Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական հարցը Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականության ոլորտն է մտել XIX դարի կեսից՝ որպես հետևանք Մերձավոր Արևելքում անգլո-ռուսական մրցակցության, ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի հաջողության և Օսմանյան կայսրության սկսված քայքայման։

Բրիտանիայի կողմից Հարցի կարևորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դ. առաջին տասնամյակներում Մեծ Բրիտանիան հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ինչպես Բալկաններում, այնպես էլ Մերձավոր Արևելքում՝ Թուրքիան դիտելով եվրոպական հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում պահպանելու անհրաժեշտ պայման։ Այդ ժամանակ է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության տեսադաշտում հայտնվել Արևմտյան Հայաստանը։ Անգլիական դիվանագետներն ու զինվորական գործիչները ճիշտ գնահատեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ եթե այն գրավի Ռուսաստանը, ապա վերջինս կվերահսկի ամբողջ Փոքր Ասիան։

Բրիտանիայի ներգրավումը Հարցի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական կառավարությունը Հայկական հարցով սկսեց զբաղվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Ստանալով 1878Սան Ստեֆանոյի պայմանագրի տեքստը՝ անգլիական կառավարությունը անհապաղ միջոցների դիմեց Ռուսաստանին զրկելու Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակի պտուղներից։ Պրեմիեր մինիստր Բ. Դիզրայելին առաջարկեց նույնիսկ զենքի դիմել, անգլիական ռազմանավերը ուղղություն վերցրին դեպի Մարմարա ծով, երկրում հայտարարվեց մասնակի զորահավաք։ Այդ աննպաստ պայմաններում Ռուսաստանը հարկադրված ստորագրեց 1878-ի Անգլո-ռուսական համաձայնագիրը, որով նա հրաժարվեց Արևմտյան Հայաստանում իր գրաված Բայազետ քաղաքից և Ալաշկերտի դաշտից։ Բացի այդ, Արևմտյան Հայաստանում բարենորոգումների իրականացման հարցով Բարձր դուռը պետք է դիմեր ոչ միայն Ռուսաստանին, ինչպես նախատեսում էր Սան Ստեֆանոյի պայմանագիրը, այլև Անգլիային։ Անգլիական կառավարությանը հաջողվեց նաև գաղտնի պայմանագիր պարտադրել Թուրքիային[1], որի համաձայն Մեծ Բրիտանիան հնարավորություն էր ստանում զբաղեցնել Կիպրոս կղզին՝ փոխարենը պարտավորվելով Թուրքիային վերադարձնել Ռուսաստանի գրաված հայկական տարածքները, ինչպես նաև առաջիկա համաեվրոպական կոնգրեսում պաշտպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու շահերը։

XIX դարի երկրորդ կես[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դ. 70-90-ական թթ. 1-ին կես[խմբագրել | խմբագրել կոդը]

1878-ի Բեռլինի կոնգրեսում անգլիական պատվիրակությունը հայկական հարցն օգտագործեց սոսկ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և իր դիրքերն Օսմանյան կայսրությունում ամրապնդելու նպատակով։ Նրան հաջողվեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը փոխարինել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով, որը նշանակում էր Ռուսաստանին զրկել Արևմտյան Հայաստանի խնդիրների լուծման մենաշնորհ իրավունքից։
