Նիք Մեյսոն (անգլ.՝ Nicholas Berkeley Mason) ծնվել է 1944 թվականի հունվարի 27-ին Բիրմինգհեմում։ Բրիտանացի երաժիշտ, ճարտարապետ, ավտոարշավորդ, երաժշտական պրոդյուսեր։ Ավելի հայտնի է որպես Բրիտանական պրոգրեսիվ ռոք խմբի՝ Փինք Ֆլոյդի թմբկահար։ Սովորել է Լոնդոնի հեղինակավոր "Frensham Heights School" դպրոցում։ Դեռևս ուսման տարիներին, երբ նա սովորում էր "Regent Street Polytechnik"-ի ճարտարապետական բաժանմունքում, 1965 թվականին նա մտավ Փինք Ֆլոյդի կազմի մեջ՝ որպես թմբկահար և որոշ ժամանակ անց մեծ հեղինակություն ձեռք բերեց։ Եվ միայն 16 տարի անց խմբի մյուս անդամներից հետո նա թողարկեց իր սոլո ձայնասկավառակը՝ Nick Mason's Fictitious Sports, որը Նիքը թողարկել է ջազ դաշնակահարուհի Կառլա Բլեյի հետ։ Այս ձայնասկավառակի ստեղծագործությունները, որոնք ավելի հոգեհարազատ էին Կառլային, քան Նիիքին, օգնել են ձայնագրել Ռոբերտ Ուայաթը, Քրիս Սփեդինգը և Կառլայի ամուսինը՝ Մայքլ Մենթլերը։ Բայց իհարկե Նիք Մեյսոնի համար սոլո ձայնասկավառակ թողարկելը քիչ կարևոր էր, քան հին ավտոմեքենաների իր հավաքածուն և Ֆորմուլա 1-ի մրցավազքերը։ Նիք Մեյսոնը հանդիսացել է նաև պրոդյուսեր Gong խմբի, The Damned փանք ռոք խմբի, Robert Wyatt-ի և Steve Hillage-ի համար։ 1986 թվականից հետո, երբ ավարտվեցին Ռոջեր Ուոթերսի հետ բոլոր դատավարությունները, Նիք Մեյսոնը Դեյվիդ Գիլմորի հետ միասին շարունակեց Փինք Ֆլոյդի գործունեությունը։ Նիք Մեյսոնը խմբի միակ անդամն է, որը եղել է խմբի կազմում սկզբից մինչև վերջ և խմբի հետ ձայնագրել է բոլոր ալբոմները՝ առաջինից մինչև վերջինը, ու նվագել է Փինք Ֆլոյդի բոլոր համերգներին։