Մեծ Ջրբաժան (Great Dividing Range) (Արևելա-Ավստրալիական լեռներ), Ավստրալիայում[1]։ Ձգվում է Ավստրալիայի արևելյան և հարավարևելյան ափով, Քեյփ Յորք թերակղզուց մինչև Բասի նեղուց, ավելի քան 3.500 կմ։ Լայնությունը տատանվում է 160-ից 300 կիլոմետրի միջև[2]։ Երբեմն Մեծ Ջրբաժան լեռնաշղթա անունը տարածվում է միայն արևմտյան շղթայի վրա Քվինսլենդում։ Խոշոր կամարաձև բարձրացում է, առաջացած նեոգեն-անթրոպոգենում։ Հիմնականում կազմված է պալեոզոյան, սակավ՝ մեզոզոյան նստվածքներից։ Երկրաբանական տեսակետից համապատասխանում է Տասմանյան պալեոզոյան ծալքավորման մարզին։ Օգտակար հանածոներից կան նավթ և գազ, անագ, բազմամետաղներ, ոսկի, պղինձ, տիտանամագնետիտային և մոնացիտային ավազներ, քարածուխ և այլն։ Հարավային լայնության 28°-ից հյուսիս բաղկացած է մոտ 1000 մ բարձրության զանգվածներից, սարահարթերից ու գոգավորություններից, դեպի հարավ՝ առանձին զանգվածներից մինչև 2230 մ բարձրությամբ (Կոսցյուշկո լեռ)։ Գտնվում է մերձհասարակածային և մերձարևադարձային գոտիներում։ Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևելյան լանջերից սկիզբ են առնում՝ կարճ, սահանքավոր, ջրառատ գետեր, արևմտյան լանջերից՝ Մուրեյը և Դառլինգը։ Արևելյան լանջերը ծածկված են խոնավտերևաթափ մշտականաչ անտառներով, արևմտյան լանջերը՝ անտառասավաննաներով, սավաննաներով ու քսերոֆիտային թփուտներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 438)։