Մա Բարքեր
| Մա Բարքեր | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 8, 1873 |
| Ծննդավայր | Ash Grove, Գրին շրջան, Միսսուրի, ԱՄՆ |
| Մահացել է | հունվարի 16, 1935[1] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Ocklawaha, Մարիոն շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
| Գերեզման | Williams Timberhill Cemetery[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հանցագործ |
| Անդամություն | Barker-Karpis gang?[3] |
| Երեխաներ | Arthur Barker? |
Քեյթ Բարքեր (ծնված որպես` Արիզոնա Դոնի Քլարկ, հոկտեմբերի 8, 1873, Ash Grove, Գրին շրջան, Միսսուրի, ԱՄՆ - հունվարի 16, 1935[1], Ocklawaha, Մարիոն շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ավելի հայտնի որպես Մա Բարքեր (նաև որպես Արիզոնա Բարքեր և Արի Բարքեր), ամերիկացի հանցագործների մեծ ընտանիքի մայր, որոնք ղեկավարում էին Բարքեր-Կարպիս ավազակախումբը «հանրային թշնամու դարաշրջանում», երբ Միացյալ Նահանգների Միջին Արևմուտքում գործող հանցագործների ավազակախմբերի գործունեությունը գրավել էր ամերիկացիներին և մամուլը։ Ճանապարհորդել է իր որդիների հետ նրանց հանցավոր կարիերայի ընթացքում։
Բարքերն ստացավ դաժան հանցագործ մայրիկի համբավ, որը վերահսկում և կազմակերպում էր իր որդիների հանցագործությունները: Ջ. Էդգար Հուվերը բնութագրեց նրան որպես «վերջին տասնամյակի ամենադաժան, վտանգավոր և հնարամիտ հանցավոր ուղեղ»։ Նա հաճախ ներկայացվում է որպես հրեշավոր մայր ֆիլմերում, երգերում և գրականությունում։ Այնուամենայնիվ, ովքեր ճանաչում էին նրան, պնդում էին, որ նա հանցավոր դեր չի ունեցել, և Հուվերն է ստեղծել մեղադրանքները՝ 1935 թվականին ՀԴԲ-ի կողմից իր վրա կրակոցը արդարացնելու համար։ Հետագայում զեկույցները համատարած եզրակացնում են, որ Քեյթ Բարքերի դերը իր որդիների հանցանքներում կեղծված էր լրատվամիջոցների կողմից՝ թերթերի և լրատվամիջոցների վաճառքը մեծացնելու համար:
Ընտանեկան կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյթը Բարքերը՝ հայտնի որպես՝ Արիզոնա Դոնի Քլարկ, ծնվել է Միսսուրի նահանգի Աշ Գրով քաղաքում՝ Ջոն և Էմալին (Պարկեր) Քլարկների ընտանիքում։ Ընտանիքը նրան կոչել է «Արի»։ 1892 թվականին նա ամուսնացել է Ջորջ Բարքերի հետ Միսսուրի նահանգի Լորենս շրջանում և զույգն ունեցել է չորս որդի՝ Հերման (1893–1927), Լլոյդ (1897–1949), Արթուր (1899–1939) և Ֆրեդ (1901–1935): 1910-1930 թվականների մարդահամարները և 1916-1928 թվականների Թալսա քաղաքի ցուցակագրությունները ցույց են տալիս, որ Ջորջ Բարքերն աշխատել է տարբեր, ընդհանուր առմամբ, ցածր վարձատրվող աշխատանքներում: 1916-1919 թվականներին նա աշխատել է «Քրիստալ Սփրինգս Ուոթեր» ընկերությունում: 1920-ական թվականներին աշխատել է որպես ֆերմեր, պահակ, կայանի ինժեներ և գրագիր: ՀԴԲ-ի մի փաստաթղթում նա նկարագվրում է որպես «անգործ» և ասվում է, որ Բարքերները ուշադրություն չեն դարձրել իրենց որդիների կրթությանը, և նրանք բոլորը «ավել կամ պակաս անգրագետ» էին։[4]

Բարքերի որդիները հանցագործություններ են կատարել դեռևս 1910 թվականին, երբ Հերմանը ձերբակալվել է մայրուղու վրա կատարված կողոպուտի համար՝ փախուստի մեքենայով երեխայի վրաերթի ենթարկելուց հետո: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Հերմանը և նրա եղբայրները բազմիցս ներգրավվել են ավելի ու ավելի լուրջ հանցագործությունների մեջ, այդ թվում՝ կողոպուտի և սպանության: Նրանք ծանր հանցագործությունների մեջ են ներգրավվել Կենտրոնական Պարկի ավազակախմբի կողմից: Հերմանը մահացել է 1927 թվականի օգոստոսի 29-ին Ուիչիտա քաղաքում, Կանզաս, ոստիկանության հետ բախումից և կողոպուտից հետո, որի արդյունքում մեկ սպա մահացել է: Նա կրակել է սպայի բերանին՝ վերջինիս բավականին մոտ գտնվելով: Նա ինքնասպան է եղել քրեական հետապնդումից խուսափելու համար, երբ ծանր վիրավորվել է իր մեքենան վթարի ենթարկելուց հետո: 1928 թվականին Լլոյդ Բարքերը բանտարկվել է Կանզասի Լիվենվորթի դաշնային բանտում, Արթուր «Դոկ» Բարքերը՝ Օկլահոմա նահանգի բանտում, իսկ Ֆրեդը՝ Կանզասի նահանգի բանտում:
