Մարի Մադլեն դը Լաֆայետ
Մարի Մադլեն դը Լաֆայետ ֆր.՝ Marie-Madeleine Pioche de La Vergne de La Fayette | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1634[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | մայիսի 25, 1693[1][2][5][…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Գերեզման | Սեն Սյուլպիս |
Գրական անուն | Madame de la Fayette |
Մասնագիտություն | գրող, գրական սալոնի տեր, վիպասան, պատմաբան, նամակագրության հեղինակ և ֆրեյլինա |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Գրական ուղղություններ | կլառնետ, Նրբակերտ գրականություն և կլասիցիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | La Princesse de Clèves?, The Princess of Montpensier?, Q17461985? և Q17352512? |
Marie-Madeleine de la Fayette Վիքիպահեստում |
Մարի Մադլեն դը Լաֆայետ (ծննդյան անունը՝ Մարի Մադլեն Պիոշ դը լա Վեռն, ֆր.՝ Marie-Madeleine Pioche de La Vergne, ամուսնությունից հետո՝ կոմսուհի դը Լաֆայետ, ֆր.՝ Comtesse de La Fayette,, հայտնի է նաև որպես մադամ դը Լաֆայետ կամ տիկին դը Լաֆայետ, մարտի 18, 1634[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 25, 1693[1][2][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի գրող, որը հայտնի է իր «Արքայադուստր» վեպով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Մադլեն դը Լաֆայետը ծնվել է 1634 թվականի մարտի 18-ին Փարիզում։ Սերել է ոչ հարուստ, բայց նշանավոր ընտանիքից։ Վաղ մանկությունը Մարի-Մադլենն անցկացրել է Հավրում, 1640 թվականին ընտանիքը վերադարձել է Փարիզ։ Հայրը վախճանվել է 1649 թվականին, մեկ տարի անց մայրը երկրորդ անգամ ամուսնացել է Ռենո դը Սևինյեի՝ տիկին Սևինյեի հորեղբոր հետ։ 1652 թվականին կայացել է երկու ապագա գրողների հանդիպումը։ 16 տարեկանում Մարի Մադլենն սկսել է իտալերենի ու լատիներենի դասեր առնել գրող և բանասեր Ժիլ Մենաժի մոտ։ Մենաժը (նա վերջիվերջո սիրահարվել է իր երիտասարդ աշակերտուհուն) ոչ միայն նրա մեջ ձգտում է արթնացրել գրականության դասընթացների նկատմամբ, այլև նրան տարել է դարաշրջանի կարևորագույն գրական խմբակներ՝ տիկին դը Ռամբույեի և Մադլեն դը Սկյուդերիի խմբակներ։ 1655 թվականին Մարի-Մադլենն ամուսնացել է Ժան Ֆրանսուա Մոտիեի՝ կոմս դը Լաֆայետի հետ և մեկնել Օվերնում գտնվող նրա կալվածք, որտեղից վերադարձել է 1659 թվականին և նորից հաստատվել Փարիզում՝ սկսելով խորապես մասնակցել գրական կյանքին։ Մոտ 1665 թվականին սկսվել են տիկին Լաֆաետի մտերմիկ (բայց, հավանաբար, պլատոնական) հարաբերությունները կոմս Լառոշֆուկոյի հետ, որը նրան ծանոթացրել է դարաշրջանի լավագույն գրականագետների հետ՝ Ռասինից մինչև Բուալո։
1680 թվականին Լառոշֆուկոյի և 1683 թվականին իր ամուսնու մահվանից հետո տիկին Լաֆայետն սկսել է ապրել մեկուսացած կյանքով և այլևս չի հրապարակել ոչ մի ստեղծագործություն։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1662 թվականին անանուն տպագրվել է տիկին Լաֆայետի առաջին հոգեբանական նովելը՝ «Արքայադուստր դը Մոնպանսիե» (ֆր.՝ La Princesse de Montpensier.՝ )[6][7], որի դեպքերը, ինչպես հետագայում հրատարակված «Կլևեի արքայադուստր» ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում XVI դարում։ Սակայն նրա առաջին ստեղծագործությունը ընդունված է համարել տիկին դը Սևինյեի ոչ մեծ բանահյուսական բնութագիրը, որ տպագրվել է «Տարբեր դիմանկարներ» (Divers portraits, 1659) կոլեկտիվ ժողովածուում։ 1669-1671 թվականներին տպագրվել են Լաֆայետի «Զաիդա» (ֆր.՝ Zaïde) «մավրիտանական» վեպի երկու հատորները, որոնք տպագրվել են Ժան Ռենո դը Սեգռեի ստորագրությամբ։ Սակայն ժամանակակից հետազոտողների կարծիքով՝ «Զաիդան», որը արկածներով հարուստ և նովելներով ընդմիջարկված ստեղծագործություն է և ընդհանուր առմամբ գրվել է բարոկկո վեպի ոճով, եղել է տիկին Լաֆայետի, Սեգռեի, Յուեի և Լառոշֆուկոյի համատեղ աշխատանքի արդյունքը։ Տիկին Լաֆայետը մտերմիկ հարաբերություններ է ունեցել արքայադուստր Հենրիետա Անգլիացու՝ Կառլ I-ի դստեր հետ։ Լաֆայետը նրան նվիրել է հուշագրություններ, որոնք տպագրվել են միայն 1720 թվականին Ամստերդամում։ Այդ հուշագրություններն ունեն ոչ միայն պատմական, այլև գրական արժեք, մասնավորապես նրա վերջնամասը («Պատմություն Տիկնոջ մահվան մասին»)։
