Մեկանգամյա օգտագործման հասարակություն

Մեկանգամյա օգտագործման հասարակություն կամ «Աղբ նետող» հասարակություն, ժամանակակից սպառողական մշակույթ, սպառողականությամբ առաջնորդվող հասարակական մոդել, որտեղ ապրանքները նախատեսված են կարճաժամկետ օգտագործման և անմիջապես դեն նետման համար, ինչը հանգեցնում է չափազանց շատ թափոնների առաջացման և ռեսուրսների գերսպառման[1]։
Սա մարդկային սոցիալական հայեցակարգի ընդհանրացված նկարագրություն է, որը սպառողականության մեծ ազդեցություն է կրում։ Այս մշակույթը առաջնահերթություն է տալիս հարմարավետությանը և ցածր նախնական արժեքին՝ ի հաշիվ երկարակեցության և ռեսուրսների խնայողության․ հասարակությունը հակված է իրերն օգտագործել միայն մեկ անգամ՝ օգտվելով միանգամյա օգտագործման փաթեթավորումից և սպառողական ապրանքներից, որոնք նախատեսված չեն վերօգտագործման համար (օրինակ՝ միանգամյա օգտագործման ապրանքներ) կամ պիտանելիության կարճ տևողություն ունեն (օրինակ՝ էժան արագ նորաձևություն):
Այս տերմինը նկարագրում է քննադատական մոտեցում կարճատև կամ միանգամյա օգտագործման ապրանքների գերսպառման և չափազանց արտադրության նկատմամբ՝ համեմատած վերանորոգման ենթակա երկարատև ապրանքների հետ, թեև հայեցակարգի ձևավորման սկզբնական շրջանում այն դիտարկվել է որպես դրական հատկանիշ[2]:
Տերմինի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան «Life» ամսագրի 1955 թվականի օգոստոսի 1-ի համարում հրապարակվել է «Հապճեպ կյանք» (կամ դեն նետողային կյանք Throwaway Living) վերնագրով հոդված[3]։ Այս հոդվածում առաջին անգամ օգտագործված «սպառողական հասարակությունը» նկարագրող «մեկանգամյա օգտագործման հասարակություն» (անգլ.՝ throw-away society) տերմինը մտել է շրջանառության մեջ[4]։ Տերմինը սկզբնապես ներկայացվել է որպես դրական երևույթ, որը կնվազեցնի տնային գործերի վրա ծախսվող ժամանակը։
Փաթեթավորման թափոնների աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական աճի վերջին դարում գրանցվել է ինչպես արտադրության աճ, այնպես էլ արտադրանքի թափոնների աճ: 1906 թվականից (Նյու Յորք քաղաքում թափոնների հավաքման սկիզբը և առաջին աղբայրիչ գործարանները, օրինակ՝ Վիլյամսբուրգի կամրջի տակ)[5] մինչև 2005 թվականը «արտադրանքի թափոնների» (փաթեթավորում և հին արտադրանք) քանակը տասնապատիկ աճել է՝ տարեկան մեկ անձի հաշվով 92-ից հասնելով 1242 ֆունտի (42-ից 563 կգ): Տարաներն ու փաթեթավորումն այժմ կազմում են համայնքային պինդ թափոնների 32 տոկոսը: Կարճակյաց ապրանքները (որոնք սահմանվում են որպես երեք տարուց պակաս օգտագործվող ապրանքներ) կազմում են 27 տոկոսը, մինչդեռ երկարակյաց ապրանքները՝ 16 տոկոսը[6]:
Սննդի սպասարկում և սննդի միանգամյա օգտագործման առարկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
վերից վար՝ Թայվանի պլաստիկե փայտիկներ
մայրցամաքային Չինաստանից ճենապակյա փայտիկներ
Տիբեթից բամբուկե փայտիկներ
Ինդոնեզիայից կոկոսի փայտիկներ (վիետնամական ոճով)
Կորեայից չժանգոտվող հարթ փայտիկներ (և գդալ), Ճապոնիայից զույգ սուջեո (երկու զույգ), ճապոնական մանկական փայտիկներ և միանգամյա օգտագործման «վարիբաշի» (փաթեթավորված)։
Միանգամյա օգտագործման սպասքը ԱՄՆ-ում արագ սննդի ռեստորանների ցանցերի բիզնես ռազմավարության հիմնական մասն է[7]։ Արագ սննդի ցանցերը կարող են կրճատել ծախսերը՝ գովազդային արշավների միջոցով համոզելով սպառողներին իրենց սպասքը նետել աղբաման՝ այդպիսով խույս տալով սեղանները մաքրելու աշխատանքից[8]։ Արդյունքում՝ աշխատանքի խնայողությունով փոխհատուցել սպասքի արժեքը։
2002 թվականին Թայվանը սկսել է միջոցներ ձեռնարկել հաստատություններում և բիզնեսներում միանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը կրճատելու և պլաստիկե տոպրակների օգտագործումը կրճատելու համար։ Տարեկան 17.7 միլիոն բնակչություն ունեցող երկիրն արտադրում էր 59 000 տոննա միանգամյա օգտագործման սպասքի թափոններ և 105 000 տոննա պլաստիկե տոպրակների թափոններ, և այդ ժամանակվանից ի վեր ձեռնարկվել են ավելի ու ավելի շատ միջոցներ թափոնների քանակը նվազեցնելու համար[9]: 2013 թվականին Թայվանի շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը (EPA) ամբողջությամբ արգելել է միանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը երկրի 968 դպրոցներում, պետական գործակալություններում և հիվանդանոցներում: Ակնկալվում է, որ արգելքը տարեկան կվերացնի 2600 տոննա թափոններ[10]։
Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում ընդունվել են օրենքներ, որոնք արգելում են միանգամյա օգտագործման սննդի և խմիչքի տարաների օգտագործումը մեծածավալ միջոցառումների ժամանակ: Նման արգելք Մյունխենում, (Գերմանիա), գործում է 1991 թվականից և վերաբերում է քաղաքային բոլոր օբյեկտներին և միջոցառումներին: Սա ներառում է բոլոր չափերի միջոցառումները, այդ թվում՝ շատ մեծերը (Սուրբ Ծննդյան շուկա, Աուեր-Դուլտ տոնավաճառ, Օկտոբերֆեստ և Մյունխենի քաղաքային մարաթոն): Մի քանի հարյուր մարդուց բաղկացած փոքր միջոցառումների համար քաղաքը կազմակերպել է մի ընկերության կողմից սպասքի և աման լվացող մեքենաների վարձակալության առաջարկ: Այս կարգավորման միջոցով Մյունխենը մասամբ կրճատել է տասնյակ հազարավոր մարդկանց ներգրավող Օկտոբերֆեստի ժամանակ առաջացած թափոնները 1990 թվականի 11,000 մետրիկ տոննայից մինչև 1999 թվականի 550 տոննա[11]։
Չինաստանը տարեկան արտադրում է մոտ 57 միլիարդ զույգ միանգամյա օգտագործման փայտիկներ, որոնց կեսը արտահանվում է։ Մոտ 45 տոկոսը պատրաստվում է ծառերից (մոտ 3.8 միլիոնը հատ) հիմնականում բարդի, կեչի և եղևնի, մնացածը պատրաստվում է բամբուկից։ Ճապոնիան տարեկան օգտագործում է մոտ 24 միլիարդ զույգ այդպիսի միանգամյա օգտագործման ձողեր, իսկ ամբողջ աշխարհում՝ մոտ 80 միլիարդ զույգ դեն են նետվում մոտ 1.4միլիարդ մարդու կողմից։ Ռեստորաններում բազմակի օգտագործման փայտիկներն օգտագործվում են 130 անգամ։ Ճապոնիայում, որտեղ միանգամյա օգտագործման փայտիկներն արժեն մոտ 2 ցենտ, իսկ բազմակի օգտագործման փայտիկները սովորաբար 1.17 դոլար, բազմակի օգտագործման փայտիկների գնի անվնասաբերությունը գերազանցում է 2.60 դոլարը։ Այս թափոնները կրճատելու համար մի շարք երկրներում իրականացվող արշավները սկսում են որոշակի արդյունքներ են գրանցել[12][13]։
Թափոններ և սոցիալ-տնտեսական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանգամյա օգտագործման արտադրանքի թափոնները հաճախ տեղափոխվում են ավելի հարուստ երկրներից ավելի աղքատ երկրներ, ինչը շրջակա միջավայրի և սոցիալական խնդիրներ է առաջացնում զարգացող երկրների համար: Առավել նշանակալից են Հյուսիսային Ամերիկայից և Արևմտյան Եվրոպայից Աֆրիկա և Ասիա աղբի մեծ խմբաքանակները՝ հեռացման համեմատաբար ցածր գնի պատճառով: 1990-ական թվականներին Աֆրիկայի բոլոր երկրների կեսից ավելին բախվել է ավելի հարուստ երկրների կողմից թափված թունավոր թափոնների բացասական արտաքին ազդեցություններին:
Թունավոր և ոչ թունավոր թափոնները հաճախ թափվում են առանց անվտանգության կանոնակարգերի: Դրանք նետվում են չպատված և չկարգավորվող աղբավայրեր, որտեղ աղտոտում են հողը և ջուրը, և նույնիսկ այրվում են, ինչը տոքսիններ է տարածում օդում: Վերջերս Նիգերիա տեղափոխվող էլեկտրոնային թափոնների քանակն աճել է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի կողմից էլեկտրոնիկայի ավելի մեծ սպառման պատճառով, ամեն ամիս հին էլեկտրոնիկայի հարյուրավոր խմբաքանակներ են հանձնվում Նիգերիայի Լագոս քաղաքում: Զգալիորեն մեծ տոկոս է կազմում աղբի վտանգավոր թափոնները, որոնք տեղափոխվում են «էժան (և անվտանգ չլինող) հեռացման ակնհայտ մտադրությամբ»։ Չինաստանը նաև ստանում է հսկայական քանակությամբ թափոններ, հաճախ թունավոր նյութեր, տարեկան միջինում 1.9 միլիոն տոննա, քանի որ ընկերությունները համարում են, որ ավելի էժան է աղբը տեղափոխել, քան ինքնուրույն հեռացնել այն[14]։
Սննդի թափոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեցրեք ձեր սեփական սնունդը
ապահովեք ձեր սեփական խոհանոցը»
Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանական քարոզչական պաստառ, որը խրախուսում է սննդի մշակումը, 1942
Համաշխարհային պատերազմների ժամանակ գերտերություններում քարոզվել է խնայողությունը։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում «Խնայիր շաբաթական մեկ բոքոն հաց՝ օգնիր հաղթել պատերազմը» (Save a loaf a week – Help win the war) կարգախոսը[15], ԱՄՆ-ում «Սնունդը կհաղթի պատերազմը» (Food Will Win the War) քարոզչությունը։ Նպատակն էր խրախուսել բնակչությանը կրճատել սննդի սպառումը, որպեսզի ավելի շատ պաշարներ ուղարկվեն ռազմաճակատ և նվազեցվի կախվածությունը վտանգավոր դարձած ծովային ներկրումներից[16]ː
Համաշխարհային պատերազմների ժամանակ «Աճեցրո՛ւ քո սեփական սնունդը» (Grow Your Own Food) և «Փորի՛ր հանուն հաղթանակի» (Dig for Victory) կարգախոսներն էին պետական ռազմավարության անկյունաքարը[17]: Այս շարժումները նպատակ ունեին ապահովել թիկունքի սննդի պաշարը և ազատել բեռնատար նավերը ռազմական կարիքների համար: Քաղաքացիներին հորդորում էին մշակել յուրաքանչյուր թիզ հող՝ հետնաբակերից մինչև հանրային զբոսայգիներ:
Միայն ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կար ավելի քան 20 միլիոն այսպես կոչված՝ Հաղթանակի այգիներ (Victory Gardens): Բրիտանիայում 1939-ին մեկնարկած այս արշավի շնորհիվ բանջարանոցների թիվը մի քանի տարում հասել էր 1.7 միլիոնի: Մարդիկ իրենց ծաղկանոցները վերածում էին կարտոֆիլի և սոխի մարգերի: Բանջարաբոստանային կուլտուրաներ էին աճեցվում անգամ ամենաանսպասելի վայրերում՝ Լոնդոնի Աշտարակի մարգագետիններում, դպրոցական խաղահրապարակներում և անգամ ռմբակոծված շենքերի տեղում: Սեփական սնունդն աճեցնելը դիտվում էր որպես հայրենասիրական տուրք, որը բարձրացնում էր բնակչության ոգին և թույլ տալիս յուրաքանչյուրին իր ներդրումն ունենալ հաղթանակի մեջ[18]:
Եթե պատերազմի ժամանակ ինքնաբավությունը գոյատևման հարց էր, ապա հետպատերազմյան շրջանում այն փոխարինվել է հարմարավետությամբ և զանգվածային արտադրությամբ։ Համաշխարհային պատերազմներից հետո կտրուկ փոխվել է մարդկանց կապը հողի և սննդի հետ․ հասարակության համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել սպառողական դառնալու համար։ Հիմնական գործոններից են՝
- գյուղատնտեսության արդյունաբերականացումը. ռազմական տեխնոլոգիաները (օրինակ՝ զինամթերքի համար օգտագործվող ազոտը) վերածվել է քիմիական պարարտանյութերի։ Այդպիսով արտադրվել է մեծ քանակությամբ սնունդ, որից սննդի գինը նվազել է, արդյունքում, մարդիկ սկսել են հրաժարվել սեփական բանջարանոցներից։
- սուպերմարկետների մշակույթը. 1950-ականներից սկսած սնունդը դարձել է «ապրանք»։ Մարդիկ սովորել են գնել ամեն ինչ մեկ տեղից՝ փաթեթավորված և պատրաստի, ինչը կտրել է կապը սննդի աճեցման բնական ցիկլի հետ։
- ուրբանիզացիան և մարգագետինների նորաձևությունը. «Հաղթանակի այգիները» սկսել են փոխարինվել անպտուղ, բայց «գեղեցիկ» կանաչ մարգագետիններով (lawns), որոնք դառնալու էին միջին խավի բարեկեցության սիմվոլը։ Հողն այլևս ոչ թե կերակրող էր, այլ զարդարանք։
- ժամանակի խնայողությունը. սպառողական հասարակությունը գնահատում էր արագությունը։ «Եփիր ինքդ» կարգախոսին փոխարինելու են եկել կիսաֆաբրիկատները և արագ սնունդը, ինչը տնային տնտեսուհիներին «ազատում է» խոհանոցից՝ մեծացնելով կախվածությունը արտադրողներից։
Այդպիսով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, «թափոնային» հասարակությունը ծաղկում է ապրել։ Տարիներ շարունակ ռացիոնալ, խնայողաբար ծախսելուց և անպիտան իրեր օգտագործելուց ու քրտնաջան աշխատելուց հետո ամերիկյան հասարակությունն անցել է սպառողականության աճի, որը թափ է հավաքել պատերազմից հետո ապրանքների զանգվածային արտադրության և լայն մատչելիության շնորհիվ[19]։ Ինչն էլ պիտի հանգեցներ սննդային թափոնների զգալի աճի:
2004 թվականին Արիզոնայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուտելի սննդի քառասունից հիսուն տոկոսը երբեք չի ուտվում։ Ամեն տարի շուրջ 43 միլիարդ դոլար ուտելի սննդամթերք թափոնի է վերածվում[20]։
Ամերիկայում զանգվածային սպառման աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տարածված էր այն մտածելակերպը, որ պատերազմի ընթացքում սպառվող ապրանքների տեսակների սահմանափակումը՝ Միացյալ Նահանգների կառավարության կողմից սահմանված չափաբաժնին խստորեն հետևելւ, ուղղված են պատերազմական ջանքերին և Ամերիկային հաղթանակի տանելու միջոց են։ նաև արտադրողները խոստումներ էին տալիոս, որ պատերազմի ընթացքում ամերիկացիների ներդրած ջանքերը պատերազմի ավարտից հետո շքեղ ապրանքներ կբերեն։ Այս ամենն օգնել էին խորացնել ամերիկյան հանրության համոզմունքը սպառման նորմավորման (կտրոններ) աջակցության հարցում[21]։
Պատերազմի ավարտից հետո արտադրողները հավատարիմ են մնացել պատերազմի ընթացքում առաջ քաշված տեսակետներին։ Երբ «միանգամյա օգտագործման կյանք» տերմինը Life ամսագիրն առաջին անգամ ներմուծել է[22], ամսագիրն այս արտահայտությունն օգտագործել է դրական իմաստով, որպես տան ընտանիքի անդամների համար ավելի հեշտ և դեռևս տնտեսող կյանք։ Սա հանգեցրել է նրան, որ Սեքոնդ հենդից գնումներ կատարելը ամերիկացիների շրջանում սկսել է համարվել «ոչ ամերիկյան» վարք, ինչը կտրուկ հակադրվում էր պատերազմից առաջ ամերիկյան հասարակության կողմից խնայողությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքին[21]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո արևմտյան աշխարհը սկսել էր դուրս գալ ճգնաժամի ժամանակաշրջանից։ Ընտանիքներն ունեին ավելի շատ տնօրինվող եկամուտ և ավելի մեծ գնողունակություն։ Պատերազմի ընթացքում շուկայում սպառողական ապրանքների պակաս կար, և ռեսուրսները նախևառաջ ուղղվում էին պատերազմական ջանքերին, իսկ չափաբաժինների կիրառումը սահմանափակում էր մատչելի սննդամթերքի բազմազանությունը։ Այս ամենը հանգեցրեց ժամանակակից սպառողականության սկիզբին՝ զանգվածային սպառմամբ, հատկապես կենցաղային ապրանքների առումով։ 1945-1949 թվականներին միայն ամերիկյան տնային տնտեսությունները գնել են 20 միլիոն սառնարան, 21.4 միլիոն մեքենա և 5.5 միլիոն վառարան[23]։ Ամերիկան զանգվածային սպառման բում է ապրել։ Կտրուկ աճ գրանցվել է արվարձանային կյանքի, միանգամյա օգտագործման փաթեթավորման և հարմարավետ ապրանքների մեջ, ինչպես նաև ի հայտ են եկել պլաստիկի նոր տեսակներ[24]։