Ջորջ Բարքերի անունը վերջին անգամ գրանցվել է 1928 թվականի Տալսայի քաղաքային տեղեկատուում՝ իր կնոջ հետ միասին։ Ըստ որոշների՝ նա արտաքսվել էր ընտանիքից, իսկ մյուսները պնդում էին, որ ինքը հեռացել էր, երբ քրեական ընտանիքի հետ կյանքը դարձել էր անհանդուրժելի։ Գրող Միրիամ Ալլեն դը Ֆորդի խոսքերով՝ Ջորջը «ամբողջությամբ հուսահատվեց և հանգիստ հեռացավ տեսադաշտից»՝ Հերմանի մահից և մյուս որդիների բանտարկությունից հետո[5] ։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) պնդում էր, որ Ջորջը լքել է Մա Բարքերին, քանի որ նա «բարոյապես անբարեխիղճ էր դարձել» և «հանդիպումներ էր ունենում այլ տղամարդկանց հետ»։ Հատկանշական է, որ թեև Ջորջը քրեական կյանքով չէր ապրում, նա իբր պատրաստակամ էր օգտվել իր որդիների հանցագործությունների արդյունքում առաջացած եկամուտներից՝ ժառանգի իրավունքով պահանջելով նրանց ունեցվածքը[4]։ Ընտանիքի ընկերներից մեկը հիշում էր, որ զույգը հաճախ վիճում էր իրենց երեխաների «պարապ և անբարոյական» կյանքով ապրելու թեմայով։ Առին՝ Մա Բարքերը, արդարացնում էր նրանց վարքը, մինչդեռ Ջորջը մերժում էր։ Վիճաբանությունը սրվեց այն ժամանակ, երբ Ջորջը հրաժարվեց աջակցել Լլոյդին ձերբակալությունից հետո՝ պնդելով, որ նա պետք է պատժվի իր հանցանքի համար։ Իսկ Մա Բարքերը՝ Առին, անում էր ամեն բան, որ իր որդիներն արդարացվեին՝ անկախ նրանց արարքներից[6]։
1928-ից 1930 թվականներին Մա Բարքերն ապրում էր «սարսափելի աղքատության մեջ», առանց ամուսնու և աշխատանքի՝ խարխուլ տնակում, որի հատակը ամբողջությամբ փոշի էր։ Այդ տարիներին, ինչպես ՀԴԲ-ն էր պնդում, նա սկսել էր հարաբերություններ ունենալ տեղի տղամարդկանց հետ[6]։ 1930 թվականին նա ապրում էր աշխատանք չունեցող մի տղամարդու՝ Արթուր Վ. Դանլոպի հետ (երբեմն գրվում է նաև՝ Դանլափ), և 1930 թվականի Տալսայի մարդահամարում նա նշված է որպես՝ Դանլոպի կին։ Նրա կյանքը փոխվեց 1931 թվականին, երբ որդի Ֆրեդը ազատ արձակվեց բանտից։ Նա միացավ նախկին բանտակից Ալվին Կարպիսին՝ ստեղծելով Բարքեր–Կարպիս հանցախումբը։ Մի շարք կողոպուտներից հետո Ֆրեդը և Կարպիսը 1931 թվականի դեկտեմբերի 19-ին սպանեցին շերիֆ Ս․ Ռոյ Քելլիին Միսսուրի նահանգի Ուեսթ Փլեյնս քաղաքում, ինչն էլ ստիպեց նրանց դիմել փախուստի։ Մա Բարքերը և Դանլոպը ճամփորդում էին նրանց հետ՝ օգտագործելով կեղծ անուններ իրենց շարժական հանցագործ կյանքի ընթացքում։ Այդ ժամանակ դուրս տրված որոնման հայտարարության մեջ առաջարկվում էր 100 դոլար պարգև «Ծեր Առի Բարքերին»՝ որպես հանցակից բռնելու համար[7]։ Դրանից հետո հանցախմբի անդամների շրջանում նա հաճախ կոչվում էր Քեյթ։
Սեյնթ Փոլ և Վիսկոինսին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Բարքերը ազատ արձակվեց բանտից 1932 թվականին և միացավ իր եղբորը՝ Ֆրեդին, և Ալվին Կարպիսին։ Հիմնական խումբը համալրվեց այլ հանցագործ գործընկերներով։ Խումբը սկզբում տեղափոխվեց Չիկագո, սակայն շուտով որոշեց հեռանալ այնտեղից, քանի որ Կարպիսը չցանկացավ համագործակցել հանցագործ Ալ Կապոնեի հետ։ Հանցագործ Ջեք Փայֆերը նրանց խորհուրդ տվեց տեղափոխվել Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաք, որն այդ տարիներին համարվում էր ցանկալի թաքստոց որոնվող հանցագործների համար[7]։ Բարքեր–Կարպիս հանցախմբի ամենաաղմկահարույց հանցագործությունները կատարվեցին հենց Սեյնթ Փոլում՝ տարբեր բնակարաններում վարձով բնակվելու ընթացքում։ Խումբը գործում էր Սեյնթ Փոլի ոստիկանության պետ Թոմաս «Մեծ Թոմ» Բրաունի հովանու ներքո, և նրա առաջնորդությամբ խմբի գործունեությունը տեղափոխվեց բանկային կողոպուտներից դեպի մարդկանց առևանգումներ[8]։
Մա Բարքերի փաստացի քաղաքացիական ամուսինը՝ Արթուր Դանլոպը, հայտնի էր որպես «բաց բերան», երբ հարբած էր, և հանցախմբի անդամները չէին վստահում նրան։ Կարպիսը նրան նկարագրում էր որպես «անհամեմատ տհաճ մարդ»[9]։ Խմբի թաքստոցներից մեկում տեղի մի բնակիչ Թրյու Դետեկտիվ ամսագրի լուսանկարներից ճանաչել էր նրանց և տեղեկացրել ոստիկանությանը, սակայն Բրաունը նրանց նախազգուշացրել էր, և նրանք փախել էին։ Խումբը կարծում էր, որ Դանլոպի լեզվին չտիրապետելը նրանց բացահայտման պատճառ էր դարձել, և ճանապարհին նրան սպանեցին։ Նրա մերկ դին հայտնաբերվել է Վիսքոնսին նահանգի Ուեբսթերի մոտ՝ գլխին կրակված մեկ փամփուշտով[9]։ Չնայած ոստիկանության պետ Բրաունի ներգրավվածությունը խմբի փախուստի գործում չէր ապացուցվել, նրան զրկել են պաշտոնից՝ իջեցնելով դետեկտիվի աստիճանի, և ի վերջո լիովին հեռացրել ոստիկանությունից[10]։
