Մարսյան քրոնիկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսյան քրոնիկոն
The Martian Chronicles
ՀեղինակՌեյ Բրեդբըրի
Տեսակվեպ-պատմվածաշար
ԺանրԳիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էMars and the Mind of Man? և Երկիր
Էջեր268
Կազմի հեղինակՄեթյու Էյջալա
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման վայրՄիացյալ թագավորություն
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվ1950
Թարգմանիչ հայերենԶավեն Բոյաջյան
Հրատարակում հայերեն2016
ԳՄՍՀ2-207-30001-3
OCLC32243478
Պարգև(ներ)

Մարսյան քրոնիկոն, 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար, հեղինակ՝ Ռեյ Բրեդբըրի։ Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին։ Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը։ Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև։ Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները։ Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի կոմպոզիցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել Շերվուդ Անդերսոնի «Վայնսբուրգ, Օհայո»[1] և Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները»[2] ստեղծագործությունները։ Բրեդբերին գիրքն անվանել է «վեպի զարմիկ» և «վեպ ձևացող պատմվածաշար»։ Այս առումով կառուցվածքը նման է Բրեդբերիի մեկ այլ պատմվածաշարի՝ «Պատկերված մարդը» գրքի կառուցվածքին, որը ևս նույն թեմային առնչվող պատմվածքների հավաքածու է։ «Մարսյան քրոնիկոն»-ը ապագայի պատմություն է։ Ինքնին ամբողջական պատմվածքները ավելի ընդհանրական թեմայի առանձին էպիզոդներ են։ Ամբողջական կոմպոզիցիան կազմված է երեք մասից, որոնք առանձնանում են երկու աղետով. մարսեցիների գրեթե ոչնչացումն ու դրան զուգահեռ գրեթե անհետացող մարդկային ռասսան։ Առաջին մասը, որ տեղի է ունենում 1999 թվականի հունվարից մինչև 2000 թվականի ապրիլ, նկարագրում է, թե ինչպես են երկրացիները փորձում հասնել ու հաստատվել Մարսում, և թե ինչպես են մարսեցիները կասեցնում նրանց փորձերը։ «...Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ» պատմվածքում չորրորդ արշավախմբի անդամները պարզում են, որ նախորդ արշավախմբերից մեկի բերած վիրուսի համաճարակի պատճառով բոլոր մարսեցիները վերացել են։ Այս անսպասելի շրջադարձով սկսվում է երկրորդ մասը, որ տեղի է ունենում 2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 նոյեմբեր։ Այս ընթացքում երկրացիները հետզհետե գաղութացնում են Մարսը՝ փորձելով այն դարձնել երկրորդ Երկիր և երբեմն-երբեմն հանդիպում են ողջ մնացած սակավաթիվ մարսեցիների։ Բայց Երկիր մոլորակը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Գրեթե բոլոր երկրացիները լքում են Մարսը և վերադառնում Երկիր։ Սակայն պատերազմի պատճառով Մարսի և Երկրի միջև կապը կտրվում է։ Երրորդ մասը, որ նկարագրում է 2005 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հոկտեմբեր տեղի ունեցած իրադարձությունները, ներկայացնում է հետպատերազմյա կյանքը և ավարտին հասցնում դեռևս «...Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ» պատմվածքում նախանշված վախճանը. երկրացիները դառնում են նոր մարսեցիներ։

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ թագավորությունում գիրքը 1951 թվականին հրատարակվել է «Արծաթյա մորեխները» վերնագրով և մի փոքր այլ բովանդակությամբ։ Որոշ հրատարակություններում «Աշեր II» պատմվածքի փոխարեն զետեղվել է «Հրե օդապարիկներ» պատմվածքը[3]։ Իսպաներեն տարբերակում յուրաքանչյուր պատմվածքի սկզբում առկա են արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի կողմից գրված նախաբաններ։ 1979 թվականին «Bantam Books»-ը հրատարակեց գրքի փափուկ կազմով տարբերակը՝ Իեն Միլլերի նկարազարդումներով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրթիռի ամառ (հունվար, 1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է «Մոլորակի պատմություններ»-ում, 1947 թվականի գարնանը։

Գրքի պատմվածքները դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ՝ 1999 թվականի հունվարից սկսած, երբ արձակվում է առաջին հրթիռը։ Նկարագրվում է, թե ինչպես է հրթիռի ջերմության պատճառով Օհայոյի ձմեռը կարճ ժամանակում վերածվում ամռան, և թե ինչպես են քաղաքի բնակիչներն արձագանքում դրան։

Իլլա (փետրվար, 1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է 195Օ թվականի հունվարին։

Տեղափոխվում ենք Մարս, մարսեցիները նկարագրվում են որպես շագանակագույն մաշկ, դեղին աչքեր և կարմրադարչնագույն մազեր ունեցող արարածներ։ Իլլան մարսեցի կին է, ով երջանիկ չէ ամուսնու հետ և հեռազգացության միջոցով երազներ է տեսնում տիեզերագնացների մասին։ Ամուսինը, չնայած որ ժխտում է երազների իրական լինելը, տարվում է հիվանդագին խանդով՝ զգալով, որ կինն անտարբեր չէ տիեզերագնացներից մեկի նկատմամբ։ Ձևացնելով, թե որսի է գնում, նա վերցնում է հրացանը, գնում դաշտ և սպանում նոր ժամանած Նաթյանել Յորքին։