Պլանավորված հնացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպառողականորեն կողմնորոշված հասարակությունն աճելով Ամերիկան դարձրել է «մեկանգամյա իրերի» հասարակություն։ Լայնորեն տարածվել է Պլանավորված հնացման պրակտիկան, այսինքն ստեղծել ոչ երկարակյաց՝ փոխարինվելու կարիք ունեցող հեռանկարով ապրանքներ[21]։
«Պլանավորված հնացումը» արտադրական փիլիսոփայություն է, որը մշակվել է 1920-ական և 1930-ական թվականներին, երբ տարածվել է զանգվածային արտադրությունը: Արտադրողները հաճախ ապրանքները նախագծում են այնպես, որ դրանք որոշ ժամանակ անց փչանան կամ բարոյապես հնանան (օրինակ՝ սմարթֆոնները), ինչը ստիպում է գնել նորը: Այդ նպատակով ստեղծում է այնպիսի արտադրանք կամ մաս, որը կխափանվի կամ ժամանակի ընթացքում կամ որոշակի քանակությամբ օգտագործումից հետո կդառնա պակաս ցանկալի: Էժան արտադրության արդյունքում վերանորոգելը հաճախ ավելի թանկ է նստում, քան նորը գնելը, ինչը խթանում է թափոնների կուտակումը: Պլանավորված հնացման շրջանակներում սովորական է դարձել ամեն տարի ապրանքներում որոշ մանր-մունր, դետալային փոփոխություններ կատարելը՝ մարդկանց խրախուսելու համար գնել ավելի նոր տարբերակ, նույնիսկ առանց դրա անհրաժեշտության (բարոյական հնացում)[25]։ Նորաձևության և տեխնոլոգիաների արագ փոփոխությունը հոգեբանական ազդեցություն է ունենում․ ստեղծում է պատրանք, որ հինը (նույնիսկ եթե աշխատում է) այլևս պիտանի չէ[1]:
Տերմինի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ականների Մեծ դեպրեսիան ձևավորել էր մի սերունդ, որը սննդի նկատմամբ ուներ «օգտագործիր մինչև վերջ» մոտեցումը։ Կառավարական քաղաքականությունն ուղղված էր սննդի բաշխմանը սովածներին, այլ ոչ թե ավելցուկի ստեղծմանը։ Եթե նախկինում սննդի կամ ապրանքի պակասը խնդիր էր, ապա ավելցուկը դարձել էր տնտեսական բեռ, քանի որ շուկայում սնունդը չափազանց շատ էր, գները նվազել էին այնքան, որ բերքը հավաքելն ավելի թանկ էր նստում, քան վաճառելը: ԱՄՆ կառավարությունը Գյուղատնտեսական կարգավորման ակտով որոշում է կայացրել ստեղծել արհեստական դեֆիցիտ՝ գները բարձրացնել և փրկել ֆերմերներին սնանկացումից: ԱՄՆ-ն մտել է իր պատմության ամենահակասական փուլը․ վճարում էր ֆերմերներին, որպեսզի նրանք չարտադրեն ՝ իրենց հողերի մի մասը թողնեն անմշակ կամ ոչնչացնեն բերքը, որպեսզի շուկայում գները չընկնեն։ Սա ստեղծել էր մի աբսուրդային իրավիճակ, երբ սնունդը միտումնավոր փչացվում էր տնտեսական կայունության համար[26]։
1933 թվականին մանհեթենցի անշարժ գույքի գործակալ Բեռնարդ Լոնդոնն իր հրատարակած մանիֆեստում ներմուծել է «Պլանավորված հնացում» տերմինը։ Նա մանիֆեստը վերնագրել էր «Ճգնաժամի ավարտը պլանավորված հնացման միջոցով» և առաջարկել է որպես Մեծ ճգնաժամից դուրս գալու արմատական լուծում[27]։
Քանի որ ամերիկացիները «վախեցած և հիստերիկ տրամադրության մեջ էին», - պնդում էր նա, նրանք շատ ավելի երկար էին պահում «հնացած, մաշված» ունեցվածք, քան ճգնաժամից առաջ[27]։
Ըստ Բեռնարդ Լոնդոնի՝ դաշնային կառավարությունը պետք է ստիպեր ամերիկացիներին դեն նետել իրենց հին իրերը և գնել նորերը՝ ազգային գնումների ալիք բարձրացնելու համար, որը կվերականգներ միլիոնավոր գործարանային աշխատատեղեր և կխթաներ տնտեսությունը:
| Կահույքը, հագուստը և այլ ապրանքները պետք է ունենան որոշակի պիտանելիության ժամկետ, ինչպես մարդիկ ունեն․․․ Երբ օգտագործվում են իրենց հատկացված ժամանակի ընթացքում, դրանք պետք է հանվեն շրջանառությունից և փոխարինվեն նոր ապրանքներով[27]: - Բեռնարդ Լոնդոն |
Այնուամենայնիվ, Լոնդոնի համախմբման կոչը արձագանք է գտել 1936 թվականի «Printer's Ink» թերթի «Հնացած դիմացկունություն. եթե ապրանքներն ավելի արագ չմաշվեն, գործարանները կմնան անգործ, մարդիկ՝ գործազուրկ» վերնագրով հոդվածում։ 1955 թվականին Լոնդոնի հիմնական գաղափարները լայնորեն կիրառել է ամերիկացի տնտեսագետ և մանրածախ առևտրի վերլուծաբան Վիկտոր Լեբոուն․
