Մարիետա Մելիք-Փաշայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիետա Մելիք-Փաշայան
Ծնվել էհունիսի 13, 1936(1936-06-13)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 2016(2016-03-10) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայան (հունիսի 13, 1936(1936-06-13), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2016(2016-03-10), Երևան, Հայաստան[1]), հայ հոգեբույժ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։ Նյու Յորքի ԳԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիետա Մելիք-Փաշայանը ծնվել է 1936 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի), ծառայողների ընտանիքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 ռուսական դպրոցը։ 1949-1955 թվականներին եղել է շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն, մասնակցել համամիութենական մրցումների։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետը։ 1960-1980 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, 1960-1962 թվականներին եղել է լաբորանտ, 1965-1972 թվականներին՝ ասիստենտ, 1972-1980 թվականներին՝ դոցենտ։ 1962-1965 թվականներին նույն ամբիոնում անցել է ասպիրանտուրա։ 1966 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Գիտակցության մեկ էլեկրաուղեղագրական կորելյատի մասին» թեմայով և ստացել է բժկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1974 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի ժամանակ դեֆեկտի կառուցվածքը և կոմպենսացիայի մեխանիզմները» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1980-1985 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ։ 1981 թվականին Մելիք-Փաշայանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1985-1991 և 1993-2008 թվականներին եղել է Երևանի բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, 1988-2001 թվականներին՝ նույն համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1996 թվականին ընտրվել է Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1983-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, 1991-2009 թվականներին՝ հայկական հոգեբույժների և թմրաբույժների ասոցիացիայի նախագահ։

1996-1999 թվականներին եղել է «Ժնևյան նախաձեռնություն» հոլանդական կազմակերպության անդամ և դրա «Menatl health reform» ամսագրի թղթակից։ Բազմիցս մասնակցել է մասնագիտական գիտաժողովների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում։

Գիտական հետազոտությունները վերաբերում են շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգանական հիվանդությունների, գիտակցության խանգարումների, դրանց կլինիկական, հոգեախտաբանական, էլեկտրաուղեղագրական ուսումնասիրություններին, կատեխոլամինների փոխանակության խանգարումների մոլեկուլային մեխանիզմների, Հայաստանում հոգեկան հիվանդությունների էպիդեմոլոգիայի խնդիրներին։

Մարիետա Մելիք-Փաշայանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, այդ թվում՝ երկու մենագրության, երկու ուսումնական ձեռնարկի, մեկ դասագրքի[2][3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեֆեկտն ու կոմպենսացիան շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի ժամանակ (ռուսերեն), Երևան, 1983։
  • Անդրանիկ Մեհրաբյան (համահեղինակ), Երևան, 1988։
  • Բժշկական հոգեբանություն (համահեղինակ), Երևան, 1993։
  • Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական ինստիտուտների ուսանողների համար (համահեղինակ), Երևան, 1994։
  • Վիրգոգամիայի կլինիկան, ախտորոշումը, կորեկցիան և կանխարգելումը (համահեղինակ, ռուսերեն), Երևան, 1997։
  • Մանկական տարիքի հոգեբուժության համառոտ ձեռնարկ (համահեղինակ), Երևան, 1998։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2000

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա». chessfed.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  2. «Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։