Մարզադահլիճ

Մարզադահլիճ (անգլ.՝ gymnasium), սպորտային պարապմունքների համար նախատեսված փակօթյա վայր։ Բառը ծագել է հին հունարեն «gymnasion» տերմինից[1]։ Մարզադահլիճները սովորաբար լինում են ֆիտնես կենտրոնների, դպրոցների կամ ուսումնական հաստատությունների մաս։ «Մարզադահլիճ» բառը հաճախ օգտագործվում է նաև ֆիտնես կենտրոն կամ առողջության ակումբ նշելու համար, որտեղ մարդիկ մարզվում են կամ զբաղվում հանգստի գործունեությամբ։ Որոշ մարզասրահներ ունեն նաև բացօթյա տարածքներ։ Արևմտյան երկրներում մարզասրահները կարող են ներառել փակ կամ բացօթյա դաշտեր՝ բասկետբոլի, հոկեյի, թենիսի, բռնցքամարտի կամ ըմբշամարտի համար, ինչպես նաև մարզումների համար նախատեսված սարքեր ու հարմարանքներ։ Եվրոպական շատ երկրներում «gymnasium» բառը կարող է նաև նշանակել ուսանողներին համալսարանական կրթությանը պատրաստող միջնակարգ դպրոց, նույնիսկ եթե այնտեղ չկան սպորտային դահլիճներ կամ սարքավորումներ։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]


Մարզադահլիճներում մարդիկ օգտագործում են ծանրաձողեր, ծանրաքարեր, ձգվող ժապավեններ, վազքուղիներ և մարզական վայրեր, ինչպես օրինակ թենիսի կամ կրիկետի դաշտեր՝ մարզվելու համար։ Բարենպաստ եղանակային պայմաններում դրսում մարզվելը առավել օգտակար է[2]։
Մարզադահլիճները շատ տարածված էին Հին Հունաստանում, որտեղ մարդիկ սովորում էին ինքնապաշտպանություն, բուժական մարմնամարզություն հիվանդների և վիրավորների համար, տարատեսակ ֆիզիկական վարժանքներ՝ բռնցքամարտ, պար, պարանով ցատկ և այլն[3]։
Հին ժամանակներում մարմնադահլիճները նաև իմաստության և փիլիսոփայության դասավանդման վայրեր էին։ Գյուղական տոների ընթացքում տոնակատարությունների շրջանակներում համայնքային մարմնամարզական միջոցառումներ էին կազմակերպվում։ Որոշ ժամանակ անց, սակայն, օլիմպիական մարզիկները սկսել են մարզվել հատուկ իրենց համար նախատեսված կառույցներում[4]։
Ի տարբերություն հույների՝ հռոմեացիների շրջանում համայնքային սպորտաձևերը մեծ տարածում չունեին։ Հռոմում մարզադահլիճները հիմնականում օգտագործվում էին զինվորներին ռազմական ծառայության համար նախապատրաստելու կամ հանդիսատեսային սպորտաձևերի համար։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում մարմնամարզության արվեստը գրեթե մոռացվել է[5]։
18-րդ դարում գերմանացի հոգևորական Զալցմանը Թյուրինգիայում բացել է մարմնամարզական տարածք, որտեղ ուսուցանում էր ֆիզիկական վարժություններ, ներառյալ վազք և լող։ Ավելի ուշ Քլիասն ու Ֆոլկերը մարմնամարզական սրահներ են հիմնադրել Լոնդոնում։ 1825 թվականին գերմանացի ներգաղթյալ՝ բժիշկ Չարլզ Բեքը, հիմնադրել է Միացյալ Նահանգներում առաջին մարմնադահլիճը։
Պարզվել է, որ մարզադահլիճի աշակերտները հաճախ կորցնում են հետաքրքրությունը նույն վարժությունները կրկնելուց, ինչը մասամբ կապված է տարիքային առանձնահատկությունների հետ։ Այդպիսով՝ որպես բազմազանություն՝ ավելացվել են սահելը, պարերը և լողը։ Որոշ վարժություններ հարմար են 6-8 տարեկան երեխաների համար, մինչդեռ բռնցքամարտն ու ձիավարությունը սովորաբար խորհուրդ են տրվում 16 տարեկանից բարձր անձանց[6]։
Հին Հունաստանում մարզադահլիճը (γυμνάσιον) երիտասարդ տղամարդկանց և՛ ֆիզիկական, և՛ մտավոր դաստիարակության վայր էր: Մտավոր դաստիարակության վայր լինելու այս իմաստը պահպանվել է հունարենում, գերմաներենում և այլ լեզուներում՝ նշելով միջնակարգ կրթություն տրամադրող դպրոցի որոշակի տեսակ՝ գիմնազիան։ Սակայն անգլերենում «gym» բառը սկսել է կիրառվել միայն ֆիզիկական կրթություն իմաստով[7]։
