Մեղվի մարմնի կառուցվածքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվի մարմնի կառուցվածքը

Ինչպես բոլոր միջատները, մեղուները նույնպես ունեն ամուր, բարդ կառուցվածքով մաշկային ծածկոց (կուտիկուլա), որն իրենից ներկայացնում է արտաքին կմաղքը։ Այն ոչ միայն մեղուների օրգանները պաշտպանում է անբարենպաստ արտաքին գործոններից, այլև ծառայում է ներքին օրգանների և մկանների ամրացման համար (որպես նեցուկ)։ File։ Մեղվի կառուցվածքը.jpgԿուտիկուլայի կազմի մեջ մտնում է խիտինը՝ նյութ, որը շատ դիմացկուն և միաժամանակ փափուկ ու առաձգական է։ Ոտքերի, մարմինը ծածկող թիթեղիկների (հատվածների) միացման տեղերում և որոշ մասերում կուտիկուլան առաջացնում է խիտինի մեծ պարունակությամբ բարակ թաղանթ։ Թաղանթը մարմնի տարբեր անդամիկներին հնարավորություն է տալիս ծալվելու և ուղղվելու։ Մեղվի մարմինը ծածկված է տարբեր ձևի և նշանակության մազիկներով։ Դրանցից մի քանիսը ծառայում են մարմինը մաքրելու, մյուսները՝ զգայունակ մազիկները, օդի ճմշման տատանումների ընկալման համար են, այսինքն՝ կատարվում է զգացողության օրգանների ֆունկցիա։ Մեղվի մարմինը պարզորոշ կերպով բաժանվում է մեկը մյուսին շարժական ձևով միացած 3 մասի՝ գլուխ, կուրծք և որովայն։
Գլուխը իրենից ներկայացնում է ամուր տուփ, որտեղ կենտրոնացած են զգացողության և նյարդային համակարգության օրգանների մեծ մասը։ Գլխի կողքերին տեղադրված են մեղվի ուռուցիկ, մեծ և բարդ աչքերը, որոնք բաղկացած են մի քանի հազար աչիկներից։ բացի դրանից մեղվի գլխի գագաթնային մասում գտնվում են սև 3, ոչմեծ հասարակ աչքեր։ Գլխի առջևի մասից դուրս են գալիս զույգ հատվածավոր բեղիկներ։ Յուրաքանչյուր բեղիկ կազմված է մեկ երկար հիմնական հոդվածից և լարիկից։ Աշխատավոր և մայր մեղվի լարիկը կազմված է 11, իսկ բոռերինը 12 հոդվածներից։ Բեղիկների վրա դրված են հոտառության և շոշափելիքի օրգանները։
Կուրծքը կազմված է մեկը մյուսին միացած 4 օղակից։ Յուրաքանճյուր նօղակ կազմված է 4 մասից. մեջքային(տերգիտ), որովայնային(ստերնիկ) և 2 կողքային(պլեյրիտ)։ Առաջին օղակը ծառայում է գլուխը կրծքին շարժական միանալու համար։ Այդ օղակը ամուր միացած է կրծքին, իսկ պլեյրիտները և ստերնիտները՝ գլխին։ Դրա շնորհիվ գլուխը կրծքի հետ միացած է օղակաձև թաղանթով(մեմբրանով), որը մեղվին հնարավորություն է տալիս գլուխը շարժելու ամեն կողմ։ Դա անհրաժեշտ է փեթակում և ծաղիկների վրա աշխատելու համար։
Որովայնում կենտրոնացած են հիմնակսն ներքին օրգանների մեծ մասը՝ աղիքները, սիրտը, արտազատման, շնչառական, պաշտպանական օրգանները, ինչպես նաև սեռական օրգանները։ Մեղվի և մայր մեղվի որովայնը կազմված է 6 օղակներից, իսկ բոռինը՝ 7։ Մեղուների և մայր մեղվի որովային ծայրում գտնվում է պաշտպանական օրգանը՝ խայթոցը։ Բոռը խայթոց չունի։
Թևերը Այն կառուցված է բավական բարդ։ կենտրոնական տեղը գրավում են սողնակները, որոնցից դուրս են գալիս զույգ ելուստները և թիթեղիկները։ հանգիստ վիճակում մեղվի խայթոցը չի երևում, այն քաշված է որովայնի մեջ[1]։

