Մարիացելի բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիացելի բազիլիկ
Mariazell - Basilika1.JPG
Հիմնական տվյալներ
ՏեսակCatholic parish church?
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունՄարիացել[1][2]
ՀասցեBenedictus-Platz 1[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Graz-Seckau?
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածNativity of Mary?
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1683
Առաջին հիշատակում1243
basilika-mariazell.at

Կույս Մարիամի ծննդյան բազիլիկ (գերմ.՝ Basilica Mariä Geburt ) կիրառվում է նաև՝ Մարիացելի բազիլիկ (գերմ.՝ Basilika von Mariazell), կաթոլիկ եկեղեցի Ավստրիայի Մարիացել քաղաքում (Շտիրիա նահանգ)։ Այստեղ է պահվում Աստվածածնի փայտե արձանիկը, որը կոչվում է «Ավստրիայի մեծ մայր» («Magna Mater Austriae»)․ այն ազգային սրբություն է համարվում։ Կաթոլիկների ուխտագնացության գլխավոր վայրն է Ավստրիայում։ Ճարտարապետական հուշարձան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1103 թվականին տարածքը, որտեղ հիմա տեղակայված է Մարիացելը, տրվել է Սանկտ Լամբրեխտ գյուղի բենեդիկտյան վանքի միաբաններին։ Ավանդության համաձայն՝ 1157 թվականին միաբան Մագնուսն այստեղ կառուցել է վանական խուց և ժամատուն՝ ի պատիվ հրաշագործ կերպարի։ Հետագայում նրան են միացել այլ վանականներ, ինչն էլ սկզբնավորել է քաղաքի հիմնադրումը։ Մարիացելի բազիլիկի կառուցման ճշգրիտ թվականը հայտնի չէ։ Այն մոտավորապես թվագրվում է 13-րդ դարի սկզբին։ Եկեղեցին հիմնադրվել է ժամատան տեղում, որ կառուցել էր վանական Մագնուսը 1157 թվականին։ Մարիացելի՝ ռոմանական ոճով կառուցված բազիլիկի մասին առաջին վկայությունները վերաբերում են 1243 թվականին, իսկ Մարիամ Աստվածածնին նվիրված խորանն օծվել է 1266 թվականին։ Ժամատան տեղում ռոմանական եկեղեցի կառուցելու գլխավոր նախաձեռնողը եղել է Մորավիայի մարկկոմս Վլադիսլավ III-ը, որը, ավանդույթի համաձայն, բուժվել է ծանր հիվանդությունից այն բանից հետո, երբ աղոթել է հրաշագործ քանդակի առաջ։

14-րդ դարում ռոմանական եկեղեցին Հունգարիայի միապետ Լյուդովիկոս Մեծի նախաձեռնությամբ ամբողջովին վերակառուցվել է գոթական ոճով։ Եկեղեցու նոր շենքը պսակվել է 90 մետրանոց սրաձողով։ 1420 և 1474 թվականներին եկեղեցին տուժել է հրդեհից։ 17-րդ դարում կայսր Ֆերդինանդ III-ը մեծ գումար է հատկացրել եկեղեցու նոր կառույցի շինարարության համար։ Վերակառուցումն ընթացել է 1644-1683 թվականներին իտալացի ճարտարապետ Դոմենիկո Շասիայի ղեկավարությամբ։ Գոթական կառույցում ի հայտ են եկել բարոկկոյի բազմաթիվ տարրեր։ Բարոկկո ոճով նոր ինտերիերը ստեղծել է ճարտարապետ Ֆիշեր ֆոն Էրլախը։

1907 թվականին Մարիացելի եկեղեցուն տրվել է «փոքր բազիլիկ» պատվավոր տիտղոսը։ 1992-2007 թվականներին եկեղեցին հիմնանորոգվել է։ 1983 թվականին Մարիացել ուխտագնացություն է կատարել Հռոմի Հովհաննես Պողոս II պապը, իսկ 2007 թվականի սեպտեմբերին՝ Բենեդիկտոս XVI[3]։

Ճարտարապետություն և ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գթասրտության կապելլա

