Jump to content

Մարիովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստարավինայի համայնապատկերը

Մարիովո (մակեդոներեն՝ Мариово), բնապատմական տարածաշրջան Հյուսիսային Մակեդոնիայի հարավում։ Ընկած է լեռների միջև, ծովի մակերևույթից միջին հաշվով 1050 մետր բարձրության վրա, զբաղեցնում է 1390 քառակուսի կիլոմետր տարածք, բնակչությունն աչքի է ընկնում յուրահատուկ ավանդույթներով։ Սելեչկա, Նիջե, Կոզյակ, Դրեն լեռնաշղթաներով սահմանազատված տարածաշրջանի ողջ երկայնքով հոսում է Ցրնա գետը՝ ստեղծելով ամենաերկար՝ 100 կիլոմետրանոց կիրճը Հյուսիսային Մակեդոնիայում։ Չորս կողմից շրջապատված լինելով լեռներով՝ տարածաշրջանն աչքի է ընկնում յուրահատուկ կլիմայով։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիովոն ավանդաբար բաժանվում է երեք ենթատարածաշրջանների՝ Բիտոլսկո Մարիովո /Bitolsko Mariovo/ (կենտրոնը՝ Ստարավինա), Պրիլեպսկո Մարիովո /Prilepsko Mariovo/ (կենտրոնը՝ Վիտոլիշտե), Տիկվեշկո Մարիովո /Tikveško Mariovo/ (կազմված է նախկին Կոնոպիշտե համայնքի արևմտյան մասերից՝ ներառելով Ռոժդեն, Մայդան, Ռժանովո և Կլինովո գյուղերը)։ Ներկայումս տարածաշրջանը վարչականորեն բաժանված է երեք համայնքների՝ Պրիլեպ, Նովացի, Կավադարցի։ Ցրնա գետը նույնպես, իր հերթին, տարածաշրջանը բաժանում է երկու ենթատարածաշրջանի՝ Փոքր Մարիովո (Malo Mariovo)- գետի ձախափնյա տարածքները, Հին կամ Մեծ Մարիովո (Staro Mariovo) - աջափնյա տարածքները։ Բնակչությանը բնորոշ ազգագրական յուրահատկություններից մեկը հարսանեկան ինքնատիպ տարազն է՝ առատորեն գործածվող զարդերով, որոնց շնորհիվ տարազի կշիռն անցնում է 45 կիլոգրամից։

Տարածաշրջանն աչքի է ընկնում առանձնահատուկ մաքրությամբ, և պատահական չէ, որ հենց այստեղ է նկարահանվել Միլչո Մանչևսկու «Փոշին» կինոնկարը[1]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիովո թարգմանաբար նշանակում է Մարիային պատկանող։ Ավանդազրույցը հայտնում է, որ Մարիա անունով մի շատ գեղեցիկ աղջիկ է եղել, որին սուլթանը ցանկանում էր իր հարեմը տանել, բայց աղջիկը չէր համաձայնում։ Նա վերջապես տվել է իր համաձայնությունը, սակայն պայմանով, որ չփորձեն մահմեդականացնել տարածաշրջանը և ոչ մի մզկիթ չկառուցեն։ Պայմանը ի կատար է ածվել, և բնակիչները ի պատիվ աղջկա՝ իրեց տարածաշրջանը կոչել են Մարիովո[2]։

Մարիովոն իր ողջ պատմության ընթացքում, այդ թվում՝ օսմանյան տիրապետության շրջանում, պահպանել է ուղղափառ քրիստոնյա դավանանքը։ Բնակիչները այլ հարկերից զատ՝ հատուկ հարկ են վճարել որ դառնան խաս և օսմանյան կայսրության սահմաններում ունենան ինքնավար մարզի կարգավիճակ։ Մարիովոն ապաստան է դարձել մակեդոնացի ազգայնականների ու հեղափոխականների համար, և երկու անգամ՝ 1564 և 1688 թվականներին թուրքերի դեմ ապստամբություններ են կազմակերպել[2]։

1948 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Մարիովոն Հարավսլավիայում առաջին տեղն է զբաղեցրել ծնելիության աճի տեսակետից (այդ ժամանակ Մարիովոն մաս էր կազմում Հարավլավիային)։ Սակայն տարիների ընթացքում գյուղացիների թափ առած արտահոսքը դեպի Բիտոլ և Սկոպյե քաղաքներ՝ պատճառ է դարձել, որ բնակչության աճը կանգ առնի։ Բավական է նշել, որ 2002 թվականին Մարիովոյում ապրում էր ընդամենը 839 մարդ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (անգլերեն) Mariovo, Visit Pelagonia Արխիվացված 2016-10-18 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 (անգլերեն) Mariovo.mk

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիովո» հոդվածին։