Մելկի վանական համալիր
Մելկի վանք գերմ.՝ Stift Melk | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մելկ, Ստորին Ավստրիա |
Հիմնադիր | Յակոբ Պրանդտաուեր |
Կարգավիճակ | Գործող |
Կայք | Պաշտոնական կայք |
Կոորդինատներ: 48°13′41″ հս․ լ. 15°20′2″ ավ. ե. / 48.22806° հս․. լ. 15.33389° ավ. ե. | |
Մելկի Բենեդիկտյան վանական համալիր ( Մելկի վանք, գերմ.՝ Stift Melk), կրոնական կենտրոն Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Մելկ քաղաքի մոտակայքում՝ Վախաու հովտի՝ Դանուբի ժայռապատ աջ ափի բլրին: Վանքի բարոկկո ոճով կառուցված անսամբլը, որը ստեղծվել է 1702 - 1746 թվականներին հայտնի ավստրիացի ճարտարապետ Յակոբ Պրանդտաուերի կողմից, 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: Վանքում գործում է դեռևս 1140 թվականին հիմնված գիմնազիան, որը հանդիսանում է իր տեսակի մեջ Ավստրիայի ամենահներից մեկը:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
11-րդ դարի սկզբից Մելկ քաղաքը հանդիսանում էր 976-1246 թվականներին Ավստրիայում իշխող Բաբենբերգների մարկգրաֆների ու կոմսերի դինաստիան: Այստեղ է գտնվում Բաբենբերգների գլխավոր գերեզմանատունը: 1014 թվականի հոկտեմբերի 13-ին Մելկ են տեղափոխում նաև Սուրբ Կոլոմանի մասունքները: Վանական համալիրի գրադարանում պահվող ձեռագրերը հուշում են, որ արդեն Ավստրիայի մակրոգրաֆ Լեոպոլդ I-ի օրոք Մելկը հանդիսանում էր ճանապարհորդական հենակետ, որտեղ գիշերում էին իշխող դինաստիայի ներկայացուցիչները, հազվադեպ նաև՝ բարձրաստիճան եկեղեցական գործիչները:
Ավստրիայում մակրոգրաֆության ընդլայնումով դեպի հյուսիսային և արևելյան ուղղություններով, ինչպես նաև նոր կեմնտրոնների հայտնվելով Մելկը աստիճանաբար սկսեց կորցնել իր կարևորությունը, այնուամենայնիվ, մնաց որպես Բաբենբերգների գերեզմնատուն:
Պապի գահի և Սրբազան Հռոմեական կայսրության գահի միջև պայքարի ժամանակ (կաթոլիկ եկեղեցու և աշխարհիկ իշխանության միջև տեղի ունեցած ամենամեծ հակամարտությունը Եվրոպայում) մակրոգրաֆ Լեոպոլդ II-ը Մելկում ապաստան է տրամադրում եպիսկոպոս Ալտման Պասաուսկուն, ով 1085 թվականին վտարվել էր Պասաուից Հռոմի պապի հանդեպ հավատարմության համար: Հավանաբար հենց Ալտման Պասաուսկին ազդեցություն ունեցավ Լեոպոլդ II-ի վրա, ով էլ որոշեց Մելկում՝ Դանուբի ափին գտնվող ժայռապատ բլրի վրա կառուցել վանք: 1089 թվականի մարտի 21-ին նորակառույց վանական համալիրում բնակություն հաստատցեին Զիգիբլոդ վանահոր առաջնորդությամբ Լամբախից ժամանած բենեդիկյան վանահայրերը[1]
1122 թվականին Մելկի վանական համալիրը Պասաուի եպիսկոպոսության կողմից ղեկավարումից անցնում է Հռոմի Պապի անմիջական ենթակայության ներքո:
Վանքում կար ձեռագրատուն, որտեղ աշխատում էին ձեռագիրները: Ամենայն հավանականությամբ, 12-րդ դարում նրանց թվում էր հոգևորական (այլ տվյալներով, վանական, ճգնավոր) և բանաստեղծ-երգիծաբան Հենրիխ ֆոն Մելկը, ով հանդիսացել է ժամանակակից գերմաներենի նախնական զարգացման շրջանի ներկայացուցիչ:
Վանքում աբբա (վանահայր) Վալտեի ժամանակաշրջանին (1224-1227թթ.) թվագրվող որոշ ձեռագրեր են պահպանվել, որոնց մի մասում առկա են գունավոր մանրանկարներ: 1160 թվականով թվագրվող ձեռագրերից մեկը փաստում է, որ վանքում ակտիվորեն գործել է դպրոց:
1297 թվականի օգոստոսի 14-ին եկեղեցական կառույցները և տնտեսական շինությունները ոչնչանում են ուժեղ հրդեհի հետևանքով: Հրդեհից ոչնչանում է գրադարանը, այդ թվում՝ ձեռագրերի և պատմական փաստաթղթերի մեծ մասը:
Ուշ միջնադար և մելկյան վանական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրդեհից հետո վանքը վերածվել էր ավերակների: Աբբա Ուլրիխ II-ի (1306-1324թթ.) ջանքերով հնարավոր եղավ վերականգնել միայն ամենաանհրաժեշտը:14-րդ դարի իրադարձությունները վանքին հնարավորություն չէին տալիս բնականոն կերպով զարգանալ: ժանտախտը, ոչ բերքատու տարիները և Հռոմի եկեղեցու բաժանումը, որը տևեց 1378 թվականից մինչև 1417 թվականը, խարխլեցին վանական կարգապահությունն ու բացասաբար անդրադարձան վանական համալիրի գործունեության վրա:
Որոշակի դրական տեղաշարժեր նկատվեց հերցոգ Ռուդոլֆ IV-ի իշխանության տարիներին: 1362 թվականին հերցոգը պատվիրեց և վանքին նվիրաբերեց շատ թանկարժեք ու գեղագիտորեն զարդարված խաչ՝ որպես բացառիկ մասունքների պահատուփ: Մոտավորապես 1040 թվականին մակրոգրաֆ Ադալբերտի կողմից Մելկ են տեղափոխվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասնիկները, որոնք պահվում են խաչի մեջ: Մեր օրերում Մելկի խաչը Մելկի վանական համալիրի ամենապաշտելի մասունքն է[2]: Բացի այդ, հերցոգը վերակառուցում և ներկում է Սուրբ Կոլոմանի գերեզմանը:
15-րդ դարի սկզբներին վանական համալիրը, ինչպես այդ ժամանակների այլ վանքեր, հայտնվեցին մեծ պարտքերի մեջ: Վանականները սկսեցին հակամարտության մեջ մտնել իրար հետ, ինչի հետևանքով կարգապահությունը ընկավ: Կոստանցյան ժողովի ժամանակ որոշում կայացվեց բենեդիկյան վանքերում իրականացնել բարեփոխումներ: Ընդունված որոշման դրույթների հիման վրա առաջին վանքը պետք է լիներ Մելկինը: Իտալիայի բենեդիկյան աբբա Նիկոլաուս Զեյրինգերը, ով նախկինում եղել է Վիեննայի համալսարանի ռեկտոր, ուղարկվում է Մելկի վանք, որպեսզի հետևի բարեփոխումների ընթացքոին, և 1418 թվականին նա դառնում է մելկյան վանքի աբբա:
Զեյրինգերին հաջողվում է Մելկում հաստատել խիստ վանական կարգապահություն: Մելկի վանական բարեփոխումը խթան է հանդիսանում հետագա լայնամասշտաբ եկեղեցական բարեփոխումների համար: Մելկի վանքի խորհրդի անդամները նշանակվում էին այլ վանքերի աբաներ: Այդպիսով այն դարձավ եկեղեցական բարեփոխումների կենտրոն: Բարեփոխումները աստիճանաբար ընդգրկեցին ամբողջ Ավստրիան, հետագայում նաև՝ Հարավային Գերմանիան և Շվարցվալդի շրջանը:
Հետագա ժամանակաշրջանում վանքը, սերտորեն համագործակցելով Վիեննայի համալսարանի հետ, դարձավ մշակույթի կենտրոններից մեկը: Վանքից դուրս եկան կրոնական ոլորտի այնպիսի անուններ, ինչպիսիք են Պյոտր ֆոն Ռոզենհեյմը, Յոհան ֆոն Շպեյերը, Մարտին ֆոն Սենգինգը[3], Վոլֆգանգ ֆոն Շտայերը[4], Յոհան Շիլտպահերը: Վանքի ձեռագրատանը ստեղծվել և արտագրվել են կրոնական և գիտական աշխատություններ: Մեր օրեր հասաց մելկյան ձեռագրերի 2/3-ը պատրաստվել են այդ ժամանակաշրջանում:
Սակայն տնտեսական առումով վանական համալիրի գործրը վատ չէին. վանքը շարունակում էր պայքարել տնտեսական դժվարությունների դեմ: Երկրում սկսվել էին հուսյան պատերազմները և Ֆրիդրիխ III հակամարտությունը ազնվականության հետ: Վանքը հայտնվում է սյուզերենների ֆինանսական պահանջներում և ներքաշվում հակամարտությունների մեջ: 1482 թվականին հունգարական Մատյաշ Հունյադի թագավորը պատերազմ է հայտարարում Ավստրիային, որը ավարտբվում է Հունգարիայի հաղթանակով: 1483 թվականին աբատ Ավգուստին ֆոն Օբերնալը ստիպված էր լքել իր պաշտոնը: Նրա փոխարեն վանքի աբբա դարձավ Ֆրիդրիխ III-ի հովանավորյալ Վոլֆգանգ Շեֆենրատը:
16 և 17-րդ դարերի անկում և վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
16-րդ դարի սկզբներին օսմանյան պատերազմները վանական համալիրին պատճառեցին նոր ծախսեր, որոնք խարխլեցին վանքի տնտեսական հիմքերը: Վանքի՝ Վիեննայի մոտ գտնվող տիրույթները ավերվել էին և արժեզրկվել:
Միևնույն ժամանակ մոտակա բնակավայրերի բնակիչներն ու հարակից ամրոցների տերերը պաշտպանեցին ռեֆորմացիան: Արդյունքում Մելկի կաթոլիկ վանական համալիր ընդունվողների քանակը նվազեց: 1566 թվականին վանքում մնացել էին ընդամենը տաս մարդ: Այն հայտնվել էր վերջնական փակման եզրին:
1564 թվականին Մելկ է ժամանում նոր աբբա՝ Ուրբան Պենտազը, ումից էլ սկսվեց վանքի վերածնունդը: Սկզբնական շրջանում նա ստիպված է հարթել հակասությունները աշխարհիկ պաշտոնյաների հետ, որոնց համար կարևոր էր պահպանել իրենց իշխանությունը վանքի նկատմամբ: Ուրբանի նկատմամբ նույնիսկ մեղադրանք է ներկայացվել: Արդյունքում նրան հաջողվում է ոչ միայն իր վրայից հանել այդ մեղադրանքները, այլև նաև Հռոմից ստանալ աբբայի պաշտոնին նշանակվելու պաշտոնական հաստատում: Նա կարողացավ նորից վերականգնել վանքի տնտեսությունը և հասնել այն բանին, որ Հարավային Գերմանիայից բազմաթիվ երիտասարդներ սկսեցին ընդունվել վանական համալիր: Ուրբան Պենտազի գործը շարունակեցին նրա հետևորդներ Կասպար Հոֆմանը (1587-1623թթ.) և Ռայներ ֆոն Լանդաուն (1623-1673): Երեսնամյա պատերազմի և Օսմանյան կայսրության սպառնալիքների հետևանքով սահմանված բարձր հարկերի ու տոկոսադրույքների՝ վանական համալիրը վերջապես կարողանում է վճարել իր պարտքերը և նույնիսկ գնել գրավադրված ունեցվածքը: Վանքը և եկեղեցին վերակառուցվում և վերանորոգվում են, մասամբ նորից կառուցվելով կամ վերաձևափոխվելով: Աշխարհիկ իշխանության ազդեցությունը վանքի նկատմամբ աստիճանաբար նվազում էր, իսկ որոշ ժամանակ անց նաև՝ ամբողջությամբ վերացվում: Նախկին ժամանակների պես վանական համալիրի համայնքը սկսեց զարթոնք ապրել, և Մելկի վանահայրերը սկսեցին հրավիրվել այլ վանքեր: 17-րդ դարի վերջում դրամահավաքի գործընթաց սկսվեց, որպեսզի հետագայում բարոկկո ոճով կառուցվի նոր վանք:
Այս իրադարձություններին զուգընթաց վանքը դառնում է հակառեֆորմացիայի շրջանային կենտրոնը: Պասաուի եպիսկոպոսության համաձայնությամբ Մելկի վանքը հարակից ծխական համայնքներում նշանակում է վանականների, որպեսզի այդպիսով կանխվի լյութերական գաղափարների տարածումը:
Տնտեսական աճին զուգահեռ զարգացում է վանքում վերածնվում էգրական և գիտական գործունեությունը: Այդ ժամանակաշրջանում Մելկում ապրում էին, զբաղվում ուսումնասիրություններով և ձեռագիր աշխատություններ գրում Յոհաննես Զալերը և «Մելկի տարեգրության» հեղինակ Անսել Շրամբը: Ընդլայնվում է նաև Մելկի վանական դպրոցը՝ վերափոխվելով 6 դասարանյա ճիզվիտական գիմնազիայի: Սովորողները սկզբում ավարտում էին վանական չորսամյա դասափուլը, այնուհետև ուսումը ավարտելու նպատակով տեղափոխվում Վիեննայի ճիզվիտական քոլեջ:
Բարոկկո ոճով վանքի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
1700 թվականի նոյեմբերի 18-ին վանքի աբբա է ընտրվում երեսունամյա Բերտոլդ Դիտմայիրը[5], ով հենց սկզբից նպատակ դրեց բարձրացնել վանքի կրոնական, հոգևոր և քաղաքական կշիռը: Այդ նպատակների իրագործման համար նա ցանկանում էր վանքը բարոկկո ոճով վերակառուցել:
Նախագիծը մշակվում է ճարտարապետ Յակոբ Պրանդտաուերի կողմից, ով էլ ղեկավարում էր շինարարությունը 34 տարիների ընթացքում՝ մինչև իր մահը (1726 թվականի սեպտեմբեր): Վանի կառուցման գործը ստանձնում է Յակոբի եղբորորդի Յոզեֆ Մունգենաստը:
1701 թվականին սկսվեց խորանի վերականգնման աշխատանքները, սակայն աշխատանքների սկսումից անմիջապես հետո որոշվեց կառուցել նոր եկեղեցի: 1702 թվականին նոր եկեղեցու հիմքում դրվում է առաջին քարը: Սակայն այդ պահին էլ որոշվում է կառուցել նոր վանքային համալիր: Մեր օրեր է հասել վանքի 1711 թվականի հորիզոնական պրոեկցիայի նախագիծը :
Շինության ներքին ճարտարապետի պաշտոնը զբաղեցնելու համար Վիեննայից հրավիրեցին ինժեներ, թատերական ճարտարապետ և գեղարվեստական ձևավորող Անտոնինո Բեդուցիին (Բեդուչի): 1716 թվականից ծեփակերտության աշխատանքները ղեկավարում էր Յոհան Պյոկը: Միևնույն ժամանակ նկարիչ Յոհան Միխաիլ Ռոտմայերը առաստաղի նկարում էր որմնանկարներ: Շինարարությանն ու հարդարմանը մասնակցել են նաև հայտնի այլ նկարիչներ ինչպես տեղացի, այնպես էլ այլ վայրերից հրավիրված: Գրադարանի և Մրամրյան սրահի որմնանկարները ստեղծել է ավստրիացի գեղանկարիչ Պաուել Տրչոգերը: Դեկորատիվ ոսկեջրման համար պատասխանատու էր Վիեննայից ժամանած Կրիստիան Դավիդը:
1736 թվականին ինչպես վանքի, այնպես էլ եկեղեցու շինարարությունը, ընդհանուր առմամբ, ավարտվել էր: 1738 թվականին վանքում կրկին ուժեղ հրդեհ է բռնկվում, որը ոչնչացնում է գրեթե բոլոր տանիքները, երկու աշտարակները և որոշ հանդիսությունների սրահներ: Բերտոլդ Դիտմայերը անմիջապես կարգադրում է սկսել վերականգնողական աշխատանքներ, սակայն մինչև շինարարության ավարտը 1739 թվականին մահանում է: Վերականգնման աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել նրա հետնորդներին, և 1746 թվականին վերջապես օծում են նոր եկեղեցին:
18-րդ դարում սկսվում է վանքի գիտական և երաժշտական զարթոնքը: Վանական համալիրի երկու բենեդիկտյան վանահայրեր՝ եղբայրներ Բերնարդ Պեցը և Իերոնիմ Պեցը, ովքեր լուսավորության դարաշրջանի ներկայացուցիչներ էին, անգնահատելի ավանդ են ունենում Ավստրիայի պատմության ուսումնասիրության ոլորտում: Մեծ ուշադրություն և հեղինակություն ունեին երաժիշտները, ինչպիսին է կոմպոզիտոր, Յոզեֆ Հայդնի աշակերտ Ռոբերտ Կիմերլինգը[6], նրա աշակերտ, քահանա Մարիան Պարադայզերը[7]), ով մինչև իր կյանքի վերջին օրերը դասավանդել է վանքի գիմնազիայում, ինչպես նաև եկեղեցական կոմպոզիտոր և երաժշտության տեսաբան, ծխական քահանա Մակսիմիլիան Շտադլեռը: Մինչև 1793 թվականը վանքի երգեհոնահարը եղել է Յոհան Գեորգ Ալբրեխտսբերգենը, ով հետագայում ստացել է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի երգչախմբի պետի պաշտոնը:
Լուսավորության շրջանի գաղափարներ ու ժոզեֆիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոսիֆ II կայսեր ղեկավարման ժամանակաշրջանում Ավստրիայում իրականացվող լուսավորության ոգով ազատական բարեփոխումների հետևանքով Մելկի վանական համալիրը ենթարկվեց որոշ փոփոխությունների: Լուսավորության բացարձակության գաղափարներին հետևելով՝ Իոսիֆ II-ը իրականացրեց բարեփոխումներ, որոնց հետևանքով կաթոլիկ եկեղեցի ամբողջությամբ ենթակա դարձավ պետությանը: Պետությունը վերահսկում էր եկեղեցու ամեն քայլ, այդ թվում հավատքին առնչվող հարցեր: Այդ բարեփոխումները, ըստ էության, պետք է ծառայեին պետության շահերին ու համընդհանուր բարգավաճմանը: Համաձայն փոփոխությունների դրույթների՝ բազմաթիվ եկեղեցական հաստատությունները, ինչպես օրինակ վանքերը, չէին իրականացնում սոցիալական գործառույթներ, այդ իսկ պատճառով այդ հաստատությունները մասսայաբար փակվում էին հասարակական օգտակար գործառույթ չկատարելու հետևանքով:
1783 թվականին կայսերական հրովարտակի համաձայն Մելկում չեղյալ է հայտարարվում աստվածաբանության ուսուցումը: Բոլոր կրոնավորները պետք է ուսուցանեին միայն Վիեննայի ընդհանուր սեմինարիայում: Բոլոր նրանք, ովքեր Վիեննայում ուսանելուց հետո վերադառնում էին Մելկ, պետք է զարգացնեին և տարածեին նոր գաղափարները:
Բազմաթիվ պետական որոշումներն ու վճիռները սահմանափակում էին Մելկի վանական համալիրի ինքնուրույնությունը: Պետությունն էր նշանակում հոգևորական նոր ծխերում, որոնք ստեղծվել էին համաձայն «հոգևորականների մասին պետական որոշման»: Պետությունն էր վճարում հոգևորականների կացարանների և դպրոցների համար: Կապված պետության համար վանքի նշանակալի գործունեության հետ՝ դպրոցները խուսափում են փակվելուց: Սակայն 1785 թվականին աբբա Ուրբան Հայերի մահից հետո Իոսիֆ II կայսրը արգելեց նոր աբբայի ընտրությունները: Փոխարենը Մելկի վանքի ղեկավարումը փոխանցվում է պետական կոմիսար-աբբային:
1790 թվականին Իոսիֆ II-ի մահից հետո Մելկի վանական համալիրի հետ կապված նրա կարգադրությունները չեղյալ են հայտարարվում: Պետական կոմիսար-աբբա Իսիդոր Պայրհուբերը, ով 1788 թվականին վանքը պետության կողմից նշանակվել էր որպես հաստատության ղեկավար, ընտրվում է վանքի աբբայության նոր վերահաստատված ղեկավարի պաշտոնում:
Վանական համալիրը 19-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չհասցնելով ազատվել պետության ազդեցությունից՝ Մելկի վանքի գործերին սկսեց խառնվել Սանկտ Պյոլտեն քաղաքի նոր եպիսկոպոսը: 1787 թվականին նրա նախաձեռնությամբ վանքի գիմնազիան տեղափոխվեց Սանկտ Պյոլտեն, և միայն 1804 թվականին այն կրկին վերադարձվեց Մելկ:
1805 թվականի դեկտեմբերի 14-ին վանքի ամրացված հյուսիսային աշտարակում բռնկված հրդեհից զոհվում են Ռուսական կայսերական բանակի 200 կամ 300 զինվոր, ովքեր գերի էին վերցվել Աուստեռլիցի ճակատամարտի ժամանակ: Ռուս զինվորներին թաղեցին Մելկի և Վինդեն գյուղի միջև եղբայրական գերեզմանատանը: Գերեզմանի վրա սկզբնական շրջանում տեղադրված էր փայտյա խաչ, սակայն 1891 թվականին Ալեքսանդր III կայսրը կարգադրեց սև մրամրից կառուցել հուշահամալիր: 1945 թվականին Մելկ մտած դաշնակից զորքերի կողմից 20-րդ հրաձգային կորպուսի հրամանատարության կարգադրությամբ հուշահամալիրը վերակառուցվեց: Ներկայում հուշահամալիրը գտնվում է В 1 դաշնային ճանապարհի հարևանությամբ և հանդիսանում է պատմական հուշարձան[8][9][10]:
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ վանական համալիրը հայտնվեց ծանր հարկային պարտավորության տակ՝ պահպանելով նաև Իոսիֆ II-ի կողմից սահմանված հարկերը: Այդ իրավիճակից ելնելով վերցված պարտքերը վանքը կարողացավ մարել միայն Նապոլեոն Բոնապարտի իշխանության ավարտից հետո աբբա Մարիանե Ցվինգերի օրոք (1819-1837):
1848 թվականի հեղափոխությունից հետո վանքը կորցրեց հողատարածքների սեփականության իրավունքը կորցրեց: Այնուամենայնիվ, վանքին վճարվեց դրամական փոխհատուցում: Այդ գումարների մի մասը ուղղվեցին վանական համալիրի շինությունների հիմնանորոգմանը, իսկ մնացած գումարով Մարգիտա քաղաքում գնվեց գույք (քաղաք ժամանակակից Ռումինիայում):
19-րդ դարում ավվա և քաղաքական գործիչ Ալեքսանդր Կառլի ղեկավարման օրոք (1875-1909 թթ.) վանքը վերականգնում է իր ազդեցությունը շրջանում: Վախաու հովիտը պարտական է վանքին ճանապարհի ամբողջ երկայնքով տնկված մրգատու ծառերի և խաղողի այգիների տնկման համար: Մելկ քաղաքում վանքը կառուցել է մանկական այգի և քաղաքին նվիրել մի քանի հողատարածքներ, որոնց վրա հետագայում հիմնվեց թաղամաս: Թաղամասին հարակից Կառլ Աբտ Շտրասե փողոցը կրում է աբբա Ալեքսանդր Կառլի անունը:
Վանքի զարգացումը 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին վանքի տարածքում տեղադրվում է խմելու ջրի և կոյուղատար ժամանակակից համակարգ, անցկացվում էլեկտրականություն և իրականացվում շինությունների հիմնանորոգում: Նշված բոլոր աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին՝ չնայած արդեն սկսվել էրԱռաջին համաշխարհային պատերազմը: Այնուամենայնիվ, ֆինանսական դժվարությունները ստիպեցին վանքին հրաժարվել որոշ արժեքավոր իրերից: Մասնավորապես, վանքը ստիպված 1926 թվականին Եյլի համալսարանին վաճառվեց Գութենբերգի Աստվածաշունչը:
1938 թվականին Ավստրիայի անշլյուսից հետո նացիստները փակում են վանքի գիմնազիան, իսկ վանական համալիրին պատկանող բազմաթիվ շինություններ բռնագրավվում ու փոխանցում են պետական լրիվ միջնակարգ դպրոցի հաշվեկշռին: Մտավախություն կար, որ նացիստները ամբողջությամբ կփակեն վանքը, սակայն ո՛չ Երկրորդ համաշխարհային պատերազմի և ո՛չ էլ դաշնակից զորքերի կողմից Ավստրիայի օկուպացիայի տարիներին վանական համալիրը գրեթե չի վնասվել՝ չհաշված խաղողի այգիների ոչնչացումը:
1960 թվականին ամբողջովին վերանորոգվում է վանքի ճակատային հատվածը:
1989 թվականին նշվեց Մելկի վանքի հիմնադրման 900 ամյակը, ինչի կապակցությամբ վանքում կազմակերպվեց ցուցահանդես, որը բաց էր մինչև 1990 թվականը: Այդ ժամանակահատվածում ցուցադրությունը տեսնելու նպատակով վանք այցելեցին 1 միլիոն 100 հազար այցելու: Ցուցահանդեսի բացման նախօրեին վերանորոգվել էին այն շինությունների մուտքերը, որոնցով այցելուները պետք է մտնեին վանքի տարածք, մասնավորապես՝ վերանորոգվեց վանքի մուտքն ու հոգևորականների սենյակների բակը:
Հոբելյանական միջոցառումների նախօրեին ակնհայտ դարձավ, որ վանքի հետագա վերակառուցման անհրաժեշտություն կա: Մելկի վանքին պատկանող Գամնիգի կարտեզյան վանքը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վաճառվեց և դրամական միջոցներն ուղղվեց Մելի վանքի վերակառուցմանը:
1990 թվականին իրականացվեցին գրադարանի, Սուրբ Կոլոմանի սրահի և վանքի հյուսիսային հատվածի հենասյուների ամրացման աշխատանքներ: 1991-1995 թվականներին վերակառուցվեց վանքի հյուսիսային հատվածը, արևելյան և հարավային ճակատները և այլ շինություններ:
Քանի որ վանքի արդյունաբերությունը, որն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական և անտառային աշխատանքներ, չի բավարարում նույնիսկ ընթացիկ ծախսերը ծածկելու համար, վերջին տարիներին եկամտի աղբյուր դարձավ նաև զբոսաշրջությունը: Վանքը զբոսաշրջիկների համար բացեցին վերանորոգումից հետո, և այժմ այն այցելում է տարեկան շուրջ 500.000 մարդ: Ներկայում էքսկուրսիաներից ստացված շահույթը հանդիսանում է վանքի բյուջեի հիմնական մասը: Զբոսաշրջիկների համար ստեղծվել են նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ ժամանակակից ընդարձակ ավտոկայանատեղի, իրերի պահման համար նախատեսված փակվող պահարաններով հեծանվակայանատեղ, ինչն էլ հեծանվորդներին հնարավորություն է տալիս այցելել վանք Դանուբի երկայնքով ձգվող հեծանվային արահետներով: Վանքի տարածքում առկա է նաև ռեստորան, հաճախակի փոփոխվող բնապատկերներով վանական զբոսայգի: Կազմակերպվում են էքսկուրսիաներ վանական համալիրում և զբոսայգու տարածքում:
Մելկի վանական համալիրը պատկերված է 1951 թվականին թողարկված ավստրիական 50 շիլլինգ անվանական արժեքով թղթադրամի ետնամասում: Թղթադրամը դուրս է եկել շրջանառությունից եվրոյի ներդրման հետևանքով:
Վանական համալիրի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելկի վանքը զարմացնում է իր չափերով: Ավստրիայում այն համարվում է բարոկկո ոճով կառուցված ամենամեծ վանական համալիրը: Վանքի զբաղեցրած տարածքը կազմում է 17.5 հազար մ², հարավային թևի երկարություն կազմում է 240 մ, հիմնական առանցքի ընդհանուր երկարությունը կազմում է 320 մ[11]:
Վանքի մուտք, արևելյան ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կանոն, այցելուները վանք են մտնում սյունասրահի միջով, որը գտնվում է վանքի պարսպի արևելյան հատվածում: 1718 թվականին կառուցված սյունասրահի կողքերում կանգնած են ամրոցապարսպի աշտարակները: Հարավային ամրացված աշտարակը կառուցվել է 1650 թվականին: Հյուսիսային աշտարակը կառուցել է Յակոբ Պրանդտաուերը, ով հանդիսանում է նոր վանքային համալիրի հեղինակը: Դարպասների աջ և ձախ կողմերում 1716 թվականին տեղադրվել են Ավստրիայի և Վիեննայի հովանավոր կարկոգրաֆ Սուրբ Լեոպոլդ III-ի և Սուրբ Կոլոմանի պատկերագիր արձանագրությունները, որոնց հեղինակը հանդիսանում է Վիեննայի պալատական քանդակագործ Լորենցո Մատիելին: Նրա ձեռքին են պատկանում նաև սյունասրահի ճակտոնի հրեշտակները:
Անցնելով սյունասրահի միջով՝ այցելուները հայտնվում են դռնապանի բակ (Torwartlhof), որի ձախ կողմում գտնվում է այցելուների ընդունման գոտին և տոմսարկղը: Աջ կողմում է գտնվում երկու Բաբենբերգյան աշտարակներից մեկը՝ վանքի պաշտպանական հին ամրությունների ավերակները:
Անմիջապես Բակի դիմաց է գտնվում արևելյան շքեղ ճակատային հատվածը, որն ավելի շատ նման է պալատի: Ճակատային հատվածի պատշգամբներից մեկից հին ժամանակներում աբբաները ավանդաբար ողջունում էին հյուրերին:
Վանական մեծ զբոսայգի և ռեստորան[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյունասրահի մոտ գտնվում է դեպի վանական զբոսայգի մտնելու մուտքը: Այգին հիմնվել է 1746-1747 թվականներին աբբա Թոմաս Պաերուի կարգադրությամբ և դեռևս պահպանում է իր յուրօրինակ կառուցվածքը: Զբոսայգու հեղինակն է եղել ճարտարապետ և գեղանկարիչ Ֆրանց Ռոզենշթինգլը: Այն ընդգրկված է Ավստրիայի առավել նշանակալի զբոսա-ճարտարապետական համալիրների ցուցակում և պահպանվում է որպես մշակութային հուշարձան:
Այգում է գտնվում բարոկկո ոճով կառուցված զբոսայգու տաղավարը, որը կառուցվել է 1747-1748 թվականներին Ֆրանց Մունգենաստի նախագծով: Տաղավարի սրահների որմնանկարները ստեղծվել են 1763-1764 թվականներին Յոհան Բապտիստ Վենզել Բերգլի հորինվածքով: Ներկայում զբոսայգու տաղավարում գործում է սրճարան, հաճախ կազմակերպվում են համերգներ:
Վանական զբոսայգին բաժանված է մի քանի գոտու, որոնցից է Դրախտային պուրակը, ինչպես նաև բարոկկո ոճով կառուցված ջրային ավազանը, որտեղ աճում են 250 ամյա լորենիներ:
Դարպասների դիմաց տեղակայված է զբոսայգու մյուս հատվածը, որտեղ գտնվում է վանական ռեստորանը սպասարկման այլ օբյեկտներ:
Սուրբ Բենեդիկտի սրահ և պրելատների բակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցնելով պատշգամբի տակ գտնվող կամարի միջով՝ այցելուները հայտնվում են լուսավոր երկհարկանի սրահում՝ Սուրբ Բենեդիկտի սրահում: Սուրբը պատկերված է առաստաղի որմնանկարներում: Ֆրանց Ռոզենշտինգլի կողմից ստեղծված սկզբնական ոճը հետագայում՝ 1852 թվականին, համալրվել է ավստրիացի գեղանկարիչ, դիմանկարիչ և պատմական թեմաների նկարների հեղինակ Ֆրիդրիխ Շիլհերմի կողմից: Սուրբ Բենեդիկտի սրահից բացվում է տեսարան դեպի Պրելատների բակ (բարձրաստիճան հոգևորականների բակ), գերմ.՝ Prälatenhof) , որն ունի 84 մ х 42 մ չափեր: Բակն ունի ուղղանկյուն քառակուսու տեսք՝ ուղղվածդեպի վանքի եկեղեցու գմբեթը, ինչը Պրելատների բակից ստացված տպավորությունն ավելի է ուժեղացնում:
Շինությունների ճակատային մասը, որը շրջանակի մեջ է վերցրել Պրելատների բակը, առանձնանում է իր պարզությամբ և հանգիստ ներդաշնակությամբ: Կենտրոնական վերնաճակատին Ֆրանց Ռոզենշտինգլի կողմից բարոկկո ոճով նկարված որմնանկարները պատկերում էին չորս հիմնական առաքինությունները (համաձայն Պլատոնի)՝ չափավորություն (հյուսիսային կողմից), իմաստություն (արևմտյան կողմից), քաջություն (հարավային կողմից) և արդարություն (արևելյան կողմից): 19-րդ դարի կեսերին այդ որմնանկարները փոխարիննվեցին ավստրիացի գեղանկարիչ Ֆրիդրիխ Շիլհերմի որմնանկարներով: Սակայն այդ որմնանկարները նույնպես չեն պահպանվել, քանի որ 20-րդ դարի 80-ական թվականների լայնամասշտաբ վերակառուցման ժամանակ հնարավոր չի եղել վերականգնել և փոխարինվել ենժամանակակից նկարիչ Պետեր Բիշոֆի և Հելմուտ Կրումպելի աշխատանքներով[12]:
Պրելատների բակի կենտրոնում գործում է Սուրբ Կոլոմանի շտրվանը, որը ստեղծվել է 1687 թվականին և վանքի տարածքում մնացել մինչև 1722 թվականը:, երբ աբբա Բերտոլդ Դիտմայերը այն վաճառեց Մելկ քաղաքին, որպեսզի տեղադրվի քաղաքի կենտրոնական՝ շուկայի հրապարակում: 19-րդ դարի սկզբին շատրվանը գնվել է Վալդհաուզենի վանքից և այդ ժամանակվանից կրկին գտնվում է Պրելատների բակի տարածքում:
Կայսերական սանդուղք, կայսերական ապարանքներ և թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսերական սանդուղք և կայսերական ապարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրելատների բակի ետին ձախ անկյունում (հարավ-արևելքում) գտնվող դարպասը հանդիսանում է արարողակարգային կայսերական սանդուղքի սկիզբը, որն էլ տանում է դեպի կայսերական բակ՝ վանական համալիրի այն հատվածը, որտեղ գտնվում էին կայսերական ընտանիքի հանգստարանները: Ճոխ կայսերական սանդուղքը, որը զարդարված է սպիտակ կրաքարից պատրաստված սյուներով, ներքևի հատվածում թվում է ոչ բավարար լայն, բայց որը լայնանում է վերևում: Սանդուղքի վերին հատվածը զարդարված է ծեփածո արվեստի գործերով և երկու առաքինությունների դավանաբանական քանդակներով՝ Constantia (հաստատունություն) և Fortitudo (քաջություն): Առաստաղի որմնանկարներում պատկերված է արծվի հետ խաղացող պատանիներ, որոնք մատնացույց են անում կայսերական երկգլխանի արծվին: Այդ հանգամանքը վկայում է ոչ միայն այն մասին, որ կայսերական ապարանքի աշխարհիկ բնութագրի մասին, այլև այն քաղաքական դերի, որը խաղացել է վանական համալիրը Ավստրիայի պետական համակարգում: Սրբազան Հռոմեական կայսրոթյան կայսր Կառլ VI-ը, ում կարգախոսն էր «Կայունություն և քաջություն» ("Constantia et fortitudine)", մշտապես ընդգծել է իր հատուկ վերաբերմունքը վանական համալիրին և վանքի աբբա Բերտոլդ Դիտմայերի հանդեպ:
Երկրորդ հարկում գտնվող կայսեր հանգստարանի երկարությամբ գտնվող կայսերական պատկերասրահն ունի 196 մետր երկարություն և անցնում է գրեթե ամբողջ հարավային շենքի երկարությամբ: Պատերին փակցված են Բաբենբերգների և Հաբսբուրգների դինաստիաների ավստրիական առաջնորդները: Նկարների հետ փակցված են նաև նրանց կենսագրական հակիրճ տվյալներ: Հին նկարների մեծ մասը ստեղծվել էին 1759 թվականին վանական նկարիչ Ֆրանց Յոզեֆ Կրեմերի կողմից, ով հանդիսանում էր Պաուլ Տրոգերի նկարչական դպրոցի ներկայացուցիչ:
Սենյակները, որոնք նախատեսված էին կայսերական ընտանիքի համար, գտնվում էին պատկերասրահի ձախ կողմում: Հետագայում կայսերական սենյակների կահույքը փոխանցվում է Լաուենբուրգ ամրոց:
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր օրերում նախկին կայսերական սենյակներում տեղակայված է վանքի թանգարանը: Յուրաքանչյուր սրահի ցուցադրություն վերաբերվում է ստորև նշված թեմաներից մեկին կամ միանգամից երկուսին
- Սուրբ Բենեդիկտ և Սուրբ Բենեդիկտի շքանշանի հաստատում
- Բաբենբերգների դինաստիա, Սուրբ Կոլոման և Մելկի վանքի հիմնադրում
- Վանքի և եկեղեցու պատմության զարթոնքն ու անկումը
- Ռոմանական և գոթական ճարտարապետություն՝ լորենու փայտից պատրաստված ռոմանական խաչափայտ (12-րդ դարի վերջ), որը նախկինում գտնվում էր Վիեննայի Սուրբ Ռուպերտների եկեղեցում
- Կյանքը բարոկկոյի ժամանակաշրջանում
- Աբբա Բերտոլդ Դիտմայեր և բարոկկո ոճով վանքի վերակառուցում: Ցուցադրությունում ներկայացված են խորանի սփռոցներ աբբայական գավազաններ
- Լուսավորյալ կատարելություն և իոսիֆիզմ: Ցուցադրությունում ներկայացված են կաշվե իրեր և այսպես կոչված բազմօգտագործման դագաղ, որը օգտագործվել է Իոսիֆ II-ի իշխանության ժամանակաշրջանում
- Ձևավորվող մարդ և վանքի առաջադրանքներ
- Մելկի խորան, որը պատրաստվել է Յորգ Բրեյ ավագի կողմից 1502 թվականին: Երկու կողմերում տեղադրված ութ տախտակների վրա պատկերված են Հիսուս Քրիստոսի կյանքի դրվագներ:
- Վանքի տնտեսություն: Վանքի շինարարության պատմություն:
- Վանքի բարոկո ոճի անսամբլը և նրա ձևավորումը: Ցուցադրությունում ներկայացված է ամբողջ վանական համալիրի մակետը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Das große Kulturensemble Europas.(գերմ.)
- ↑ «Kolomanimonstranz» (անգլերեն)։ Stift Melk։ Վերցված է 2017-05-07(գերմ.)
- ↑ «Martinus de Senging»։ Digitale Repertorium "Geschichtsquellen des deutschen Mittelalters"(գերմ.)
- ↑ «Wolfgangus de Styra»։ Digitale Repertorium "Geschichtsquellen des deutschen Mittelalters"(գերմ.)
- ↑ Элиша Зинде (25.03.2013)։ «Выше Вены»։ Коммерсантъ(ռուս.)
- ↑ Robert Kimmerling.(անգլ.)
- ↑ Paradeiser, P. Marian (Carl).(անգլ.)
- ↑ Ignaz Franz Keiblinger: Geschichte des Benedictiner-Stiftes Melk in Nieder-Oesterreich, seiner Besitzungen und Umgebungen, Wien 1851–1869, S. 1061 ff.(գերմ.)
- ↑ Anton Eder (Hrsg.): 150. Jahresbericht des Stiftsgymnasiums Melk, Melk 2008, S. 192 f.(գերմ.)
- ↑ Barbara Stelzl-Marx: „Ewiger Ruhm den Helden der Roten Armee“, Grabanlagen sowjetischer Kriegstoter in Österreich, S. 5, FN 20.(գերմ.)
- ↑ Путеводитель по Австрии, Вокруг Света, 2005, с. 151.(ռուս.)
- ↑ «Das kulturelle Geschehen»(գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մելկի վանական համալիրի կայք: (բազմալեզու)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մելկի վանական համալիր կատեգորիայում։ |