XIX դ. 70-ական թթ. վեջին և 80-ական թթ. սկզբին Մեծ Բրիտանիան նշանակալի եռանդ ցուցաբերեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցում։ Անգլիական կառավարության նախաձեռնությամբ տերությունների հավաքական նոտաներ հղվեցին (1880-ի հուլիսի 2-ին և սեպտեմբերի 11-ին) սուլթանական կառավարությանը՝ Բարձր դռնից պահանջելով անհապաղ իրագործել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները։ Մեծ Բրիտանիայի այդչափ շահագրգիռ դիրքորոշումը Հայկական հարցում բացատրվում էր Բարձր դռան վրա մշտական ճնշմամբ Եգիպտոսի գրավմանը հասնելու ձգտումով։ 1882-ին հօգուտ իրեն լուծելով եգիպտական հարցը անգլիական դիվանագիտությունը 1880-ական թթ. 2-րդ կեսին թուլացրեց իր դիրքորոշումը Հայկական հարցում, թեպետ Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ անգլիական կառավարության սևեռուն ուշադրության կենտրոնում։ 1890-ական թթ. սկսած, սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականության սաստկացման կապակցությամբ, անգլիական կառավարությունը Աբդուլ Համիդ II սպառնում էր հայտարարություններով, թե իրավունք կտա Ռուսաստանին գրավել Արևմտյան Հայաստանը։ Սակայն անգլիական կառավարության ձևական բողոքներն ու սպառնալիքները, հանրային կարծիքի ընդվզումը չկարողացան կանխել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ջարդերը 1890-ական թթ.:
1894-ի Սասունի իրադարձությունները ցասումնալից բողոքներ առաջ բերեցին Մեծ Բրիտանիայում՝ անգլիական կառավարությանը մեղադրելով հայերի ողբերգության նկատմամբ անտարբերության և նույնիսկ մեղսակցության մեջ։ Ա. Ռոզբերիի լիբերալ կառավարությունը ստիպված էր միանալ եվրոպական տերությունների համատեղ գործողություններին՝ ի պաշտպանություն արևմտահայերի, Բարձր դռնից պահանջելով հատուկ հանձնաժողով ստեղծել Սասունի սպանությունները հետաքննելու համար։ 1895-ի սկզբին, որպես պառլամենտական ընտրությունների կարգախոս, լիբերալ կառավարությունը առաջ քաշեց Օսմանյան կայսրության հայերի ազատագրումը, իսկ Ու. Գլադստոնը ծավալեց հակասուլթանական քարոզչություն՝ պահանջելով Մեծ Բրիտանիայի անհապաղ միջամտությունը հայկական բարենորոգումների իրականացմանը։ 1895-ի ապրիլին Ա. Ռոզբերիի կառավարությունը մշակեց բարենորոգումների նախագիծ, որով Արևմտյան Հայաստանին փաստորեն ինքնավարություն էր տրվում եվրոպական տերությունների հովանու ներքո։ Այդ շրջանում անգլիական քաղաքականության գլխավոր նպատակը՝ քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի գրավումը կանխելն էր։ 1895-ի մայիսին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը Բարձր դռանը ներկայացրին բարենորոգումների փոքր-ինչ ձևափոխված անգլիական նախագիծը, որը սուլթանը պարտավորվեց իրագործել մոտակա ժամանակներում։ Բայց քանի որ բարենորոգումների իրագործումը հապաղում էր, 1895-ի հունիսին անգլիական կառավարությունը քննարկեց Թուրքիայի դեմ նավատորմիղ օգտագործելու հնարավորությունը, սակայն որոշակի եզրակացության չհանգեց։ Ռոզբերիի կառավարության անվճռական դիրքորոշումը Հայկական հարցում նրա հրաժարականի պատճառ դարձավ։

XIX դ. 90-ական թթ. 2-րդ կես[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական հասարակայնությունը մեծ հույսեր էր կապում Ռ. Սոլսբերիի պահպանողական նոր կառավարության հետ՝ հավատացած, որ նա ելք կգտնի դուրս գալու մերձավորարևելյան ճգնաժամից և վերջ կտա սուլթանական կառավարության հակահայ գործունեությանը։ Մի կողմից՝ բրիտանական կայսրության շահերը պահանջում էին պահպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու պաշտպանել սուլթանական կառավարությանը, մյուս կողմից՝ առանց Ռուսաստանի աջակցության ու եվրոպական մյուս տերությունների համաձայնության Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականությունը ոչնչի չէր հանգում։ Այդ իսկ պատճառով Սոլսբերին իր ամբողջ ջանքերն ուղղեց Հայկական հարցում անգլո-ռուսական համագործակցություն հաստատելու նպատակին։ Հմտորեն քողարկելով Հայկական հարցում իր քաղաքականության իրական իմաստը՝ անգլիական կառավարությունը փորձում էր մերթ Գերմանիայի[2], մերթ Ռուսաստանի[3] հետ մերձեցմամբ Հայկական հարցը օգտագործել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում ընդլայնելու համար։