Եկեղեցու ճարտարապետությունը պարունակում է գոթիկայի ու բարոկկոյի տարրեր։ Եկեղեցու ճակատամասը կերնտրոնական գոթական հատվածում ինքնատիպ կոմպոզիցիա է՝ ներքևում գլխավոր մուտքով, զանգակատնով, եզրային աշտարակներով, որոնք բնորոշ են իտալական բարոկկո ոճին։ Գլխավոր մուտքի առաջ ամբողջական հասակով երկու քանդակներ են, որոնք հեղինակել է Բալթազար Մոլը 1757 թվականին։ Մուտքից ձախ Հունգարիայի թագավոր Լյուդովիկոս Մեծի արձանն է, իսկ աջ կողմում՝ Մորավիայի մարկկոմս Վլադիսլավ III-ի արձանը։

Եկեղեցու ինտերիերում առանձնանում է կենտրոնական խորանը, որը բարոկկո ոճի իսկական գլուխգործեց է։ Դրա հեղինակը Ֆիշեր ֆոն Էրլախն է։ Եկեղեցու կողային մասերում կան 12 ժամատներ՝ իրենց խորաններով։

Կառույցի ավելի հին մասը Գթասրտության կապելլան է, որտեղ պահվում է հրաշագործ արձանիկը։ Ժամատան խորանը կառուցել են աուգսբուրգցի վարպետները, իսկ արծաթե ճաղավանդակը Մարիա Թերեզայի պատվերով ստեղծել է վիեննացի վարպետ Յ․ Վագները 1750 թվականին։

Եկեղեցու գանձարանում պահվում են եկեղեցական արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ՝ նկարներ, գանձանակներ, հոգևորական իրեր։

Մարիամ Աստվածածնի հրաշագործ արձանիկը

Կույս Մարիամի կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու գլխավոր մասունքը Աստվածածնի 48 սանտիմետրանոց արձանն է, որ պատրաստված է լորենու փայտից։ Նա հանդերձավորված է շքեղ զգեստով և պսակված ոսկե թագով։ Լեգենդի համաձայն՝ Սուրբ Լամբերտի բենեդիկտյան վանքի միաբան Մագնուսն ուղևորվել է Մարիացել՝ իր հետ վերցնելով Աստվածածնի փայտե կերպարը։ 1157 թվականի դեկտեմբերի 21-ին Մագնուսը հանդիպել է անանցանելի մի ժայռի, որ խոչընդոտել է նրա ընթացքը։ Կույս Մարիամի կերպարի առաջ աղոթելուց հետո ժայռը ճեղքվել է՝ միբաբանին հնարավորություն ընձեռելով շարունակելու ճանապարհը։ Հրաշքից ցնցված՝ Մագնուսն այդ տեղում կառուցել է ոչ մեծ խուց ու ժամատուն, որտեղ տեղադրել է հրաշագործ քանդակը։

Ուխտագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիացել ուխտագնացություն կատարելու ավանդույթը սկզբնավորվել է 12-րդ դարում։ Այն զանգվածային բնույթ է ձեռք բերել 1330 թվականից։ Այդ ժամանակից դատարանները երբեմն պարտադրել են հանցագործներին ուխտագնացություն կատարել Մարիացել՝ ի նշան ապաշխարության։

14-15-րդ դարերում ուխտագնացների մեջ հայտնվում են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, հատկապես՝ հունգարացիներ, չեխեր և Ավստրիայի հարևան այլ երկրների բնակիչներ։ Հակառեֆորմացիայից հետո Հաբսբուրգները Մարիացելին ազգային սրբատեղիի կարգավիճակ են շնորհել։ Կայսր Յոզեֆ II-ը, ի թիվս Ավստրիայի բազմաթիվ այլ եկեղեցիների, լուծարել է Մարիացելի եկեղեցին՝ արգելելով ուխտագնացությունը, սակայն արգելքը շուտով հանվել է։

Ներկայումս Մարիացելի բազիլիկ տարեկան ուխտագնացություն է կատարում մոտ մեկ միլիոն մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]