Մարկ-Փոլ Գոսելար (անգլ.՝ Mark-Paul Gosselaar, մարտի 1, 1974(1974-03-01), Panorama City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկյան հեռուստատեսային դերասան և մոդել, որն առավել հայտնի է NBC հեռուստաընկերության թողարկած «Զանգերով փրկվածները» պատանեկան սիթքոմում խաղացած Զաք Մորիսի, ABC հեռուստաընկերության թողարկած «Նյու Յորքի ոստիկանություն» դրամայում խաղացած խուզարկու Ջոն Քլարկ կրտսերի և TNT-ի թողարկած «Ֆրանկլին և Բեշ» կատակերգությունում խաղացած Փիթեր Բեշի դերերով։
Մարկ-Փոլ Գոսելարը ծնվել է Լոս Անջելեսում և հինգ տարեկան հասակում սկսել է մոդելի կարիերան[3]։ Մինչև 1986 թվականը հեռուստատեսությամբ դեբյուտ ունենալը, նկարահանվել է մի շարք գովազդային տեսահոլովակներում[4]։ 1988 թվականին Disney Channel-ի թողարկած «Բարի լույս, միս Բլիս» սիթքոմում, որն առաջին եթերաշրջանից հետո փակվել է, ստացել է Զաք Մորիսի դերը։ Այնուամեյնանիվ պրոդյուսերները որոշում են, որ Գոսելարի կերպարով սերիալը կարող է հաջողություն գտնել և արագ հեռարձակում են «Զանգերով փրկվածները» սիթքոմը, որը NBC-ով շարունակվել է մինչև 1993 թվականը և ծնունդ է տվել մի շարք հեռուստաֆիլմերի և երկու սփին օֆի։
Երբ 1994 թվականին փակվում է Գոսելարի շոուն, նա, ինչպես և պատանեկան շոույի շատ ուրիշ նախկին աստղեր, սկսում է նկարահանվել հեռուստատեսային և ցածր բյուջետային ֆիլմերում։ Նրա միակ հաջողված դերը եղել է 1998 թվականին «Մեռյալը քոլեջում» կատակերգությունում խաղացած դերը, որից հետո փորձել է զբաղվել չափահասների դերերով՝ նկարահանվելով երկու կարճատև գոյություն ունեցող սերիալներում։ 2001 թվականին Գոսելարը վերջապես գտել է կանոնավոր դեր ABC-ի «Նյու Յորքի ոստիկանությունը» ոստիկանական սերիալում, որտեղ նկարահանվել է մինչև դրա ավարտը՝ 2005 թվականը։ Հետագայում կարիերան շարունակել է երկրորդական դերերում ABC հեռուստաընկերության «Կին-նախագահ» ոստիկանական դրամայում։ 2008-2009 թվականներին TNT-ի «Փաստաբանական փորձաշրջան» սերիալում խաղացել է գլախավոր դեր։ 2011-2014 թվականներին նա TNT-ի ևս մեկ սերիալում՝«Ֆրանկլին և Բեշ» խաղացել է գլախավոր դեր[5]։
«Զանգերով փրկվածները» սիթքոմի նկարահանման տարբեր շրջաններում Գոսելարը հանդիպել է շոուի բոլոր երեք դերասանուհիների՝ Թիֆանի Թիսենի, Էլիզաբեթ Բերքլիի և Լարկ Վուրհիսի հետ[6]։ 1996-2011 թվականներին ամուսնացած է եղել մոդել Լիզե Էն Ռասելի հետ, որից ունեցել է երկու երեխա։ 2012 թվականից նա ամուսնացել է գովազդային գործակալության տնօրեն Կատրիոնե Մակգինի հետ, իսկ 2013 թվականին ծնվել է նրանց երեխան[7]։
↑Sophronia Scott Gregory (12 октября 1998). «To Bell and Back». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.