Հունարեն գիմնասիոն բառը, որը նշանակում է «մերկ վարժությունների դպրոց», օգտագործվում էր նշելու մի վայր, որտեղ երիտասարդ տղամարդիկ կրթվում էին բաղնիքներում լողանալով և ուսանելով, օրինակ՝ մարմնամարզությամբ, և որն ավանդաբար կատարվում էր մերկ վիճակում։ Հույների համար ֆիզիկական կրթությունը նույնքան կարևոր էր, որքան մտավոր ուսուցումը։ Հին Հունաստանում կար այսպիսի մի ծաղրական արտահայտություն՝ «Նա ո՛չ լողալ գիտի, ո՛չ գրել»։ Գիմնասիոններից շատերում կային գրադարաններ, որոնք օգտագործվում էին բաղնիքներում հանգստանալուց հետո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարզադահլիճները հիշատակվում են ավելի քան 3000 տարի առաջ Հին Պարսկաստանում, որտեղ դրանք կոչվում էին զուրխանե և ծառայում էին ֆիզիկական առողջության խթանմանը։
Օկտավիանոս Օգոստոսի ժամանակաշրջանից սկսած ֆիզիկական վարժությունները զուտ հաճույքի համար մոդայիկ են դարձել Հին Հռոմի հատկապես բարձր դասի երիտասարդության շրջանում։ Նոր պահանջներին համապատասխանելու համար հսկայական պալեստրա է կառուցվել անմիջապես ամֆիթատրոնից արևմուտք գտնվող շատ մեծ բաց տարածության կողքին: Տարածքը եզերված էր ամֆիթատրոնի համար բաց եռաթև սյունասրահով։ Ամֆիթատրոնը եզերված էր երեք անցուղիներով պարզ պարսպով։ Սյունասրահների դիմաց ստվերոտ ծառեր էին, իսկ համալիրի կենտրոնում՝ մեծ լողավազան։ Չկային վազքուղի կամ տարածք սպորտային գույքը փոխելու և պահելու համար։ Նաև նախատեսվել է կայսերական պաշտամունքի սենյակ, ցելլա (լատ.` cella):

Կայսերական ժամանակաշրջանում ծակող զենքի կիրառումը թույլատրվում էր միայն գլադիատորներին։ Նրանց մարզահրապարակը թատրոններից հարավ էր, հենց Եռանյունի ֆորումի (Forum Triangolare) կողքին: Սկզբում այս տարածքը թատրոնին պատկանող հսկայական սյունասրահ էր, որտեղ թատերասերները կարող էին զբոսնել։ Հարակից շինություններում հնագետները հայտնաբերել են գլադիատորների կողմից օգտագործվող տարբեր սարքավորումներ։
Հին Հռոմում մեծ բաղնիքները հաճախ ներառում էին ֆիտնեսի համար նախատեսված տարածքներ, իսկ բաղնիքների պատերը երբեմն զարդարվում էին տեղական մարզական չեմպիոնների խճանկարներով։
Գերմանիայում մարզադահլիճները զարգացել են Տուրնպլացից, որը բացօթյա մարմնամարզության տարածք էր՝ հիմնադրված 1811 թվականին գերմանացի մանկավարժ Ֆրիդրիխ Յանի կողմից[8][9]։ Ավելի ուշ այդ գաղափարը տարածվեց Տուրներների՝ 19-րդ դարի քաղաքական և մարմնամարզական շարժման միջոցով։ 1827 թվականին Ջոն Նիլը Փորթլենդ քաղաքում (Մեյն նահանգ) դարձել է առաջին ամերիկացին, որը բացել է հանրային մարզադահլիճ՝ հիմնված Յանի մոդելի վրա[10]։ Գերմանիայում առաջին փակ մարզադահլիճը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 1852 թվականին Հեսսենում՝ Ադոլֆ Սփիսի կողմից[11]։
Բրիտանիայի գաղութատիրական գործունեության շնորհիվ սպորտն ու խաղերը տարածվել են բազմաթիվ երկրներում։ 1800-ականներին դպրոցների և համալսարանների ծրագրերում ընդգրկվել են առողջության, ուժի և մարմնի չափման վրա կենտրոնացված դասընթացներ։ Եվրոպական և բրիտանական մշակույթներից առաջացած սպորտաձևերը մեծ զարգացում են ապրել՝ շնորհիվ ուսանողների և բարձր խավի ակումբների ֆինանսավորման։ Այս ամենի արդյունքում քաղաքներում սկսել են կառուցել խաղահրապարակներ, որոնք խթանել են սպորտով և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը[12]։
ԱՄՆ-ում մարզադահլիճների հիմնադրման առաջին ջանքերը 1820-ականներին փաստագրվել և հրապարակվել են Ջոն Նիլի կողմից American Journal of Education-ում և The Yankee-ում՝ հիմք դնելով ամերիկյան մարմնամարզական շարժմանը[13][14]։ Դարի վերջում զարգացել է և մինչև 20-րդ դարի սկզբին ծաղկում է ապրել Տուրներների շարժումը։ Առաջին Տուրներական խումբը հիմնադրվել է Լոնդոնում 1848 թվականին։ Տուրներական կազմակերպությունները մարզադահլիճներ են կառուցել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ցինցինատին և Սենթ Լուիսը, որտեղ ապրում էին գերմանացի-ամերիկացիների մեծ համայնքներ։ Այս մարզադահլիճները ծառայում էին ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար[15]։

