Ստեփան Մելիք-Բախշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մելիք-Բախշյան Ստեփանից)
Ստեփան Մելիք-Բախշյան
Ծնվել էապրիլի 15, 1924(1924-04-15)[1]
Շահկերտ, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 28, 1998(1998-03-28) (73 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտՀայոց պատմություն[1], Վրաստանի պատմություն[1], Ադրբեջանի պատմություն[1] և աղբյուրագիտություն[1]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1945)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1965)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան (ապրիլի 15, 1924(1924-04-15)[1], Շահկերտ, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 1998(1998-03-28), Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1965 թվական), պրոֆեսոր (1969 թվական)։ Զբաղվել է Միջնադարյան Հայաստանի պատմագիտական հարցերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 15-ին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շահկերտ գյուղում (այժմ՝ Ղազանչի, Ադրբեջանում)[2][3]։ 1934 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ շարունակելով ուսումն, ավարտել է Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1940 թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտել է 1945 թվականին և ընդունվել համալսարանի ասպիրանտուրան` միջնադարյան հայոց պատմության մասնագիտացմամբ[2][3] 1946 թվականին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում վարել է ասիստենտի պաշտոն։ 1949 թվականին Ստ.Մելիք-Բախշյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել համալսարանի նույն ամբիոնում, լրիվ դրույքով, աշխատել է համալսարանի նույն ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, հետո` դոցենտ[2][4]։ Դասավանդել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։ Զբաղվել է Հայաստանի միջին դարերի պատմության հարցերով։ 1965 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1968 թվականին զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն։ 1969 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում[2][4]։ 1949 թվականից նա շուրջ հիսուն տարի դասավանդել է ԵՊՀ-ում, ինչպես նաև Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում[2][4]։ Ընդ որում, ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պատմություն և հայոց պատմության աղբյուրագիտություն։ Մահացել է Երևանում, 1998 թվականի մարտի 28-ին[2][4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի հեղինակած «Հայոց պաշտամունքային վայրեր» հանրագիտարանային բառարանը, Երևան, 2009:

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք մենագրությունների, որոնցից առավել կարևոր են` «Սոցիալական շարժումները Հայաստանում V դարում» (Եր․, 1950), «Պավլիկյան շարժումը Հայաստանում» (Եր․, 1953, ռուս.՝ 1955), «Հայաստանը VII-IX դարերում» (Եր․, 1968)[2][3]:

«Սոցիալական շարժումները Հայաստանում V-րդ դարում» հեղինակը խիստ քննական մոտեցում է հանդես բերում պատմագիրների և այլ սկզբնաղբյուրների հաղորդած հաղորդագրությունների նկատմամբ, և գիտական դիրքերից քննադատության է ենթարկում հայագիտության մեջ եղած սխալ տեսակետները հիշյալ շարժումների մասին։ Ստեփան Մելիք-Բախշյանի աշխատության ամենակարևոր արժանիքն այն է, որ այդ աշխատությունը սովետահայ պատմագիտության մեջ՝ V-րդ դարի Հայաստանի սոցիալական շարժումների պատմության ուսումնասիրության բնագավառում, հանդիսանում է առաջին լուրջ փորձը։ «Սոցիալական շարժումները Հայաստանում V-րդ դարում» աշխատությունը զերծ չէ նաև թերություններից և վիճելի դրույթներից։ Ստեփան Մելիք-Բախշյանը իր աշխատության մեջ մի ծավալուն բաժին մանիքեությանը, բայց քանի որ նրա աշխատությունը ունի «Սոցիալական շարժումները Հայաստանում V-րդ դարում» վերնագիրը, ուստի մանիքեությանը վերաբերող այդ բաժինը միանգամայն ավելորդ է, և ոչնչով չի նպաստում V-րդ դարի Հայաստանի սոցիալական շարժումները լուսաբանելու հարցին։ Հեղինակն ինքն էլ այն կարծիքին է, որ բորբորիտներն ու մծղնեականները կապ չունեին մանիքեության հետ (էջ 187 և 202-206)։ Իհարկե, սրանով չենք ուզում ասել, թե մանիքեության մասին գրելն ավելորդ է, սակայն աշխատության մեջ այդ մասին լավագույն դեպքում կարելի էր ասել միայն մի քանի խոսք, այնինչ Մելիք-Բախշյանը դրան տրամադրել է անհամեմատ ավելի շատ տեղ (18 էջ), քան իր հիմնական թեմային (24 էջ)[5]։