Հանցախումբը տեղափոխվել է Վիսկոնսինի Մենոմենի քաղաք, որտեղ Ֆրեդը Մա Բարքերին թաքցնում էր տարբեր հյուրանոցներում և թաքստոցներում։ Այս քայլը նպատակ ուներ ոչ միայն հեռու պահել նրան հանցագործություններից, այլ նաև բաժանել նրան խմբի աղջիկներից, որոնց հետ Մա Բարքերը լեզու չէր գտնում։ ՀԴԲ-ն հետագայում պնդեց, որ նա հաճախ փորձում էր կապը կտրել նրանց հետ՝ ինչը ստիպում էր «հանցախմբի մյուս կանանց» հնարավորինս խուսափել նրանից[9]։ 1933 թվականին խմբի մեծ մասն արդեն վերադարձել էր Սեյնթ Փոլ, որտեղ իրականացրել էին հարուստ երկու գործարարի առևանգում։ Առաջին անգամ նրանք փրկագին էին ստացել՝ 100,000 դոլար, Վիլյամ Հեմ Ջունիորի առևանգմամբ, իսկ հետո՝ 200,000 դոլար, Էդուարդ Բրեմերի առևանգման արդյունքում։ ՀԴԲ-ն առաջին անգամ խմբին կապեց Հեմի առևանգման հետ՝ օգտագործելով մատնահետքերի նույնականացման նոր մեթոդը[11]։ ՀԴԲ-ի ներգրավման և Թոմ Բրաունի տեղեկատվական հոսքի դադարեցման պատճառով խումբը որոշեց հեռանալ Սեյնթ Փոլից և տեղափոխվեց Չիկագոյի շրջան։ Այնտեղ նրանք Մա Բարքերի համար վարձեցին բնակարաններ, մինչ փորձում էին օրինականացնել փրկագինով ստացած գումարը[12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԴԲ գործակալները հայտնաբերել են Մա Բարքերի և որդու՝ Ֆրեդ Բարքերի թաքստոցը, երբ 1935 թվականի հունվարի 8-ին Չիկագոյում ձերբակալվել էր Արթուր Բարքերը։ Նրա մոտ գտնվող քարտեզը ցույց էր տալիս, որ հանցախմբի մյուս անդամները գտնվում են Օկլավահա քաղաքում, Ֆլորիդա նահանգում։ ՀԴԲ-ն նույնացրել է այն տունը, որտեղ բնակվում էր խմբավորումը, մի նամակում հիշատակված տեղական ալիգատորի՝ «Գեյթոր Ջո»-ի (Gator Joe) մասին հղումներից։ Խմբի անդամները այդ տունը վարձել էին որպես հանգստի վայր՝ օգտագործելով «Բլեքբըրն» անունը։
1935 թվականի հունվարի 16-ի առավոտյան ՀԴԲ գործակալները շրջապատեցին տունը, որը գտնվում էր Արևելյան C-25 մայրուղու 13250 հասցեում։ Նրանք չէին գիտակցում, որ Ալվին Կարպիսը և մյուս հանցակիցները երեք օր առաջ հեռացել էին՝ թողնելով միայն Ֆրեդին և Մային։ Գործակալները հրամայեցին հանձնվել, սակայն Ֆրեդ Բարքերը սկսեց կրակել։ Ժամեր տևած ծանր հրաձգությունից հետո ՀԴԲ-ն սպանեց և՛ նրան, և՛ Մա Բարքերին։ Ասում են, որ տեղի բնակիչներից շատերը եկել էին դիտելու դեպքը, ոմանք նույնիսկ պիկնիկ էին կազմակերպել կրակոցների ժամանակ[13]։ Երբ կրակոցները դադարեցին, ՀԴԲ-ն ստիպեց տեղացի մի սպասավորի՝ Վիլի Վուդբերիին, կրակապաշտպան բաճկոնով մտնել տուն։ Վուդբերին հայտնեց, որ ներսում ողջ մարդ չկար[14]։
Երկու մարմիններն էլ գտնվում էին առջևի սենյակում։ Ֆրեդ Բարքերի մարմինը ծակծկված էր բազմաթիվ գնդակներով, իսկ Մա Բարքերին, կարծես, սպանվել էր միայն մեկ գնդակից[13]։ Ըստ ՀԴԲ-ի՝ նրա ձեռքերում հայտնաբերվել էր թոմմի հրացան (Thompson submachine gun)[15], չնայած այլ աղբյուրներ պնդում են, թե այն ընկած էր Մայի և Ֆրեդի մարմինների միջև[16]։ Նրանց մարմինները սկզբում դրվել են հանրային ցուցադրման, այնուհետև մնացել պահոցում՝ առանց պահանջողի, մինչև 1935 թվականի հոկտեմբերի 1-ը, երբ հարազատները թաղեցին նրանց Ուելչ քաղաքում՝ Օկլահոմա նահանգի Վիլյամս Թիմբերհիլ գերեզմանատանը՝ Հերման Բարքերի կողքին[17]։
Բարքեր հանցախմբի առաջնորդի կերպարի շուրջ վիճաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մա Բարքերին հաճախ ներկայացնում են որպես Բարքեր հանցախմբի ղեկավար և կազմակերպված հանցագործության բանիմաց ուղեղ։ Այս պատկերացումը տարածված է հատկապես ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մա Բարքերի մարդասպանի սերունդը» (1960), «Արյունոտ մայրիկը» (1970) և «Հանրային թշնամիներ» (1996)։ Սակայն պատմաբանների մեծ մասը այդ կերպարը համարում է հորինվածք։ Ոմանք նույնիսկ կասկածի տակ են առնում, թե արդյո՞ք Ման իսկապես մասնակցել է կրակահերթին, որի ժամանակ էլ սպանվել է[15]։ Կարպիսը նշել է, որ Մա Բարքերի՝ որպես հանցախմբի առաջնորդի պատմությունը խրախուսվել է Ջոն Էդգար Հուվերի[18] և նրա նորաստեղծ ՀԴԲ-ի կողմից՝ արդարացնելու համար իրենց գործակալների՝ մի ծեր կնոջ սպանությունը[19]։ Մա Բարքերի մահից հետո Հուվերը հայտարարել է, թե նա եղել էր «վերջին տասնամյակի ամենադաժան, վտանգավոր և հնարամիտ հանցավոր ուղեղ»[9]։ Նա նաև պնդել է, որ Ման վայելում էր այն ապրելակերպը, որն ապահովում էին իր որդիների հանցագործությունները, և իբր ուներ սիրեկանների մի մեծ բանակ[9]։