Բոստոնի Երիտասարդ Տղամարդկանց Քրիստոնեական Ասոցացիան համարվում է «Ամերիկայի առաջին մարզադահլիճը»։ ԵՄՔԱ- ն առաջին անգամ հիմնադրվել է Բոստոնում 1851 թվականին, իսկ ավելի փոքր մասնաճյուղ բացվել է Ռանգասվիլում 1852 թվականին[16]։ Տասը տարի անց ԱՄՆ-ում արդեն կային մոտ երկու հարյուր YMCA կենտրոններ, որոնց մեծ մասը տրամադրում էր վարժությունների, խաղերի և սոցիալական շփման համար։
1920-ականները բարգավաճման շրջան էր, որի ընթացքում կառուցվել են բազմաթիվ հանրային ավագ դպրոցներ՝ մարզադահլիճներով․ այս գաղափարը ներկայացրել էր Նիկոլաս Իսարանգան։
Այսօր մարզադահլիճները լայնորեն տարածված են ԱՄՆ-ում։ Դրանք գրեթե բոլոր քոլեջներում, ավագ դպրոցներում, միջին և տարրական դպրոցներում առկա են՝ ծառայելով ֆիզիկական դաստիարակության, դպրոցական միջոցառումների և ակումբային սպորտի նպատակներին։ 1980-ականների վերջից ԱՄՆ-ում գիմնասիոնների թիվը կրկնապատկվել է[17]։ Ֆիտնես մարզադահլիճներն ու մասնավոր առողջության ակումբները վերածվել են հսկայական գլոբալ բիզնեսի[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Partridge 1984
- ↑ Ravenstein & Hulley 1867
- ↑ Partington 1838
- ↑ «The Olympic Games». HISTORY (անգլերեն). Վերցված է 2020-09-30-ին.
- ↑ Partington 1838
- ↑ Partington 1838
- ↑ «Gymnasium (Greek)». Ancient Encyclopedia. Վերցված է 1 April 2019-ին.
- ↑ Limited, Alamy. «Stock Photo – Turnplatz (open-air gymnasium) in the Hasenheide, 1811». Alamy (անգլերեն). Վերցված է 2018-10-06-ին.
- ↑ Goodbody, John (1982). The Illustrated History of Gymnastics. London: Stanley Paul & Co. ISBN 0-09-143350-9.
- ↑ Leonard, Fred Eugene (1923). A Guide to the History of Physical Education. Philadelphia, Pennsylvania and New York, New York: Lea & Febiger. էջեր 227–250.
- ↑ Dalvi, Rajani (3 May 2014). INTRODUCTION TO PHYSICAL EDUCATION. Lulu.com. ISBN 9781312161344. Վերցված է 2019-04-05-ին.
- ↑ Lumpkin, Angela (January 29, 2013). Introduction to physical education, exercise science, and sport studies. McGraw-Hill Education; 9 edition. էջ 226. ISBN 978-0-07-802266-1.
- ↑ Leonard, Fred Eugene (1923). A Guide to the History of Physical Education. Philadelphia, Pennsylvania and New York, New York: Lea & Febiger. էջեր 235–250. OCLC 561890463.
- ↑ Barry, William D. (May 20, 1979). «State's Father of Athletics a Multi-Faceted Figure». Maine Sunday Telegram. Portland, Maine. էջեր 1D–2D.
- ↑ «The German Turnverein». www.ohio.edu. Վերցված է 2022-04-12-ին.
- ↑ Mouheb, R.B. (2012). Yale Under God (իտալերեն). Xulon Press. էջ 177. ISBN 978-1-61996-884-4. Վերցված է April 1, 2019-ին.
- ↑ «The Scope of the U.S. Health Club Industry (industry estimates)». International Health, Racquet and Sportsclub Association (IHRSA). 2003.
- ↑ Andreasson, Jesper; Johansson, Thomas (2014-01-01). «The Fitness Revolution. Historical Transformations in the Global Gym and Fitness Culture». Sport Science Review. 23 (3–4). doi:10.2478/ssr-2014-0006. ISSN 2069-7244. S2CID 73636110.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ravenstein and Hulley. 1867. The gymnasium and its fittings London, UK: N. Trubner and Company
- Charles Frederick Partington|Partington, Charles F., Editor. 1838. The British Cyclopaedia of the Arts, Sciences, History, Geography, Literature, Natural History, and Biography Volume 1 ABA to OPI London, UK: Wm. S. Orr and Co.
- Partridge, Eric. 1984. A Dictionary of Slang and Unconventional English. Milton Park, Abingdon: Routledge Taylor & Francis Group|Routledge, Taylor & Francis Group 0415065682
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզադահլիճ» հոդվածին։ |
|