Մայր մեղու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվաընտանիքի այն գլխավոր անդամն է, որն ունակ է սերունդ տալ։ Քաշով և չափերով գերազանցում է բոլոր մյուս մեղուներին։ Կախված սորտային առանձնահատկությունից և սեզոնից մայր մեղվի մարմնի երկարությունը տատանվում է 20-25մմ սահմաններում։ Բեղմնավորված մոր քաշը 200-250մգ է, չբեղմնավորվածինը՝ 150-200մգ։ Լիարժեք բեղուն մայրը 1 օրում դնում է մինչև 2000 ձու, իսկ մեղրակուտակման սեզոնի ընթացքում մինչև 200 հազար ձու։ Յուրաքանչյուր ձվի ձվադրման վրա մայրը ծախսում է 40-46 վայրկյան։

Մարսողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի բարդ բաղկացուցիչ մասերի տրոհումը ավելի պարզի և վերջինների ներծծումը տեղի է ունենում աղիքում, որը կազմված է առաջնաղիքից, միջնաղիքից, վերջնաղիքից։ Առաջադրանքի մեջ մտնում են ըմպանը, կերակրափողը, մեղրապարկը և միջանկյալ խողովակը՝ փականը։
Ըմպանը իրենից ներկայացնում է մկանային պատերով խողովակ։ Ըմպանի մկանների կծկումով հեղուկ կերը ներծծվում է։
Կերակրափողը երկար նեղ խողովակ է, սկսվում է ըմպանից, ձգվում է մեղվի կրծքի երկարությամբ և որովայնի սկզբին լայնանում է, առաջացնելով մեղրապարկը։ Այստեղ լցվում է նեկտարը, որը մեղուները հավաքել են ծաղիկներից փեթակ բերելու համար։ Փեթակում նեկտարը դատարկելիս սեղմվում են մեղրապարկի պատերը։ Մեղուն մեղրապարկի մեջ կարող է տեղավորել մինչև 55-60 մգ նեկտար կամ մեղր։ Մարսողության ժամանակ միջնաղիքի պատերը արտազատում են մածուկանման զանգված (շուրջսննդային թաղանթ), որը պատում է սնունդը և նրա հետ շարժվում է աղիքներով։ Չմարսված նյութերը մղվում են աղիքի հետևի բաժինը, սկզբում բարակ աղիքը, իսկ այնուհետև՝ հաստ աղիքը։ Կղկղանքը աղիքից արտազատվում է փեթակից դուրս թռիչքի ժամանակ։

Թքագեղձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուների թքագեղձերը 4 զույգ են, որոնք կպած են աղիքի առջևի բաժնին։ Վերին ծնոտի հիմքի մոտ գտնվում է վերծնոտային գեղձը, որը կազմված է գեղձային պատերով, ամուր երկթիաբերանային պարկից։ Երիտասարդ մեղվի այդ գեղձի արտազատուկը մտնում է կաթնահյութի կազմի մեջ, որով նրանք կերակրում են թրթուրներին։ Ավելի մեծահասակ մեղուների գեղձն արտադրում է արտազատուկ՝ մեղրահացերը կառուցելու ժամանակ մեղվամոմերին մասնիկները լուծելու և միացնելու համար։ Մայր մեղուների վերծնոտային գեղձը շատ է զարգացած։ Բոռերը վերծնոտային գեղձ չունեն։ Ըմպանայի գեղձը գտնվում է գլխում, ուղեղի առջևի մասում։ Այն կազմված է բազմաթիվ գնդաձև գեղձային բջիջներից, որոնք տեղավորված են ընդհանուր երկար ծորանի շուրջը։ Երիտասարդ մեղվի այդ գեղձը արտադրում է արտազատուկ, որը մտնում է թրթուրներին կերակրելու համար արտադրվող կաթնահյութի կազմի մեջ։ Հետգլխային գեղձը գտնվում է գլխում, ուղեղի հետևի մասում։ Արտազատում է ճարպանման արտազատուկ՝ կնճիթի շարժվող մասերը պատելու համար։ Բոռերի այդ գեղձը թույլ է զարգացած, աշխատավոր մեղուներինը լավ է զարգացած, մայր մեղվինը ամենից շատ է զարգացած։ Կրծքային գեղձը գտնվում է կրծքում, բայց արտածորանը ձգվում է գլխով և վերջանում է ստորին շուրթի հիմքում։ Այդ գեղձի արտազատուկը թքի դեր է կատարում։ Դրա օգնությամբ մեղուները լուծում են շաքարի բյուրեղիկները, այն որոշակի նշանակություն ունի և մարսողության համար։

