Մարիա Տոլստայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Տոլստայա
ռուս.՝ Мария Львовна Оболенская
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12 (24), 1871
ԾննդավայրՅասնայա Պոլյանա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27 (դեկտեմբերի 10), 1906 (35 տարեկան)
Մահվան վայրՅասնայա Պոլյանա կամ Յասնայա Պոլյանա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունadult educator, ուսուցչուհի և քարտուղար
ԱմուսինՆիկոլայ Օբոլենսկի
Ծնողներհայր՝ Լև Տոլստոյ, մայր՝ Սոֆյա Տոլստայա

Կոմսուհի Մարիա Լվովնա Տոլստայա, ամուսնական ազգանունը՝ իշխանուհի Օբոլենսկայա (ռուս.՝ Мария Львовна Толстая, княгиня Оболе́нская, փետրվարի 12 (24), 1871, Յասնայա Պոլյանա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27 (դեկտեմբերի 10), 1906, Յասնայա Պոլյանա և Յասնայա Պոլյանա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն)[1], Լև Նիկոլաևիչ Տոլստոյի դուստրը։ Պատանեկան տարիքից օգնել է գրող հորը նամակագրություն վարելու մեջ, զբաղվել է թարգմանությամբ, կատարել է քարտուղարի պարտականությունները։ Համակարծիք է եղել հոր հայացքներին, հրաժարվել է աշխարհիկ այցելքերից։ Մեծ ջանքեր է ներդրել լուսավորչական աշխատանքի մեջ։

Վաղ հեռանալով կյանքից՝ Մարիա Լվովնա Տոլստայան իր ժամանակակիցների շրջանում հիշվել է որպես «լավ մարդ, որը չի տեսել երջանկություն»[2]։

Բնավորություն և կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Լվովնան եղել է Տոլստոյների ընտանիքի հինգերորդ երեխան։ 1873 թվականին Լև Նիկոլաևիչը հեռու մորաքրոջը հասցեագրված նամակում տվել է իր բոլոր երեխաների հակիրճ բնութագրերը։ Մարիային, որի երկու տարին այդ ժամանակ էր լրացել, Տոլստոյը նկարագրել է որպես «թույլ, հիվանդոտ երեխա»՝ սպիտակ, գանգուր մազերով և «տարօրինակ կապույտ աչքերով»[3]։

Նա շատ խելացի է և տգեղ։ Դա կլինի հանելուկներից մեկը։ Կտառապի, կորոնի, ոչինչ չի գտնի. սակայն հավերժ կփնտրի ամենաանհասանելին։

Տասնամյակ անց Տոլստոյի կենսագիր Պավել Բիրյուկովը, որը լավ գիտեր աղջկան նրա պատանեկան տարիքից, նշել է, որ չի կարող համաձայնվել «տգեղ» բառի հետ։ Մարիա Լվովնա Տոլստայայի դեմքը չէր շլացնում վառ գույներով, սակայն Բիրյուկովի խոսքերով նրա մեջ նկատելի էր «բարձր, հոգևոր գեղեցկությունը»[4]։

Ընտանիքի մյուս անդամներից առավել Մարիան էր իրենում ներկայացնում բարձր գաղափարները, որոնց ծառայում էր հայրը, և չնայած մարմնական թուլությանը՝ ձգտում էր ընդառաջ գնալ այդ լույսին… Մարիայի համար գոյություն չուներ կեղտոտ, ծանր, տհաճ աշխատանք, կար միայն շրջապատի համար անհրաժեշտ և օգտակար աշխատանք։

«
»
Պավել Բիրյուկով[4]

Մարիա Լվովնան շատ կարդացած էր, ազատ տիրապետում էր մի քանի օտար լեզուների, զբաղվում էր երաժշտությամբ։ Հիմնական կրթությունն ստացել էր տնային մանկավարժներից։ Հետագայում քննություններ հանձնելով՝ ստացել է ուսուցչուհու դիպլոմ և կազմակերպել է իր սեփական դպրոցը, որտեղ սովորում էին և՛ գեղջուկ երեխաները, և՛ մեծահասակները[4]։ Ինչպես հիշել է Տոլստոյի անձնական բժիշկ Դուշան Մակովիցկին, Մարիա Լվովնային գիտեին շրջապատի բոլոր գյուղերի բնակիչները։ Նա խնամում էր հիվանդացածներին, այցելում էր այրիներին և որբերին, չնայած թույլ առողջությանը պատրաստակամությամբ զբաղվում էր դաշտային աշխատանքներով[5]։ Նրա տարվածությունը երբեմն վախեցնում էր հարազատներին, քանի որ երիտասարդ փխրուն կինը ցանկացած եղանակի գնում էր հեռավոր բնակավայրեր՝ ինքնուրույն քշելով ձին և հաղթահարելով ձնահյուսերը[4]։