Ամռան գիշեր (օգոստոս, 1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականի ձմռանը։

Կարճ էպիզոդում նկարագրվում է, թե ինչպես են Մարսի բնակիչներն Իլլայի նման հետզհետե հաղորդակից դառնում երկրացիներին, նրանց մշակույթին, լեզվին, սկսում են նվագել և երգել ամերիկյան երգեր՝ առանց գաղափար ունենալու, թե դա ինչի հետևանքով է։

Երկրաբնակները (օգոստոս, 1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականի օգոստոսին։

Այս պատմվածքը Մարս ժամանած երկրորդ արշավախմբի մասին է, որ բաղկացած է 4 անձից։ Տիեզերագնացները ժամանում են և ապշում, երբ մարսեցիներից ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրանց վրա։ Միայն մի շինության ներսում ապրող մարդիկ են, որ ծափահարություններով ողջունում են նրանց։ Այդ մարդկանցից ոմանք պնդում են, որ եկել են Երկրից կամ Արեգակնային համակարգի այլ մոլորակներից։ Կապիտանը կամաց-կամաց հասկանում է, որ հեռազգացության շնորհիվ մարսեցիները կարող են տեսնել մյուսների ստեղծած պատրանքները, և որ իրենց գցել են հոգեբուժարան։ Հոգեբույժը՝ պարոն Xxx-ը, ապշում է կապիտանի ստեղծած պատրանքների հատկանիշների վրա և գալիս այն եզրակացությանը, որ նրան բուժելու միակ ձևը սպանելն է։ Նա սպանում է կապիտանին և անձնակազմի մյուս երեք անդամներին։ Բայց քանի որ հրթիռի պատկերը չի անհետանում, բժիշկը կարծում է, թե ինքն էլ է խելագարվել։ Նա ինքնասպան է լինում։

Հարկատուն (մարտ, 2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է «Մարսյան քրոնիկոն»-ում։

Մի մարդ պնդում է, որ քանի որ հարկատու է, նա պետք է հաջորդ հրթիռով Մարս գնա։ Մոտալուտ միջուկային պատերազմի պատճառով նա անպայման ուզում է փախչել Երկրից։ Սակայն նրան թույլ չեն տալիս բարձրանալ հրթիռ։

Երրորդ արշավախումբը (ապրիլ, 2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է «Մարսը դրախտ է» վերնագրով, 1948 թվականի աշնանը։

Նկարագրվում է ամերիկացիների երրորդ արշավախմբի ժամանումն ու մահը։ Այս անգամ մարսեցիները պատրաստված են։ Երկրացիները ժամանում են 192Օ-ականների ոճով կառուցված փոքրիկ քաղաք, որտեղ բնակվում են անձնակազմի 16 անդամների՝ վաղուց մահացած հարազատները։ Երջանկությունից կուրացած երկրացիները անտեսում են կապիտանի հրահանգները, լքում են հրթիռը և միանում ընտանիքի անդամներին։ Օգտագործելով եկվորների հիշողությունները՝ մարսեցիները նրանց տանում են «մանկության տները», որտեղ էլ գիշերվա կեսին սպանում են բոլոր 16 անդամներին։ Առավոտյան 16 տներից 16 դագաղներ են հանվում, իսկ թաղման ժամանակ ողբում են երբեմն՝ մարդկային, երբեմն՝ մեկ այլ բանի տեսքով արարածները։

...Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ(հունիս, 2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականի հունիսին։

Մարս է ժամանել չորրորդ արշավախումբը։ Անդամները հայտնաբերում են, որ բոլոր մարսեցիները մահացել են նախորդ արշավախմբերից մեկի բերած ջրծաղիկի վիրուսի պատճառով։ Հնէաբան Սպենդերից և Կապիտան Վիլդերից բացի բոլորը գնալով աշխուժանում են։ Սպենդերը անասելի բարկանում է, երբ անդամներից մեկը դատարկ շշեր է նետում կապույտ ջրանցքի մեջ, և նրան նետում է ջուրը։ Կապիտանի հետ զրույցի ժամանակ Սպենդերն ասում է, որ երկրացիները կկործանեն Մարսը, քանի որ «նրանց մոտ լավ է ստացվում ահռելի ու հիասքանչ բաներ կործանելը»։ Նա լքում է արշավախումբը և գնում Մարսի ավերակներն ուսումնասիրելու։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Run Fast, Stand Still, or, The Thing at the Top of the Stairs, or, New Ghosts from Old Minds," How to Write Tales of Horror, Fantasy & Science Fiction, edited by J. A. Williamson, Writers Digest Books, 1986; collected in Zen in the Art of Writing.
  2. SFX Magazine, November 2006, p. 78
  3. «Table of contents with publication details for the various stories». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.