Ի վերջո, նույնիսկ դաշնային կառավարությունն է միացել այդ լուծմանը՝ սպառողականությունը ներկայացնելով որպես մի տեսակ հայրենասիրական պարտադրանք: 1958 թվականի տնտեսական անկման ժամանակ նախագահ Այզենհաուերն օգտագործել է «Գնիր հիմա» կարգախոսը՝ ծախսերը խթանելու համար: Եվ ավելի քան 60 տարի անց՝ COVID-19-ի անկման ժամանակ, նախագահ Բայդենը նմանատիպ մոտեցում է ցուցաբերել՝ իր «Ամերիկյան փրկարարական ծրագրի» շրջանակներում անհատներին և ընտանիքներին ուղարկելով խթանման չեկեր[28]։ Սակայն որոշ ստացողներ գումարը խնայել կամ օգտագործել են պարտքերը մարելու համար՝ ծախսելու փոխարեն, իսկ վարչակազմը վճարումները տեղափոխել է նախապես վճարված դեբետային քարտերի վրա, որոնց միջոցներն ավելի դժվար է ավանդադրել: Այսպիսով, նույնիսկ լիբերալ, շրջակա միջավայրի պահպանմամբ զբաղվող նախագահը սպառողականությունը նախընտրել է խնայողությունների փոխարեն՝ որպես ամերիկյան ընտանիքներին օգնելու միջոց[27]:
Ապրանքների երկարակեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրողներն ապրանքները դարձնում են միանգամյա օգտագործման, այլ ոչ թե երկարակյաց, որպեսզի սպառողները շարունակաբար գնեն այդ ապրանքը՝ արտադրողին ապահովելով հաճախորդների մշտական հոսք, այլ ոչ թե միանգամյա գնում: Ընկերության համար շահույթն ավելանում է, երբ ապրանքի օգտակարությունը «ոչտնտեսականորեն կարճ է» (uneconomically short), քանի որ ընկերությունները կարող են հնարավորինս քիչ գումարով ստեղծել ոչ երկարակյաց ապրանք, և բազմիցս վաճառել հաճախորդին[29]։
Ապրանքները հաճախ փոխարինվում են նույնիսկ նախքան դրանց օգտագործման ժամկետի սպառվելը: Մեկանգամյա օգտագործման հասարակությունում ապրանքի ենթադրյալ դիմացկունությունը հաճախ ավելի ցած է, քան դրա ֆիզիկական դիմացկունությունը: Օրինակ՝ արագ նորաձևության մեջ սպառողները գնում են ամենաթարմ, նորաձև ապրանքը, քանի որ արտադրողները շուկայավարում են սեզոնին համապատասխան ոճեր: Արտադրողների վրա ճնշում կա գովազդելու «եղանակների» ավելի մեծ քանակություն՝ ստեղծելով նոր ոճեր, որպեսզի սպառողները կարողանան հաճախ թարմացնել իրենց զգեստապահարանները՝ գնելով էժան և անորակ, բայց նորաձև հագուստ՝ ժամանակակից նորաձևության միտումներին համընթաց մնալու ձգտումով[30]:
Մի ժամանակ երկարակյաց համարվող ապրանքներն այժմ գրեթե բացառապես միանգամյա օգտագործման են, ուստի սպառողների համար, ովքեր ցանկանում են երկարակյաց ապրանք գնել, ավելի դժվար է դառնում գտնել որևէ տեղ վաճառվող նման ապրանք: Միանգամյա ապրանքներ օգտագործելուն անցնելը խրախուսվել է իբրև ավելի լավ հարմարավետության կամ հիգիենայի համար, նույնիսկ այն դեպքում, եթե երկարակյաց տարբերակ օգտագործելու անհարմարությունը շատ փոքր է կամ հիգիենիկության ապացուցված ոչ մի աճ չկա: Սա կարող է հանգեցնել ժամանակի ընթացքում ավելի բարձր գների, ավելի շատ թափոնների արտադրության, ավելի շատ ռեսուրսների օգտագործման և ավելի ցածր որակի ապրանքների[31]։
Արտադրողները ոչ միայն անցում են կատարում դեպի ծառայության փոքր ժամկետով ոչ երկարակյաց, պակաս դիմացկուն և առանց սպասարկման ծառայության ապրանքների, այլև հրաժարվել են այնպիսի տեխնոլոգիաներից, որոնք կդարձնեին սովորական ապրանքներն ավելի դիմացկուն, ինչպես օրինակ՝ լամպերի արտադրության մեջ[32]։ 1925 թվականին լամպերի արտադրողների միջազգային կարտելը համաձայնվել է շիկացման լամպերի կյանքի տևողությունը կրճատել 2500 ժամից մինչև 1000 ժամ, պարզապես վաճառքը մեծացնելու համար: «Ֆիբուս կարտելի» անդամները նույնիսկ տուգանել են գործարաններին ավելի երկար այրվող լամպեր արտադրելու համար: Դավադրությունը բացահայտվել էր միայն 1940-ականներին ՝ General Electric-ի հակամրցակցային բիզնես պրակտիկայի հետաքննության ժամանակ: Կարտելի անդամները շահույթ էին ստացել այս սխեմայից ավելի քան 15 տարի, նախքան դրա բացահայտումը[27]:
Չափից շատ սպառումը նորաձևության ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-ականների սկզբից ի վեր հագուստի վաճառքը կրկնապատկվել է՝ տարեկան 100-ից հասնելով 200 միլիարդ միավորի, ինչը ցույց է տալիս տեքստիլի պահանջարկի աճը[33]։ Այս աճի հետ կապված՝ ամեն տարի մոտավորապես 92 միլիոն տոննա հագուստի հետ կապված թափոն է դեն նետվում[33]։
Տեքստիլի պահանջարկի աճը կարելի է բացատրել բազմաթիվ գործոններով, սակայն վերջերս հագուստի սպառման աճ է նկատվել նորաձևության ազդեցիկ անձանց շնորհիվ։ 2021 թվականին նորաձևության ազդեցիկ անձանց համաշխարհային շուկան գնահատվել է 7.36 միլիարդ դոլար և կանխատեսվում է, որ այն կայուն կերպով կաճի 32.5% տարեկան աճի տեմպով՝ 2022-ից 2029 թվականներին[34]։ Քանի որ նրանց բովանդակությունը հիմնականում կենտրոնացած է նորաձևության վրա, նրանք անընդհատ շրջում են և ցուցադրում նոր հագուստներ՝ իրենց հետևորդների համար թարմացված «մոդելներ» ստեղծելու համար։ Marketing Dive- ի անցկացվրած հարցման համաձայն, հարցվածների 86%-ը հագուստ կամ աքսեսուարներ է գնել, քանի որ այն տեսել է այն ազդեցիկ անձի մոտ, որին հետևում է[35]։