Թե ինչքան անտարբեր էր Մարիա Լվովնան հարմարավետության հանդեպ, երևում է Աննա Կոնստանտինովնա Չերտկովայի՝ Վլադիմիր Չերտկովի կնոջ հուշերից։ Նրա խոսքերով երբ նա և ամուսինը հնարավորություն են ունեցել հանգրվանելու Լև Տոլստոյի մոսկովյան տանը, գրողն առաջարկել է հյուրերին գիշերելու Մարիա Լվովնայի սենյակում։ Դա ճգնավորական, ցածր առաստաղով, հարմարավետության պայմաններից զուրկ տարածք է, որը Տոլստոյի դուստրը՝ միակը ընտանիքում, հավաքում էր ինքը՝ կտրականապես հրաժարվելով ծառաների օգնությունից[6]։

Հարաբերություններ մոր հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք ուսումնասիրողներ պնդել են, որ Մարիա Լվովնային մոր հետ կապել են բարդ, անհարթ հարաբերություններ[7][4]։ Այսպես, 1880-ական թվականների վերջին Սոֆյա Անդրեևնան կոպտորեն խառնվում էր դստեր և Պավել Բիրյուկովի հարաբերություններին։ Աղջկանով հետաքրքրված լինելով՝ նա մտադիր էր առաջարկություն անել նրան։ Մարիա Լվովնան պատասխանել է երիտասարդի զգացմունքներին։ Սակայն Սոֆյա Անդրեևնայի կտրուկ բողոքը, որը հավանություն չէր տալիս այդ ամուսնությանը, բաժանել է սիրահարներին։ Բիրյուկովը, որին արգելվել է գնալ Յասնայա Պոլյանա, չի տեսնվել Մարիայի հետ երկու տարի։ Հրապարակախոս Իվան Գորբունով-Պոսադովին ուղղված նամակներից մեկում աղջիկը խոստովանել է, որ իրեն այդ իրադրությունը «չի դադարում տանջել»[8]։

Պավել Բիրյուկով

Հետագայում Բիրյուկովն ամուսնացել է իր համախոհ Պավլա Շարապովայի հետ, սակայն Մարիա Լվովնայի հանդեպ ջերմ զգացմունքները պահպանվել են ողջ կյանքի ընթացքում։ Գրողի քարտուղար Վալենտին Բուլգակովի խոսքերով՝ Բիրյուկովի գրած «Հայր և դուստր։ Լ. Տոլստոյի նամակները Մ. Տոլստայային» գրքի (Ցյուրիխ-Լայպցիգ, 1925) առաջաբանը «համակված է Տոլստոյի և նրա դստեր հանդեպ խորը, անվերջ և նուրբ սիրով»[9]։

Մոր հետ փոխադարձ հարաբերություններում խնդիրները սաստկացել են, երբ Մարիա Լվովնան քրոջ՝ Տատյանայի հետ միացել է հոր ձեռագրերի հետ աշխատանքին։ Սոֆյա Անդրեևնան չի փորձել թաքցնել խանդը. 1890 թվականին թվագրված նամակում նա հաղորդել է, որ սովորական դարձած գործունեությունից հեռացումը իր մոտ սրտնեղության զգացում է առաջացրել. «Լինում էր, որ ես արտագրել եմ այն, ինչ նա գրել է, և ինձ համար դա հաճելի էր։ Հիմա նա ամեն ինչ տվել է աղջիկներին և ինձնից խնամքով թաքցնում է»[10]։

Նույնպիսի ուժեղ անբավականություն է առաջացրել մոր մոտ Մարիան՝ հրաժարվելով հողի բաժնեմասից։ 1891 թվականի մայիսին տեղի ունեցած հողամասերի բաժանումը ծանր փորձություն է դարձել ընտանիքի անդամների համար, և անշահասեր դուստրը Սոֆյա Անդրեևնայի կարծիքով «ավելորդ գժտություն է առաջ բերել»[11]։ Հետագայում ամուսնանալով՝ Մարիա Լվովնան ամեն դեպքում համաձայնվել է ստանալ իր սեփականությունը, և այդ քայլը հերթական վեճի առիթ է դարձել։ 1902 թվականին Տոլստոյը որոշել է կտակ կազմել. դրա գրությունը նա վստահել է Մաշային[12]։ Երբ Սոֆյա Անդրեևնան իմացել է ամուսնու կարգադրության մասին, նրա զայրույթին սահման չի եղել. մայրը համարել է, որ դուստրն իրավունք չուներ խառնվել ժառանգորդական գործերին[7]։