1895-ի սեպտեմբերին Կ. Պոլսի հայերի ջարդերի ժամանակ անգլիական դեսպանությունը բավականին եռանդ ցուցաբերեց՝ կանխելու հետագա կոտորածները. նրա նախաձեռնությամբ տերությունները բողոքի նոտա հղեցին Բարձր դռանը։ Սակայն ոչ այդ նոտան, ոչ էլ բրիտանական պառլամենտում Թուրքիայի դեմ հնչող ցասումնալից ճառերն ու սպառնալիքները շոշափելի դրական արդյունք չտվեցին, ջարդերը տարածվեցին նաև գավառներում։ 1895-ի վերջում Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ որևէ մեղք չունի Հայկական հարցում ստեղծված բարդ իրավիճակի համար և հանդես է գալիս հօգուտ տերությունների համատեղ քայլերի։ Հայերի ողբերգությունը վերջնականապես ի դերև հանեց Օսմանյան կայսրության բարենորոգումներին վերահսկելու անգլիական կառավարության հույսերը։
Անգլիական կառավարության և հասարակական շրջանների հետաքրքրությունը հայկական հարցի նկատմամբ վերստին ուժեղացավ 1896-ի աշնանը տեղի ունեցած հայկական նոր ջարդերի կապակցությամբ, որոնք հետևեցին «Բանկ օտոմանի» միջադեպին։ Հոկտեմբերի 20-ին Սոլսբերին մի շրջաբերականով դիմեց եվրոպական տերությունների կառավարություններին՝ հիմնավորելով համատեղ քայլերի անհրաժեշտությունը հայկական հարցի լուծման մեջ, և առաջարկեց հրավիրել համաեվրոպական համաժողով՝ մերձավորարևելյան ճգնաժամը վերջնականապես կարգավորելու համար։ 1896-97-ի Եվրոպական տերությունների Կ. Պոլսի դեսպանների կոնֆերանսը Մերձավոր Արևելքում բրիտանական ավանդական քաղաքականության լիակատար ձախողման վկայությունն էր։

Հանրային կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառակ Հայկական հարցում կառավարության շահադիտական քաղաքականությանը, Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը XIX դ. 80-ական թթ. կարեկցանքով էր վերաբերվում Օսմանյան կայսրության հայ բնակչության ծանր վիճակին։ Այդ շրջանում Մեծ Բրիտանիայում զգալի ազդեցություն ձեռք բերեցին Անգլո-հայկական միությունները, որոնց կազմում էին անգլիական պառլամենտի և կառավարության անդամներ, հասարակական ու կրոնական գործիչներ։ Այդ ընկերակցությունների գլխավոր նպատակն էր Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի կազմակերպումը կառավարությանն անհրաժեշտ ուղղությամբ, չնայած շատ անդամներ (Ջ. Բրայս, Ֆ. Սթիվենսոն, Ֆ. Կավենդիշ, Է. Դիլոն, Մ. Մաքկոլ և ուրիշներ) քիչ ջանք չեն գործադրել նաև հասարակայնությանը ներկայացնելու հայության ծանր վիճակը, նրան նյութական օգնություն կազմակերպելու գործում։

XX դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1910-1914 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին, հղանալով Եգիպտոսից մինչև Հնդկաստան «մերձավորարևելյան բրիտանական կայսրություն» ստեղծելու ծրագրեր, անգլիական կառավարող շրջանները կարևոր տեղ էին տալիս Արևմտյան Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությանը՝ այն դիտելով որպես անգլիական տիրույթների անվտանգության և Մեծ Բրիտանիայի ասիական առևտրի ապահովման կարևոր օղակ։ Հենց այդ ծրագիրն էլ որոշում էր Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում, որը ձգտում էր կասեցնել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Արևմտյան Հայաստանում և կանխել նրա առաջխադացումը դեպի Միջերկրականի ափերը։ Քաջ գիտակցելով, որ Արևմտյան Հայաստանի համար պայքարում նա զրկված կլինի իր հզոր ռազմածովային ուժերն