Չնայած Մա Բարքերի որդիները սպանություններ են կատարել, իսկ Բարքեր–Կարպիս խումբը 1931-ից մինչև 1935 թվականն իրականացրել է կողոպուտների, առևանգումների և այլ հանցանքների շարք, չկա որևէ համոզիչ ապացույց, որ հենց Ման է եղել խմբի ղեկավարը[9]։ Անկասկած, նա տեղյակ էր հանցախմբի գործունեությունից և երբեմն օգնում էր նրանց հանցագործությունից առաջ կամ հետո։ Այդ պատճառով կարելի է նրան համարել հանցակից, սակայն հանցագործությունների պլանավորման մեջ նրա անմիջական ներգրավվածության ապացույցներ չկան։ Նրա դերը հիմնականում կապված էր հանցախմբի մասին հոգ տանելու և կենցաղի կազմակերպման հետ։ Հաճախ, երբ հանցախմբի անդամները հանցագործություն էին կատարում, Մային ուղարկում էին ֆիլմ դիտելու[9]։ Պատմաբան Քլեր Բոնդ Փոթերի կարծիքով՝ «Նրա տարիքն ու արտաքնապես հարգարժան տեսքը խմբին հնարավորություն էին տալիս քողարկվել՝ որպես ընտանիք։ «Տիկին Հանթեր» և «Տիկին Անդերսոն» անուններով նա վարձում էր տներ, վճարում հաշիվները, գնումներ անում և կատարում կենցաղային գործեր»[7]։ Ալվին Կարպիսը, որը հավանաբար հանցախմբի իրական առաջնորդն էր, Բարքերին նկարագրել է որպես «հնաոճ, կենցաղամետ կին Օզարկից... սնահավատ, դյուրահավատ, պարզամիտ, կամակոր և, ընդհանուր առմամբ՝ օրենքի սահմաններում ապրող»[9]։ Ահա Կարպիսի հետևությունը․
«Հանցագործության պատմության մեջ ամենածիծաղելի պատմությունն այն է, թե իբր Մա Բարքերն է եղել Կարպիս–Բարքեր հանցախմբի ուղեղը։ Նա ոչ թե հանցագործների առաջնորդ էր, այլ նույնիսկ ինքն էլ հանցագործ չէր։ Երբ նա դեռ ողջ էր, ոստիկանությունը չուներ ոչ մի լուսանկար կամ վերցված մատնահետքեր։ Նա գիտեր, որ մենք հանցագործ ենք, բայց նրա մասնակցությունը մեր գործերին սահմանափակվում էր միայն մեկ բանով՝ երբ միասին ճանապարհորդում էինք, ներկայանում էինք որպես՝ մայր և իր որդիներ։ Իսկ ի՞նչը կարող էր ավելի անմեղ թվալ»[20]։
Այս տեսակետը՝ թե Մա Բարքերը հանցախմբի իրական առաջնորդը չէր, հաստատում է նաև հայտնի բանկ թալանող Հարվի Բեյլին, ով լավ ճանաչում էր Բարքերների ընտանիքը։ Իր ինքնակենսագրության մեջ նկատել է, որ Մա Բարքերը «նույնիսկ նախաճաշ չէր կարող պլանավորել, ուր մնաց՝ հանցավոր գործողություն»[9]։ Գրող Թիմ Մահոնին պնդում է, որ Բարքեր հանցախմբի իրական շարժիչ ուժը Սեյնթ Փոլի կոռումպացված իրավապահ համակարգն էր՝ հատկապես ոստիկանապետ Թոմ Բրաունի ղեկավարման ժամանակ։ Մինչ նրանք հանդիպել էին Թոմին, խումբը ընդամենը «գավառից անփորձ գողերի մի խառնախումբ» էր, որը վաղուց կձերբակալվեր կամ կվերացվեր՝ դեռ մինչև համազգային հռչակ ձեռք բերելը։ Մահոնին եզրափակում է.
«Եթե Բարքեր հանցախումբը երբեք չհայտնվեր Բրաունի հովանու ներքո, Մա Բարքերը հավանաբար կմահանար միայնակ Օզարկի մի մոռացված գյուղում որպես մի աղքատ ու անհայտ այրի»[21]։
Բարքեր որդիների և Բարքեր–Կարպիս խմբի գործունեության ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]1910–1919
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1910՝ Հերման Բարքերը ձերբակալվեց ճանապարհային կողոպտման համար՝ Վեբ‑քաղաքի մոտ, Միսուրի նահանգում։
- 1915, մարտի 5՝ նրան նորից ձերբակալեցին Ջոպլին, Միսուրիում՝ ճանապարհային կողոպուտի մեղադրանքով (Հերմանն ու Լլոյդն այդ տարիներին կապ ունեին Տուլսա կենտրոնական պարկի գանգի հետ)։
- 1918, հուլիսի 4՝ Արթուր «Դոկ» Բարքերը ներգրավված էր ավտոմեքենայի գողության մեջ Տուլսա քաղաքում։ Ձերբակալվել է (#841), սակայն հետո փախել է։
1920–1929
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1920, փետրվարի 19՝ Արթուրը ձերբակալվեց Ջոփլին քաղաքում (#1740), ապա վերադարձավ Տուլսա։
- 1921, հունվարի 15՝ Արթուրը՝ ներկայանալով որպես «Կլոդ Դեյդ», փորձեց կողոպտել բանկ Մուսքոգի քաղաքում՝ ձերբակալվեց (#822)։
- 1921, հունվարի 30՝ նրան ընդունեցին Օկլահոմայի պետական բանտում (#11059), ազատ արձակվեց հունիսի 11-ին։
- 1921, օգոստոսի 16՝ Արթուրը և Վոլնեյ Դեյվիսը ներգրավված էին Տուլսա քաղաքի գիշերային պահակ Թոմաս Շերրիլլի սպանության մեջ։
- 1922, հունվարի 8՝ Տուլսայի «Կենտրոնական Պարկի» գանգի անդամները փորձեցին կողոպտել առանձնատուն Օկմուլգի քաղաքում: Տեղի ունեցավ փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվեց մի կողոպտիչ, մինչդեռ ոստիկանապետը՝ Հոմեր Սփոլդինգը՝ վիրավորվեց և մահացավ հունվարի 19-ին։ Մի անդամին դատապարտեցին ցմահ, մյուսի պատիժը չեղարկվեց։
- 1922, հունվարի 16՝ Լլոյդ Բարքերը ընդունվեց Լիվենվորթի բանտ (#17243) և դատապարտվեց 25 տարի՝ զրահի կողոպուտի համար։ Ազատ արձակվեց 1938-ին։
- 1922, փետրվարի 10՝ Արթուր «Դոկ» Բարքերը (#11906) դատապարտվեց և ուղարկվեց Օկլահոմայի պետական բանտ Թոմաս Շերրիլլի սպանության համար։
- 1926՝ Ֆրեդ Բարքերը կողոպտեց բանկ Ուինֆիլդ քաղաքում, Կանզաս՝ ձերբակալվեց։
- 1927, մարտի 12՝ նրան ընդունեցին Կանզասի բանտում։
- 1927, օգոստոսի 1՝ Հերմանը գողացված արժեկտրոններ մուտքագրեց Ամերիկայի Ազգային Բանկում՝ Շիենե քաղաքում։ Շերիֆի տեղակալ Արթուր Օսբորնը կանգնեցրեց Բարքերի ավտոմեքենան։ Բարքերը վերցրեց զենքը նստատեղից և կրակեց Օսբորնի վրա։ Վերջինս մահացավ։