Ս. Ա. Տոլստայա

                  Մորս և իմ միջև հարաբերությունները ինձ համար միշտ, դեռ իմ մանկությունից եղել են
                  մեծ դժբախտություն։ Այժմ ես երբեմն քաջամարտիկ եմ խաղում, ձևացնում եմ
                  նրա առաջ և իմ առաջ ասես ինձ համար միևնույնն է,
                  ասես ոչինչ էլ պետք չի անել, սակայն հոգուս խորքում
                  ես մշտապես ափսոսում եմ դրա համար և զգում եմ,
                  որ չեմ կարող ուղղակի շրջանցել, որ պետք է դա փոխել։

                  Հորը գրած Մ. Տոլստայայի նամակից։ 1897 թվականի փետրվարի 17[4]

Հոր հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Լվովիչ Տոլստոյի՝ Մարիա Լվովնայի եղբոր հուշերում նշվում է, որ Լև Նիկոլաևիչը հազվադեպ էր քնքշություն ցուցաբերում երեխաների հետ հարաբերություններում։ Ընտանիքի միակ մարդը, որը դեռ մանկությունից մինչև նրա վերջին օրերը կարող էր նրան «փայփայել, ջերմացնել», եղել է Մաշան[13]։ Հոր մոտ համակրանք էր առաջացնում ոչ միայն դստեր սիրո դրսևորման «ջերմ բնականությունը», այլև «անսովոր նրբազգաց և զգայուն խղճմտանքը»[14]։

Լև Տոլստոյը և Մարիա Տոլստայան, 1906 թվական

Մարիա Լվովնան օգնել է Տոլստոյին արտագրել տեքստերը, նրա խնդրանքով կատարել է թարգմանություններ։ Շվեյցարացի գրող Ամիելի «Օրագիր» գրքի նրա կատարած թարգմանությունը հրատարակվել է «Հյուսիսային պարբերական» թերթում[4]։ Նախաբանում գրողը առանձին նշել է, որ ստեղծագործության հետ աշխատանքին մասնակցել է դուստրը[15]։ Տոլստոյի ցանկացած հասարակական նախաձեռնություն, կլիներ դա զգաստության միավորման կազմակերպում, նոր դպրոցի հիմնում կամ օգնություն չքավորներին, Մարիա Լվովնայի մոտ կենդանի արձագանք է առաջացրել։ Երբ Լև Տոլստոյը որոշել է օգնել մի այրու՝ վերանորոգել տունը, պարզ է դարձել, որ տանիքի համար անհրաժեշտ է ծղոտե հատուկ գորգ։ Մարիան պատրաստակամությամբ լծվել է գործի. սեփական ձեռքով հյուսել է գորգը, թրջել այն կավում և հետևելով կառուցման հրահանգներին՝ «բոբիկ ոտքերով տրորել է»։ Կոմսի դստեր համար դա բացարձակ բնական արարք էր՝ ըստ եղածին հետևող Պավել Բիրյուկինի[4]։

Երբ Տոլստոյը Մարիայի հետ մենակ է մնացել Յասնայա Պոլյանայում, կենցաղի և հարմարավետության հարցերը մնացել են երկրորդ պլանում։ Այդպիսի օրերից մեկում նրանց այցելած կալվածատեր Ա. Ցուրիկովը գանգատվել է, որ իրեն առաջարկվել է «վարսակաձավարով սարսափելի ճաշ», որից հետո հավելել է. «Ոչ, առանց կոմսուհու այդտեղ գնալը վտանգավոր է։ Սովից կմեռնես»։ Իսկ Լև Տոլստոյը, հրաժարվելով կաթից, սուրճից և թեյից, հոգեպես խաղաղված էր իրեն զգում։ Նիկոլայ Ստրախովին գրված նամակում նա հաղորդել է. «Մենք ապրում ենք Յասնայայում Մաշայի հետ մենակ, և ինձ համար այնպես լավ է, այնպես խաղաղ, այնպես ուրախ-տխուր, որ չեմ էլ ուզում փոխել»[16]։ Մարիային հասցեագրված մեկ այլ նամակում (չուղարկված և պահպանված «Կարդա մենակ» նշումով) Տոլստոյը խոստովանել է[17].

