Մել Բոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մել Բոնի
Բնօրինակ անունֆր.՝ Mélanie Bonis
Ի ծնե անունֆր.՝ Mélanie-Hélène Bonis
Նաև հայտնի է որպեսMel Bonis
Ծնվել էհունվարի 21, 1858(1858-01-21)[1][2][3]
Փարիզ[4]
Երկիր Ֆրանսիա[5]
Մահացել էմարտի 18, 1937(1937-03-18)[1][2][3] (79 տարեկան)
Սարսել[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինAlbert Domange?
Կայքmel-bonis.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Mélanie Bonis Վիքիպահեստում

Մել Բոնի (ֆր.՝ Mel Bonis), իրական անունը Մելանի էլեն Բոնի (ֆր.՝ Mélanie Hélène Bonis, հունվարի 21, 1858(1858-01-21)[1][2][3], Փարիզ[4] - մարտի 18, 1937(1937-03-18)[1][2][3], Սարսել[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Ստեղծագործել է «Մել Բոնի» կեղծանունով, որպեսզի թաքցնի կին լինելու հանգամանքը[6][7]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանի էլեն Բոնին ծնվել է 1858 թվականին Փարիզում[8]։ Դաստիարակվել է խիստ միջավայրում և ստացել է կրոնական կրթություն։ Չնայած ծնողների դեմ լինելուն՝ նա ինքնուրույն սկսել է երաժշտություն սովորել։ Ընտանիքի ընկերներից մեկը, նկատելով Մելանիի հնարավորությունները, ներկայացրել է նրան Սեզար Ֆրանկին և մեկ տարի անց՝ 19 տարեկանում, ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա, որտեղ Ֆրանկի մոտ սովորել է երգեհոն։ Միևնույն շրջանում այդտեղ սովորել են Դեբյուսին և Պերնեն։ Մելանին աչքի էր ընկնում ուսման մեջ[6]։

Կոնսերվատորիայում նա ծանոթացել է երգիչ և երաժշտական քննադատ Ամեդե էտիխի հետ և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, բայց աղջկա ծնողները դեմ էին այդ ամուսնությանը, և ստիպեցին նրան թողնել ուսումը կոնսերվատորիայում, որպեսզի խոչընդոտեն նրանց հետագա հանդիպումներին։ 1883 թվականին Մելանին ծնողների պնդմամբ ամուսնացել է այրի և հինգ երեխաների հայր Ալբերտ Դոմանգեի հետ, որն իրենից 25 տարով մեծ էր։ Այս ամուսնությունից ունեցել է 3 երեխա[8]։

Մելանին դադարել է զբաղվել երաժշտությամբ, բայց մի քանի տարի անց կրկին հանդիպելով Էտիխին, նրա ազդեցությամբ վերադարձել է երաժշտությանը։ Մելանին և Ամեդեն դեռ սիրահարված էին միմյանց, և Մելանիի համար սկսվել էր ներքին պայքարի դժվար շրջան նրա հանդեպ ունեցած զգացմունքների և կրոնական համոզմունքների միջև։ Նա իր 4-րդ երեխային՝ Մադլենին, ապօրինի է ունեցել և երբեք չի կարողացել պաշտոնապես ճանաչել[7]։ Աղջկան մեծացրել է Մելանիի նախկին սպասուհին։ Երբ նա դարձել է 13 տարեկան, Էտիխը, որն այդ ժամանակ ամուրի էր, աղջկան ճանաչել է որպես իր զավակ։

Մել Բոնի

Առաջին համաշխարհային պատերազմից հետո մահացել է Մադլենի խորթ մայրը, և Մելանին վերցրել է աղջկան իր մոտ՝ ներկայացնելով նրան իբրև սանիկ և որբ։ 1918 թվականին մահացել է Մելանիի ամուսինը։ Միևնույն ժամանակ նրա ավագ որդին՝ Էդուարը, վերադառնալով զինվորական գերությունից, սիրահարվել է Մադլենին։ Չունենալով մերժման այլ հիմքեր՝ մայրը ստիպված է եղել որդուն և Մադլենին ներկայացնել աղջկա ծագման գաղտնիքը։ Դա խորը ցնցում էր երեքի համար էլ, և Մելանին մինչև կյանքի վերջը այդպես էլ չի կարողացել վերականգնվել։ Այնուամենայնիվ, նա մտերմացել է դստեր հետ, որը նույնպես ունակ երաժիշտ էր։ 1923 թվականին Մադլենը ամուսնացել է և դարձել 3 երեխաների մայր[7]։

Չնայած իրավիճակի դրամատիզմին՝ այս տարիները Մելանիի համար չափազանց արդյունավետ էին ստեղծագործելու առումով[6]։ Նա ստեղծել է մոտ 60 դաշնամուրային պիես, ինչպես նաև մի շարք դուետներ, երկու դաշնամուրային և ուսումնական պիեսների ստեղծագործություններ, մոտ 30 պիես երգեհոնի համար, մոտ քսան կամերային ստեղծագործություն, այդ թվում՝ երեք սոնատ ֆլեյտայի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, երկու քառյակ դաշնամուրային և լարային նվագախմբերի համար, յոթ՝ փողային գործիքների համար, սեպտետ դաշնամուրի, երկու ֆլեյտայի և լարային քառյակի համար, տասնմեկ նվագախմբային պիես և այլն։

Բոնին առանձնանում է ժանրային և ոճային բազմազանությամբ. նրա երաժշտության մեջ առկա են պոստրոմանտիզմի տարրեր։ Բոնիի ստեղծագործությունները հրատարակել են Ֆրանսիայի խոշորագույն երաժշտական հրատարակչությունները։ Նա հաճախ է հանդես եկել համերգներով, նրա ստեղծագործությունները կատարվել են ֆրանսիացի և շվեդ երաժիշտների կողմից[8]։

Մել Բոնիի անունը լայն ճանաչում է ունեցել, սակայն ընտանիքում աջակցություն չունենալով և մշտական ներքին կոնֆլիկտ ապրելով՝ նա աստիճանաբար հեռացել է ստեղծագործությունից և մեկուսի ապրել՝ մխիթարություն գտնելով կրոնում։ Նա մահացել է 1937 թվականի մարտի 18-ին Սարսելում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #122261836 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2018.
  6. 6,0 6,1 6,2 Women Composers of Classical Music, 2011, էջ 100
  7. 7,0 7,1 7,2 Christine Géliot. «Biography». mel-bonis.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Christine Géliot. «Biographie résumée». mel-bonis.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christine Géliot Mel Bonis, femme et compositeur, 1858-1937. — L'Harmattan, 2009. — 317 p.
  • Mary F. McVicker Bonis, Mélanie // Women composers of classical music: 369 biographies from 1550 into the 20th century. — McFarland & Company, 2011. — P. 100. — ISBN 978-0-7864-4397-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]