- 1927, օգոստոսի 29՝ Հերման Բարքերը ինքնասպանություն գործեց Վիչիտա քաղաքում, Կանզաս նահանգում, այն բանից հետո, երբ նրան կանգնեցրեց մոտոցիկլետով և կողային կցորդով ոստիկան։ (Վիչիտայի ոստիկան Ջ․ Մարշալը սպանվել էր 1927 թվականի օգոստոսի 9-ին՝ Քայմս–Թերիլ հանցախմբի կողմից, որի հետ Հերմանը կապ ուներ։ Քայմսի խումբը սպանել էր ևս հինգ ոստիկանների։)
1930–1939
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1931, մարտի 30՝ Ֆրեդ Բարքերը ազատվեց Կանզաս նահանգի բանտից՝ կողոպուտի համար անցկացրած ժամկետի ավարտից հետո։ Այդ ընթացքում հանդիպեց Ալվին Կարպիսին։
- 1931, հունիսի 10՝ Ֆրեդը և Ալվին Կարպիսը Ձերբակալվեցին Տուլսա քաղաքում՝ կողոպտման մեղադրանքով։ Կարպիսը դատապարտվեց չորս տարվա ազատագրման, սակայն, պայմանագրի համաձայն, շուտ ազատ արձակվեց, իսկ Ֆրեդը խուսափեց պատիժից։
- 1931, նոյեմբերի 8՝ Ֆրեդը սպանեց Արքանսաս նահանգի ոստիկանության վարչության պետին՝ Մենլի Ջեքսոնին։
- 1931, դեկտեմբերի 19՝ Ֆրեդը և Կարպիսը կողոպտեցին խանութ Ուեսթ Փլեյնս քաղաքում և մասնակցեցին շերիֆի սպանությանը։
- 1932, հունվարի 18՝ Լլոյդ Բարքերը կրկին բանտարկվեց Լիվենվորթի բանտում։
- 1932, ապրիլի 26՝ հայտնաբերվեց Արթուր Վ․ Դանլեփի դի՝ Մինեսոտա նահանգի Ֆրենստեդ լճի մոտ, սպանված Ֆրեդի և Ալվինի կողմից։
- 1932, հունիսի 17՝ Ֆրեդ Բարքերը, Ալվին Կարպիսը և նրանց հինգ համախոհները կողոպտեցին Կանզաս նահանգի Ֆորթ Սքոթ քաղաքի բանկը։
- 1932, հուլիսի 26՝ նույն խմբին պատկանող անդամները կողոպտեցին Քլաուդ քաղաքի բանկը Կոնկորդիա քաղաքում։
- 1932, օգոստոսի 13՝ Տուլսա քաղաքում վարակաբանական գործողության ժամանակ փաստաբան Ջ․ Սմիթը սպանվեց՝ պաշտպանական գործով հարցերի պատճառով։
- 1932, սեպտեմբերի 10՝ Արթուր «Դոկ» Բարքերը ազատ արձակվեց բանտից։
- 1932, դեկտեմբերի 16՝ Ֆրեդը, Արթուրը, Կարպիսը և խմբի մյուս անդամները կողոպտեցին Մինեապոլիս քաղաքի Երրորդ Հյուսիսարևմտյան Ազգային Բանկ բանկը։ Զոհվեցին ոստիկաններ։
- 1933, ապրիլի 4-11՝ Ֆրեդ և Արթուր Բարքերը, Ալվին Կարպիսը և հանցախմբի անդամներ Էդի Գրինը (Դիլինջերի հանցախմբից), Ջես Դոյլը, Էրլ Քրիստմանը, Ֆրանկ «Ջելի» Նեշը և Վոլնի Դևիսը կողոպտեցին բանկ Ֆերբերի քաղաքում, Նեբրասկա նահանգում։ Կողոպուտի ընթացքում Քրիստմանը ծանր վիրավորվեց, և Գրինը նրան տարավ Վերն Միլլերի տուն՝ Կանզաս Սիթիում, բուժվելու նպատակով։ Քրիստմանը, սակայն, մահացավ իր վնասվածքներից և թաղվեց քաղաքից դուրս գտնվող գերեզմանում[22]։
- 1933, հունիս՝ Բարքեր–Կարպիսի հանցախումբը առևանգեց Ուիլյամ Համմին, ով Համմի գարեջրագործական ընտանիքից էր։ Համմը ազատ արձակվեց 1933 թվականի հունիսի 19-ին՝ փրկագին վճարելուց հետո։ Համարվում է, որ հանցախումբը փրկագնի գումարի կեսը փոխանցեց Չիկագոյի մաֆիային՝ Ֆրենք Նիտիի ղեկավարությամբ, երբ վերջինս պարզել էր, որ Համմին թաքցրել էին Չիկագոյի արվարձանում և պահանջել էր գումարի կեսը՝ որպես «վարձավճար»։
- 1933, օգոստոսի 30՝ Բարքեր–Կարպիսի հանցախումբը կողոպտեց աշխատավարձերի փոխանցման գումարը Հարավային Սեյնթ Փոլի, ազգային բանկում, Մինեսոտայի նահանգում։ Կողոպուտի ժամանակ ոստիկան Լեո Պավլակը սառնասրտորեն գնդակահարվեց, իսկ մեկ այլ ոստիկան մնաց հաշմանդամ ամբողջ կյանքի ընթացքում։
- 1933, սեպտեմբերի 22՝ հինգ տղամարդ, որոնք նույնացվել էին որպես Բարքեր–Կարպիսի հանցախմբի անդամներ, հարձակվեցին բանկային ուղարկիչների վրա։ Նրանց փախուստի ժամանակ ավտոմեքենան վթարի ենթարկվեց, և հանցախումբը սպանեց Չիկագոյի ոստիկան Մայլզ Քաննինհեմին։ (Բարքեր–Կարպիսի խմբի կապավոր Վերնոն Միլլերը ենթադրաբար մասնակցել է սպանությանը, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, ներգրավված է եղել «Կանզաս Սիթիի կոտորածում», որի ժամանակ սպանվել էին չորս իրավապահներ)։
- 1934, հունվարի 17՝ հանցախումբը առևանգեց Էդվարդ Ջորջ Բրեմերին կրտսերին։ Նա ազատ արձակվեց փետրվարի 7-ին՝ փրկագին վճարելուց հետո։
- 1934, հունվարի 19՝ հանցախումբը կրակեց «Հյուսիսային Օդագնացության Ընկերության» աշխատակից Մ․ ՄքՔորդի վրա՝ մտածելով, թե նա ոստիկան է։
- 1934, մարտի 10՝ Բարքերի խմբի անդամ Ֆրեդ Գոթցը (նաև հայտնի որպես «Գնդացիրով Ջորջ» Ցիգլեր, ով մասնակցել էր Բրեմերի առևանգմանը) սպանվեց իր հանցակիցների կողմից Սիսերո քաղաքում, Իլինոյսում։
- 1934, ապրիլի 3-11՝ Էդի Գրինը, ով արդեն Դիլինջերի երկրորդ խմբի անդամ էր, ծանր վիրավորվեց, սակայն ողջ մնաց ևս ութ օր՝ գիտակցության խանգարված վիճակում։ Այդ ընթացքում նա բացահայտեց Բարքեր–Կարպիսի խմբի ներքին գործունեության մանրամասները։ Նրա ընկերուհի Բեսին լրացրեց բացթողումները, ինչն էլ էականորեն օգնեց ՀԴԲ-ին հայտնաբերելու հանցախումբը և բացահայտելու առևանգումները ու մյուս գործերը։