Արյան շրջանառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղվի արյունն իրենից ներկայացնում է անգույն հեղուկ (պլազմա), որի մեջ լողում են արյան մարմինիկները՝ հեմոցիտները։ Մեղվի արյունը կարմիր մարմնիկներ չի պարունակում, և, հետևաբար, չի կատարում դեպի մարմնի բջիջները թթվածինը տեղափոխելու ֆունկցիա։ Դրա համար էլ, ի տարբերություն բարձրակարգ կենդանիների արյան, անվանում են հեմոլիմֆ։ Հեմոլիմֆը սննդանյութերը բաշխում է ամբողջ մարմնով, և դրանք հասցնում յուրաքանչյուր օրգանին, բջջին։

Շնչառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմն բջիջներում սննդանյութերը միանում են թթվածնի հետ (օքսիդանում են)։ Ածխաջրատների և ճարպերի օքսիդացման ժամանակ անջատվում է ջերմություն, որն անհրաժեշտ է մեղվի նորմալ կենսագործունեության համար։ Նշված նյութերի քայքայումից առաջանում են ածխաթթու գազ և ջուր։ Սպիտակուցների քայքայման ժամանակ, բացի ածխաթթու գազից և ջրից, առաջանում են նաև բարդ միացություններ՝ միզաթթու, աղեր և այլ նյութեր։ Շնչառության ժամանակ թթվածինը հասնում է օրգաններին և բջիջներին, մարմնից անջատվում է ածխաթթու գազ և առատ ջուր՝ ջրային գոլորշիների ձևով։ Բարձրակարգ կենդանինիերը շնչում են թոքերով, որտեղ արյունը հագենում է թթվածնով, այնուհետև այն տարածվում է ամբողջ մարմնով։ Մեղուների արյան ավիշը թթվածնի բաշխման ֆունկցիա չի կատարում։ Մեղուներն աչքի են ընկնում ինտենսիվ նյութափոխանակությամբ շատ մեծ դիապազոնով։ Հանգիստ վիճակում նրանք կարող են ապրել, երբ օդի թթվածնի պարունակությունն իջնում է մինչև 4%-ի, եթե թթվածնի պարունակությունն իջնում է մինչև 16%-ի, մարդն արդեն տոթ է զգում։

Արտաթորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակուցային նյութափոխանակության հետևանքով մեղուների օրգանիզմում առաջացած միզաթթուն և աղերն ընկնում են արյան ավիշի մեջ, այնուհետև մարմնից հեռանում են մարնի արտազատման օրգանների միջոցով։ Բարձրակարգ կենդանիների այդ ֆունկցիան կատարում են երիկամները, իսկ մեղուներինը, այսպես կոչված, մալպիգյան անոթները։ Դրանք կազմված են շուրջ 20մմ երկարության և 0,1-0,01 մմ լայնության խողովակներից։ Խողովակները տեղադրված են որովայնի խոռոչում՝ միջնաղիքի հետևի մասին մոտ, դրանք բոլորը բացվում են աղիքի լուսանցքի այն տեղում, ուր միջնաղիքը միանում է բարակ աղիքին։ Մեղուների մալպիկյան անոթների քանակը տարբեր է՝ 80-100 և ավելի։ Այդ անոթները անեմ կողմից ողողվում են արյան ավիշով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեղվաբույծի դասագիրք, Հայաստան հրատարակչություն, Երևան-1974