Ընտանիքի բոլոր անդամներից դու միակն ես, ինչքան էլ ուժեղ լինի քո անձնական կյանքը և դրա պահանջները, դու լիովին հասկանում ես, զգում ես ինձ… Ես չգիտեմ, թե դա որտեղից է. միգուցե նրանից է, որ ես չեմ կարողանում այնպես տարվել աշխատանքով, որպեսզի այդքան ցավոտ չլինի դա զգալ, կամ էլ այն բանից, որ ես այնքան ցավոտ եմ զգում, որ չեմ կարող աշխատել, բայց ինձ համար դժվար է և ուզում եմ կարեկցություն, որ ինձ հասկանան և խղճան։

Ամուսնություն։ Կյանք Պիրոգովոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբոլենսկիների տունը Պիրոգովոյում

Հայրենի տնից Մարիա Տոլստայան հեռացել է 1897 թվականին այն բանից հետո, երբ դարձել է իշխան Նիկոլայ Լեոնիդովիչ Օբոլենսկու կինը, որը նրա հեռու ազգականն էր։ Սկզբնական շրջանում նորապսակներն ապրել են ամուսնու մոտ՝ Պոկրովսկիում, հետագայում նրանք գնացել են Պիրոգովո կալվածք, որը տեղակայված էր Յասնայա Պոլյանայից 35 կիլոմետր հեռավորության վրա[4]։ Այդ գյուղը Տոլստոյը գնահատել էր «յուրահատուկ հաճելի լռության» համար, նախորդ տարիներին այդտեղ եղել էին Իվան Տուրգենևը և Աֆանասի Ֆետը[18]։ Դուշան Մակովիցկին, որը 1905 թվականին հյուրընկալվել էր Օբոլենսկիների մոտ Պիրոգովոյում, հիշել է, որ տան կենսական կացութաձևը եղել է ամենահասարակը։ Մարիա Տոլստայան, թեպետ առանձին էր ապրում ծնողներից, նախկինի պես ներառված էր հոր գործերում։ Մակովիցկու այցելության օրը նա Լև Տոլստոյի խնդրանքով թարգմանել է Չառլզ Կարպենտեր Ֆրիզին։ Հովվերգությունը մթագնել է Մարիայի առողջությունը։ Իր ամուսնության տարիների ընթացքում նա փորձել է երեխա ունենալ, սակայն բոլոր փորձերը անհաջող են ստացվել[19]։

Փորձելով հաղթահարել թուլությունը և տկարությունը՝ Մարիա Տոլստայան ամուսնու հետ մեկնել է Ղրիմ բուժվելու (1899), երկու անգամ (1903, 1906) երկար ժամանակով հանգստացել է շվեյցարական առողջարաններում։ Այդ ճանապարհորդությունները բարենպաստ են ազդել երիտասարդ կնոջ ինքնազգացողության վրա։ Միևնույն ժամանակ նա տառապում էր հորից ստիպված բաժանված լինելու պատճառով։ Տոլստոյին հղված նամակներից մեկում նա խոստովանել է[4].

Չգիտեմ ինչու, բայց այս ամբողջ ընթացքում մտովի վերադառնում եմ նրան, թե ինչպես էինք միասին աշխատում և թե ինչքան հրաշալի պահեր ենք ապրել, և ինձ համակում է երախտագիտության խոր զգացում քո խրատների և բոլոր հրաշալի հիշողությունների համար։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկին ու կրկին մտածում եմ Մաշայի մասին, սակայն գորովանքի բարի արցունքներով. չեմ մտածում, որ նա կորսված է ինձ համար, մտածում եմ միայն նրա հետ ապրած տոնական պահերի մասին՝ նրա հանդեպ սիրո շնորհիվ։

«
»
Լ. Տոլստոյ. Գրություն օրագրում, 1906 թվական, դեկտեմբերի 1[4]

1906 թվականի նոյեմբերին Մարիա Տոլստայան հիվանդացել է. հանկարծ կտրուկ բարձրացել է ջերմությունը, ուսերում ցավ է ի հայտ եկել։ Բժիշկներն ախտորոշել են թոքաբորբ։ Բուժել են նրան Յասնայա Պոլյանայում, սակայն Սոֆյա Տոլստայայի խոսքերով «ոչ մի միջոց չի թուլացրել հիվանդության ուժը»։ Ամբողջ շաբաթ, երբ կինը գտնվում էր կիսաանգիտակից վիճակում, ծնողները և ամուսինը կողքին են եղել։ Տոլստոյը դստեր ձեռքը բռնած է եղել վերջին րոպեներին[20]։

