթցի թուրքեր Ռուսաստանում, հատկապես Կրասնոդարում, բախվել են տեղի բնակչության թշնամանքին։ Կրասնոդարցի մեսխեթցի թուրքերը ենթարկվել են մարդու իրավունքների զգալի խախտումների՝ ներառյալ նրանց քաղաքացիությունից զրկելը։ Նրանք զրկված են քաղաքացիական, քաղաքական և սոցիալական իրավունքներից, նրանց արգելվում է սեփականություն ունենալ և զբաղվել աշխատանքային գործունեությամբ[32]։ 2004 թվականից շատ թուրքեր Կրասնոդարի երկրամասից որպես փախստականներ մեկնել են ԱՄՆ։ Նրանց մեծ մասը՝ շուրջ 1300 մարդ, գտնվում է Դեյթոնում։ Նրանց նախկինի պես արգելված է լրիվ հայրենադարձվել Վրաստան[33]։ Սակայն Վրաստանում մեսխեթցի թուրքերի նկատմամբ ռասիզմը դեռևս տարածված է կրոնական տարբերության և էթնիկ լարվածության պատճառով[34]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսխեթցի թուրքերի մեծ մասը դավանում է սուննի իսլամ, իսկ փոքրամասնությունը՝ շիա իսլամ[9][35]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսխեթցի թուրքերը խոսում են թուրքերենի արևելաանատոլիական բարբառով, որը ծագում է Կարսի, Արդահանի և Արդվինի շրջաններից[36]։ Մեսխեթերենի թուրքական բարբառը փոխառություններ ունի նաև այլ լեզուներից (այդ թվում՝ ադրբեջաներենից, վրացերենից, ղազախերենից, ղրղզերենից, ռուսերենից և ուզբեկերենից), որոնց հետ մեսխեթցի թուրքերը շփվել են ռուսական և խորհրդային իշխանությունների ժամանակ[36]։

Հարսանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսխեթցի թուրք հարսնացու հարսանիքի ժամանակ

Մեսխեթցի թուրքերի հարսանիքը բաղկացած է փեսացուի ծնողների ավանդական առաջարկից, և եթե հարսնացուի ծնողներն ընդունում են այդ առաջարկը, ապա անցկացվում է նշանադրություն կամ «Նիշան» (թուրքերեն՝ Nişan): Նշանադրության ժամանակ յուրաքանչյուրը ստանում է արարողակարգային քաղցր ըմպելիք, որը կոչվում է «շարբաթ»։ Հարսանիքը տևում է երկու օր։ Առաջին օրը հարսնացուն լքում է իր տունը, իսկ երկրորդ օրը տեղի է ունենում հարսանիքը։ Մինչ հարսնացուն կմտնի ամուսնու տուն, նա բարձրակրունկ կոշիկներով ջարդում է երկու ափսե և դռան մոտ մեղր դնում։ Այս ավանդույթը ծառայում է նորապսակներին ամուսնական կյանքում երջանկություն մաղթելու համար։ Հարսանիքի վերջում սկսվում է պարը, որտեղ տղամարդիկ ու կանայք առանձին են պարում։ Վերջում նորապսակներն ունենում են սեփական վերջին պարը, որը կոչվում է «վալս», ինչով էլ ավարտվում է հարսանիքը[37]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Aydıngün et al. 2006, 1 .
  2. Seferov & Akış 2011, 393 .
  3. Today's Zaman (15 August 2011)։ «Historic Meskhetian Turk documents destroyed»։ Today's Zaman։ Վերցված է 21 February 2012 
  4. Kanbolat Hasan (7 April 2009)։ «Return of Meskhetian Turks to Georgia delayed»։ Today's Zaman։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2011-ին։ Վերցված է 21 February 2012 
  5. Assembly of Turkish American Associations (5 February 2008)։ «ATAA and ATA-SC Visit Ahiska Turks in Los Angeles»։ Today's Zaman։ Արխիվացված է օրիգինալից 12 December 2010-ին։ Վերցված է 21 February 2012 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Al Jazeera (2014)։ «Ahıska Türklerinin 70 yıllık sürgünü»։ Al Jazeera։ Վերցված է 2016-07-05 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Aydıngün et al. 2006, 13 .
  8. 8,0 8,1 8,2 8,3 Aydıngün et al. 2006, 14 .
  9. 9,0 9,1 Aydıngün et al. 2006, 15 .
  10. page78.
  11. «ahiskalilar.org (turkish)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-23-ին։ Վերցված է 2020-10-28 
  12. 12,0 12,1 Aydıngün et al. 2006, 4 .
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Bennigsen & Broxup 1983, 30 .
  14. 14,0 14,1 14,2 «Clashes force 2,000 Meskhetian Turks to flee Ukraine - World Bulletin»։ World Bulletin։ Վերցված է 2016-02-03 
  15. Helmut Glück: Metzler Lexikon Sprache, 2005, p. 774
  16. 16,0 16,1 Khazanov 1995, 195 .
  17. Tomlinson 2005, 111 .
  18. Wixman 1984, 134 .
  19. Yunusov, Arif. The Akhiska (Meskhetian Turks): Twice Deported People. "Central Asia and Caucasus" (Lulea, Sweden), 1999 # 1(2), p. 162-165.
  20. Mikaberidze, 2015
  21. 21,0 21,1 21,2 Floor, 2001
  22. Tomlinson 2005, 110 .
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 UNHCR 1999b, 20 .
  24. 24,0 24,1 Minahan 2002, 1240 .
  25. Polian 2004, 155 .
  26. Bennigsen & Broxup 1983, 31 .
  27. UNHCR 1999b, 21 .
  28. «Turkey welcomes Meskhetian Turks from east Ukraine - World Bulletin»։ World Bulletin։ Վերցված է 2016-02-03 
  29. The State Statistical Committee of the Republic of Azerbaijan։ «Population by ethnic groups»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2012-01-16 
  30. 30,0 30,1 UNHCR 1999a, 14 .
  31. NATO Parliamentary Assembly։ «Minorities in the South Caucasus: Factor of Instability?»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-08-ին։ Վերցված է 2012-01-16 
  32. Barton, Heffernan & Armstrong 2002, 9 .
  33. Coşkun 2009, 5 .
  34. «Meskhetian Turks - Minority Rights Group»։ Minority Rights Group (en-GB)։ Վերցված է 2017-07-25 
  35. An Ethnohistorical Dictionary of the Russian and Soviet Empires.
  36. 36,0 36,1 Aydıngün et al. 2006, 23 .
  37. Ranard Donald, ed. (2006)։ Meskhetian Turks: An Introduction to their History, Culture and Resettlement Experiences։ Washington, DC: the Center for Applied Linguistics։ էջեր 18–19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Conquest, The Nation Killers: The Soviet Deportation of Nationalities (London: Macmillan, 1970) (0-333-10575-3)
  • S. Enders Wimbush and Ronald Wixman, "The Meskhetian Turks: A New Voice in Central Asia," Canadian Slavonic Papers 27, Nos. 2 and 3 (Summer and Fall, 1975): 320-340
  • Alexander Nekrich, The Punished Peoples: The Deportation and Fate of Soviet Minorities at the End of the Second World War (New York: W. W. Norton, 1978) (0-393-00068-0).
  • Emma Kh. Panesh and L. B. Ermolov (Translated by Kevin Tuite). Meskhetians. World Culture Encyclopedia. Accessed on September 1, 2007.