Մեդեյնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդեյնա/Մեդեյնե
Մեդեյնայի սրբազան անտառ
Տեսակաստվածություն
Դիցաբանությունլիտվական
Սեռիգական
Երևի համընկնում էԴիանա/Արտեմիս
Կապված հասկացողություններնապաստակ
Հատկանիշներանտառների, ծառերի և կենդանիների աստվածուհի

Մեդեյնա կամ Մեդեյնե (անունը ծագել է medis (ծառ) և medė (անտառ) բառերից[1], հաճախ շփոթվում է Ժվորունեի կամ Ժվորունայի հետ (գալիս է žvėris (գազան) բառից), անտառների, ծառերի և կենդանիների աստվածուհի, լիտվական դիցաբանության գլխավոր աստվածություններից մեկը։ Համապատասխանում է լատվիական դիցարանի Մեցա Մատե աստվածությանը[2]։ Սրբազան կենդանին նապաստակն է[1]։

Ամենավաղ հիշատակությունը պահպանվել է 13-րդ դարից Հիպատևյան ձեռագրում, որտեղ նկարագրված են 1252 թվականի իրադարձությունները։ Անունն առկա է Մինդովգ արքայի պաշտած հեթանոսական աստվածների թվարկման մեջ[1]։ Ձեռագրում հիշատակված է Մեդեյնան և անանուն նապաստակ աստվածուհին։ Կան կարծիքներ, որ Մեդեյնան հենց նապաստակ աստվածուհու անունն է, որոշ մասնագետներ էլ կարծում են, որ դրանք երկու առանձին աստվածություններ են[3]։

Հովհաննես Մալալասի ժամանակագրության մեջ (1261 թվական) Մեդեյնայի փոխարեն հիշատակված են Ժվորունան և ևս երեք այլ աստվածություններ։ 15-րդ դարի լեհ պատմագիր Յան Դլուգոշը համեմատել է Մեդեյնային հռոմեական Դիանայի հետ։ Նրան հիշատակել են նաև Միկալոյուս Դաուկշան, Յան Լասիցկին, Բիխովցի ժամանակագրությունում[2][4]։

Որպես դիցարանի աստվածուհի՝ Մեդեյնան իրենից ռազմական հետաքրքրություն է ներկայացրել զինվորների համար և ավելի ուշ փոխարինվել է Ժեմինայով, որը երկրի աստվածությունն էր և գյուղացիների համար ուներ գյուղատնտեսական նշանակություն[5]։

Ալգիրդաս Յուլիուս Գրեյմասի կարծիքով՝ Մեդեյնան պատկերվել է միայնակ, զգացմունքային, գեղեցիկ, սակայն ամուսնանալ չցանկացող աղջիկ, որսորդուհի[6] կամ գայլուհի (Վիլկմերգե՝ երիտասարդ գայլուհի)։ Համաձայն հեղինակի՝ Մեդեյնան կարող էր լինել և՛ աստվածային, և՛ դիվային գծերով։ Նրա պաշտամունքը չէր օգնում որսորդներին, բայց պաշտպանում էր անտառը[6]։

Համարվում է, որ որոշ սրբազան քարեր, որոնք կոչվել են «նապաստակի ներբաններ», եղել են Մեդեյնայի պաշտամունքի վայրերը[7]։

Քրիստոնեացումից հետո Լիտվայում Մեդեյնայի պաշտամունքն աստիճանաբար մարել է, նրա կարգավիճակը համեմատվել է անտառների ոգի Լաումայի հետ[8]։

Մեդեյնան համեմատության եզրեր ունի նաև հունական Արտեմիսի և հռոմեական Դիանայի հետ, այդ իսկ պատճառով երբեմն կոչվել է նաև Դիանա[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gimbutas, Marija; Miriam Robbins Dexter (2001). The Living Goddesses. University of California Press. էջ 210. ISBN 0-520-22915-0.
  2. 2,0 2,1 Zinkus, Jonas; և այլք:, eds. (1985–1988). «Medeina». Tarybų Lietuvos enciklopedija (լիտվերեն). Vol. III. Vilnius: Vyriausioji enciklopedijų redakcija. էջ 32. Կաղապար:LCC.
  3. Bojtár, Endre (1999). Foreword to the Past: A Cultural History of the Baltic People. CEU Press. էջ 309. ISBN 963-9116-42-4.
  4. Norbertas Vėlius. Baltų religijos ir mitologijos šaltiniai. I t. — Mokslo ir enciklopedijų leidykla, 1996.
  5. Beresnevičius, Gintaras. «Lithuanian Religion and Mythology». Anthology of Lithuanian Ethnoculture. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 Vaitkevičius, Vykintas (2003). «New outlook for Žvėrūna-Medeina». Lietuvos archeologija. 24. ISSN 0207-8694. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 13-ին.
  7. New outlook for Žvėrūna-Medeina Արխիվացված 2011-03-13 Wayback Machine
  8. Medeina. Tarybų Lietuvos enciklopedija, T. 3 (Masaitis-Simno). V.: Vyriausioji enciklopedijų redakcija, 1987., 32 psl.
  9. «The Living Goddesses - Marija Gimbutas - Google Książki».