Մելքոնով-Եզեկովի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելքոնով-Եզեկովի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Մելքոնով-Եզեկովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Мелконова-Езекова),  շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Վորոշիլովյան պողոտայի խաչմերուկում։ Կառուցվել է XIX դարի վերջում, ավելի ուշ վերակառուցվել է[1]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերվել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցի և Մեծ պողոտայի (այժմ՝ Վորոշիլովյան պողոտա) խաչմերուկում կառուցվել է եկամտաբեր տուն։ Նրա սեփականատերը Գաբրիել Մելքոնով-Եզեկովն էր, որը Ռոստովում և Նախիջևանում հայտնի վաճառականների ցեղից էր։ Սեփականատիրոջը ժողովրդի մեջ կոչում էին «բրդի թագավոր»։

Եկամտաբեր տան շինարարության հետ կապված է քաղաքային մի առասպել ձիաբույծ Կարապետ Չեռնովի և բրդավաճառ Գաբրիել Մելքոնով-Եզեկովի վեճի մասին։ Պարզելու համար, թե նրանցից ով է ավելի հարուստ, վաճառականները որոշել էին դեմ-դիմաց կառուցել երկու եկամտաբեր տուն Բոլշայա Սադովայա փողոցի և Մեծ պողոտայի (Վորոշիլովյան պողոտայի այն ժամանակվա անվանումը) խաչմերուկում։ Վեճում հաղթելու էր նա, ում տունն ավելի շքեղ կլիներ։ Նախ եկամտային տներն ունեին երեքական հարկ, սակայն, երբ XX դարի սկզբին Ռոստովում սկսվեց շինարարական բումը, երկու վաճառականներն էլ որոշեցին տները դարձնել հինգհարկանի։ Ի վերջո, Մելքոնով-Եզեկովի տան գմբեթը մի քանի մետր բարձր դուրս եկավ։ Գմբեթի վրա նոր բան կառուցել Չեռնովը չէր կարող, և այդ ժամանակ նրա տան տանիքին տեղադրվեցին սյուներ։ Այդ առանձնահատկության պատճառով քաղաքացիները նրա տունն անվանեցին «հենարանների վրա սյուներով տուն»։

Երկու տներն էլ կառուցվել են էկլեկտիզմի ոճով և զարդարվել ծեփակերտ նախշերով, բազմաթիվ սյուներով, կարիատիդներով և նախամուտքերով։ Ճարտարապետական մենամարտը տևել է շուրջ 15 տարի։

Մելքոնով-Եզեկովի եկամտաբեր տունը վերակառուցվել է XX դարի սկզբին մոդեռն ոճով և կահավորությամբ Քաղաքային դումայի շենքից հետո համարվել է երկրորդը Ռոստովում։ Շենքում գտնվել է Ռոստովի հասարակական ակումբը։ 1914 թվականին, հյուրախաղերի ժամանակ, այս շենքում ելույթ է ունեցել ռուս սիմվոլիստ բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Բալմոնտը։ Ռոստովի ակումբում նա դասախոսություն է կարդացել «Պոեզիան որպես կախարդանք» թեմայով։ Դոնի Ռոստովի հասարակական ակումբը եղել է քաղաքի մտավորականության հանգստի վայրը։ Նրա հաճախորդներն են եղել վարժարանների ուսուցիչները, երդվյալ ատենակալները, առևտրային հաստատությունների ծառայողները և այլն։

Խորհրդային տարիներին շենքի առաջին հարկում գործել է «Կոլիզեում» կինոթատրոնը, որի դահլիճում 1920-ական թվականներին հանդես է եկել բանաստեղծ Սերգեյ Եսենինը։ 1930-ական թվականներին այս շենքը զբաղեցրել են Ռոստովի ռադիոհեռարձակման և ռադիոֆիկացման Ազովյան-Սևծովյան կոմիտեն և «Ուդառնիկ» կինոթատրոնը։ Առաջին հարկում նաև գործել են խանութներ, վերին հարկերում բնակարաններ էին։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մելքոնով-Եզեկովի տան վրա ավիառումբ է ընկել՝ մասնակի ավերելով շենքը։ Առաջացած հրդեհը վերջնականապես ոչնչացրել է շենքը։

Պատերազմից հետո շենքի մնացորդները հավաքվել են, մնացած աղյուսն օգտագործվել է նույն տեղում «Ռոստովածուխ» ձեռնարկության բնակելի շենքը կառուցելու ժամանակ։ Նոր շենքը կառուցվել է ստալինյան ամպիրի ոճով։ 1953 թվականից մինչև 2000-ականների սկիզբը շենքում գործում էր «Բուրեվեստնիկ» կինոթատրոնը։ Այժմ այս շենքում գործում է Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատակազմը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 98—101. — ISBN 5-8456-0489-3