- 1934, ապրիլի 23-26՝ «Դոկ» Բարքերը և նրա հանցակից Վոլնի Դեյվիսը անակնկալ հյուրընկալություն ստացան Ջոն Դիլինջերից և Հոմեր Վան Միթերից։ Նրանք եկել էին օգնելու թաղել իրենց հանցակից Ջոն «Ռեդ» Հեմիլթոնին, ով մահացել էր Սեյնթ Փոլում, Մինեսոտա, տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ստացած հրազենային վնասվածքներից։
- 1934, հուլիս՝ վերջին անգամ կենդանի նկատվեց հանցավոր բժիշկ Ջոզեֆ Մորանը։
- 1935, հունվարի 6՝ Բարքերի խմբի անդամ Ուիլյամ Հարիսոնը սպանվեց իր հանցակիցների կողմից Օնթարիովիլում, Իլինոյս։
- 1935, հունվարի 8՝ Արթուր «Դոկ» Բարքերը ձերբակալվեց Չիկագոյում։ Բարքերի խմբի անդամ Ռասել Գիբսոնը սպանվեց, իսկ նրա հանցակից Բայրոն Բոլթոնը՝ ձերբակալվեց մեկ այլ հասցեում։
- 1935, հունվարի 16՝ Ֆրեդ և Մա Բարքերը սպանվեցին ՀԴԲ-ի կողմից Օկլավահա քաղաքում, Ֆլորիդա նահանգի Մարիոն շրջան։ ՀԴԲ-ն հայտնաբերել էր Մա Բարքերին՝ հետևելով նամակներին, որոնք նա ուղարկել էր իր մյուս որդուն։ Նամակներից մեկում նա պատմել էր լճում ապրող հսկայական ալիգատորի՝ «Գեյթոր Ջո»-ի (Gator Joe) մասին, որը հայտնի էր տեղացիներին, և որի անունով էլ կոչվել էր տեղական սրճարանը՝ «Գեյթոր Ջոյի սրճարան»։
- 1935, սեպտեմբերի 26՝ ենթադրյալ կերպով Ջոզեֆ Մորանի դին հայտնաբերվեց Էրի լճում։ Կասկածվում է, որ նրան սպանել են Ֆրեդ Բարքերը և Ալվին Կարպիսը։ (Սակայն Կարպիսը հետագայում ասել է, որ Մորանը թաղվել է այլ վայրում)։
- 1935, նոյեմբերի 7՝ Կարպիսը և նրա հինգ հանցակիցները կողոպտեցին «Էրի երկաթուղու» փոստային գնացքը Գարեթսվիլում, Օհայո։
- 1936, մայիսի 2՝ Կարպիսը և նրա հանցակից Ֆրեդ Հանթերը ձերբակալվեցին Նոր Օռլեանում, Լուիզիանա։
- 1938, հոկտեմբերի 29՝ Լլոյդ Բարքերը ազատ արձակվեց բանտից։
- 1939, հունվարի 13՝ Արթուր Բարքերը սպանվեց Ալկատրասի բանտից փախուստի փորձի ժամանակ։ Նրա փախուստի հանցակիցներից էր Դեյլ Ստամփհիլը, ով մեղավոր էր Օկլահոմայի ուղղիչ հիմնարկի պահակ Ջեյմս Փեյթոն Ջոնսի սպանության մեջ (1935 թ․ փետրվարի 17)[23]։
(Բարքեր–Կարպիսի խմբից/համախոհներից՝ 19-ը ձերբակալվել են, 4-ը սպանվել են իրավապահների կողմից, 3-ը՝ հանցագործների կողմից)։
1940–1949
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լլոյդ Բարքերը ծառայել է որպես խոհարար ԱՄՆ բանակում։ Հատկանշական է, որ նա աշխատել է ռազմագերիների ճամբարում՝ Միչիգան նահանգի Ֆորթ Քաստերում։ Նա ստացել է ԱՄՆ բանակում լավ ծառայելու համար մեդալ։
- 1949, մարտի 18՝ Լլոյդ Բարքերը սպանվել է իր կնոջ կողմից։ Այդ ժամանակ նա մենեջեր էր Դենվեր քաղաքի Դենարգոյի շուկայում (Կոլորադո նահանգում)։ Կինը ուղարկվել է Կոլորադոյի նահանգային հոգեբուժարան։
Հայտնի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ և հեռուստատեսություն
- «Մա Վեբսթեր»՝ կերպարը մարմնավորել է Բլանշ Յուրկան 1940 թվականի «Մոբի թագուհին» ֆիլմում, որը հիմնված է Մա Բարքերի կերպարի վրա։ Անուններն ու իրադարձությունների նկարագրությունները փոխվել են ՀԴԲ-ի խնդրանքով[24]։
- «Մա Ջարեթ» կերպարը՝ 1949 թվականի Ջեյմս Քեգնիի «Ճերմակ շիկացում» ֆիլմում, նույնպես համարվում է Մա Բարքերի վրա հիմնված ֆիլմ[24][25]։
- Ժան Հարվի մարմնավորել է Մա Բարքերին «Բանդիտներ որսացողները» (Gang Busters) հեռուստասերիալի 1952 թվականի երկու էպիզոդում։
- «Զենքերը չեն վիճում»՝ 1957 թվականի վավերագրական դրամայում Մա Բարքերին կրկին խաղում է Ժան Հարվին[24]։
- «Մա Բարքերն ու նրա որդիները», 1959 թվականի «The Untouchables» հեռուստասերիալի մի էպիզոդում, հակադրության մեջ է դնում ՀԴԲ գործակալ Էլիոթ Նեսին և Բարքերների բանդային։ Նեսը ներկայացված է որպես նրանց Ֆլորիդայի ապաստարանի վրա հարձակման առաջնորդ։ Իրականում Նեսը աշխատել է Արգելքի բյուրոյում, ոչ թե ՀԴԲ-ում, և կապ չի ունեցել այս գործի հետ։ ՀԴԲ-ն դժգոհել է, որ Նեսին այդպես են ներկայացրել[24]։
- «ՀԴԲ պատմությունը»՝ 1959 թվականի ֆիլմ, Ջիմի Ստյուարտի մասնակցությամբ, ներկայացնում է 1930-ականների հանցագործների մահերը, այդ թվում՝ Մա Բարքերին։ Սցենայում նա կրակում է ոստիկանների վրա, մինչև սպանվում է։ Նրան մարմնավորում է Ջեյն Քրոուլին, չնայած դերը նշված չէ[26]։
- Լուրին Թաթլը մարմնավորում է Մա Բարքերին ցածր բյուջեով «Մա Բարքերի արյունալի բույնը» ֆիլմում (1960), որտեղ նրան ներկայացնում են որպես «սադիստ, հանցագործության վարպետ» և «չարահոգի հանճար»։