օգտագործելու հնարավորությունից՝ Մեծ Բրիտանիան գործադրում էր բոլոր ջանքերը՝ պանթյուրքիզմի ազգայնամոլ վարդապետությանը հակառուսական ուղղվածություն հաղորդելու համար։ Դրա հետ մեկտեղ, ձգտելով հնարավորին չափ քողարկել իր քաղաքականությունը Հայկական հարցում, բրիտանական կառավարությունը ոչ միայն խուսափում էր բացահայտորեն հանդես գալ հայ ազգային-ազատագրական շարժման դեմ, այլև փորձում էր հայերին համոզել իր «ավանդական հայասիրության» մեջ։ Հայկական հարցում անգլիական քաղաքականությունը հատկապես ակտիվացավ 1909-ի Ադանայի կոտորածի ժամանակ և հետո։ Բրիտանական մամուլը, քաղաքական և հասարակական գործիչներն այդ օրերին հանդես էին գալիս հակաթուրքական, հայանպաստ հայտարարություններով։
1912-ի առաջին Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունը միայն անուղղակիորեն էր շոշափում Մեծ Բրիտանիայի շահերը։ Նրա համար ամենամեծ վտանգը կարոդ էր լինել Ռուսաստանի հաջողությունը Արևմտյան Հայաստանում, որը կսպառնար անգլիական գաղութատիրական նկրտումներին Մերձավոր և Միջին Արևելքում։ Տերությունների միջև ստեղծված ուժերի հավասարակշռության պայմաններում Թուրքիայի ամբողջականության պահպանումը նրա արևելյան սահմաններում համապատասխանում էր Մեծ Բրիտանիայի շահերին։ Հենց այդ դիրքերից էր անգլիական կառավարությունը մոտենում այդ ժամանակ վերստին արծարծված հայկական բարենորոգումների հարցի քննարկմանը՝ ձգտելով այդ բանակցություններն առավելագույնս օգտագործել իր քաղաքական նպատակների համար։ 1914-ի Ռուս-թուրքական համաձայնագիրը հայկական բարենորոգումների վերաբերյալ ամբողջությամբ չէր հակասում անգլիական արտաքին քաղաքականության նպատակային ուղղվածությանը։ Բրիտանական կառավարությունը, որ իրեն իրավունք էր վերապահել միջամտել Հայկական հարցին, եթե անմիջականորեն շոշափվեին անգլիական շահերը, գիտակցում էր, որ այդ սուր պայքարում ոչ Ռուսաստանին, ոչ էլ Գերմանիային չհաջողվեց գերակա ազդեցություն ստանալ Օսմանյան կայսրությունում։

Առաջին Աշխարհամարտի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ արևմտահայերի զանգվածային տեղահանությանն ու ջարդերին[4], այդ նույն ժամանակ Անգլիայի ու Ֆրանսիայի զինված ուժերը հաջողություններ էին կրում Կ. Պոլսի մատույցներում, այսպես կոչված, Դարդանելի օպերացիայի ժամանակ։ 1915մայիսի 24-ին բրիտանական կառավարությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարությունների հետ համատեղ հանդես եկավ հայտարարությամբ՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների կապակցությամբ։
1915-16-ին անգլիական կառավարությունը հայկական ջարդերն օգտագործում էր բորբոքելու հանրային կարծիքը ինչպես իր, այնպես և չեզոք երկրներում՝ Քառյակ դաշինքի և, առաջին հերթին, Գերմանիայի դեմ։ Այն ժամանակ, երբ 1916-ի փետրվարին Լոնդոնում, Ռուսաստանից գաղտնի, բանակցություններ էին գնում Արաբական հարցի և Թուրքիայի բաժանման շուրջ, ոուսական զորքերը գրավեցին էրզրումը։ Անգլիական և ֆրանսական կառավարությունները վերստին բանակցություններ սկսեցին ասիական Թուրքիայի բաժանման շուրջ՝ ոուսական քաղաքականության հաղթանակը թույլ չտալու և Մերձավոր Արևելքում ռուսական առաջխադացումը կանխելու մտադրությամբ։ Անգլո-ֆրանսիական բանակցություններն ավարտվեցին Թուրքիայի տարածքի բաժանման վերաբերյալ 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով։ Բրիտանական կառավարության ղեկավարներն իրենց պաշտոնական, թե ոչ պաշտոնական հայտարարություններում կեղծավորաբար շարունակում էին պաշտպանել հայերին։ Դեռևս պատերազմի սկզբին լորդ Կրոմերը