Մեծ Իշխան Գեորգի Ռոմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Իշխան Գեորգի Ռոմանով
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր ապրիլի 27 (մայիսի 9), 1871[1][2]
Ծննդավայր Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունիսի 28 (հուլիսի 10), 1899[1] (28 տարեկան)
Վախճանի վայր Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Թաղված Պողոս-Պետրոս տաճար
Դինաստիա Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Ալեքսանդր III[1][2][3]
Մայր Մարիա Ֆյոդորովնա[3]
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան և Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ Ռոմանովը (ռուս.՝ Великий Князь Георгий Александрович Романов, ապրիլի 27 (մայիսի 9), 1871[1][2], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 28 (հուլիսի 10), 1899[1], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս կայսր Ալեքսանդր III-ի և կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի երրորդ զավակն էր։ Չնայած նրան, որ նա կյանքի վերջին 10 տարիներին տառապել է թոքախտով և նրա առողջական վիճակը գնալով ավելի էր ծանրանում, նա մահացել է մոտոցիկլետի դժբախտ պատահարից 28 տարեկան հասակում։

Շատ սիրված է եղել ընտանիքի անդամների կողմից իր բարիության և հումորի զգացումի համար։ Հարազատները նրան տվել էին "լացող ուռենի" մականունը։

Մանկության տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգին (աջից) իր ծնողների Նիկոլայի (ձախից) և քրոջ Քսենիայի հետ (մեջտեղում)

Գեորգին ծնվել է 1871 թվականին Սանկտ Պետերբուրգում գտնվող Ցարսկոյե Սելոյի Ալեքսանդրի պալատում։ Նրան անվանել են ի պատիվ Մարիա Ֆեոդորովնայի եղբոր՝ Հունաստանի Գեորգի I թագավորի։ Ի համեմատ իր եղբոր Նիկոլայի, նա ավելի ամուր կառուցվածք և առողջություն ուներ, նաև ավելի բարձրահասակ էր։ Գեորգիին նկարագրում էին որպես շատ գեղեցիկ և հումորով լի անձնավորության։ Երեխա ժամանակ միշտ անկարգություններ և կատակներ էր անում, սակայն չէր պատժվում, քանի որ մայրը՝ Մարիան, նրան պաշտում էր։ Իր եղբայրների և քույրերի նման նա դաստիարակվել էր անգլիական ոճով։ Նիկոլայը և Գեորգին ազատ խոսում և գրում էին անգլերեն և ֆրանսերեն և որոշ չափով տիրապետում էին գերմաներենին և դանիերենին։ Իր ավագ եղբոր հետ Գեորգին ստացել է հիանալի կրթություն։

Ալեքսանդր III-ի երեխաները դաստիարակվել են շատ խիստ կանոններով։ Նրանք բոլորը առավոտյան պետք է սառը ցնցուղ ընդունեին՝ բացառությամբ այն օրերի, երբ Մարիա Ֆեոդորովնան նրանց թույլատրում էր լողանալ իր սենյակի տաք ջրով։ Ուտում էին հասարակ ուտելիքներ սև հացով։ Նրանց սենյակները կահավորված էին հասարակ կահույքով, և ոչ մի ճոխություն չէր թույլատրվում։ Գեորգին իր սենյակը կիսում էր Նիկոլայի հետ։ Նրանք շատ մոտ էին։

Գեորգին մեծանում էր իրար սիրող և հարգող ծնողների զավակը լինելով՝դա հազվագյուտ երևույթ էր թագավորական ընտանիքներում։ Շատ կապված էր իր ծնողների, եղբայրների և քույրերի հետ և նրանց ընտանիքը շատ ամուր էր։ Նա շատ հավասարկշռված բնավորություն ուներ։

1883 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ Գեորգիի ծնողների թագադրման արարողությունը, որին ներկա էին և Գեոգրին և Նիկոլայը՝ հատուկ համազգեստով։ Դա մեծ արարողություն էր երիտասարդ տղաների համար։

Գեորգին իր ծնողների հետ ապրում էր Գաչինայի պալատում։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգին

Գեորգին համարվում էր Ալեքսանդր III-ի երեխաներից ամենախելացին և ընդունակը։ Նա ստանում էր հիանալի կրթություն և ուներ հանրահայտ ուսուցիչներ, ովքեր դասավանդել էին նաև նրա հորեղբայրներին։ Գեորգին և Նիկոլայը հիանալի տիրապետում էին անգլերենին, խոսում էին ֆրանսերեն և որոշ չափով տիրապետում էին գերմաներենին և դանիերենին։ Գեորգին սիրում էին նաև սպորտով զբաղվել։ Նա կարող էր հիանալի ծովակալ դառնալ, եթե 1890 թվականին չվարակվեր թոքախտով։