Բուհական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստ. Մելիք-Բախշյանը լուրջ վաստակ ունի նաև բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծման գործում։ Նա համահեղինակ է «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի, որն ունեցել է մի քանի հրատարակություն (Եր․, 1958-1960, 1963, 1975): Հեղինակ է նաև «Հայկական հնագրություն» (Եր․, 1978), և «Հայոց պատմության աղբյուրագիտություն» (Եր․, 1979, 1989, 1996) բուհական դասագրքերի,որը նաև որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ գրչությամբ հետաքրքրվողների համար,։

«Հայկական հնագրություն» բուհական դասագիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստ. Մելիք-Բախշյանի գրչին են պատկանում նաև 1987 թվականին հրատարակված «Հայկական հնագրություն» բուհական դասագիրքը, որը նաև որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ գրչությամբ հետաքրքրվողների համար, ինչպես նաև 1993 թվականին հրատարակած «Հայոց պատմություն» դասագիրքը՝ բուհ ընդունվողների համար[2][3]։

«Հայոց պատմության աղբյուրագիտություն» բուհական ձեռնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հմուտ աղբյուրագետ, նա իր տարիների դասախոսական աշխատանքի փորձով առաջինն է հրատարակել «Հայոց պատմության աղբյուրագիտություն» բուհական ձեռնարկը, որն ընդգրկում է Հայաստանի պատմության հետ առնչվող հայ և օտար լեզուներով եղած գրեթե բոլոր կարևորագույն և բնույթով բազմազան աղբյուրները` հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը (հրատարակվել է 1979 թվականին և վերահրաարակվել՝ 1989 թվականին)[2][4]։

Հանրագիտարանային բնույթի բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականավոր գիտնականը և դասախոսը մաս է կազմել հայ ականավոր գիտնականների այն եռյակի՝ պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թադևոս Խաչատուրի Հակոբյան, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Խ. Բարսեղյան, որոնք հեղինակել են «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատությունը, որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է[2][4][6][7]։

«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատությունը պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի հայագիտական հետազոտությունների հանրագումարն է։ Այդ մեծածավալ աշխատությունը Ստ. Մելիք-Բախշյանի և գործընկերների՝ բառարանի համահեղինակներ պրոֆեսորներ Թ. Հակոբյանի և Հ. Բարսեղյանի 40 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Այն ընդգրկում է Հայքի՝ պատմական Հայաստանի, ներառյալ Կիլիկիայի և հարակից շրջանների շուրջ 140.000 տեղանուն[6][7]։ Բառարանը գրված է բազմալեզու և բազմատեսակ սկզբնաղբյուրների և ամենատարբեր ուսումնասիրությունների ու քարտեզների և անձնական շրջագայություններով ձեռք բերված արժեքավոր նյութերի հիման վրա։ Աշխատությունն ունի 150 պատմական քարտեզներ և բազմաթիվ լուսանկարներ[6][7]։

2002 թվականին այդ եզակի բառարանն արժանացել է Պողոսյան մրցանակի[8]։ Այն հայագիտական մնայուն արժեք է[2][4]։

2009 թվականին հետմահու լույս է տեսել Մելիք-Բախշյանի «Հայոց պաշտամունքային վայրեր» հանրագիտարանային բառարանը[2][4][9]։ Այս աշխատությունը ևս կարելի է դասել հայագիտական մնայուն արժեքների շարքը[2][4]։

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ՝ պատմության և տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին Մելիք-Բախշյան ընտանիքը հայտարարել է հայ ժողովրդի պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ սահմանելու մասին[10]։ Մրցանակային ֆոնդը կազմում էր մինչև 400.000 դրամ, որը հատկացրել են Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի կինը՝ Արփենիկ Քաջբերունի Ներսիսյանը, որդին՝ Մհեր Մելիք-Բախշյանը, թոռները՝ Արամ Բիշարյանն ու Խաչիկ Գևորգյանը և Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի ուսանողները, բարեկամները, գործընկերներն ու ընկերները։ Մրցույթի կազմակերպումն իրականացվում էր Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի – ԱՐՄԱԿԱԴի հետ համագործակցությամբ[10]։

Մրցույթի պայմանները եղել են հետևյալը։ Կարող են մասնակցել 2007-2012 թթ. հայերեն, անգլերեն կամ ռուսերեն հայոց պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում Հայաստանում, ներառյալ՝ Արցախում տպագրված մենագրությունների Հայաստանի և Արցախի քաղաքացի հեղինակները։ 2013 թվականի մրցույթին դիմողները պետք է դիմելու ժամանակ աշխատելիս լինեն Հայաստանի կամ Արցախի գիտակրթական որևէ հաստատությունում, այդ թվում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, Մատենադարան, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի համապատասխան ամբիոններ և կենտրոններ, Արցախի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետներ և այլն։ Ընդ որում, ընտանիքը հայտարարել էր, որ Մրցանակը կարող էր շնորհվել նաև ետմահու։ Այս պարագայում մրցանակի համար պետք է դիմեին գիտնականի բարեկամները կամ գործընկերները։ Մրցույթին ներկայացվող մենագրությունը պետք է առնվազն երկու անգամ գրախոսված լիներ տեղական կամ միջազգային ակադեմիական պարբերականներում։ Մրցույթին ներկայացվելիք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեին միայն էլեկտրոնային եղանակով[10]։

Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան կրթաթոշակ՝ հայոց լեզու սովորող օտարերկրյա ուսանողների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականից սկսյալ Մելիք-Բախշյան ընտանիքը ԱՍՊԻՐԱՆՏՈՒՄ լեզվի դպրոցի հետ համատեղ հայտարարել է օտարերկրյա ուսանողներին սատարող կրթաթոշակի մասին[11]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պաշտամունքային վայրեր։ Մելիք-Բախշյան Ստ.: Երևան, ԵՊՀ հրատ., 2009, 432 էջ+10 էջ ներդիր։ [5]
  • Հայոց պաշտամունքային վայրեր։ Մելիք-Բախշյան Ստ.: Երևան, ԵՊՀ հրատ., 2009, 432 էջ+10 էջ ներդիր։ [6]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 1 (Ա-Դ)։ Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 1986, 992 էջ։ [7]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 2 (Դ-Կ)։ Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 1988, 992 էջ։ [8]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 3 [Կ-Ն]։ Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ 4 հատորով (տպագրվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական մատենաշարով), Երևան, ԵՊՀ հրատ., 1991, 992 էջ։ [9]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 4 (Ն-Վ)։ Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Տպագրվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական մատենաշարով։ Երևան, ԵՊՀ հրատ., 1998, 804 էջ։ [10]
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Հատոր 5 [Վ-Ֆ]։ Թ. Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Տպագրվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական մատենաշարով, Երևան, ԵՊՀ հրատ., 2001, 916 էջ։ [11]
  • Հայոց պատմության աղբյուրագիտություն։ Ս. Մելիք-Բախշյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 1996 թ., 336 էջ։ [12]
  • Հայոց պատմության աղբյուրագիտություն։ Ս. Մելիք-Բախշյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 1996 թ., 336 էջ։ [13]
  • Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 1975, 783 էջ։ [14]
  • Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 1975, 783 էջ։ [15] Արխիվացված 2019-12-15 Wayback Machine
  • Հայաստանը VII-IX դարերում։ Մելիք-Բախշյան Ս. Տ.: Երևան, ԵՊՀ հրատ., 1968, 426 էջ։ [16]
  • Հայաստանը VII-IX դդ.: Ս. Տ. Մելիք-Բախշյան։ Հայ ժողովրդի պատմություն (12 պրակով, ձեռնարկ), պրակ 3, Երևան, ԵՊՀ հրատ., 1958թ., 114 էջ։ [17]
  • Հայոց պատմություն. հնագույն ժամանակներից միչև 18-րդ դարի վերջը։ Ս. Տ. Մելիք-Բախշյան։ Ուս. ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 1993, 223 էջ։ [18]
  • Պավլիկյան շարժումը Հայաստանում։ Ս. Տ. Մելիք-Բախշյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 1953թ., 266 էջ։ [19]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 386.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք։ Երևանի պետական համալսարան հրատարակչություն։ Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան։ [1]
  3. 3,0 3,1 3,2 3,3 Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք։ Համալսարանականներ։ Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան։ [2]
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Տե՛ս նաև՝ ԵՊՀ պաշտոնական կայք։ Համալսարանականներ։ Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյան։ [3]
  5. Թ. Հակոբյան ; Հ. Ութմազյան, Ստ. Մելիք-Բախշյան. - Սոցիալական շարժումները Հայաստանում 5-րդ դարում, «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների»,1951թ․,թ․ 8,էջ 104։
  6. 6,0 6,1 6,2 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986-2001։
  7. 7,0 7,1 7,2 Տե՛ս նաև՝ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան: Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5։ Համացանցային տարբերակ։ Nayiri Imaged Dictionary Browser. Այս ելեկտրոնային բառարանը հովանաւորած է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնը։ [4]
  8. «Ստեփան Մելիք-Բախշյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  9. Ստեփան Մելիք-Բախշյան
  10. 10,0 10,1 10,2 «Օրեր» եվրոպական անկախ ամսագիր։ 2013 թվականի մայիսի 4(չաշխատող հղում)
  11. «Melik-Bakhshyan Scholarship | Learn Armenian in Yerevan». ASPIRANTUM (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Մելիք-Բախշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386