Jump to content

Մեծ բեգինաժ (Լյովեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ բեգինաժ
Տեսակբեգինաժ
Երկիր Բելգիա
ՎարչատարածքԼյուվեն
Մակերես4,2 հեկտար
Մասն էԲեգինաժ
Քարտեզ
Քարտեզ

Մեծ բեգինաժ (Լյովեն) (հոլ.՝ Groot Begijnhof Leuven), բեգինաժ՝ բելգիական Լյովեն քաղաքում։ Տարածքով և պահպանվածությամբ՝ ամենախոշորը։ 1998 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ բեգինաժը գտնվում է Դիլ գետի ափին, որը նրա տարածքում բաժանվում է երկու վտակների՝ ստեղծելով կղզի։ Բեգինաժի տարբեր հատվածներն իրար են կապում երեք կամուրջներ։ Նրա զբաղեցրած տարածքը կազմում է մոտ 3 հա։ Բեգինաժը քաղաքի կենտրոնից հարավ գտնվող պատմական կառույց է՝ մի քանի փողոցներից բաղկացած, որտեղ գտնվում է գրեթե 100 տուն։ Դրանք նախատեսված են եղել 300 բեգինների բնակության համար։

Լյովնի Մեծ բեգինաժի գլխավոր մուտքը

Բեգինաժի պատմությունը սկսվում է XIII դարի սկզբից։ Նրա մասին ամենահին գրավոր հիշատակումը վերաբերում է 1232 թվականին։ Եկեղեցու վրա եղած լատինական գրության մեջ 1234 թվականը նշվում է որպես հիմնադրման տարի։ Համայնքը, ըստ երևույթին, երկու տասնամյակ առաջ է ստեղծվել։ XVI դարի բելգիացի պատմաբանները՝ ներառյալ Յուստուս Լիփսիուսը, որպես հիմնադրման տարի են նշում 1205 թվականը։

Ինչպես ժամանակակից Ֆլանդրիայի տարածքում գտնվող այլ բեգինաժները, այն ծաղկման առաջին շրջանն է ապրել XIII դարում։ XVI դարի կրոնական հակամարտությունների ժամանակաշրջանը բեգինաժի համար դժվարին է եղել։

Բեգինաժի քահանաներից մեկը Ադրիան Ֆլորենսզոն Բույենսն էր՝ ապագա կայսր Կառլոս V-ի հոգևոր դաստիարակը, իսկ ավելի ուշ՝ Հռոմի Պապ Ադրիան VI-ը։

XVI դարի վերջին՝ հատկապես 1621 թվականի տասներկուամյա զինադադարի կնքումից հետո, բեգինաժը ծաղկման երկրորդ շրջանն էր ապրում, որի գագաթնակետը XVII դարի վերջի քառորդն էր։ Այնուհետև սկսվել է աստիճանական անկումը, որը շարունակվել է մինչև ֆրանսիացի հակակրոնական հեղափոխականների ներխուժումը։ 1650-1670 թվականներին այստեղ բնակվող բեգինների թիվը հասել է 360-ի[1][2]։ Շուրջ 1700 թվականին նրանց թիվը կրկին դարձել է 300՝ ռազմական գործողությունների, այդ թվում՝ Աուգսբուրգյան լիգայի պատերազմի և հիվանդությունների պատճառով։ XVIII դարի կեսերին շարունակվել է բեգինների թվի հետագա նվազումը, որը հասել է մոտավորապես 250-ի։ Համայնքի կտրուկ աճի և հետագա նվազմամբ է բացատրվում բեգինաժի ճարտարապետական ոճի միօրինակությունը, որի մեծ մասը կառուցվել է 1630-1670 թվականներին։ Նման ժողովրդագրական իրավիճակ է նկատվում նաև այլ բեգինաժներում, ինչպես, օրինակ, հարևան Դիստում կամ, որոշակի ուշացումով՝ Լիրում, որտեղ առավել ինտենսիվ կառուցապատում է իրականացվել կես դար ավելի ուշ, քան Լյովենում։