Հիվանդության պատճառով Գեորգիի ծնողները որոշեցին նրան ուղարկել շրջագայության հույս ունենալով, որ տաք եղանակը և արևը կնպաստեն նրա առողջությանը։ Գեորգին՝ եղբոր Նիկոլայի հետ մեկնեց ինը ամիս տևողություն ունեցող շրջագայության։ Սկզբում նրանք մեկնեցին Հունաստան, այնուհետև Եգիպտոս և Հնդկաստան։ Մարիա Ֆեոդորվնան երբեք իր տղաներից այդքան երկար ժամանակով չէր բաժանվել և դա շատ ծանր էր տանում։ Նա նաև շատ էր անհանգստանում իր որդու առողջության համար։ Գեորգին ծնողներին գրած նամակներում նրանց հանգստացնում էր՝ ասելով, որ ամեն ինչ լավ է։ Սակայն տաքության բարձրացման պատճառով նա ստիպված եղավ կիսատ թողնել շրջագայությունը և վերադառնալ Աթենք, որտեղ պալատական բժիշկները կ հետազոտեին նրան։

Ցարեվիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցար Ալեքսանդր III-ը մահացավ 1894 թվականին և Նիկոլայը դարձավ Ռուսաստանի Կայսր։ Քանի որ նա դեռ ժառանգ չուներ, կանոնների համաձայն Գեորգին դարձավ Ցարեվիչ։ Գեորգին իր առողջական խնդիրների պատճառով ապրում էր վրացական Լիկանի փոքր գյուղում։ Նա չկարողացավ ներկա գտնվել Ալեքսանդր III-ի թաղման արարողությանը, քանի որ բժիշկները խստիվ արգելել էին նրան Սանկտ-Պետերբուրգում գտնվել։ Տարիներ անց նա չկարողացավ ներկա լինել Նիկոլայի աղջիկների՝ Օլգայի, Տատյանայի և Մարիա կնունքի արարողոթյուններին։ Գեորգին նամակ գրեց իր եղբորը ներողություն խնդրելով` ասելով, որ դա իր կամքը չէ, այլ Աստծոնն է։ 1895 թվականին Գեորգին իր մոր՝ Մարիա Ֆեոդորվնայի հետ մեկնեց Դանիա` թագավորական ընտանիքին այցելելու նպատակով։ Նրանք չորս տարի չէին եղել իրենց սիրելի Դանիայում և դա առաջին այցն էր առանց Ալեքսանր III-ի։ Գեորգիի առողջությական վիճակը որոշ չափով վերականգնվել էր, սակայն կտրուկ վատացավ Դանիայում եղած ժամանակ։ Մարիա Ֆեոդորովնայի գրած նամակներից պարզ է դառնում, որ նա արյունոտ հազեր է ունեցել։ Գեոգին իր հերթին գրում էր որ շատ ուրախ էր Դանիայում նորից մեկ անգամ լինելու համար, սակայն այցի ժամանակ նա կորցրել էր մի քանի կիլոգրամ քաշ և հյուծվել էր։ Բժիշկները նրան անկողնային ռեժիմ էին նշանակել։ Դանիայից հետո նա նորից վերադարձավ Լիկանի։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգին

Մեծ իշխան Գեորգիի մահը անսպասելի էր և մեծ վիշտ պատճառեց թագավորական ընտանիքին։ 1899 թվականի օգոստոսի 9-ին նա Վրաստանում գտնող տնից դուրս եկավ իր մոտոցիկլետով և սպասված ժամանակ չվերադարձավ։ Նրան սպասարկող անձնակազմը անհանգստացած դուրս եկավ որոնումների։ Պարզվեց, որ Գեորգին վթարի էր ենթարկվել և վիրավոր ընկել էր։ Գյուղացի մի կին գտել էր նրան, նրա բերանից արյուն էր հոսում։ Կինը նրան իր գրկի մեջ էր պահել մինչև երիտասարդը մահացել էր։ Նա 28 տարեկան էր։

Դժբախտության մասին հեռագրով տեղեկացրին Նիկոլային և նա ստիպված եղավ դրա մասին անձամբ ասել իր մորը։ Մարիա Ֆեոդորվնան սարսափելի ծանր տարավ որդու կորստի մասին լուրը։ Ընտանիքի մյուս ներկայացուցիչները ցնցվել էին նորությունից։ Նիկոլայի համար դա նույնպես մեծ կորուստ էր, որովհետև նա մեծացել էր Գեորգիի հետ։ Գեորգին հայտնի էր իր հումորի զգացողությամբ և Նիկոլայը նրան ամենազվարճալի խոսքերը գրառում և պահում էր։ Գեորգին շատ սիրված էր բոլորի կողմից, և դա մեծ վիշտ էր բոլորի համար։ Նրա մարմինը Վրաստանից բերվեց Սանկտ-Պետերբուրգ որտեղ էլ և թաղվեց Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցում` մյուս թագավորական ընտանիքի ներկայացուցիչների կողքին։ Թաղման ժամանակ Մարիա Ֆեոդորվնան իրեն ինչքան հնարավոր է հանգիստ էր պահում, սակայն երբ դագաղը բերվեց նա չդիմացավ և լացելով դուրս եկավ եկեղեցուց։ Նա իր հետ վերցրեց Գեորգիի գլխարկը և կառքի մեջ այն իր կրծքին սեղմած հեկեկում էր։

Անգլիայի Թագուհի Վիկտորիան ցավակցական նամակ գրեց և՛ Նիկոլայ II-ին, և՛Մարիա Ֆեոդորովնային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]