Իլա Տոլստոյը, որը հասել էր Յասնայա Պոլյանա քրոջ մահվան հաջորդ օրը, հիշել է, որ հայրը «լուռ, խեղճացած քայլում էր՝ բոլոր ուժերը լարելով իր անձնական վշտի դեմ պայքարին», տան ընդհանուր տրամադրությունը եղել է «աղոթական-հաշտողական»[21]։ Սոֆյա Անդրեևնան Տատյանա Կուզմինսկայային գրած նամակում հաղորդել է, որ թաղման ողջ ընթացքում «ուղեկցել է Մաշային մինչև քարե սյուները, Լյովչկան մինչև գյուղի ծայրը»[20]։

Կորստյան իրապես գիտակցումը Իլա Տոլստոյի խոսքերով ընտանիքում եկել է ավելի ուշ։ Ամեն անգամ, երբ տանն առաջացել է դժվար իրադրություն, ինչ-որ մեկը պարտադիր արտաբերել է. «Եթե Մաշան ողջ լիներ…»[22]։ Այդ արտահայտությունը հնչել է և 1910 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ Լև Տոլստոյը լքել է Յասնայա Պոլյանան[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Литературное наследство. Толстой и зарубежный мир. — М.: Наука, 1965. — Т. 75, часть 2. — С. 163.
  2. Шкловский, 1963, էջ 777
  3. Воспоминания, 1987, էջ 32
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Мария Львовна Толстая». Государственный мемориальный и природный заповедник «Музей-усадьба Л.Н. Толстого «Ясная Поляна». Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  5. Душан Маковицкий У Л. Н. Толстого // Нева. — 2008. — № 8.
  6. Мемуары, 1978, էջ 409—413
  7. 7,0 7,1 Шкловский, 1963, էջ 740
  8. Оболенская М. Л. Письмо Горбунову-Посадову И. И., [сентябрь 1890 г.] // Неизвестный Толстой в архивах России и США. — М.: «Техна-2», 1994. — С. 191—193.
  9. Булгаков В. Ф. Лев Толстой, его друзья и близкие. Воспоминания и рассказы. — Тула: Приокское книжное издательство, 1970. — 344 с.
  10. Андрей Шляхов Лев Толстой и жена. Смешной старик со страшными мыслями. — М.: АСТ, 2011. — 352 с. — ISBN 978-5-17-071534-3
  11. Андрей Шляхов Лев Толстой и жена. Смешной старик со страшными мыслями. — М.: АСТ, 2011. — 352 с. — ISBN 978-5-17-071534-3
  12. Шкловский, 1963, էջ 738
  13. Воспоминания, 1987, էջ 57
  14. 14,0 14,1 Воспоминания, 1987, էջ 241
  15. Толстой Л. Н. Предисловие к дневнику Амиеля: Первая редакция // Донсков А. А., Галаган Г. Я., Громова Л. Д. Единение людей в творчестве Л. Н. Толстого: Фрагменты рукописей / Группа славянских исследователей при Оттавском университете. — М.; СПб.; Оттава, 2002. — С. 218.
  16. Опульская Л. Д. Лев Николаевич Толстой: Материалы к биографии с 1892 по 1899 год. — М.: Наука, 1998. — С. 79.
  17. Опульская Л. Д. Лев Николаевич Толстой: Материалы к биографии с 1892 по 1899 год. — М.: Наука, 1998. — С. 232—233.
  18. «Пирогово». Государственный мемориальный и природный заповедник «Музей-усадьба Л.Н. Толстого Ясная Поляна». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  19. Маковицкий Д. П. [Дневник] 1905 // Маковицкий Д. П. У Толстого, 1904—1910: «Яснополянские записки»: В 5 книгах. — М.: Наука, 1979. — Т. 1. — С. 397.
  20. 20,0 20,1 Воспоминания, 1987, էջ 440
  21. Воспоминания, 1987, էջ 239
  22. Воспоминания, 1987, էջ 240

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шкловский В. Б. Лев Толстой. — М.: Молодая гвардия, 1963. — 864 с. — (Жизнь замечательных людей).
  • Толстой И. Л. Мои воспоминания. — М.: Правда, 1987. — 464 с.
  • Л. Н. Толстой в воспоминаниях современников. В двух томах. — М.: Художественная литература, 1978. — Т. 1. — 621 с. — (Серия литературных мемуаров).
  • Paul Birukoff Vater und Tochter. Tolstois Briefwechsel mit seiner Tochter Maria. — Zurich -- Leipzig: Rotaptel, 1925.