Ֆլանդրիան զավթած ֆրանսիացի հեղափոխականները չվաճառեցին Լյովենի բեգինաժը. ինչը տեղի ունեցավ մյուս վանքերի և աբբայությունների հետ, սակայն համայնքի սեփականությունը բռնագրավվեց և հանձնվեց քաղաքացիական հանձնաժողովին ծերանոցի համար։ Բեգիններին թույլ տվեցին մնալ իրենց բնակարաններում, սակայն ազատ սենյակները վարձակալության հանձնվեցին ծերերին և աղքատներին։ Նախկին քահանաներից շատերը այստեղ ապաստան են գտել, այդ թվում՝ Վիլերյան աբբայության առաջնորդը։

Բեգինաժի վերջին քահանան մահացել է 1977 թվականին՝ 107 տարեկանում։ Նա թաղված է Պարկի աբբայությունում։ Վերջին բեգինը մահացել է 1988 թվականին։

Ներկայումս բեգինաժը պատկանում է Լյովենի կաթոլիկ համալսարանին և օգտագործվում է որպես կամպուս, որտեղ ապրում են համալսարանի ուսանողներն ու հյուրերը։

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյովենի բեգինաժի երկու փողոցներ

Ավելի քան 150 տարի օգտագործվելով որպես ծերանոց և այնպիսի մարդկանց կացարան, որոնք ի վիճակի չէին վճարել սեփական տների վերանորոգման համար, 1960 թվականին բեգինաժը գտնվում էր ծայրահեղ խարխուլ վիճակում։ Բարեգործական հանձնաժողովը, որն այնտեղ շենքեր ուներ, որոշեց ամբողջությամբ վաճառել թաղամասը։ Սկզբում տարածքով հետաքրքրվեցին կառուցապատողները, բայց երբ բեգինաժի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց համալսարանը, որը որոշեց վերականգնել թաղամասը, նրանք զիջեցին։ Վերանորոգումն իրականացվել է երկու փուլով. փողոցների մեծ մասը վերականգնվել է 1960-ականներին և 1970-ականներին՝ պրոֆեսոր Ռ. Լեմերի ղեկավարությամբ։ Եկեղեցին և դրան հարակից փողոցները նախկին տեսքը ստացան 1980-ական թվականներին։ Վենետիկի կանոնադրության սկզբունքներին համապատասխանող լայնածավալ վերականգնումը կարևոր գործոն է դարձել բեգինաժի և ընդհանրապես պատմական ճարտարապետության հանրաճանաչության գործում։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյովենի մեծ բեգինաժը նման է առանձին փոքրիկ քաղաքի, որի տները տեղակայված են նեղ փողոցների և փոքր հրապարակների երկայնքով։ Նա դրանով տարբերվում է Բրյուգեի և Ամստերդամի բեգինաժներից, որտեղ բոլոր տները գտնվում են կենտրոնական բակի շուրջ։ Մեծ կանաչ տարածք կա միայն գետի ձախ ափին, բայց այն հայտնվել է XIX դարում՝ մի քանի տների քանդվելուց հետո։ Հինգ տներ պատկանում են XVI դարին, որոնցից երեքը կառուցված են կարկասային տեխնոլոգիայով։ Շիևրի տունը կառուցվել է 1561 թվականին՝ Արսխոտի դուքս և Կառլոս V կայսեր քաղաքական խորհրդական Գիյոմ դե Կրուի այրու՝ Մարիա վան Համելի կտակով։ Լամպի տեսք ունեցող գմբեթը հիշեցնում է Հևերլի դքսության ամրոցի երկու աշտարակները (ներկայումս հայտնի է որպես Արենբերգ