պառլամենտում հայտարարեց. թե «այս պատերազմի նպատակներից մեկը՝ թուրքական լծից Հայաստանի ազատագրումն է»։ 1916-ի նոյեմբերին պրեմիեր մինիստր Ասքվիտը հանդիսավոր հայտարարեց, թե թուրքական տիրապետությանը վերջ կտրվի և հայ ժողովրդի համար կստեղծվի «ազատ երկիր»։ Բայց այն ժամանակ, երբ բանակցություններ էին գնում Մերձավոր Արևելքի թուրքական տարածքների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի բաժանման շուրջ, Հայաստանի անկախության ու ինքնուրույնության մասին խոսք չկար։ Ավելին, անգլիական կառավարության արտակարգ լիազոր Մ. Սայքսը 1916-ի մարտի 12-ին Պետերբուրգի անգլիական դեսպան Ջ. Բյուքենենին ուղարկած իր գրության մեջ հնարավոր չէր համարում հայկական պետության ստեղծումն ու Արևմտյան Հայաստանի լիովին հանձնումը Ռուսաստանին։
1917-ի աշնանը, Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Կովկասյան ճակատի մերկացման պայմաններում, բրիտանական կառավարությունը փորձեց հայկական կամավորական շարժումն օգտագործել Թուրքիայի դեմ (Կովկասում, Իրանում և Միջագետքում)՝ այդ նպատակին հատկացնելով հատուկ ֆինանսական միջոցներ։ Իսկ անգլիական արտաքին քաղաքականության ղեկավարները շարունակում էին ի լուր աշխարհի հայտարարել, թե պաշտպանում են հայերին, որը պատերազմից հետո կունենա իր «ազգային պետական միավորը» (Դ. Լլոյդ Ջորջ), կիրականանա նրա «ազատության ու անկախության» ձգտումը (Ա. Բալֆուր
1918-ի Մուդրոսի զինադադարը նոր հարված եղավ հայերի համար, համաձայն որի Արևմտյան Հայաստանը մնում էր թուրքական տիրապետության տակ։ Անգլիական կառավարության կարծիքով, զինադադարը պայմաններ պետք է ապահովեր Օսմանյան կայսրության վերջնական բաժանման համար։ Մինչև փաստաթղթի ստորագրումը բրիտանական կառավարությունը քննարկեց ապագա փաստաթղթի մեջ Հայաստանի տեղի, նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող տերության հարցը և այլն։ Ակնհայտ էր, որ Մեծ Բրիտանիան փորձում էր իր վրայից գցել Արևմտյան Հայաստանի ապագա կազմակերպման պատասխանատվությունը։ Արդյունքը եղավ այն, որ զինադադարի 24-րդ հոդվածը նախատեսում էր հայկական 6 վիլայեթների գրավումը դաշնակիցների կողմից «նրանցից որևէ մեկում անկարգությունների դեպքում», այսինքն՝ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մի նոր տարբերակ։

1918-1920 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-ի նոյեմբեր-դեկտեմբերին Արևմտյան Հայաստանի ապագայի հարցերը քննարկվեցին անգլիական կառավարական շրջաններում։ Ոմանք գտնում էին, որ Հայաստանի և Անդրկովկասի մանդատը պետք է հանձնել Ֆրանսիային, ոմանք Էլ՝ ԱՄՆ-ին։ Վերջապես 1918-ի դեկտեմբերին ռազմական նախարարությունը որոշում ընդունեց Անդրկովկասի իրադրությունը վերահսկելու համար ձեռնարկել մի շարք ռազմական ու քաղաքական միջոցներ՝ բրիտանական շահերը Ասիայում «բոլշևիզմի վտանգից» զերծ պահելու նպատակով։ Անդրկովկասի երեք հանրապետություններից Հայաստանը ամենանվազագույն հետաքրքրությունն էր ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար՝ նրա կայսերապետական շահերի տեսակետից։ Այդ բանը առանձնապես ցայտուն դրսևորվեց Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանային վեճերի ժամանակ, երբ վճռական էին Բաքվի նավթը և անգլիական գեներալ Թոմսոնի մուսուլմանամետ դիրքորոշումը։ Այսպես, երբ 1918-ի դեկտեմբերի 1-ին գեներալ Անդրանիկը իր զորքերով մտավ Ղարաբաղ, և մի քանի Օր այն գտնվում էր Հայաստանի Հանրապետության իրավասության տակ, գեներալ Թոմսոնը Բաքվից կարգադրեց՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Զանգեզուր։ Դեռևս 1917-ի հունվարին Թոմսոնը հայտարարում էր, որ Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը մինչև հաշտության կոնֆերանսի վերջնական որոշումը պետք է ենթարկվեն Ադրբեջանին։
