Մարզվանի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարզվանի հայկական տպագրություն, հայկական տպագրությունը Արևմտյան Հայաստանի՝ պատմական Փոքր Հայքի Սեբաստիայի վիլայեթի Մարզվան քաղաքում սկիզբ է առել 20-րդ դարի սկզբին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը եղել է 1909 թվականին Հակոբ Սրապյանի և Ղազարոս Ներսիսյանի հիմնադրած «Ներսո և Սրապյան» տպարանը (վերջում՝ «Անատոլիա»), որը գործել է մինչև 1915 թվականը։ Տպագրել է շուրջ 80 անուն գիրք՝ Արտավազդ Գալենտերյանի «Միութենական հարց եւ Շնորհալի» (1909) երկը, Արամ Գազանճյանի «Խունկ եւ արցունք» (1910), Կ. Գոճանյանի «Հայկական հառաչներ» (1911) բանաստեղծությունների ժողովածուները, Գագիկ Օզանյանի «Հայապատում, հայուն պատմական դերը» (1912), «Յուշիկք Զէյթունի» (1912) և «Պատմութիւն հայ լեզուի եւ բանահիւսութեան» (1913) երկերը, Կ. Թումայյանի «Տպագրիչ Մարզուանցի Գրիգոր Դպիր»[1] (1912) ուսումնասիրությունը, «Ծրագիր կանոնագիր Շաւարշեան ուսանողական միութեան Անատոլիա գօլէճի Մարզուան» (1915) գրքույկը, թարգմանական գրականություն, դասագրքեր և այլն[2]։

Երկրորդը «Գուտենբերգ» տպարանն էր, որը 1909 թվականին հիմնադրել է Սամուել Միածինյանը, 1910 թվականից նրան ընկերակցել է Ալեքսանդր Յոզղատլյանը։ Տպանանը գործել է մինչև 1913 թվականը, տպագրել է շուրջ 10 անուն գիրք՝ Միհրան Իսպիրյանի «Հայաստանի ոգին» (1911), Վահան Ասլանի «Հոգի՜ս...» (1913), Անդրանիկ Գըլտրյանի «Քաղաքացիական կրթութիւն» (1913) և այլն[2]։

Մարզվանում լույս են տեսել նաև «Զեփիւռ» (1889), «Արուսեակ» (1889), «Սոխակ» (1900) խմորատիպ թերթերը, «Նոր այգ» (1910-1914) գրական, գիտական, քաղաքական, «Հայկունի» (1910-1912) գրական-ուսանողական հանդեսները, «Բողբոջ» (1911-1914) մանկապատանեկան երկշաբաթաթերթը և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ գրերի գիւտի եւ տպագրութեան համազգային մեծ յոբելեանի տոնակատարութիւնը Մայր աթոռ Ս. Էջմիածնում». greenstone.flib.sci.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 712–713. ISBN 978-5-89700-042-5.