Մեկնաբանում (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեկնաբանում (< լատ. intepretatio – պարզաբանում, բացատրում), հնչյունների հնչեցման (կատարման) ընթացքը՝ ըստ նոտային տեքստի։ Պայմանավորված է երաժշտական տվյալ դպրոցի կամ ուղղության գեղագիտական սկզբունքներով, որի հետևորդն է նաև երաժիշտ-կատարողը (երգիչ, գործիքավորող, դիրիժոր կամ կամերային անսամբլ)՝ անհատական կարողություններով ու գաղափարագեղարվեստական մտահղացմամբ[1]։ Մեկնաբանման ընթացքում կարևոր են կատարողի ստեղծագործական սկզբունքները՝ հեղինակի գեղարվեստական մտահղացումը մար­մնավորելու համար։

Ի տարբերություն տարածական արվեստների՝ գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության, երաժշտությունը, գոյություն ունենալով երաժշտական նոտագրության տեսքով, կարիք ունի վերստեղծման ակտի, այսինքն՝ կատարողի միջնորդության. երաժշտական ստեղծագործությունն իր իրական հնչեղությունն ստանում է միայն կատարման ընթացքում[2]։ Նոտային նոտագրությունն արձանագրում է միայն հնչյունների բարձրահարկ և ռիթմիկ հարաբերակցությունների համադրությունը. նոտային տեքստի ինտոնացիան, ստեղծագործության գեղարվեստական բովանդակության բացահայտումը կատարողի խնդիրն է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարը մեկնաբանման արվեստը սերտորեն կապված էր կոմպոզիտորական ստեղծագործության հետ, քանի որ, որպես կանոն, կոմպոզիտորներն են կատարել սեփական գործերը։ Մեկնաբանման զարգացմանը մեծապես նպաստել է ակտիվ համերգային գործունեությունը։ Որպես ինքնուրույն արվեստ՝ առավել կարևորվել է 1820–30-ական թվականներին։ Մեկնաբանության արվեստը, որը ենթադրում է կատարողի անհատական մոտեցում ստեղծագործությանը և նրա մոտ սեփական ստեղծագործական հայեցակարգի առկայությունը, նրա ինքնատիպությունն ու եզակիությունը, առաջացել է 18-րդ դարի կեսերին և զարգացել է կատարումը կոմպոզիտորական ստեղծագործությունից առանձնացնելու գործընթացում՝ այն վերածելով ինքնուրույն մասնագիտության, քանի որ «մեկնաբանում» հասկացությունը ենթադրում է ոչ թե սեփական ստեղծագործությունների, այլ ուրիշ հեղինակների ստեղծագործությունների մեկնաբանություն։ Կատարողական արվեստում հաստատվել է երաժիշտ-մեկնաբանողի նոր տեսակ, որը կատարել է այլ կոմպոզիտորների գործեր (Ֆ. Լիստ, Ա. Գ. Ռուբինշտեյն, Ս. Վ. Ռախմանինով և ուրիշներ)։ Զուգահեռ շարունակվել է նաև հեղինակային կատարումը։ 19-րդ դարում մեծացել է երաժիշտ-կատարողի նշանակությունը. երաժշտության մեջ անհատական սկզբունքի աստիճանական խորացմամբ, մասսայականացմամբ, երաժշտության արտահայտիչ և տեխնիկական միջոցների բարդացմամբ, մեկնաբանման խնդիրներն աստիճանաբար բարդացել են[1]։ Ձևավորվել են կատարման տարբեր ոճեր՝ բարոկկո, ռոկոկո, սենտիմենտալիզմ, որոնք պահանջում էին կատարման տարբեր ձևեր[2]։ Ֆրանսիական մեծ հեղափոխության և նապոլեոնյան պատերազմների տարիներին հասարակությունը նախընտրել է ինտիմ փորձառությունները զգացմունքների լիարժեքությունից և կատարող-հռետորի վառ արտահայտչականությունը. հերոսական կլասիցիզմի ոճը, որը ձևավորվել է Ֆրանսիայում 18-րդ և 19-րդ դարերի սահմանագծին, վերաճել է ռոմանտիկ ոճի. ռոմանտիկ կատարողի համար ուրիշի ստեղծագործությունը որոշ չափով դարձել է ինքնարտահայտման միջոց[2]։

19-րդ դարի կեսերից ձևավորել է մեկնաբանման տեսությունը, որն ուսումնասիրում է կատարողական դպրոցների բազմազանությունը, մեկնաբանման գեղագիտական սկզբունքերը, կատարողականության տեխնիկական խնդիրները։ 20-րդ դարի սկզբին այն դարձել է երաժշտագիտության բաժիններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ямпольский И. М. Интерпретация // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1974. — Т. 2.
  • Ямпольский И. М. Исполнение музыкальное // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1974. — Т. 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։