Ազդեցիկ անձանց մարքեթինգի և սպառման աճի միջև այս փոխհարաբերությունը հանգեցրել է հագուստի նոր արագընթաց կյանքի ցիկլի, որն այլ կերպ անվանում են «ոճային հնացում»։ Այս ցիկլում մարդիկ անընդհատ դեն են նետում այն հագուստը, որն այլևս «թրենդային» չէ՝ նոր և ավելի տարածված ոճերի համար տեղ ազատելու նպատակով[36]։ Մասնակցելով միտումներին հետևելու այս ցիկլին՝ գնորդները բավարարում են ակնթարթային բավարարվածության իրենց ցանկությունը և սկսում են անտեսել, թե հագուստը դեն նետելն ինչ ազդեցություն ունի մեր շրջակա միջավայրի վրա[37]։
Վերջին մի քանի տարիների ընթացքում դեն նետելու մշակույթը վատթարացել է, քանի որ մարդը հագուստը կրում է միջինում 7-10 անգամ, նախքան այն դեն նետելը: Այդ ժամանակը վերջին 15 տարիների ընթացքում նվազել է 36%-ով[38]: Բացի այդ, միայն Միացյալ Նահանգներում միջին սպառողը տարեկան միջինում 81.5 ֆունտ հագուստ է նետում: Դա համարժեք է նրան, որ տարեկան ԱՄՆ-ի աղբավայրեր է նետվում 11.3 միլիոն տոննա հագուստ[38]:
Կանայք և ամերիկյան մեկանգամյան հասարակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանայք, որպես կանոն, տնային տնտեսության հիմնական գնորդներն են, և այս միանգամյա օգտագործման և հարմարավետ ապրանքների գովազդներից շատերի թիրախային լսարանը կանայք են։ 1955 թվականի վերոնշյալ «Life» ամսագրի հոդվածում հատուկ նշվում էր, որ «ոչ մի տնային տնտեսուհի կարիք չունի անհանգստանալու» տնային գործերի ծավալուն կատարման հարցում, քանի որ մեկանգամյա օգտագործման ապրանքները կկրճատեն մաքրման համար անհրաժեշտ ժամանակը[39]։ Հոդվածը պատկերում էր մի ընտանիքի, որը օդ էր նետում թղթե ափսեներն ու տարաները։ Մեկանգամյա սպասքը և փաթեթավորված սնունդը ներկայացվում էր որպես «ազատություն» կենցաղային ստրկությունից։
Այս միջին խավի տնային տնտեսություններում կանայք սկսել են եկամուտ ստանալ՝ այս հարմարավետ ապրանքներից ավելին գնելով։ Ոմանք դա անում էին ավելի ավանդական աշխատանք գտնելու միջոցով, բայց շատերը նաև դիմում էին բազմամակարդակ մարքեթինգային բիզնեսների, ինչպիսին է Tupperware-ը՝ իրենց ամուսինների եկամուտը լրացնելու համար[40]։ Tupperware-ը խրախուսում էր կանանց վաճառել որքան հնարավոր է շատ Tupperware ապրանքներ, այնպես որ, երբ ապրանքանիշը ժողովրդականություն էր ձեռք բերել, ամերիկյան տներում պլաստիկե ապրանքների քանակը նույնպես աճել էր[41]։ Ուղղակի վաճառքից դուրս, դա նպաստել է սպառմանը, քանի որ Tupperware-ի միջոցով վաճառող կանայք խթան ունեին, որ կստանան կենցաղային տեխնիկա, երբ հասնեն ընկերության կողմից սահմանված վաճառքի մակարդակին[40]։
Ամերիկայում դիմադրության վաղ ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած 1950-ականներին «միանգամյա օգտագործման կյանքը» (throwaway living) գովազդվել է որպես հարմարավետության և առաջընթացի խորհրդանիշ և դիտարկվել է որպես ձգտելու դրական հատկանիշ, սակայն դրան զուգահեռ ի հայտ են եկել նաև առաջին դիմադրության ձևերը․ քննադատները սկսել են բարձրաձայնել դրա տնտեսական և բարոյական վնասների մասին։
Դեռևս 1960 թվականին եղել են նախազգուշացնող նշաններ, որ սա երկարաժամկետ հեռանկարում լավ մոդել չէ։ Ամերիկացի լրագրող Վենս Պակարդը 1960 թվականին հրատարակել է «Թափոններ արտադրողները» (1960, The Waste Makers) գիրքը, որում նա անվանել է պլանավորված հնացումն անվանել է «բիզնեսի համակարգված փորձ՝ մեզ դարձնելու վատնող, պարտքերի մեջ խորը ընկղմված, մշտապես դժգոհ անհատներ»[42][23]:
Առնվազն 1967 թվականից սկսած՝ որոշ ընկերություններ սկսել են առանձնանալ մյուս ամերիկյան գովազդատուներից: «Նյու Յորք Թայմս» -ի 1967 թվականի համարում կաշվե իրեր արտադրող «Մարկ Քրոս» ընկերության ընդլայնման ծրագրերի մասին քննարկվող հոդվածում օգտագործվել է վերջերս հրապարակված «Մարկ Քրոս» բրենդի գովազդից մի կարգախոս. «Սա միանգամյա օգտագործման հասարակություն է, ընկեր: Գնիր: Կոտրիր: Թափիր: Փոխարինիր: Դու դրան հավատո՞ւմ ես: «Մարկ Քրոսը» ձեզ համար չէ»[43]: Աճման փուլում գտնվող «Մարկ Քրոս» ընկերությունը փորձում էր ընդլայնվել՝ շուկայավարելով երկարակյաց ապրանքներ, այլ ոչ թե միանգամյա օգտագործման ապրանքներ:
Արդյունաբերական դիզայնի նշանավոր գործիչ Ուոլթեր Դորվին Թիգը (Walter Dorwin Teague) հանդես էր գալիս «հնացման մերչենդայզինգի» (obsolescence merchandising) դեմ: Նա ձգտում էր ստեղծել այնպիսի առարկաներ, որոնք կունենային «ժառանգության կարգավիճակ» (heirloom status) և կլինեին երկարակյաց, ինչպիսիք են նրա ստեղծած Kodak Baby Brownie տեսախցիկը կամ Steinway դաշնամուրները[27]:
Կրոնական տեսանկյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ կրոնական գործիչներ սպառողականությունը դիտարկում են որպես հոգևոր անկում[44].
