Մեղվաթույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղվաթույն, ապիտոքսին (լատ․ apis — մեղու և հունարեն թարգմանաբար τοξικός — թույն), աշխատավոր մեղվի խայթող օրգանի թելանման գեղձի արտազատուկ։ Անգույն, թանձր, յուրահատուկ հոտով դառնահամ հեղուկ է։ Քիմիական բաղադրությունը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ սպիտակուց (մելիտին), ֆերմենտներ (հիալուրոնիդազ, լեցիտինագ A), ազատ ամինաթթուներ, հիստամին, մրջնաթթու և այլ թթուներ, ճարպեր, ցնդող յուղեր, որոշ միկրոտարրեր և այլն։ Մեղվաթույնի ազդող նյութերից են հիստամինի գլիկոզիդը, լիպիդները և սապոնինանման (կենդանական ծագման) նյութերը։ Խտությունը 1,1313 գ/սմ3 է, օդում արագ պնդանում է։ Հեշտ լուծվում է ջրում, ավելի դժվար՝ մրջնաթթվում և 60% սպիրտում։ Ջերմակայուն է (սառեցումը և տաքացումը մինչև 115°С չեն փոխում նրա հատկությունները)։ Մեղուն խայթելիս արտադրում է 0,2—0,3 մգ թույն, մահացու քանակը՝ մոտ 0,2 գ (500—1000 խայթոց)։ Մեղվաթույնը ունի հակաբորբոքային և խոլինոլիտիկ ազդեցություն։ Մեղվաթույնի պատրաստուկները (վենապիոլին, տոքսապին, ապիզարտրոն, վիրապին) օգտագործվում են լուծույթներում, քսուքներում, էլեկտրաֆորեզի միջոցով մի շարք հիվանդությունների՝ հոդացավերի, մկանաբորբերի, նյարդացավերի, ռադիկուլիտի, տրոֆիկ (սնուցողական) խոցերի, թրոմբոֆլեբիտի և այլնի բուժման համար։ Հակացուցված է վարակիչ, լյարդի, երիկամների, արյան, սիրտ-անոթային համակարգի, հոգեկան հիվանդությունների, շաքարախտի և հատկապես մեղվաթույնի նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում։

Երիտասարդ մեղուների թույնը շատ քիչ է, երկուշաբաթյա տարիք ունեցողներն ունեն ամենաշատ թույնը, այնուհետև նրանց թունագեղձն սկսում է ետ զարգանալ։ Կան թույն հավաքելու մի քանի եղանակներ, բայց դրանք բոլորն էլ մեղվին մահվան են հասցնում։

Մեղվաթույն կարելի է ստանալ նաև մեղուներին քնեցնելու եղանակով։ Թույն հավաքելու եղանակներն անընդհատ կատարելագործվում են։ Վերջին ժամանակներս օգտագործվում են նաև էլեկտրական սարքավորումներ՝ մեղվափեթակի անցքի մոտ տեղադրում են ապակի, որի վրա փռում են բարակ մետաղական ցանց, որի միջով թույլ հոսանք են թողնում։ Մեղուն, հարվածի ենթարկվելով, խայթում է ապակին և թույն արտադրում։ Մեղուն նաև արտադրում է մեղր մոմ և կաթնահյութ։

Մեղվաթույնի բուժական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մարդիկ, որոնք ի ծնե չեն կարող դիմանալ անգամ 1 մեղվի խայթոցին, հայտնի են մահվան դեպքեր։ Մեղվաբույծները, որոնք աստիճանաբար ընտելացել են խայթոցներին, կարող են դիմանալ միաժամանակյա 1000 խայթոցի, իսկ սովորական մարդկանց համար միաժամանակյա 500 խայթոցը կարող է մահացու լինել։

Թունավոր դոզաների դեպքում մեղվաթույնը տրոհում է էրիթրոցիտները։ Բուժական և թունավոր դոզաների միջև գոյություն ունի մեծ տարբերություն, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել անհատական չափաքանակ։ Մեղվաթույնը կարելի է օրգանիզմ մտցնել տարբեր եղանակներով՝ ներարկում, ինհալյացիա, քսուքի, դեղահաբի տեսքով, բայց ամեաարդյունավետը մեղվի խայթոցին ենթարկվելն է։ Խայթման վտանգավոր տեղամաս է համարվում քիմքը, կլանը, վզի կողքային մասերը, աչքերը, ծնկի ետին մասը։

Մեղվթույնը կիրառում են սակավարյունության, տրոմբոֆլեբիտի, աթերոսկլերոզի, հիպոֆիզ-մակերիկամային համակարգի վատ աշխատանքի, ճառագայթային հիվանդության, ռևմատիկ պոլիարտրիտի, ռադիկուլիտի, նյարդային բորբոքումների, խոցերի, բրոնխիալ ասթմայի, միգրենի, հիպերտոնիայի դեպքում։ Մեղվաթույնով բուժումը հակացուցված է լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, շաքարախտի, թոքախտի, ուռուցքների, սրտային անբավարարության, հյուծվածության, վարակների դեպքում։

Այդ հիվանդությունների դեպքում մեղվաթույնի կիրառումը սրում է հիվանդությունը, վատացնում հիվանդի ընդհանուր վիճակը։ Մարդկանց 0,5-2%-ը տառապում է մեղվաթույնի նկատմամբ գերզգայունությամբ, որը կարող է մահվան հասցնել։ Այդ հանգամանքը ճշտելու համար պետք է հիվանդին ենթարկել մեղվաթույնի շատ փոքր քանակության ազդեցությանը, եթե դրանից հետո առաջանում է ընդհանուր թուլություն, գլխացավ, բարձրանում է ջերմաստիճանը, մեզի մեջ ավելանում են սպիտակուցն ու շաքարը, ապա բուժումը մեղվաթույնով հակացուցված է։

Մեղուներին խայթոցի համար հաճախ տեղադրում են ուսերին, ազդրերին՝ փոխելով տեղերը այնպես, որ նույն տեղում խաայթոցի հերթը հասնի 4-5 օր հետո։ Խայթման տեղամասը կախված է նաև հիվանդության բնույթից, օրինակ՝ հիպերտոնիայի դեպքում մեղուն պետք է խայթի ականջների ետին մասերը, գոտկատեղը։ Աչքերի հիվանդության դեպքում՝ քունքերը, գիշերամիզության դեպքում՝ փորը, չլավացող վերքերի դեպքում վերքից՝ 5 սմ հեռավորության վրա, վահանաձև գեղձի հիվանդության դեպքում՝ գեղձից վեր աջ ու ձախ կողմերը, գոտկատեղը։ Բուժման ընթացքում պետք է պաշտպանել մրգա-բանջարեղենային դիետա։ Մեղվաթույնի կիրառմանը զուգընթաց ցանկալի է նաև մեղրի օգտագործումը։ Թույնը չպետք է կիրառել կուշտ ուտելուց անմիջապես հետո և չի կարելի օգտագործել խմիչքներ, սուր համեմունքներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артёмов, Николай Михайлович|Артемов Н. М. Пчелиный яд, его физиологические свойства и терапевтическое применение. Москва; Ленинград: Академия наук СССР, 1941.
  • Крылов, Василий Николаевич|Крылов В. Н. Пчелиный яд: Свойства, получение, применение. Н. Новгород, 1995.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apitoxin at the US National Library of Medicine Medical Subject Headings (MeSH)