- Ջոան Բլոնդելը խաղացել է Մա Բարքերին 1961 թվականի «Վկան» հեռուստասերիալի մի էպիզոդում, որը պատմական գործիչների կարծես դատավարությունն է։ Լլոյդ Բարքերը և այլ հանցակիցներ ներկայացված են որպես վկաներ։
- «Բեթմեն» սերիալի (1966) առաջին սեզոնում Մա Բարքերին նման մի կերպար է՝ «Մա Փարքեր» անունով (ներկայացրել է Շելլի Ուինթերս)։ Նա չար բանդայի ղեկավար է իր երեք որդիների և մի դստեր հետs[24]։
- «Արյունոտ մաման»՝ 1970 թվականի ցածր բյուջեով ֆիլմ, որտեղ Մա Բարքերին մարմնավորում է Շելլի Ուինթերսը[27]։ Ֆիլմում նրա հանցագործ վարքագիծը ներկայացվում է որպես մանկության սեռական բռնությունների արդյունք։
- «Մա Գանտրիի բանդան»՝ «Որսորդ մարդը» (1974) սերիալի առաջին էպիզոդում՝ Մա Բարքերի և նրա որդիների պատմության վերապատում։ Մա Գանտրիին խաղում է Այդա Լուպինոն[24]։
- Էիլին Հեքարթը խաղում է Մա Բարքերին 1974-ի «ՀԴԲ պատմությունը. ՀԴԲ-ն ընդդեմ Ալվին Կարպիսի, թիվ մեկ հանրային թշնամու» ֆիլմում։
- Դիսնեյի «Բիգլ եղբայրներ» մուլտսերիալում (1987–1990) նրանց առաջնորդում է մայրը՝ Մա Բիգլը, որը հիմնված է Մա Բարքերի կերպարի վրա։
- 1978 թվականի «Սթինգրեյ» ֆիլմում լեյտենանտ Հերշալը իր գործընկերներից մեկին ասում է, որ Աբիգայիլ Բրիտովսկին (նրան մարմնավորում է Շերրի Ջեքսոնը) Մա Բարքերին վանականի պես է դարձնում, այսինքն՝ Մա Բարքերը նրա դիմաց անմեղ է թվում՝ ակնարկելով Մա Բարքերի՝ հռչակված (կամ ենթադրյալ) հանցագործ լինելը։
- 1985 թվականի «Գունիները» ֆիլմում Մամա Ֆրատելլիի կերպարը հիմնված է Մա Բարքերի կերպարի վրա։
- 1986 թվականի Studio Ghibli-ի անիմե ֆիլմում՝ «Լապուտա երկնային դղյակը», Դոլա անունով կերպարը օդային ծովահենների խմբի ղեկավարն է, որը կազմված է իր չորս երեխաներից։
- Լեգենդի մեկ այլ վերապատում տեղի է ունեցել 1996 թվականի «Հանրային թշնամիներ» ֆիլմում՝ Թերեզա Ռասելի մասնակցությամբ։ Ինչպես «Արյունոտ մաման» ֆիլմում, այստեղ ևս նրան ներկայացնում են որպես մանկության սեռական բռնության զոհ, ինչը դարձրել է նրան դաժան։
- 2007 թվականի «Չարի կացարան 3» ֆիլմում ևս առկա է ակնարկ Մա Բարքերին։
- Բեն 10 մուլտսերիալում Մա Վրիդլը կրկնվող չարագործ է, հանցախմբի առաջնորդ, որն իրենով բաղկացած է իր երեխաներից։
Գրականություն
- Մա Ֆեյմոնը և նրա գիշատիչ որդիները, ովքեր մարտնչում են Դիք Թրեյսիի դեմ 1935 թվականի դեկտեմբերի կոմիքսում, հիմնված են Մա Բարքերի և նրա որդիների վրա[28]։
- Հաջողակ Լյուք կոմիքսների Դալթոն եղբայրները սկզբում հիմնված էին իրական Դալթոն բանդայի վրա, բայց նրանց մայրը՝ Մա Դալթոնը, հստակ ոգեշնչված է Մա Բարքերից։ Պատահականորեն, կոմիքսում խմբում չորս եղբայր են, ոչ թե երեք։
- Հանցագործությունների մասին գրող Ջեյմս Հեդլի Չեյզն իր առաջին վեպում՝ «Ոչ մի խոլորձ Բլանդիշ օրիորդի համար» (1939), որոշ կերպարներ հիմնել է Մա Բարքերի և նրա որդիների վրա[25]։
Երաժշտություն
- 1955 թվականին Ջոն Իթոնը գրել է «Մա Բարքեր» օպերան՝ Արթուր Գոլդի լիբրետտոյի հիման վրա[29]։
- 1977 թվականին դիսկո խմբի՝ Բոնի Էմի հիթ դարձած սինգլը՝ «Ma Baker»-ը (որտեղ «Barker»-ը փոխվել է «Baker»-ով՝ հնչյունապես ավելի հաճելի լինելու պատճառով), հետագայում վերաշարադրվել է գերմանական հումորային ռոք խումբի կողմից և Լեդի Գագայի «Poker Face» երգում որպես սեմփլ։ Երգի վերնագիրն ու խոսքերը հստակ վերաբերում են Մա Բարքերին[30]։
- Maylene and the Sons of Disaster (հիմնադրվել է 2004-ին) խումբը իր անունը վերցրել է այս հանցախմբից, իսկ երգերը հիմնված են խմբի պատմության վրա։ Խմբի անդամ Դալաս Թեյլորը ասել է․ «Մեյլինն ու աղետածին որդիները»-ը կազմված է հինգ տղաներից, ովքեր ներկայացնում են Բարքերի որդիներին, և մեր երգերում խոսում ենք կարծես մեր մասին է՝ ասելով յուրաքանչյուրին, որ անարդար կյանքով ապրողները անխուսափելիորեն կպատժվեն։ Մենք ուզում էինք, որ խումբը ունենար հնարավորինս վայրի գյուղական թեմա։ Քանի որ Ման գյուղական էր, մենք էլ ենք գյուղական, հենց այդպես էլ պետք է լիներ»[31]։
- Գանգստա ռեփի հայտնի ներկայացուցիչ Kool G Rap-ի նախկին կինը հանդես է եկել «Ma Barker» բեմական անունով։ Նրանք երբեմն հանդես են եկել որպես 5 Ֆեյմըլի քլիք խումբ, թողարկել են համատեղ ալբոմ և հայտնվել մի շարք միքստեյփերում։
- Երաժիշտ Միշել Վինշն ու գրող Ժերալ Շևրոլեն 1996 թվականին Մարգարիտ Յուրսենար գրականության հիման վրա ստեղծել են «Մա Բարքեր» օպերան։
Այլ
- Լեյք Ուիրի Առևտրի պալատը ամեն տարի կազմակերպում է «Մա Բարքերի հրաձգությունը»՝ նշելով «Մա Բարքերի օրը»՝ մի շինության մեջ, որը գտնվում է հենց նրա մահվան վայրի մոտ[13]։