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախ խոսելով «անպետք իրերի մշակույթի» մասին, որտեղ անցանկալի իրերը և անցանկալի մարդիկ, ինչպիսիք են չծնվածները, տարեցները և աղքատները, դեն են նետվում որպես աղբ[45][46][47]։ Իր «Laudato si'» հանրագիտարանում նա քննարկում է աղտոտվածությունը, թափոնները, վերամշակման բացակայությունը և Երկրի քայքայումը որպես այս անպետք մշակույթի ախտանիշներ[48]:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ սպառողական մշակույթում նույնիսկ մարդկային կյանքերը համարվում են միանգամյա օգտագործման առարկա[49][50]։ Նա նաև նշել է այս մշակույթի վտանգները ներգաղթի հետ կապված
| Բոլորի կողմից անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը միգրանտների և փախստականների նկատմամբ՝ անցնելով պաշտպանողականության և վախի, անտարբերության և մարգինալացման վերաբերմունքից, այն ամենից, ինչը բնորոշ է սպառողական մշակույթին, դեպի փոխազդեցության մշակույթի վրա հիմնված վերաբերմունքի, որը ավելի լավ, ավելի արդար և եղբայրական աշխարհ կառուցելու ընդունակ միակ մշակույթն է[51]։ |
- Դեռ 1941 թվականին Դորոթի Սայերսը սպառողականությունն անվանել է «որկրամոլության անեծք», քննադատել է «ագահությունը» և «որկրամոլությունը» (որոնք ավանդաբար մեղք են համարվում), որոնք դարձել են ժամանակակից տնտեսության շարժիչ ուժերը, և քննադատել է արհեստականորեն խթանվող սպառումը: Իր «Ստեղծողի միտքը» (The Mind of the Maker, 1941) էսսեում և այլ գործերում նա նկարագրում է մի տնտեսություն, որը կախված է ապրանքների արագ փչացումից։ Նա զգուշացնում է, որ եթե մենք ստեղծենք մի համակարգ, որտեղ հաջողությունը չափվում է միայն վաճառքի ծավալով, մենք ստիպված կլինենք մարդկանց վարժեցնել «դեն նետելու» արվեստին[52]։
| «Մի համակարգ, որը հիմնված է մարդկանց ստիպելու վրա՝ գնել այն, ինչ իրենց պետք չէ, և դեն նետել այն, ինչ դեռ պիտանի է, հիմնված է բարոյական փտածության վրա»[53]։ |
Սայերսը փաստացի կանխատեսել էր, որ եթե մենք չփոխենք մեր վերաբերմունքը նյութական աշխարհի հանդեպ, մենք կհայտնվենք մի ցիկլի մեջ, որտեղ «աղբը կդառնա մեր գլխավոր արտադրանքը»։ Նրա գաղափարները հետագայում մեծ ազդեցություն են ունեցել Վենս Պակարդի[⇨] վրա։ Նա իր «The Waste Makers» (1960) գրքի առաջաբաններից մեկում մեջբերում է հենց Սայերսին։ Սա ցույց է տալիս, որ Սայերսի աստվածաբանական և փիլիսոփայական մտքերը դարձել են հիմք 1960-ականների ամերիկյան սոցիոլոգիական քննադատության համար[52]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Throwaway Society → Term». Lifestyle → Sustainability Directory (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-30-ին.
- ↑ LIFE (անգլերեն). Time Inc. 1955 թ․ օգոստոսի 1.
- ↑ «LIFE». 1955 թ․ օգոստոս.
- ↑ http://photo.pds.org:5012/cqresearcher/document.php?id=cqresrre2007121404(չաշխատող հղում)
- ↑ «Department of Sanitation — Blog - For The Record». NYC Department of Records & Information Services (ամերիկյան անգլերեն). 2026-03-27. Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ Products, Waste, And The End of the Throwaway Society, Helen Spiegelman and Bill Sheehan, The Networker, Nancy Myers (2005 թ․ մայիս). «Waste Not, Want Not - The End of the Throwaway Society». www.sehn.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ McDonald's ad "Feed the Wastebaskets" (video), training children to bus disposable packaging (alternate link)
- ↑ Don't Bus Throw-Away Utensils and Tableware
- ↑ Env. Research Foundation (undated). Taiwan’s Plastics Ban Արխիվացված 7 Օգոստոս 2020 Wayback Machine.
- ↑ China Post. 5 June 2013. EPA to ban disposable cups from June 1.
- ↑ Pre-Waste EU. (undated). Ban on disposable food and drink containers at events in Munich, Germany (Pre-waste factsheet 99) Արխիվացված 8 Սեպտեմբեր 2014 Wayback Machine
- ↑ New York Times. Reus 24 October 2011. Disposable Chopsticks Strip Asian Forests. By Rachel Nuwer.