Տիկին Լաֆայետի գրչին է պատկանում նաև «Կոմսուհի դը Թենդե» պատմական նովելը (ֆր.՝ La Comtesse de Tende), որը տպագրվել է 1718 թվականին։ Դրանից բացի նրան են վերագրվում մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Իզաբելլա կամ Իսպանական սիրային օրագիր» (անգլ.՝ Isabelle ou Le journal amoureux d'Espagne, 1675, տպագրվել է 1961 թվականին), «Հոլանդական հուշագրություններ» (ֆր.՝ Memoires d'Hollande, 1678), «Ֆրանսիական արքունիքի հուշագրություններ 1688—1689 թվականների վերաբերյալ» (ֆր.՝ Memoires de la Cour de France pour les annees 1688 et 1689, տպագրվել է 1731 թվականին)։
«Կլևեի արքայադուստր»
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիկին Լաֆայետի առավել հայտնի ստեղծագործությունն է «Կլևեի արքայադուստրը» (lang-fr|.՝ La Princesse de Clèves), որն անանուն տպագրվել է 1678 թվականին, իսկ տիկին Լաֆայետի անունով տպագրվել է 1780 թվականին։ Վեպի ստեղծման աշխատանքները, որի իրադարձությունները տեղի են ունենում Հենրի II-ի օրոք, սկսվել են մոտ 1672 թվականին։ Նախքան տպագրվելը այն արդեն հայտնի էր հասարակությանը ձեռագրերում, իսկ «Մերկյուր Գալան» ամսագրի էջերում տպագրումից անմիջապես հետո սկսվել է նրա բուռն քննարկումը։ Գիրքը քննադատվել է հերոսների ապրումների անբնական պատկերման, գրագողության և ամենակարևորը՝ «անկանոնության», կլասիցիզմի գեղագիտական նորմերին չհամապատասխանելու պատճառով։ Միայն որոշ ժամանակ անց ընթերցողներն ըստ արժանվույն են գնահատել վեպի նորարարական բնույթը, ավանդական «սիրային եռանկյունու» խորը հոգեբանական մեկնաբանությունը, կենցաղային առօրեական գայթակղությունների (վեպում քիչ չեն պատմական իրադարձությունները և իրական դեմքերը, այդ թվում՝ Եկատերինա Մեդիչի, Մարի Ստյուարտ, Ֆրանցիսկ II, կոմս դե Գիզ) և բարձր սիմվոլիկայի համադրությունը (Տրիստանի և Իզոլդայի մասին լեգենդի արձագանքներ)։ Վեպում հանդիպում են բազմաթիվ աֆորիզմներ Լառոշֆուկոյի ոգով, ինչպես նաև զգալի է յանսենիզմի և Պասկալի մտքերի ազդեցությունը։ Ստեղծագործության վերջին հատվածն ընթերցվում է որպես բողոք աշխարհիկ արժեհամակարգի հանդեպ։ Այս գիրքը համարվում է ֆրանսիական գրականության պատմության հիմնարար ստեղծագործությունների մեկը և կանխագուշակել է հոգեբանական վեպի կազմավորումը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 – «Կլևեի արքայադուստր», ռեժիսոր՝ Ժան Դելանուա, գլխավոր դերը կատարել է Մարինա Վլադին, Կլևեի արքայազնին մարմնավորել է Ժան Մարեն[8][9][10],
- 2000 – «Նամակ», ռեժիսոր՝ Մանուել դե Օլիվեյրա,
- 2001 – «Հավատարմություն», ռեժիսոր Անջեյ Ժուլավսկի[11],
- 2008 – «Հիասքանչ թզենին», ռեժիսոր՝ Կրիստոֆ Օնորե[12],
- 2010 – «Արքայադուստր դե Մոնպասիե», ռեժիսոր՝ Բերտրան Տավեռնիե, գլխավոր դերերում՝ Մելանի Տյերրի և Գասպար Ուլիել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118725939 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Programme de littérature pour l'année scolaire 2017-2018». 2017 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Cuénin, Micheline (1979). «Préface à 'Histoire de la Princesse de Montpensier sous le règne de Charles IXe Roi de France et Histoire de la Comtesse de Tende'». Geneva: Droz. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Մարի Մադլեն դը Լաֆայետ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Կլևեի արքայադուստր» ֆիլմը cinema-francais.fr կայքում
- ↑ «Կլևեի արքայադուստր» ֆիլմը Ciné-Ressources կայքում
- ↑ «Հավատարմություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Mintzer, Jordan (2008 թ․ սեպտեմբերի 22). «The Beautiful Person». Variety. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Magne E. Le Coeur et l’esprit de Madame de Lafayette. — P.: 1927.
- Dedeyan Ch. Madame de Lafayette. — P.: 1965.
- Niderst A. «La Princesse de Clèves» de Madame de Lafayette. — Paris: 1977.
- Duchene R. Madame de La Fayette, la romanciere aux cent bras. — P.: 1988.
- Чичерин А. В. У истоков французского романа (к 300-летию выхода в свет романа Мари Мадлен де Лафайет «Princesse de Cleves») // Контекст-78. — М.: 1978.
- Забабурова Н. В. Творчество Мари-Мадлен де Лафайет. — Ростов-на-Дону: 1985.
- Чекалов К. А. Мари-Мадлен де Лафайет и её творчество // М.-М. Де Лафайет. Сочинения. М., Ладомир, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Մադլեն դը Լաֆայետ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 509)։ |