- Օկլավահա քաղաքում (Ֆլորիդա նահանգում) գտնվող Բարքերի մահվան տունը վաճառքի է հանվել 2012 թվականի օգոստոսի 16-ին։ Գնային առաջարկները սկսվել են մեկ միլիոն դոլարից՝ ներառյալ տան ամբողջ սկզբնական կահույքը, սակայն այն այդպես էլ չի վաճառվել։ 2015 թվականին Ֆլորիդայի նահանգային սենատը առաջարկեց 500,000 դոլար հատկացնել տունը վերանորոգելու և որպես պատմական հուշարձան պահպանելու համար, բայց այդ օրենքի նախագիծը մերժվեց։ Տունը հետագայում հանվեց վաճառքից[32]։
- 2016 թվականի հոկտեմբերին Բարքերի մահվան տունը տեղաշարժվեց լաստանավով՝ տեղափոխվելով Ուիր լճի վրայով՝ Մարիոն շրջանի Քարնի կղզի՝ 2017-ի կամ 2018-ի վերջին բացվելու նպատակով՝ որպես թանգարան։ Տունը գտնվել էր նույն հողատարածքի վրա 1930 թվականից սկսած, մինչ այդ տարածքը վաճառվեց։ Տան տեղափոխությունից անմիջապես առաջ, մի խումբ մետաղորսիչներով սարքավորված անձինք թույլտվություն ստացան տարածքը զննելու և հայտնաբերեցին հին մատանի, որի վրա փորագրված էին «Ֆ․Բ․» սկզբնատառերը։ Ենթադրվում է, որ այն պատկանել է Ֆրեդ Բարքին։ Մատանին համալրել է հավաքածուն՝ մի քանի գնդակի պարկուճների և այլ իրերի հետ միասին[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ MNopedia — 2006.
- 1 2 Hoover, J. Edgar, "The Kidnapping of Edward Bremer", November 19, 1936
- ↑ Ford, Miriam Allen, The Real Ma Barker: Mastermind of a Whole Family of Killers, 1970 Ace, New York
- 1 2 Mahoney, Tim, Secret Partners, p. 15.
- 1 2 3 Claire Bond Potter, War on Crime: Bandits, G-Men, and the Politics of Mass Culture, Rutgers University Press, New Brunswick, 1998, p. 175
- ↑ Mahoney, Timothy, Secret Partners: Big Tom Brown and the Barker Gang, Minnesota Historical Society Press, 2013, passim.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Paul Maccabee, John Dillinger Slept Here: A Crooks' Tour of Crime and Corruption in St. Paul, 1920–1936, Minnesota Historical Society, 1995, p. 105.
- ↑ Mahoney, Tim (2013). Secret Partners - Big Tom Brown and the Barker Gang. Minnesota Historical Society Press. ISBN 9780873519045.
- ↑ «Latent Prints in the 1933 Hamm Kidnapping». Federal Bureau of Investigation. 2003 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Mahoney, Tim (2013). Secret Partners - Big Tom Brown and the Barker Gang. Minnesota Historical Society Press. ISBN 9780873519045.
- 1 2 3 Stuart B McIver, Touched by the Sun, Pineapple Press, 2008, 1561644404, pp. 71ff
- ↑ Joe Callahan (2016 թ․ դեկտեմբերի 25). «Signet ring of notorius gangster found at Ocklawaha shootout site». Ocala StarBanner. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 Burrough, Bryan (2004). Public Enemies: America's Greatest Crime Wave and the Birth of the FBI, 1933–1934. Penguin Press, New York, 0143115863, pp. 508–509.
- ↑ Jack Powell, Haunting Sunshine, Pineapple Press Inc, 2001, p. 54.
- ↑ 36°52′51″N 95°00′14″W / 36.880831°N 95.004009°W
- ↑ Jones, Ken (1957) The FBI in Action Signet, New York;
- ↑ Gentry, Curt (1991) J. Edgar Hoover: The Man and the Secrets W. W. Norton, New York, 0-393-02404-0
- ↑ Karpis, Alvin with Trent, Bill (1971) The Alvin Karpis Story Coward, McCann & Geoghegan, New York.
- ↑ Mahoney, p. 4.
- ↑ [Newton, Michael. The Encyclopedia of Robberies, Heists, and Capers. New York: Facts On File Inc., 2002. (pp. 121–122) 0-8160-4488-0]
- ↑ «Correction Officer James Payton Jones». odmp.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- 1 2 3 4 5 6 Hardy, Philip (ed), The BFI Companion to Crime, British Film Institute, 1997, p. 42.
- 1 2 Woodiwiss, Michael, Organized Crime and American Power: A History, University of Toronto Press, 2001, p. 238.
- ↑ «The FBI Story (1959) Full Cast & Crew». IMDb. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Bloody Mama (1970)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Dick Tracy, Philly
- ↑ Ma Barker at G. Schirmer
- ↑ Phil Hardy, The BFI Companion to Crime, University of California Press, 1997, p. 42.
- ↑ «Maylene and the Sons of Disaster». PureVolume. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ (չաշխատող հղում)
- ↑ Gorny, Nicki (2016 թ․ հոկտեմբերի 27). «'Ma Barker' house crosses Lake Weir on barge». Ocala Star Banner. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
| ||||||||||