Տների գերակշիռ մասը կառուցվել է 1630-1670 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նրանց ճարտարապետությունը բնորոշ է տեղական շենքերին։ Ունեն բարոկկո ոճի տարրեր։ Ճակատները պատրաստված են կարմիր աղյուսից՝ դռների ու պատուհանների բացվածքների ավազագույն եզրերով։ Լյովենի բեգինաժին բնորոշ են լյուկարները, աստիճանավոր ճակտոնները և կամարներով պատուհանները։ Առաջին հարկերի շատ տներում պատուհանները քիչ են և փոքր։ Բեգիններն այդպես հոգ էին տանում իրենց միայնության մասին։ Առաջին հարկի մեծ պատուհանները սովորաբար փակվում էին լրացուցիչ պատով, ինչը բնորոշ է այլ բեգինաժներին։ XIX դարում փոքրաթիվ տներ վերակառուցվել կամ կառուցվել են առաջին անգամ։ Ի տարբերություն այլ բեգինաժների, օրինակ՝ Լիրի, նրանց թիվը փոքր է։ Գլխավոր տաճարը կառուցվել է վաղ գոթական ոճի ռոմանական ճարտարապետության տարրերով և տիպիկ բազիլիկ է։ Կառույցը աշտարակ չունի, ինչը բնորոշ է աղքատանոցներին ու կուսանոցներին, միայն շպիլ ունի։ 1998 թվականից ի վեր, շպիլի վրա տեղադրված է կարիլիոն, որը կես ժամը մեկ բեգինների մեղեդի է նվագում։ Եկեղեցու հյուսիսային մուտքի վերևում լատիներեն երկու գրություններ կան՝ բեգինաժի հիմնադրման տարեթիվը (1234 - anno domini MCCXXXIIII curia incepit) և եկեղեցու (1305): Եկեղեցու արևելյան պատի մեջ առկա է XIV դարի բացառիկ բարձր պատուհան, որի վերին մասում լուսավորված է XVII դարում ամփոփված ատտիկը։ Ներսից տաճարն ունի 27 մ լայնություն, ինչը այն դարձնում է քաղաքի ամենալայն շինությունը։ Այն բաղկացած է գլխավոր և երկու կողային նավերից՝ 10 թռիչքով։ Պատուհանները բավականաչափ լույս են տալիս, որպեսզի ամբողջությամբ լուսավորեն ներքին տարածությունը։ Կամարաշարերը, առանձնացնելով հիմնական նավը կողայինից, զարդարված են տասներկու առաքյալների, Մարիամ Աստվածածնի, սուրբ Հովսեփի և մանուկ Քրիստոսի արձաններով։ Արձանները, ինչպես մյուս գեղարվեստական զարդերը, ստեղծվել են վաղ բարոկկոյի ոճով։ Դրանք ընդգծված են արձանների հետևի պատին նկարված արհեստական ստվերների օգնությամբ։ 1980-ական թվականների վերականգնման ժամանակ հայտնաբերվել են նաև XIV դարի որմնանկարներ։

Թեն Հով և Աբորգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեգինաժի երկու թաղամասերի անունները՝ Թեն Հով (Բակում) և Աբորգ (Հին ամրոց), ըստ երևույթին պատկանում են այս վայրում գոյություն ունեցող հին բնակավայրին։ Ենթադրվում է, որ դա եղել է Լյովենի առաջին լորդի բակը։ Այստեղ է գտնվել նաև այն դաշտը, որտեղ տեղի է ունեցել Լյովենի ճակատամարտը։ 891 թվականին կայսր Առնուլֆ Կարինտացին այստեղ կանգնեցրեց նորմանների արշավանքը։ Այդ վարկածի համար զգալի ապացույցներ չեն հայտնաբերվել բեգինաժում, ինչը թույլ է տալիս որոշ հեղինակների[3] կասկածել, որ ճակատամարտը տեղի է ունեցել ապագա բեգինաժի տեղում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Janssens, P. (red.) België in de 17de eeuw. — Snoeck Publishers, 2006. — Т. 2. — P. 23-25.
  2. Elsen, K. Het Groot-Begijnhof te Leuven rond 1700: sociale aspecten van het leven als begijn. — K.U.Leuven: Diss. Lic. Moderne Geschiedenis, 1986.
  3. Van Impe, J. Mededelingen van de Geschied- en Oudheidkundige Kring voor Leuven en Omgeving'. — Jaarboek 1981. — 1981. — P. 165—166.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ բեգինաժ (Լյովեն)» հոդվածին։