- ↑ Ecopedia. 2013. How Wooden Chopsticks Are Killing Nature Արխիվացված 15 Հուլիս 2020 Wayback Machine. By Alastair Shaw.
- ↑ Liddick, Donald (2011). Crimes Against Nature. Santa Barbara, California: Greenwood Publishing Group. էջեր 14–16. ISBN 978-0-313-38464-6.
- ↑ «Save a loaf a week - help win the war». www.loc.gov (անգլերեն). 1917. Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ «Restrictions and Rationing on the World War II Home Front (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ «Object 15 - Dig for Victory». The D-Day Story, Portsmouth (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ Obrien, Summer (2023-04-11). «Forgotten Friday - National Gardening Day - Dig For Victory». Eden Camp Modern History Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ «Throw Away the Impacts of Throw Away Society». Keep Knoxville Beautiful (ամերիկյան անգլերեն). 2024-06-20. Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ «US wastes half its food». Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
- 1 2 3 Cohen, Lizabeth (2003). A Consumers' Republic: The Politics of Mass Consumption in Postwar America.
- ↑ LIFE (անգլերեն). Time Inc. 1955 թ․ օգոստոսի 1.
- 1 2 Whiting, Tabitha (2019-06-21). «How We Created A Throwaway Society». Medium (անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ «It's a Mad, Mad World: Dow and the Age of Consumption». Science History Institute (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Whiteley, Nigel (1987). «Toward a Throw-Away Culture. Consumerism, 'Style Obsolescence' and Cultural Theory in the 1950s and 1960s». Oxford Art Journal. 10 (2): 3–27. doi:10.1093/oxartj/10.2.3. ISSN 0142-6540. JSTOR 1360444.
- ↑ «Agricultural Adjustment Act of 1933». Center for the Study of Federalism (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- 1 2 3 4 5 6 Cinza (2023-09-15). «Throwaway Nation». Craftsmanship Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ Lobosco, Katie (2021-01-14). «Biden puts $2,000 stimulus payments back in play | CNN Politics». CNN (անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ Bulow, Jeremy (1986 թ․ նոյեմբեր). «An Economic Theory of Planned Obsolescence» (PDF). The Quarterly Journal of Economics. 101 (4): 729–750. doi:10.2307/1884176. JSTOR 1884176. S2CID 154545959. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-07-19-ին.
- ↑ Bhardwaj, Vertica; Fairhurst, Ann (2010 թ․ փետրվարի 18). «Fast fashion: response to changes in the fashion industry». The International Review of Retail, Distribution and Consumer Research. 20 (1): 165–173. doi:10.1080/09593960903498300. S2CID 167708658.
- ↑ Cooper, Tim (2010). Longer Lasting Products: Alternatives To The Throwaway Society. New York, New York: Routledge. էջեր 4–6. ISBN 978-0-566-08808-7.
- ↑ Cooper, Tim (2010). Longer Lasting Products: Alternatives To The Throwaway Society. New York, New York: Routledge. էջեր 6. ISBN 978-0-566-08808-7.
- 1 2 Mulhern, Owen (2022-07-24). «The 10 Essential Fast Fashion Statistics». Earth.Org (անգլերեն). Վերցված է 2023-05-03-ին.
- ↑ «Influencer Marketing Platform Market Size Worth 69.92 Billion with Excellent CAGR of 32.50% by 2029, Size, Share, Industry Demand, Rising Trends and Competitive Outlook». Yahoo Finance (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հունվարի 23. Վերցված է 2023-05-03-ին.
- ↑ «Study: 86% of fashion influencers have purchased apparel based on recommendations from fellow influencers». Marketing Dive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-03-ին.
- ↑ Whiteley, Nigel (1987). «Toward a Throw-Away Culture. Consumerism, 'Style Obsolescence' and Cultural Theory in the 1950s and 1960s». Oxford Art Journal. 10 (2): 3–27. doi:10.1093/oxartj/10.2.3. ISSN 0142-6540. JSTOR 1360444.
- ↑ Bown, India (2021 թ․ հունիսի 18). «The Promotion of Fast Fashion from Influencers Is Problematic and Unsustainable». The Daily Utah Chronicle. Վերցված է 2023-05-03-ին.
- 1 2 Igini, Martina (2022-08-02). «10 Concerning Fast Fashion Waste Statistics». Earth.Org (անգլերեն). Վերցված է 2023-05-03-ին.
- ↑ LIFE (անգլերեն). Time Inc. 1955 թ․ օգոստոսի 1.
- 1 2 «The Rise of American Consumerism». PBS.
- ↑ Blakemore, Erin (2019 թ․ մարտ). «Tupperware Parties: Suburban Women's Plastic Path to Empowerment». HISTORY (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ The Waste Makers.
- ↑ Isadore, Barmash (1967 թ․ օգոստոսի 24). «Mark Cross to Broaden Operations and Appeal: Branches Slated in the West and Europe». New York Times.
- ↑ Kennedy, Gregory M. (2012-05-07). «Trash Talk: A Christian response to our throwaway society». America Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ Vallely, Paul (2015 թ․ հունիսի 28). «The Pope's Ecological Vow». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Reno, R.R. (2015 թ․ հունիսի 18). «The Return of Catholic Anti-Modernism». Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Pope Calls Abortion Evidence of Throwaway Culture». Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Encyclical Letter Laudato Si' Of The Holy Father Francis On Care For Our Common Home (official English-language text of encyclical)». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Pope Calls Abortion Evidence of Throwaway Culture». Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Encyclical Letter Laudato Si' Of The Holy Father Francis On Care For Our Common Home (official English-language text of encyclical)». Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Pope calls for protection of unaccompanied child migrants». Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
- 1 2 O’Brien, Martin (2013-03-26). «Consumers, Waste and the 'Throwaway Society' Thesis: Some Observations on the Evidence». International Journal of Applied Sociology (անգլերեն). 3 (2): 19–27. ISSN 2169-9739.
- ↑ Dorothy Sayers, Why Work?, Letters to the Diminished Church; 1942