Բրիտանական ներկայացուցչի միջամտությունը հայ-վրացական միջադեպին հանգեցրեց նրան, որ Ախալքալաքի հայաբնակ մարզը հայտնվեց Վրաստանի կազմում, իսկ Լոռու գավառը հայտարարվեց «չեզոք գոտի» և դրվեց անգլիական զինվորների վերահսկողության տակ։ Մուդրոսի զինադադարի համաձայն, թուրքական բանակը պետք է ազատեր Կարսի մարզը և վերականգներ 1914-ի ռուս-թուրքական սահմանը։ Սակայն բրիտանական զինվորական հրամանատարության անվճռական գործողությունների հետևանքով թուրքական զորքերի դուրսբերումը ձգձգվեց մինչև 1919-ի ապրիլը։ 1919-ի օգոստոսին բրիտանական կառավարությունը քննարկեց անգլիական զորքերը Կովկասից դուրս բերելու հարցը, և, չնայած պառլամենտի անդամներից ու նախարարներից շատերը պնդում էին հայերին պաշտպանելու համար այդ զորքերը ժամանակավորապես թողնել այնտեղ, գլխավոր շտաբը որոշեց զորքերը դուրս բերել։
1919-ի վերջին-1920-ի սկզբին բրիտանական պառլամենտը վերստին անդրադարձավ Հայաստանի մանդատի հարցին, ակնհայտ էր, որ անգլիական կառավարությունը Հայկական հարցի միակ լուծումը տեսնում էր այդ մանդատը ԱՄՆ-ին կամ Ազգերի լիգային հանձնելու մեջ։ Դ. Լլոյդ Ջորջը այդ տեսակետը պաշտպանեց նաև 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում։ Եվ, վերջապես ստորագրելով 1920-ի Սևրի հաշտության պայմանագիրը, անգլիական կառավարությունը լիովին ազատվեց նրա կատարման վերահսկողությունն իրականացնելու պարտավորություններից։ Չնայած Հայաստանի Հանրապետության բազմաթիվ դիմումներին, Մեծ Բրիտանիան այդպես էլ շատ թե քիչ էական օգնություն ցույց չտվեց նրան։ Անգլիական կառավարությունը մերժեց Հայաստանին 1 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխառություն տրամադիելու առաջարկը (1920-ի փետրվար), պաշտպանություն չգտավ դաշնակից զորքերի կողմից Տրապիզոնի նավահանգստի ժամանակավոր գրավման գաղափարը (1920-ի հոկտեմբեր) և այլն։ Հայաստանի կառավարությունը ստացավ սոսկ աննշան քանակությամբ ռազմական հանդերձանք և վառելահեղուկ։ Անգլիական ներկայացուցչի խորհրդով Հայաստանի կառավարությունը հրաժարվեց 1914-ի սահմանների վերականգնման հարցում Խորհրդային Ռուսաստանի միջնորդությունից։

1920-1923 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրկովկասյան հանրապետություններում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բրիտանական կառավարությունը վերջնականապես ճշտեց իր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ։ Դեռևս 1920-ի ապրիլին բրիտանական պառլամենտի ներկայացուցիչները շփման մեջ մտան Անկարայի հետ, հանդիպումներ ունեցան Մ. Քեմալի հետ։ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին Լոնդոնի կոնֆերանսում և 1921-ի հունվարին Անտանտի Գերագույն խորհրդի նիստում (Փարիզ) բրիտանական կառավարությունը պաշտպանեց Սևրի պայմանագիրը վերանայելու Ֆրանսիայի պահանջը։ 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում անգլիական ներկայացուցչի աջակցությամբ «հայկական անկախ պետականություն» հասկացությունը փոխարինվեց «Հայկական ազգային օջախ» անորոշ ձևակերպմամբ։ Եվ չնայած լորդ Քերզոնի կողմից պատերազմի տարիներին հայ բնակչության նկատմամբ երիտթուրքական քաղաքականության ձևական դատապարտմանը, Թուրքիայի տարածքում հայկական ազգային օջախ ստեղծելու առաջարկը նույնպես մերժվեց 1922-23Լոզանի կոնֆերանսում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։