Մարթա Ջեֆերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարթա Վաշինգտոն Ջեֆերսոն Ռենդոլֆը (անգլ. Martha Washington Jefferson Randolph, սեպտեմբերի 27, 1772 - հոկտեմբերի 10, 1836) ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի և նրա կնոջ՝ Մարթա Սքելթոն Ուեյլս Ջեֆերսոնի դուստրն է: Մարթան ծնվել է Վիրջինիայի Մոնտիչելլո քաղաքում՝ Շառլոտսվիլի հարևանությամբ: Մարթան անունը ստացել է իր մոր և ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կնոջ՝ Մարթա Վաշինգտոնի պատվին: Ընկերներն ու բարեկամները Մարթային հաճախ անվանում էին Փեթսի:

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրահասակ և բարեկազմ, կարմրահեր Մարթան տեսքով նման էր հորը, որի հետ առանձնակի կապվածություն ուներ: Երբ Թոմաս Ջեֆերսոնը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանն էր, Մարթան 12 տարեկանից մոտ 5 տարի հոր հետ ապրել է Փարիզում: Ֆրանսիայի մայրաքաղաքում Թոմաս Ջեֆերսոնը դստերն ուղարկում է տեղի Պանտեմոն վանական դպրոցը: Ջեֆերսոնը դպրոցի ղեկավարությունից երաշխիքներ էր ստացել, որ դուստրը և բողոքական մյուս աշակերտները ազատված կլինեն կրոնական ուսուցումից: Շատ ժամանակ չանցած Մարթան հայտնում է հորը, որ ցանկանում է կաթոլիկության անցնել, ինչպես նաև լրջորեն մտածում է միանձնուհի դառնալու մասին: Նման մտքերից հետո դեսպան Ջեֆերսոնը դստերն արագ հետ է վերցնում դպրոցից:

Մոր մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթայի մայրը մահացել է 1782 թ. սեպտեմբերի 6-ին 33 տարեկանում՝ վերջին երեխայի ծնունդից 4 ամիս անց: Մարթայի մայրը Թոմաս Ջեֆերսոնին խնդրել էր իր մահվանից հետո այլևս չամուսնանալ. Ջեֆերսոնը պահեց կնոջ խնդրանքը: Նման ցանկության պատճառն այն էր, որ ինքը վատ հիշողություններ ուներ իր խոր մոր հետ կապված և չէր ցանկանում, որ իր երեխաները նմանատիպ իրավիճակում հայտնվեին:


Ամուսնությունը և երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

1790 թ.-ին Մարթա Ջեֆերսոնը 18 տարեկանում ամուսնանում է Թոմաս Մեն Ռենդոլֆ կրտսերի հետ, որը խոշոր կալվածատեր էր: Թոմասը նաև Մարթայի հեռավոր ազգականն էր: Ամուսնությունից հետո Թոմաս Ջեֆերսոնը Թոմաս Մեն Ռենդոլֆից որպես ամուսնական նվեր ութ ստրուկ է ստանում: Ավելի ուշ՝ 1819-1822 թթ.-ին Թոմասը զբաղեցրել է Վիրջինիայի նահանգապետի պաշտոնը: Մարթան և Թոմասը 13 երեխա են ունեցել: Ի տարբերություն Մարթայի ծնողների և քրոջ, որոնց երեխաների մեծամասնությունը մանկահասակ տարիքում մահացել էր, Մարթայի և Թոմասի 11 երեխաները երկար կյանք են ունեցել:

  • Էն Քերի Ռենդոլֆ (1791-1826),
  • Թոմաս Ջեֆերսոն Ռենդոլֆ (1792-1875),
  • Էլեն Ուեյլս Ռենդոլֆ (1794—1795),
  • Էլեն Ուեյլս Ռենդոլֆ (1796—1876), անունը ստացել է մանկահասակ տարիքում մահացած քրոջ պատվին,
  • Կորնելիա Ջեֆերսոն Ռենդոլֆ (1799–1871),
  • Վիրջինիա Ջեֆերսոն Ռենդոլֆ (1801–1882),
  • Մերի Ջեֆերսոն Ռենդոլֆ (1803–1876),
  • Ջեյմս Մեդիսոն Ռենդոլֆ (1806–1834), որը Սպիտակ տանը ծնված առաջին երեխան էր,
  • Բենջամին Ֆրանկլին Ռենդոլֆ (1808–1871),
  • Մերիուոթեր Ջեֆերսոն Ռենդոլֆ (1810–1837),
  • Անանուն Ռենդոլֆ (1811-1811), մահացել է մանկահասակ տարիքում,
  • Սեպտիմիա Էն Ռենդոլֆ (1814–1887),
  • Ջորջ Ուիթ Ռենդոլֆ (1818–1867), 1862 թ.-ին կարճ ժամանակով եղել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների ռազմական նախարարը:

Մարթան երեխաներին դաստիարակում էր տանը և Սպիտակ տանը հայտնվել է ընդամենը մի քանի անգամ՝ 1802-1806 թթ.-ի ընթացքում: Թոմաս Ջեֆերսոնի թոշակի անցնելուց հետո Մարթան կյանքի մեծ մասը նվիրեց հորը խնամելուն: Արդեն նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնը դստեր մասին պետք է գրեր, որ «Մարթան իր երիտասարդության ուղեկիցն էր և ծերության բուժքույրը»: Մահանալուց առաջ Թոմաս Ջեֆերսոնը ասել էր, որ «Մարթայի հետ բաժանությունը իր կյանքի վերջին տառապանքն էր»: